Գոլոս Արմենիի, 1995թ.

Վերջին ժամանակներս Աշոտ Բլեյանի անունը դարձյալ սկսել է հիշատակվել հայ մամուլի էջերում: Այս անգամ դրա պատճառը դպրոցական դասագրքերի հետ կապված խառնաշփոթն էր. հերթական անգամ բնակչությունն իրեն խաբված համարեց: Ժողովրդական ցասումն արդեն հանդարտվել է, այնուամենայնիվ, դպրոցական դասագրքերի խնդիրն արդիական է մինչ հիմա: Այդ իսկ պատճառով մենք հարկ համարեցինք հասարակայնությանը փոխանցել հենց իր՝ Աշոտ Բլեյանի տեսակետը տվյալ խնդրի հետ կապված: Թեև հետաքրքրական կլինեին նաև կրթության և գիտության առաջին փոխնախարարի գործունեության այլ կողմեր. մարդկանց հիշողության մեջ դեռ թարմ են պ-ն Բլեյանի քաղաքական ակցիաները, որոնք բավականին տարբեր արձագանքներ էին ստանում հասարակայնության շրջանում: Սակայն, ցավոք, մեր զրույցի հենց սկզբում պ-ն Բլեյանը հրաժարվեց խոսել իր քաղաքական անցյալի մասին՝ տակավին չհստակեցնելով, թե արդյո՞ք ինքը մեծ քաղաքականությունից հեռացել է ընդմիշտ:

Աշոտ Բլեյան.  «Եթե ինչ-որ բան փոխվի, ես կկայացնեմ իմ որոշումը»…

— Պ-ն Բլեյան, շատերը կարծում են, որ նոր դասագրքերի հրատարակման հարցում դուք չարաշահել եք ձեր ծառայական լիազորությունները, քանզի, ինչպես հայտնի է, որոշ նոր գրքեր պետական հանձնաժողովն օժանդակ գրքեր է ճանաչել: Դուք ինքներդ ինչպե՞ս եք գնահատում ձեր գործողությունները:

— 1995 թ. մարտին հանրապետության կառավարությունը N 124 որոշումով հաստատել է «ՀՀ լուսավորության նախարարության մասին կանոնակարգը»: Այս կանոնակարգը Լուսավորության նախարարության և, համապատասխանաբար, այդ գերատեսչության ղեկավարի լիազորությունները որոշող գլխավոր փաստաթուղթն էր, գերատեսչություն, որի պաշտոնակատարը ես էի: Քանի որ տվյալ փաստաթղթով կարգավորվում են իմ գործողությունները ոչ միայն իբրև Լուսավորության նախարարի պաշտոնակատարի, այլև Կրթության և գիտության առաջին փոխնախարարի պաշտոնում, իմ՝ ծառայական լիազորությունները չարաշահելու մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ինչ վերաբերում է կոնկրետ դասագրքերին, կանոնակարգով կարգավորվում է հանրակրթական դպրոցների ծրագրեր և ուսումնական մեթոդական գրականություն հաստատելու նախարարության իրավունքը:

— Իսկ ի՞նչը ձեզ ստիպեց դիմել ուսումնական գրականության տարածման ոչ ավանդական ձևերին: Չէ՞ որ դասագրքերի բաժանորդագրությունը ծանրացրել է բնակչության նյութական կացությունը:

— Մինչ 95 թ.-ը միջնակարգ դպրոցների սովորողները ստանում էին ուսումնական գրականությունն անվճար: Սակայն 1995 թ.-ի համար հաստատված պետական բյուջեով այդ հոդվածը նախատեսված չէր: Այսպես ծագեց դպրոցականներին դասագրքերով ապահովելու կարևոր խնդիրը, որի լուծումն ուներ քիչ թե շատ ընդունելի երկու տարբերակ: Մեկը, որ «Լույս» հրատարակչությունը կոմերցիոն բանկերից վարկ վերցներ դասագրքերի թողարկման համար, իսկ դրանց իրացումը թողներ գրախանութներին: Բայց այս դեպքում ծագում էր մեկ այլ խնդիր: Բանն այն է, որ վերցված վարկը տոկոսներով «կգերաճեր» և, բնականաբար, կբարձրանար ինչպես դասագրքերի ինքնարժեքը, այնպես էլ մանրածախ գինը, որը կրկին կհարվածեր սպառողի գրպանին: Բացի դրանից, ինքը՝ «Լույս» հրատարակչությունը, համոզված չլինելով դասագրքերի հաջող իրացման մեջ, չէր համարձակվում վարկ վերցնել:

Ահա թե ինչու մենք որոշոցինք կանգ առնել երկրորդ տարբերակի՝ բաժանորդագրության վրա: Հակառակ դեպքում ստիպված կլինեինք նոր ուսումնական տարին առանց դասագրքերի սկսել, ինչպես 94 թ.-ին եղավ: Այդ ժամանակ սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորողներն ընդամենը երկու անուն ուսումնական գրականություն ստացան, իսկ այս ուսումնական տարվա նախօրեին պատրաստ էր 44 անուն ուսումնա-մեթոդական գրականություն:

-Այսօր արդեն, թերևս, կարելի է խոսել բաժանորդագրության արդյունքների մասին: Դուք այն հաջողված համարո՞ւմ եք:

— Կուզեի նշել, որ բաժանորդագրությամբ զբաղվում էր ՀՀ  լուսավորության նախարարության նյութատեխնիկական վարչությանը կից ստեղծված «Ուսում» կազմակերպությունը: Եվ իր առջև դրված խնդիրն այն բարեհաջող կատարեց: Կարճ ժամանակահատվածում մոտ 700 մլն. դրամ հավաքվեց: Դա անհրաժեշտ գումարի 70 տոկոսն է: Ափսոս, որ չնայած ՀՀ կառավարության համապատասխան կարգադրությանը, քաղաքային և շրջանային իշխանությունները կարիքավոր ընտանիքների սովորողներին չտրամադրեցին միջոցներ՝ գրքեր ձեռք բերելու համար: Այդ նպատակների համար գտնվեց ընդամենը 40 մլն. դրամ (250 մլն. դրամի անհրաժեշտության դեպքում), այն դեպքում, երբ կոնկրետ Երքաղխորհուրդն ընտրությունների նախաշեմին 50 մլն. դրամ էր խոստացել հատկացնել:

Սեպտեմբերի 1-ի նախօրեին Երքաղխորհուրդը ոչինչ չ փոխանցեց. փոխարենը Ղափանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն վճարել է դպրոցականներին անհրաժեշտ դասագրքերի ողջ արժեքը:

— Սակայն վերադառնանք կառավարական հանձնաժողովի՝ որոշ դասաքրքեր օժանդակ համարելու հայտնի որոշմանը: Չե՞ք գտնում, արդյոք, որ եթե ասենք մյուս տարի ծագի նման բաժանորդագրություն անցկացնելու անհրաժեշտություն, հազիվ թե այն նույն չափ հաջող լինի: Չէ՞ որ շատ բաժանորդներ ակնկալում էին ստանալ բոլորովին ոչ այն, ինչ արդյունքում ստացան:

— Բաժանորդագրական գրականության 51 անուն գրականությունից կառավարական հանձնաժողովն իր օգոստոսի 19-ի որոշմամբ ընդամենը 11 դասագիրք է ճանաչել օժանդակ՝ հայոց լեզվի և գրականության 1-8-րդ դասարանների: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ «օժանդակ դասագիրք» հասկացությունն ընդհանրապես գոյություն չունի: Դա կառավարական հանձնաժողովի նոր ձևակերպումն է, և ես դա (ձևակերպումը) բավական անհաջող եմ համարում: Տվյալ որոշման հետ անձամբ ես համաձայն չեմ և խոսել եմ այդ մասին հանձնաժողովի անդամների հետ: Որոշումը, այնուամենայնիվ, ընդունվեց, և կառավարությունը Գիտության և կրթության նախարարությանը հանձնարարեց մշակել այդ գրքերի օգտագործման կարգը:

— Բայց մի՞թե լրացուցիչ գրականության անհրաժեշտության աստիճանը որոշելու իրավունքը չի պատկանում հենց իրեն՝ աշակերտին կամ իր ծնողին: Ըստ էության, ստեղծված իրավիճակը հակառակն է ապացուցում:

— Եթե խնդրին իրավական տեսանկյունից մոտենանք, ապա պետք է նշենք, որ կանգնել ենք իրավական փակուղու առաջ: Չէ՞ որ, ինչպես արդեն ասացի, «օժանդակ դասագիրք» հասկացություն գոյություն չունի: Սակայն ես համոզված եմ, որ հարցի ոչ միայն իրավական կողմն է, որ պիտի մտահոգի հասարակայնությանը: Բանն այն է, որ այսպես թե այնպես ամեն ինչ արվում է հօգուտ աշակերտի: Ահա թե ինչու, ես կարծում եմ, որ անկախ կարգավիճակից, այս գրքերի գործածությունը պարզապես անհրաժեշտ է սովորողների համար: Մանավանդ, որ այսօր արդեն ունենք մանկավարժների որոշակի շատ դրական արձագանքներ տվյալ գրականության որակի մասին: Իմ կարծիքով դրանք շատ հետաքրքիր, խելացի և օգտակար գրքեր են: Վերջապես, հասարակությունն ինքը կարող է իր սեփական կարծիքը կազմել «բլեյանական» գրքերի մասին, որոնք ազատ վաճառվում են «Երևանգրքի» բոլոր խանութներում:

— Շատ բաժանորդներ մինչև հիմա չեն ստացել իրենց դասագրքերը, ուզում էինք իմանալ՝ ինչո՞ւ:

— Խնդիրը միայն առանձին դպրոցների որոշ տնօրենների, շրջժողկրթբաժինների վարիչների աննախաձեռնողականությունն է: Նրանք պետք է կապի մեջ մտնեին «Ուսումի» հետ և կազմակերպեին դասագրքերի տեղափոխությունը: Այնպես որ, բաժանորդներին ցանկացած դեպքում չեն խաբի, թեև այսօր գոյություն ունի նաև այդպիսի կարծիք: Այնուամենայնիվ, փոքր-ինչ այլ է վիճակը Երևանում…

— Եվ վերջին հարցը, որ մի փոքր շեղվում է դասագրքերի հարցից: Բանն այն է, որ դուք սկսել եք դպրոցական բարեփոխումները, երբ ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատար էիք: Այսօր դուք ուրիշ պաշտոն եք գրավում: Չի՞ կաշկանդում արդյոք նոր պաշտոնը բարեփոխումների իրագործման ձեր ազատությունը:

— Իհարկե, կաշկանդում է, քանզի մարդը, ով իր վրա է վերցրել բարեփոխումներ անցկացնելու պատասխանատվությունը, պետք է իր ձեռքերում ունենա այդ գաղափարի իրագործման բոլոր լծակները: ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնակատարի դերում ես ունեի համապատասխան լծակներ: Իսկ այսօր իրադրությունն այլ է: Հայտարարված է, որ կրթության բնագավառի բարեփոխումներով զբաղվում է կառավարությունը: Իսկ դա արդեն Աշոտ Բլեյանի բարեփոխումը չէ: Այնպես որ դրա իրագործման պատասխանատվությունը ևս չպետք է ես կրեմ: Այսպես թե այնպես, բարեփոխումների գործընթացը դեռևս չի հակասում իմ համոզմունքներին: Այ, իսկ եթե ինչ-որ բան փոխվի, ես կկայացնեմ իմ որոշումը…

Հարցազրույցը վարեց Ա. Մելիքսեթյանը

Ռուսերենից թարգմանեց Սուսան Հովհաննիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքացական պարտքը հավասար է յուրաքանչյուրի համար

«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում

Այլընտրանքային կրթական ծրագրին օրենքով ձևակերպված աջակցություն

««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների նյութ։

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող