Դավիթ Բլեյանն արթնացել է ժամը 05-ին՝ աղմուկով. «Պապան գնացել է», հետո՝ անկողնում շորերը հագել, որ պապայի հետ գնա գործի, հետո, երբ հայտնաբերել է պապային, «Ուկա» է պահանջում։ Ստանում է, իհարկե։ Մեծ էկրանով «Մակինտոշը» շատ է հարմար Դավթի համար. Դավթի համակարգիչն է։ Մի հարմար սեղան-աթոռ էլ որ լինի, իմ նորացված սենյակում, կունենա իր անկյունը։ Գիտեք, չէ՞, ինչ հիմար պատ եմ քանդել մեր բնակարանում. անտեղի պատուհանը հանել-շարել, հետո դեպի հարավ-արևմուտք պատուհան բացել. տեսեք՝ իմ կարցեր-սենյակից ինչ պատշգամբ տարածք է ստացվել։ Մեր հանրային կյանքում, տո հենց մեր ընտանիքներում ու բնակարաններում այնքա՜ն անջրպետներ, մեզ իրարից անջատող պատեր կան… Ես ասում եմ՝ ինչ հիմար պատ կա, քանդեք. սկսեք բնակարանի հիմար պատերը քանդելուց՝ լույս, արև, թեթևություն թող տիրի։ Հետո անցնենք մեր ներսի պատերին…

Կրթահամալիրի բանգլադեշյան ճամբարների առաջին հերթափոխի (10 օր՝ հունիսի 16-ից 27-ը) գործունեությանը նայենք հենց այս՝ ներքին ազատագրման տեսակետից։ 1-8-րդ դասարանցիների տարատարիք ճամբարներում, 2-6 տարեկանների պարտեզներում աշխատող ջոկատավար-դաստիարակ-կազմակերպիչները՝ առաջին օրը կաշկանդված, արհեստական, զայրացնելու աստիճանի մեխանիկական ու անհետաքրքիր… տեսեք՝ ո՜նց են բացվում, թոթափում կապանքները, ու որքան մարդկային-մասնագիտական հմայք ու ինքնավստահություն, ստեղծականության ու կենդանության ինչպիսի՜ դրսևորումներ… Որպես փաստագրություն. ի՜նչ ոգևորիչ է Մարգարիտ Թամազյանը «Ջրային ֆլեշմոբ» տեսանյութը, կամ Մերի Խաչատրյանի քրոնիկոնը… կամ Յու. Բախշյանի այգում շարունակվող մեր բանգլադեշյան պլեները, ու իմ հիացմունքի կենտրոնում Գեղարվեստի ավագ դպրոցն այս տարի ավարտող Մերուժան-Զավեն ստեղծագործական զույգն է ու տեխնոլոգիայի մեր ուսուցիչ Թամար Հարությունյանը… Երեկ՝ երեկոյան ժամը 8-ին մոտ Բ-4 թաղամասի մի քանի տասնյակ տարատարիք երեխաներ ու մարդիկ մերոնց ստեղծագործական նախագծերով մասնակցում էին նոր այգու և բնակավայր նոր՝ գեղարվեստական միջավայրի ձևավորման աշխատանքներին։ Բռավո՜, սեբաստացիներ։ Եվ պետք չէ նեղանալ վարչակազմի աշխատողից, ով մոտեցել փող է առաջարկել՝ հանկարծ գործը կիսատ չմնա, իրենից պահանջեն։ Կարելի է հասկանալ մարդուն. ախր ո՛չ դաս կա, ո՛չ պարտադրանք՝ Բլեյանի դպրոցն էլ՝ անկախ վարչական շրջանից էլ, քաղաքապետարանից էլ… Ի՞նչն է առավոտից երեկո ողջ հունիս ամսվա ընթացքում այգին դարձրել տասնյակ սեբաստացիների գործունեության կենտրոնը։ Ուզում եք շնորհակա՞լ լինել, վարչակազմ, քաղաքապետ, համեցեք, բարեկարգեք վերջապես Գեղարվեստի ավագ դպրոցից Մայր դպրոց տանող ճանապարհը, որը, մեղմ ասած, անբարեկարգ է ու վտանգավոր, ու որով ամեն օր անցնում են հարյուրավոր մեծ ու փոքր սեբաստացիներ ու թաղամասի բնակիչներ…

«Ուզում եմ լողանալ».- լողացավ ժամը 06-ին մոտ մեր Սեբաստացին։ «Ուզում եմ երաժշտություն լսել».- և հիմա ես, Արմինեն ու Դավիթը Մոցարտի 43-րդ սիմֆոնիայի նոր կատարում ենք վայելում։ Իսկական վայելք։ Ահա քեզ մեդիայի ուժն ու հրաշքը՝ որպես մեր կյանքի այս պահի փաստ։

Փաստագրման լավագույն միջոցը, իհարկե, թվային ֆոտոխցիկն է։ Տեսեք՝ անգիրի դպրոցն իր վերջին զանգով ու տարեկան-քննական թվանշաններով ոչ ևս է, իսկ ահա Ստեղծողի մոբիլ դպրոցն ամենուր է, անընդհատ է Երևանում, Հայաստանում, Հայաստանից դուրս։ Փաստենք՝ մեր «Հնեվանք» ճամբարի 6-րդ դասարանցի Դոնա Թովմասյանի օբյեկտիվում Ստեփանավանն է։ Երևան-Շուշի-Երևան պլեների մասնակից մեր կինո-ֆոտոյի ակումբի սովորողների տեսադաշտում Շուշիի «Զոնտեր» կոչվող տարածքն է։ Մեր սեբաստացիների «Կարդում ենք Չարենց Կարսում» ուսումնական նախագծի ղեկավար ղեկավար Ելենա Սարգսյանի օբյեկտիվում Անիից, Կարսից հետո Բերկրին է….

Քաղաքական հայտարարություն տնօրենի բլոգում. գլխավոր փաստը, իհարկե՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները երեկ Բրյուսելում ի տես աշխարհի ստորագրեցին Եվրամիության հետ ասոցացման (ես ասում եմ՝ նույնացման) համաձայնագիրը։ Սրանով դուք բացեցիք նոր շրջափուլ նաև Հայաստանի համար։ Շնորհակալություն և շնորհավոր, սրտանց, հատկապես քեզ, վրաց ժողովուրդ։ Վստահ եմ՝ ամեն ինչ հարթ չի ընթանա ոչ միայն ձեզ, այլև մեզ համար։ Բայց ճանապարհ է, պիտի անցնենք… Ու լավ կլինի՝ միասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծովը ծնկից

Միջին դպրոցի Թագուհի Միրզոյանի ու Քրիստինե Զախարյանի՝ թարգմանչական ստուգատեսին ներկայացված  «Ինչուիկ» շարքի նյութերը իսկը Դավիթ Բլեյանի համար են: Իրոք, շնորհակալ եմ: Դավթին այսպիսի՝ գիտահանրամատչելի տեսանյութերից չես կտրի. երեկ տուն մտա.

Մոլորություններ հաղթահարելու շրջան՝ իր գրով, ցանցով հեղինակային

Այո՛, մոլորություն է Հայաստանով մեկ հաստատված, թե պետական հանրակրթական ուսումնական հաստատությանը պարտադրված է պետական կրթական ծրագիրը, որ հաստատությանը ընտրության իրավունք տրված չէ, որ ինչ-որ մի խորհրդով-առեղծով այդ մենաշնորհը տրված է

Բացվող-չփակվող դռների միջև մեր օրերը, որ կյանք են դառնում․․․

Երեկ Լուսինե Բուշն ընդունեց իմ առաջարկը, ու ես այսօրվա իմ գիրն սկսում եմ՝ նրան կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով․․․ Սիրելի ու հանրահայտ մեր Բուշն է՝ ընդմիշտ սեբաստացի իր ավագ