Բլոգի հեղինակ մեր վեցերորդցի Սվետ Մելքումյանի (ներիր, ամենակարևոր ձայնն աշխարհում կարճելու համար, համարենք որպես գրական անուն, Սվետլանա) «Գրքերով բացվող ճանապարհ» հրապարակումը և գրող արձակագիր-բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքը «Հրապարակի» մշակութային էջում միաժամանակ էի ընթերցում. այդպես ստացվեց… Գրքեր… գրքեր… գրքեր… Անդադար գրքեր… Միգուցե մարդիկ հոգնել են գրքեր կարդալուց, բայց դա հնարավո՞ր է… Ես ինքս փոքր ժամանակ չէի սիրում գիրք ընթերցել, բայց երբ մեծացա, հասկացա, որ գիրքն այնքան լավ բան է,- գրում է իր բլոգում 11-ամյա Սվետը մեր: Արմեն Շեկոյանի հետ միասին ենք գոնե վերջին 30 տարում… Ինքն այս հոգսերով մեծացա՞վ… հոգնե՞ց… Սովետական շրջանում ջահելներին տրվող համարյա բոլոր մրցանակներն ստացած, մեր անկախության շրջանի ամենաբեղուն գրողը, «Առավոտ»-ում «Հայկական ժամանակ» 18 հատոր տպագրած մեր սիրելի Շեկոն, որի մաքուր արձակ «Փողոցը» պատմվածքների ժողովածուն օրերս է լույս տեսել «Մետաքսի ճանապարհ» գրքից հետո…

….Բայց այն ժամանակ իրոք ընթերցող կար, չգիտեմ ինչի, երեւի նոր էր ցենզուրան վերացել, ազատ էին գրում… հիմա էլ են ազատ գրում, բայց այսօր ընթերցողի հետաքրքրությունն է կորել։ Մի ձեւ պետք է մշակել, որ մարդիկ գիրք կարդան, խորհրդային ժամանակներում այդ ձեւը գտել էին, որ մարդիկ Շիրազ կարդան, Համո Սահյան կարդան, իրենց ժամանակակիցներին, մենք դեռ այդ ձեւը չենք գտել… Օրինակ, իմ այս անորոշ ու երեւի նաեւ անիմաստ վեպը՝ «Հայկական ժամանակը», 18 հատոր արդեն տպագրել եմ, 5-ը՝ գրքով, առաջին 13 հատորներն «Առավոտ» թերթը տպեց, հիմա վերջին 5 հատորները շարունակվում են լույս տեսնել «Առավոտ» կայքում՝ ամեն ուրբաթ։ Որոշակի մարդիկ կարդում են, ես էլ այդ խաղի մեջ եմ մտել՝ գրում եմ, բայց այն մասսայական ընթերցանությունն արդեն չկա, ինչի համար ցավում եմ, որովհետեւ եթե ընթերցողական ակտիվություն չլինի, գրականություն չի զարգանա։ Սուտ է, պիտի գրողն իմանա, որ կարդում են, թե չէ` ո՞ւմ համար է գրում… (Հրապարակ, 28.02)

Ագարակի պահապան Մայկին:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Գրականության և դպրոցի մեկտեղման, բլոգեր-ընթերցող սովորողի և գրականություն ստեղծող սովորեցնողի հանդիպման գործով, որպես մանկավարժություն, կարծես զբաղվում ենք ավելի ու ավելի հմուտ-հետևողական՝ ամբողջական ներառական… Ո՛չ Քնարիկը, ո՛չ Մարիետը, ո՛չ Մարգարիտը, Ալլան, Լիլիթը, Ելենան Խոդիկյան, …. հարյուրավոր բլոգերներ, չեն թողնի, որ ընդհատվի «Գեղարվեստի հարթակում» նախագիծը, որ Արմեն Շեկոյանի հասակակից ընկեր Ավագ Եփրեմյանի հետ սկսեցին… Ձևը պիտի գտնվի. «Ձևն ու հոգին» Թումանյանի, «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» Ղազարոս Աղայանի, «Հոգևոր Հայաստանը» Վահան Տերյանի էս մտահոգությունից՝ խնդիրների խնդրից են ծնված… ինչպես մեր Ագարակում, Արևմուտքի-Հյուսիսի դպրոցներում… շներին, որպես ձագուկների խնամելու եկած փխրուն աղջնակների և խրոխտ տղաների նոր գործը
— Ձագուկ, մի՛ վախեցիր, ես քեզ սիրում եմ, եկել եմ, որ խնամեմ, գիտես, ես Լուիզան եմ…

Հյուսիսային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաների լուսանկարները՝ հատուկ գրի համար, Մելինե Մարտիրոսյանի:

Իսկ Քոլեջում… Դան անունով շունը նոր-հարմարավետ կացարան ունի, և Արևելքի-Հարավի մեր դպրոց-պարտեզներում տեխնոլոգիական ստուգատեսի մարտի օրերին կավարտեն այնքան սպասված իրենց չորքոտանի բարեկամի կացարանի կառուցումը… որպես մի ձև, որ հանդիպումը կայանա… Ագարակի կազմում, Արևմուտքի դպրոց-պարտեզի նկուղից ազատված լեն տարածքում թափով ընթանում են, մինչև այս մարտի վերջ կավարտվեն, Խորեն-Կարո-Տաթև Աբրահամյան-Սոնա Փափազյան-Էդմոնդ… և ընկերներ, մեր ակվարիումի-տեռարիումի կառուցման աշխատանքները… Իսկական ձկների աշխարհ… նախկին նկուղներու՞մ… Ինչի՞ Վիեննայում պատերազմի շրջանի նախկին չգիտեմ ինչից ջրերի աշխարհ կկառուցեն, մենք՝ չէ՞…

Լսեցեք՝ Վիկտոր Հյուգոն ինչը ոնց է ասում. ձևակերպում. «Գաղափարները հազվագյուտ որս են բառերի անտառում»:

Մինչև մեր ձիանքը բարեհաջող տանում են խիստ ձմեռը, հարմարավետ Սեբաստացի ագարակում լրանում-պատրաստվում են իրենց գարնանային ռազմա-մարզական առաջին խաղերին, նետաձիգները՝ Գևորգ Հազարումյանի սաները տարատարիք, խիզախ մխրճվում են Հայաստանի նետաձիգների առաջնության, ինչպես շաբաթներ առաջ հրաձիգները մեր, ու մեզ արժանի հայտ են ներկայացնում: Սրանք ընդամենը ծաղիկներ են, մեդալ-դափնիները, իհարկե չեն ուշանա… Ինչպես չեն ուշանում, ծնվում-առաջանում-կայանում են մեր մարզական ակումբները. Մարտի ռազմամարզական խաղերին չբռնե՞նք ու դրանք հաշվենք-շարենք-հիանանք… Ինչպես մեր Դավիթ Բլեյանն է աջ ու ձախ հաշվում…

Անբաժան ընկերներ Դավիթները:
Լուսանկարները՝ Աստղիկ Գալշոյանի:

Դավթին օգնում եմ նոր կոշիկը հագնի, որ կիրակի միասին մայրիկի հետ փնտրել-գտել են: Լավն է, բայց հեշտ չէ համոզել Դավթին, որ այսօր հագնի.
— Երկու տասնյակ և 9 միավոր,- կարդում է համարը կոշիկի տակ։
— Չորս տասնյակ և երկու միավո՞ր,- հարցնում է իմ կոշիկի համարը։
— Ո՞վ է առել քո կոշիկը, պա՛պ, ես էլ քոնն եմ հավանում…
— Շուշան քույրիկն ընտրեց Վիեննայում, հիշու՞մ ես…
— Էնքան շատ քույրիկներ ունեմ…
— Շա՞տ են… հլը հաշվի…
Սկսում է հաշվել…
— Ով է Շուշանի մայրիկը… Կարինե՞ն:
— Ինչո՞ւ հանկարծ հիշեցիր…,- ականջները սուր՝ հետևում է մեր խոսակցությանը Արմինե մայրիկը, իհարկե:
— Մոռացել էի, նոր հիշեցի,- այսպիսի պատասխան է ստանում Դավթից…

— Մամ, մի ժամ հետևիցդ ընկած ման եմ գալիս…
— Որ խմբում աղմուկ է, ընկեր Մարինեն ասում է, խումբը վերածել եք տոնավաճառի…

Իմ քույրիկ-աղջիկ էդիտ Հովհաննիսյանին.
Մարտի 1-ն ու 11-ը՝ Էդիտի, Տաթևի ծննդյան օրերը միշտ շփոթում եմ. դե, շփոթելու բան է, ախր, իրար շատ են նման այս երկու աննմանները, բայց լավ է, որ երկուսն են։ Էս գարնանաբերը էն օրն է, որ Տաթև Բլեյանին կարելի է շնորհավորել Էդիտ Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ, շատ են իրար հետ, շատ են մեկ։ Ստացվել է, որ գարունը միշտ եկել է մարտի 1-ով, որը Տաթևը տոնականորեն պնդացրել է մարտի 11-ով։ Այս անգամ թող Էդիտի սրտով լինի, իրական գարունը բերի մարտի 11-ը, աչքալուսանք բոլորիս։ Պայմանավորել ենք երեքով, Վահանը վկա էր, 2016-ը Տաթև կնոջ տարին էր, 2017-ը տալիս ենք Էդիտին։ Սիրով։

Արմեն Շեկոյանի ընթերցող Սվետով սկսել եմ իմ գիրը, արի, Շեկոյան ընկեր, իմ օրագրի-բլոգապատման ընթերցող Գևորգ Բաղմաջյանով փակենք  իմ թվով 964-րդ գիրը… Փակենք, որ վաղը բացվի, ինչպես քոնը՝ Առավոտում… ու դառնա վերնագիր…

Եթե մեզանից յուրաքանչյուրը Ձեր նման կարողանա ստեղծել իր սիրած գեղեցիկ աշխարհը… ողջ Հայաստանը կդառնա սիրված աշխարհ…շնորհակալություն…

2017-ի իմ գրի գարնանային առաջին ընթերցարան՝ կազմված երկու լուսանկարների շարքից և մի ընթերցվող հրապարակումից… «Այսինքն, ճկուն է ոչ թե տնտեսությունը, այլ տնտեսության կառավարման հարցում ճկուն է կոռուպցիոն համակարգը»: 

Սոցցանցերը պայթեցրել է Օվալաձև գրասենյակում Թրամփի խորհրդատուի դիրքը… Թրամփը մեծացավ իմ աչքին…

Կնոջ մարմնի ամբո՞ղջ հմայքը պատկերող յուրօրինակ լուսանկարներ… Հարցականն իմն է:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#964

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լցվեցինք ու… լծվեցինք…

Երեկվա կարևոր քաղաքական-քաղաքացիական իրադարձությունը, իհարկե, Մանուշակ Աբրահամյանի երրորդ երեխայի ծնունդն էր… Աղջիկ, իհարկե… Մանուշակի երրորդ դասարանցի սաների և Մանուշակի դասարանի այսօրվա ղեկավար-ընկերուհի Կարինե Մամիկոնյանի հետ աղմուկով-զվարթ քննարկում էինք անվան հարցը…

Իշխան դառնալու ճանապարհ է մեր կրթությունը

Բլեյան Դավիթը երկար ժամանակ լողավազանում է, անաղմուկ այնքան, որ իր մասին մոռացել ենք: Սովորաբար նա չլմփոցով, երգով-կանչով է անցկացնում իր լող-լոգանքն ամենօրյա: — Դավիթ,- մտնում եմ բաղնիք,- էս ինչ լուռ

Գովենք, գովենք․․․

Ում, ինչը, ինչպես գովենք․․․