Ուռա՜, երեկ իմ օրագրի մուտքերը վճռական հատեցին 500-ը, mskh.am-ինը ընդհուպ մոտեցան 6000-ին․․․ Սրանք մեր ուսումնական հունվարի նկատմամբ հանրային վստահության արձանագրումներ-հավաստի չափումներ չե՞ն․․․

Ես սրա համար ունեմ նաև ընտանեկան գործիք։ Կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի երեք ճամբարական՝ ստեղծագործ-թատերասերների ջոկատի ղեկավար Արմինե Աբրահամյանը, Խուստուփի արծիվներ ջոկատի անդամ հինգերորդցի Արմեն Մարտիրոսյանը և․․․ հունվարին վեց տարեկան վագր դարձած Դավիթ Բլեյանը, առավոտյան 7․30 համերաշխ, վճռական քնած են… Լույս վառել-հանգցնելը, միացյալ ճամբարների ղեկավարի աղմկոտ վստահությամբ սենյակից սենյակ գնալ-գալը, ջան-ղուրբանն այլընտրանք չեն վաստակած ճամբարականներին համակած խորը քնին․․․ Ու հանկարծ իմ ուսանողական շինարարական ջոկատների, թե ծաղկաձորյան մանկական (պիոներական) ջոկատների ժամանակից եկած զվարթ մի կանչ․․․ տնով մեկ հնչում է․
— Ճամբա՜ր, վե՛ր կաց, շարվի՛ր, ուշանում ենք. էս ճամբար չե՞ք գալիս, ես գնում եմ․․․
Տեսնեիք՝ ի՜նչ կատարվեց․․․ Ի՜նչ անմիջական արձագանք․․․ ընդամենը 30 րոպեում՝ կազմ-պատրաստ․․․ Մենք հասցրինք անգամ միասին դիտել Դավթի ջոկատի վագրիկների օրվա լուսաբանումը, կարդացինք Արմենի բլոգում իր հրապարակումը․․ ըմբռնումով լսեցինք Արմինեի արդարացումները․
— Տիա՛ր ջան, մի՛ մոռացիր, որ ես քեզ հետ ոչ միայն ապրում եմ, այլ նաև քո ղեկավարությամբ աշխատում․․․ Ուրիշ ո՞վ կա իմ վիճակում․․․ Դա գիտե՞ս՝ ինչ Աստծու տված անգին պատիժ է․․․ Մենք քեզ գոհացնելու համար ենք աշխատում, որ դու գիշերվա քո կյանք-դիտումներին արժանի նյութեր ունենաս mskh.am-ում․․․ Կունենաս, Տիար ջան․․․ Հունվարյան ճամբարից լավ բա՞ն․… մեկ էլ հունիսյանը կլինի։ Ես իրոք ինձ շատ լավ եմ զգում մեր ճամբարում․․․
Դավիթը՝ թե․․․
— Պապ, գիտե՞ս, մեր դպրոցը ճամբար է դարձել․․․
— Բա երեկ չեք գնացե՞լ զբոսնելու, Դավիթ։
— Մեր դպրոցն է բաց տարածք․․․ Էլ ո՞ւր գնանք զբոսնելու․․․ Պարիսպներ չկան, պա՛պ, չե՞ս տեսել․․․
Դժվար չեղավ այսպիսի «մոտիվացված» միջավայրում բաժանել, թե ով տանի իր ճամբար գունավոր թղթերի ու խաղերի տուփերը․․․ ով՝ մրգերը․․․

Ուսումնական ճամբար, ձեռնոց-տիկնիկների ստեղծում:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Այլ հավաստի չափում էլ Հ1-ի լուրերի տեսանյութում կար՝ քաղաքի դպրոցների հունվարի 9-ի առօրյայից․․․ իրականությունից-հունվարից. ձյուն-ձմեռից կտրված մի քանի շփոթված սովորողներ և ուսուցիչներ տեսախցիկի առաջ․․․ բան չունեն ասելու։ Իրենց հունվարը չէ ուսումնական։ Կարևոր է, որ հունվարը մեկնարկեց-դարձավ սեբաստացի սովորողինը-ուսուցչինը, իր կյանքն ու գործը․․․

Երեկ ամենշաբաթյա մասնագիտական ժողովում մենք խոսում էինք արդեն Ջրվեժի հատուկ պահպանության տարածք ճամբարային ջոկատների այցերի ու ձմեռային խաղերի կազմակերպումը սկսելու, բնագիտատեխնիկական, մարզական, «Դիջիտեք» հանրակրթական ստուգատեսները յուրաքանչյուր սովորողի նախագծային հարթակ, կազմակերպիչ դարձնելու միջոցների մասին․․․ Սրա ցուցիչ-չափումն  էլ կա․․․ Աշոտ Տիգրանյանի․․․ բլոգի մուտքերը հատել են 40000-ի սահմանը․․․

Իսկ Դավիթ Բլեյան ճամբարականը սկսել է ուժ հավաքել․ վագրի ախորժակով երեկ ճամբարում բորշ է կերել․․․ Ի՜նչ ճամբար՝ առանց բազմազան-համեղ խոհանոցի ու խոհերի․․․

Գիտագործնական հավաքի ծրագրերը, կլոր սեղանները՝ իրենց թեմաներով-հեղինակներով, այնքա՜ն տպավորիչ-սիրելի-ծանոթ ոգևորիչ իրականություն են դառնում․ սկսում եմ հասկանալ Արմինե Թոփչյան համակարգողին համակած ոգևորվածությունը․․․ առողջության հավաստի ցուցանիշ է։ Նույն շնորհքով-սիրով, որքան աշխատանքը կատարելիս, պիտի այս մանկավարժությանը հեղինակներով ներկայացնենք ինքներս մեզ ու մեր բարեկամներին, մեր մանկավարժության շահառուներին։ Գո՜րծ եմ ասել։

Ձմեռային պարտեզ. նկարչություն ձնե լանջերին:
Լուսանկարները՝ Սաթենիկ Քարաջյանի:

Երեկ իրիկուն մեր պլանավորած-անհետաձգելի ընտանեկան այցն էր, իմ օրագրում սիրով պատմել եմ, Հակոբյանների նշանավոր հայաթ․․․ 2017-ին Գևորգ Հակոբյանի ու Ռոստոմյան 35 հասցեով բակ-բնակավայրի-ընտանիքի հետ իմ ներառական կյանքի քառասունհինգ ամյակն է՝ իրադարձություն իմ ու Գևորգի կյանքում․․ Ո՜ղջ տարին կնշենք․․․ Չորս հասուն, վաղուց չափահաս՝ Գարիկ, Տիգրան, Սեդրակ, Արմեն, իհարկե, սքանչելի Անահիտ, Գևորգ ու Հակոբ Հակոբյան եղբայրների զավակները, պիտի սկսեն ամուսնանալ։ Ազգուշ խիզախ կնոջ նման մե՜ծ համբերություն ու հումոր ունեցող քույր-հորաքրոջ համբերություն է ու սպառվեց․․․ ո՜նց եք անելու, ա՛յ ծույլեր․․․ Մեր խորովածի սեղանը՝ իր անբաժան դարձած Բուչո շնով․․․ աննահանջ-ջերմ է․․․ Դավիթը՝ այս մեծ հավաքի հերոսը, ում այնքա՜ն խեղճացրել էր երեք տարեկան հմայիլ, մոլդավուհու խառնուրդ․․․ Վիկա Սահակյանը՝ Ազգուշ հորաքրոջ ամենակրտսեր թոռը, Հակոբյանների խմբական աջակցությամբ գողացված կարմիր մեքենայով խաղում է․․․

Տանը արդեն պիտի քնի, չի քնում մեր մեքենասերը, խաղում է բերած մեքենայով․․․ Արմինե մայրիկն ասում է․
— Չէ, ես էս մեքենաներին-խաղերին վերջ եմ տալու․․․ Պահելու եմ՝ մի քիչ մեծանաս, նոր տամ, ինչքա՜ն ուզում ես՝ խաղա․․․
— Ստի՛ց բաներ ես ասում, մամ, որ էլի մեծանամ, սրանցով ո՞նց եմ խաղալու․․․ Դու խաղո՞ւմ ես։

Ձմեռային պարտեզ. սահնակ քշոցի, ձնագլոր:
Լուսանկարները՝ Օլյա Մանդալյանի:

Ֆոտոխմբարգիր՝ Արմինե Թոփչյան
# 902

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Պրծա՞նք էս «հին ու նոր» տարիների ծուղակից…

Օրը «մեր Բենուրինն է»՝ մաթեմատիկայի ուսուցիչ Բաբկեն Փաշինյանի ծննդյան օրն է: Աստղիկ Ավագյանի ղարաբաղերենով ողջ «ուզում եմ, որ» և «ուզում չեմ» մաղթանքները mskh.am-ի փաթեթով քեզ, եղբայր իմ… Զարմանալի-եզակի մասնագիտություն դառավ

Առանց ընկնելու ինչպե՞ս թռչել սովորես…

Իմացա՞ք, մեր շրջանավարտ Էդգարը Հակոբյան, որ Բ-4 թաղամասի բարձրահարկի հայրական բնակարանը թողել է եղբորը, մոտակայքում, քար ու քռի մեջ իր դաշտի ծաղիկ Մարիամի հետ ընտանեկան օջախ է հիմնում մեր աչքի առաջ, «Սեբաստացի»

Որտեղ էլ լինեմ, կհիշեմ ու կասեմ այն խոսքերը, որ հիմա չեմ գտնում…

Վերնագիրը՝ Քնքուշ Բաղդասարյանի խոսքից։ Մեզանում հերթապահ-շնորհավորական-«հավուր պատշաճի» խոսքը չարաշահվում է։ Տոն է, ծնունդ է, միջոցառում է, հավաք է մի առիթով, ու գնա՜ց… Խոսքը կարող է զբաղեցնել հավաքի կեսը, ու ձանձրույթը կարող