Յուրա Գանջալյանի «Փետրվարի 26. հաշվետվություն ոչ թվերի լեզվով» հրապարակումը հաճույքով կարդացի: Շարունակեմ սկզբունքային նշանակության այս խոսակցությունը, որը կընդարձակեն, վստահ եմ, Լուսինե Բուշը, Իրինա Ապոյանը… Յուրայի հիշատակած, և ոչ միայն այդ սովորողները, առարկայական օլիմպիադայի մասնակիցները ու ոչ միայն անգլերենի… Իսկ ովքե՞ր են կազմում առաջադրանքները, եթե դրանք ստեղածագործական բնույթի են՝ խնդիրներ հետաքրքիր, կարևոր չէ՝ լեզվական-բնագիտական-հասարակագիտական… Ուսուցիչնե՞ր են կազմողները… Կարևո՛ր է, որ լինեն գործող ուսուցիչներ, ու մենք, հասարակությունը ճանաչի իր ուսուցիչներին, ովքեր կարողանում են նաև սովորողների համար հետաքրքիր (օլիմպիական առաջադրանքներ) կազմել ինչ-որ մի փուլի՝ դպրոցական, տարածքային, հանրապետական… Ինչո՞ւ չեն կարող մրցույթ-ընտրություններ լինել, ու որպես ժողովածուներ հրապարակվեն հավաքված առաջադրանքները… Հիմա ովքե՞ր են ՀՀ ԿԳ նախարարության առարկայական հանրապետական օլիմպիադաների 2017թ. առաջադրանքները կազմող ուսուցիչները-մասնագետները. անունները հրապարակենք, ճանաչենք նրանց, ուսումնասիրենք նրանց փորձը։
Բարեկենդանի ծեսը կրթահամալիրի Հարավում։
Կրթահամալիրի Մայր դպրոցի Մարմարյա սրահի վերակազմակերպումը զբաղեցնում է ինձ այնպես, որ մինչև մարտի 3-ի մեդիաուրբաթ համերգը մենք կունենանք ուրիշը, տարբերը… Կհավանեք: Թվում է, թե այդպիսի ձևափոխումները՝ միջավայրային լուծումները, արվում են էքսպրոմտով… Համաձայն եմ, բայց էքսպրոմտի պուշկինյան մեկնաբանությամբ, Ավագ Եփրեմյանը պատմեց, որ դրան ամենաերկարն ենք պատրաստվում… Այո, թյուր կարծիք կա, որ ես ոտքի վրա, մեկ էլ հանկարծ բռնում ու միջավայր եմ շուռ տալիս՝ կաս-չկաս: Այդպես չէ. բացի նրանից, պատմել եմ, որ այս գործը՝ միջավայրի փոփոխությունը, սկսում եմ, երբ եղածը տանելի չէ… նաև նորի, փոփոխության պլանի կազմմանը, տասնյակ ու տասնյակ սեբաստացիներ կվկայեն, ներգրավում եմ հնարավոր շահառուների, նրանց հետ քննարկում առաջարկվող պլանը, հետո այդ նույնը, որպես պլանի առանձին դետալների մշակումներ՝ առանձին կամ փոքր խմբերով…
Արևելյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիները։
Այնպես ստացվեց, որ շաբաթ օրը երկու տարբեր-մեծ հավաքներով մենք ընդունեցինք երկու փոխնախարարների՝ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանին, կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանին… Նախ՝ երկու իրարից տարբեր ու մեծ հավաքներ նույն օրում, նույն Մայր դպրոցում, կարող է իրեն թույլ տալ այսպիսի ինքնավար-համերաշխ-ընդունակ կազմակերպությունը… Կեցցե՜ք բոլորդ, շաբաթ օրը ստեղծած սեբաստացիներ, տպավորիչ ցուցադրություն էր մեր հեղինակած ստեղծական ուժի-կարողության… Հետո՝ սրանով մենք մեզ անծանոթ լայն հասարակությանը, ինքներս մեզ նաև, ներկայացրինք մեր Մայր դպրոցը, Մարմարյա սրահով-համերգային դահլիճով, տեխնոլոգիական արհեստանոցներով, մարզադահլիճ-մարզահրապարակներով… Հարմար-ամբողջական ներառական բազմաբնույթ, միջազգային չափանիշներով, ուսումնական հավաքների, ստուգատեսների-ճամբարների անցկացման համար։ Նելիի ձայնը լսվեց կրկին… Это еще цветочки…
Քոլեջիկները։
Շողիկ Սահակյանի ու Տաթև Համբարյանի այս տեսանյութը «Ծիտիկի օրորը», անակնկալի բերեց, ես վրիպել էի, ինչպես կարելի է… Հետո մեղքս քավեցի, սկզբում մենակ, հետո Դավիթ Բլեյանի հետ, հետո Արմինե Աբրահամյանի, վերջում էլ միասին՝ ալամ աշխարհով… Վայ, ապրեք դուք, իմ ամբողջ կիրակիի վրա այնպիսի մի թեթևություն իջավ… Բռնեցի ու ինչքան տեսանյութ կար, որ բաց էի թողել, նայեցի… Թարմացա…
«Մառախլապատ Բանգլադեշ». կադրեր Մարինա Մկրտչյանի տեսախցիկից։
Զորավարի կյանքի դրաման… Քանի՜ անգամ նույն ճանապարհն եմ անցել Զորավար Անդրանիկի հետ. որպես նրա զինվոր 1919թ. գարնան լեռնանցումից հետո Էջմիածնում, Մայր Տաճարի պատերի տակ նստեցի, հանձեցի ամբողջ ռազմական հանդերձանքը, դրոշները, լսեցի Զորավարի խոսքը այս Հայաստանից հեռանալուց առաջ, իր թույլտվությամբ միացա իրեն ու անցա Եվրոպա, ԱՄՆ ճանապարհը Զորավարի հետ: Զորավարի մոտ էի նաև 1927-ի օգոստոսի 31-ին, երբ իր մոտ կանչեց Մախլուտոյին, հրաժեշտ տվեց.
— Մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց…
— Մախլուտո, մի ի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին: Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին: Նա է մեր ապագա հույսերի խարիսխը:
Ընթերցում-դիտում էի «Վահան Տերյան և ոչ միայն…» Լուսինե Բուշի տեսանյութն այս, վայե՜լք, երբ ամենատես Թոփչիկի (նստել է վերևում, տեսնում է հեռուն) հաղորդագրությունը ստացա այս. «Տիար Բլեյան, «Գրական ակումբ»-ն առաջարկում է՝ Ձեր օրագրի հոբելյանական օրվա կազմակերպիչը լինել»։ Մի այլ դիմում էր նախորդել հաղորդմանն այս. «Հարգելի գործընկերներ, 2017թ.-ի ապրիլի 6-ը օրացույցում կառանձնանա. կրթահամալիրի տնօրենի՝ 2014թ-ի հունիսի 17-ից սկսած ամեն օր հրապարակվող գրերի թիվը կդառնա 1000: Գիտե՞ք այսպիսի փորձ. իրադարձություն է: Խնդրում եմ ձեր առաջարկները՝ ապրիլի 6-ին այս 1000-ին անդրադառնալու, 1000-ի մեջ առանձնացնելու, ազդեցությունը արձանագրելու, 1000-րդի շրջանն ամփոփելու, հրապարակայնացնելու, շարունակականության-զարգացման պահանջը ձևակերպելու: Հուշեք՝ ինչպե՞ս: Այսօր՝ 961-րդն է»:
Հուզվեցի: Սեբաստացիական համերաշխություն-նախաձեռնություն ցանկացած դրվագ ինձ վրա այսպես է ազդում՝ ուղղակի: Շնորհակալ եմ Մարիետ Սիմոնյան, Գրական ակումբ ու ոչ միայն… Կհանդիպենք ապրիլին սեբաստացիական ձեր ընտրած հարթակներում…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#962