Դավիթ  Բլեյանը կիրակի ցերեկը չքնեց. այդպես է, պարտեզում ամենաշուտը պառկող ամենաշուտը վեր կացող մեր տղան առանց ճիգի առավոտ 9.00-ից մինչև երեկոյան 10.00-ը խաղաց ու խաղաց… Հետո համաձայնեց մայրիկի հետ ննջարան գնալու. առավ-ընտրեց 3-4 գիրք, ու մեկ ժամի չափ կարդացին-քննարկեցին… 11.00-ի մոտ ես անջատել եմ լույսերը, բայց Դավթի բարձր պատմություններն ինձ լսելի են հյուրասենյակում։ Պատմում է, թե ինչ գործեր է ինքն արել օրվա ընթացքում… Մայրը թե՝
— Դավիթ ջան, շատ հոգնած եմ, թող քնեմ…
Դավիթս հիմա էլ թվարկում է մայրիկի` օրվա ընթացքում կատարած աշխատանքները՝ մանրամասն, հերթով, երկար…

Դավիթն իր ապուրի ամանի մեջ հանկարծ ջուր է լցնում:
— Ինչո՞ւ արեցիր,- զարմանում եմ։
— Որ մայրիկին մտցնեմ մեջը, մազերը բիզ-բիզ կանգնի, հետո դնեմ հարթ ափսեի վրա, դանակով կտրատեմ, աղցանի նման սկսեմ ուտել…
— Ինչո՞ւ, մայրիկից աղցան ուրիշ ձևով չէ՞ր լինի պատրաստել, Դավիթ…
— Չէ, հայրիկ, մազերը բիզ-բիզ չէին կանգնի…

Ինձ ուրախացնում են Դավթի հումորի զգացումը, խոսքի մեջ նրա անցումները, ինքնուրույնության նկատելի աճը: Ավելի ու ավելի հետաքրքիր է Դավթի հետ. պիտի հրաժարվել թելադրանքից՝ անընդհատ առաջարկելով ընտրություն… Թող սովորույթ դառնա շարունակ ընտրելով որոշումներ կայացնելը: Ստուգեցի Հ. Թումանյանի հինգ հայտնի սիրելի հեքիաթներով («Շունն ու կատուն», «Չարի վերջը»՝ դրանց մեջ). ոչ միայն բերանացի բոլորը գիտի, այլև այնպիսի լեզվաընկալում ունի, որ կռահում է, գլխի ընկնում, մտածում և հայտնաբերում Թումանյանի լեզվի աշխարհում… Նունե Մովսիսյանի հայտնաբերած բուդդայական լամայի խոսքով գնահատենք Դավիթ Բլեյանի աճը. «Աճը միշտ էլ հաճելի է ու պարզ»:

Դավթի հետ պատշգամբից երկար հետևում էինք կարկուտին, հիանում նրան ուղեկցող որոտ-կայծակով… հետո սելավ-տեղատարափով… Տարերքով հիանալ է պետք փոքրուց, ո՛չ անիծել, ո՛չ փնփնթալ, ո՛չ չտեսնելու տալ: Նույն բնությունն է, ինչպես տերևաթափը, աշնան մեղմ քամին… Պայծառ օրը…

Տեսեք՝ Բլեյանները առանց ինձ ու մյուս ավագների էլ որքան շատ են ու համերաշխ. Սուսան Հովհաննիսյանի ծննդյան օրը հարազատության ինչպիսի դրսևորման առիթ է դարձել։

Ճշմարիտ ուրախությունը միշտ պարզ է և չունի պատճառներ. այդպիսի ուրախության մեջ ես անցկացրի շաբաթն էլ, կիրակին էլ, այդպիսի ուրախությամբ ես սիրում եմ այս շաբաթը (3-8 նոյեմբերի)։ Վճռական տոնին նախորդող թվագրությամբ եթե շարժվենք, Ավագ շաբաթ է՝ իր Ավագ երկուշաբթիով սկսած… Որևէ լարում, արհեստական ջանքեր պետք չեն, իհարկե, եկեք ապավինենք բնական-կենդանի ուրախ ընթացքին։ Այս շաբաթ կկարողանա՞նք ավարտել Տոնի պատրաստության աշխատանքները: Դրա համար անհատականացրեք, խնդրում եմ, տոնի պատրաստությունն էլ, անկախ տարիքից` Տոնին մասնակցությունը յուրաքանչյուրի անհատական գործը դարձրեք: Դրա համար պիտի կոնկրետ լինել. ո՞վ ասաց, որ Տոնն ինչ-որ մեկի գործը չէ, չի ուզում: Անհատական մոտեցեք, ու կոնկրետ յուրաքանչյուր սեբաստացի կմասնակցի, կունենա հնարավորություն մասնակցելու իր Տոնին: Իսկ այդ պատրաստությունը նաև ուրախություն պիտի բերի յուրաքանչյուրին: Այսպիսի ուրախությունն է, ըստ մեր օրերի բուդդայական լամայի, և՛ ցուցանիշը մեր ջանքերի, և՛ ուղեցույցը: Թթուդրեքը, որ ծավալվում է դպրոց առ դպրոց, կրթահամալիրով մեկ, Տոնի մունետիկն է դարձել։

Մրսել չի կարելի ո՛չ սովորողներին, ո՛չ ուսուցիչ-դաստիարակներին. ինչո՞ւ  մրսել, ես կնեղանամ, ցավ կզգամ, ես պարզապես թույլ չեմ տալիս ու խնդրում եմ` չմրսեք: Անպայման տաք ներքնաշոր հագեք, ինչպես ես, ամոթը մրսելն է. այնքան հարմար ներքնաշորեր կան, որ մարդ ուզում է մի քանիսը հագնի, մեկն էլ… վրայից, որ ցուցադրի: Մեր շենքերը, ջեռուցման համակարգերը` դրանք սպասարկող աշխատողներով, մեր տանիքները, դռներ-լուսամուտները, մեր բակերը պատրաստ են ձմռան: Այստեղ էլ ամեն մեկս իր կոնկրետ ու անհատական գործն ունի. դպրոցների հարգելի ղեկավարներ, այնպես արեք, որ յուրաքանչյուրն անի անհրաժեշտը: Այս շրջանը` նոյեմբերով սկսած մինչև ապրիլ, ամենաարդյունավետն է ուսումնական աշխատանքի առումով` խորասուզվելո՛ւ ուսումնական աշխատանքի մեկնարկ է: Ուրիշ ո՞վ, եթե ոչ սովորող սովորողը, սովորող-սովորեցնող ուսուցիչն են ամենաշահագրգիռը, որ կրթական միջավայրը ձմռան շրջանում ջերմ լինի։

Նոր ռադիոյով օրեր առաջ ինչպիսի՜ շնորհավորանքաթափ էր իր հիմնադիր ուսուցիչ Մարգարիտ Հարությունյանի ծննդյան առիթով` արժանի և՛ մեզ` Մարգարիտի գործընկերներին, և՛ Մարգարիտի սաներին` Նոր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներին… ովքեր Մարգարիտի հետ են և՛ մայրենիի պարապմունքներին, ռադիոհաղորդումներ ստեղծելիս-թողարկելիս, և՛ բազմօրյա հայրենագիտական ճամփորդությունների ժամանակ (սրանք ընդամենը 2013, 2014 թթ. ճամփորդություններն են), հայրենագիտության պարապմունքներին… Մարգարիտ Հարությունյան, Մարթա Ասատրյան, Տաթև Աբրահամյան, Վահրամ Թոքմաջյան, Անահիտ Մելքոնյան, Ազնիվ Հովհաննիսյան, Մարգարիտ Սարգսյան, Գնել Հարությունյան… մենք գործ ունենք արդեն ուսուցչի նոր որակի` ուսուցիչ-կազմակերպչի հետ. «Դպիրում» ուսուցիչ-կազմակեպչի հանդես գալու ժամանակին իմ արձագանքի հիշեցումը տեղին է…

Երեկ ես խոսում էի ուսուցիչ-սովորողների համատեղ ստեղծած աշխարհների մասին, որոնցով ձևավորվում է կրթահամալիրի «Աշխարհացույցը»… Ամեն մեկի և՛ ստեղծման, և՛ օգտագործման, և՛ զարգացման համար. մենք պարտական ենք կոնկրետ ուսուցիչ-կազմակերպիչին… Մեր կյանքի լիարժեք կազմակերպումը կրթահամալիրում ենթադրում է նոր աշխարհների ստեղծում: Օրակարգում մարզաշխարհի, ռազմաշխարհի ստեղծումն է, որը պահանջում է ռազմագիտության իր ուսուցչին, սովորողների հետ ռազմական գործի կազմակեպիչին… Ու փնտրում ենք: Ովքե՞ր են մասնակցում այս որոնմանը… Թվում է` եթե ոչ յուրաքանչյուր սովորող, ասենք, սկսած 5-րդ, 6-րդ դասարանից, նրանց միջոցով շատ ընտանիքներ, գոնե յուրաքանչյուր մանկավարժական աշխատող… Կա՞ այսպիսի փնտրտուք` բաց ու շահագրգիռ, կոնկրետ… Ավա՜ղ, ես հիմքեր ունեմ պնդելու, որ այս փնտրտուքը սահմանափակվում է աշխատողին ներկայացվող պահանջների հրապարակմամբ, մեզ հասու ԶԼՄ-ով տարածման շրջանակներում… Ձևական մի տիրույթ, մի տեսակ փակ տարածք, որից դուրս է շարունակում ապրել, ու գուցե այսպիսի գործի (իր կյանքի գործի) մասին մտածել մեր կրթահամալիրի ժամանակի նոր հերոսը` տվյալ դեպքում զինվորական գործի ուսուցման կազմակերպիչը… Մեծահասակ, որ դեռահասների, պատանիների մեջ է ուզում լինել, նրանց դժվարություններ հաղթահարելու իր փորձն ու հմտությունները փոխանցել, հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ հմտությունները՝ որպես գրավիչ ուսումնական աշխատանք կազմակերպել, դժվարություններից ոչ միայն չփախչել, այլև իր վրա հրամատարի պատասխանատվություն վերցնել, իր անձնական օրինակով զինապարտությունը՝ պատանու ազատ ընտրությամբ քաղաքացիական ծառայություն դարձնել… Միացե՛ք մեր փնտրտուքին` և´ այս, և´ սովորողի տեխնիկական ստեղծագործության կազմակերպման, ծրագրավորման ուսուցչի գործին… Ովքե՞ր են, որ իրենց կյանքով հանգել են, կարող էին մտածած լինել ու պատրաստ են այսպիսի խիզախ գործ սկսելու… Հիշում եմ` ինչպես ամիսներ առաջ զանգեց ինձ անիմացիայի հայտնի դարձող նկարիչ-մասնագետ Լևոն Աբրահամյանը… Այն աշխույժը, որ հասել է նաև մեր դասվար-դաստիարակներին, ոգևորիչ է… Ես գիտեմ, որ նման ուսումնական աշխարհներ ստեղծողների ճանապարհները տարբեր են լինում, մինչև վերջ անիմանալի… Բայց սեբաստացիներ բոլոր տարիքի, միացեք այս փնտրտուքին, արեք այս գործը կոնկրետ ու հետևողական, այլապես… սկսում ենք ծերանալ ձգտումներից. ես գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանից եմ լսել, ում, գիտեք, պարտական եմ Բանգլադեշի ուսումնական աշխարհի կազմակերպիչը դառնալու համար` տարիքից չեն ծերանում, այլ երբեմն հոգնում են ձգտումներից…

Իսկ Մեդիակենտրոնում մեկնարկեց դասվարների շախմատի ամենամյա առաջնությունը։

One thought on “Կրթահամալիրը ուսումնական աշխարհների խաչմերուկում”

  1. Տիար, այնքա՜ն անկեղծ է ստացվում: Շատ ոգևորված ու ամեն օր անհամբեր սպասում եմ հաջորդ օրվա՝ Դավթի մասին պատումին:Կարծես ամեն օր ականատեսն եմ Դավթի չարաճճիություններին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թույլ տուր հիմա․․․ այսպես վայել է, որ մենք կատարենք․․․

Մեր հեղինակային մանկավարժությունն ուրիշ ինչո՞վ պիտի զբաղված լիներ, եթե ոչ երեխայի՝ սանի, սովորողի ֆիզիկական, հոգեբանական, մտավոր միջավայրի շարունակական զարգացմամբ-ամբողջականությամբ… Խորհրդանշական է, որ նույն օրը մեր ծածկած լողավազանում, որպես ուսումնական պարապմունք, հանդիպում

Չինաստանի Նանջինգի պորտը տեղը դնելու տարի

— Հայրիկ, կախարդական գուլպան ինչո՞ւ գնաց…- հարցնում է  գործով տուժող մեր  Դավիթ Բլեյանն ավտոմեքենայում, օրվա վերջին, երբ մենք հանդիպել ենք վերջապես՝ իմ սանիկ, մեր սիրելի երաժիշտ-կոմիտասագետ Արթուր Շահնազարյանին այցելելու համար:

Աշխատիր ճի՛շտ ճանապարհի վրա և գոհացի՛ր ունեցածովդ․․․

Իմ գրի այս վերնագիրը առավոտվա մեր երկար զրույցից հետո Արմինեն ընտրեց ու չի սխալվել։ Ես սկսում եմ, որպես ընտանեկան ընթերցանություն, Դավթին Թումանյան կարդալ, հերթով. «Ոսկի քաղաքի» մարդկանց, Գոհար թագուհուն դեռ կհանդիպենք։