Կրթահամալիրի տնօրենը 2014-ին ունի 24 օրվա վճարովի արձակուրդ, որի մի մասը օգտագործում է հիմա. բա էլ ե՞րբ։ Արձակուրդի օրերին ես կարողացա ընտանիքով 3 օրով լինել Արցախում. պատմել եմ: Նախատեսել եմ արձակուրդիս մնացած օրերին նոյեմբերի վերջին, դեկտեմբերի առաջին օրերին քանի օրով մեկուսանալ՝ առողջարանային հանգստի պարտադրանքն ավելի ու ավելի եմ զգում: Ողջ նոյեմբերը, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ լինեք, անցկացնելու ենք միասին… mskh.am-ում քառալեզու տեղադրված կրթահամալիրի տոնի էջերն իմ կոչի, տոնին ձեր անհատական վերաբերմունքի արտահայտիչն են: Բացի տոնի ընդարձակվող ու մանրամասնվող ծրագրից ի՞նչ փոքր-մեծ նախագծեր կան, որ տոնի շրջանակում սկսել եք իրագործել: Ինչի՞ն սպասել, երբ տոնական նոյեմբեր ամիսն իր իրավունքների մեջ է:

Դավիթ Բլեյանը սկսել է յուրացնել կրթահամալիրի «պարունակությունը» («լեգոների տուփ է, հայրիկ, քո դպրոցը», ասաց նա հենց այնպես, երբ լեգոների սիրուն թափանցիկ տուփը լցրեց-հավաքեց, որ տանի) խումբ: Մոր հետ լավ կռվեց, չթողեց՝ ո՛չ լողացնի, ո՛չ լվացնի.
— Ես եմ քո վրա ջղայնանում, ես տղա եմ, դու իմ վրա մի՛ խոսա, դու աղջիկ ես…
Հետո, երբ դռնից դուրս եկավ, աստիճաններից նայեցի, փարատվեցին կասկածները, կորցրեց հույսը՝ հայրիկը չի գալիս… Միշտ, աստիճաններով քառատրոփ (տրո՛փ, տրո՛փ, տրո´փ՝ ձիուկի նման միասին ենք իջել)… Եվ գոռաց… Մինչև հիմա նրա «հայրիկը» իմ ականջներում է:

Սա՝ այսօր առավոտյան, երբ կանխազգում էր մեր բաժանումը։ Իսկ երեկ, երբ ես անկողնային ռեժիմում էի, և Դավիթն ու Արմինեն մնացել էին ինձ խնամելու, լսեք՝ ի՜նչ լիարժեք է զգում Դավիթն իրեն, քաղցր-մեղուշ, մեղր է թափում շուրթերից.
— Իմ սիրուն մամա, քո քիթիկն ու թուշիկը ո՞վ ա առել…
— Մայրիկ, վաղը հայրիկը ո՞ւր է գնալու…
— Բոլորս միասին դպրոց ենք գնալու,- մայրիկն է ասում:
— Իմ դպրոցն իմ պարտեզն է, քո դպրոցն ա, Նազոյի, Սոնուլի, Արմենի դասարանն ա, պապայի գործն ա…

Մայրիկը խնդրում է ուշադիր լինել հայրիկի նկատմամբ:
— Գնա, տես հայրիկը ննջարանում ի՞նչ է անում, Դավիթ:
— Մամա (գոռում է ննջարանից, այնպես, որ ես քնի մեջ լսում եմ), հայրիկի աչքերը փակ են, քնած ա… երևի…
Չգիտեմ` «երևի»-ով Դավիթը ինչ է ուզում ասել, բայց հաստատ է, որ առաջին անգամ է հայրիկին քնած տեսնում:

Դավիթն առիթն օգտագործում է, իր մուլտերն է նայում… Մայրը.
— Դավիթ, ավտոմեքենաներդ հավաքի, արի, ճաշդ կեր, մեր տունն ավտոկայանատեղի ես դարձրել…
— Ничего…
— Դավիթ,- իբր  շատ մտահոգ բարձրաձայնում եմ ես, — ի՞նչ անենք քո այս մուլտերի ընկերների հետ. քեզ մեզնից փախցրել են, մնացել ենք առանց Դավիթ…
— Ես հրեշ եմ դառնում՝ Մաշային, արջին, գայլին, նապաստակին ուտեմ…

Երեկոյան, երբ ինձ այցելում է իմ Ստեփան եղբայրն իր կնոջ՝ մեր թերապևտ, այնքա՜ն սիրելի Անահիտ հարսի հետ, Դավիթը երանության մեջ է. Ստեփան հորեղբոր հետ շփումը տոն է: Ես վերջում զգույշ հետաքրքրվում եմ իր կարծիքով, իր դիտարկումներով, հո վատ բան չի՞ տեսնում Դավթի խոսքում, գործերում…Ստեփանը.
– Խոսքերը կարևոր չեն, կարևորն օրինակն է, ինչ տեսավ ամեն օր տանը և դպրոցում: Գլխավորը՝ տանը: Դավիթը հերոս է:

Հորեղբոր սիրտ է. ես կուզեմ, որ Դավիթը սովորական մարդու կյանքով ապրի և անսովոր որակներ դրսևորի, առավելագույնս իրացնի իր տաղանդը…

Երբ մարդ «խեղճանում է», ամենամտերիմների կարիքն ավելի է զգում. ես երեկ ամենաշատն ուզում էի Շուշան-աղջկաս տեսնել: Սկայպով խոսում ենք. հմայիչ, մազերը հավաքած, հոկտեմբերի 30-ին համերգի պատրաստվող Շուշան… Համերգը նախաձեռնել է Վիեննայի ուսանողական հանրակացարանների ցանցի վարչակազմը. բազմազգ-մշակութային մի աղցան կլինի: Լավ է, որ Շուշանը մեր «Դեպի բեմ» ճանապարհի վրա է միշտ…

Իսկ, վերջում.
— Դավիթ, Արմինե, հայրիկիս լավ նայեք, հա՜, ես ձեզ առողջ եմ վստահել, որ միշտ գործի մեջ լինի, ոտքի վրա, թե չէ, կգամ կտանեմ իմ հայրկին:

Դավթի պատասխանը դժվար չէ կանխատեսել.
— Գիժ ապուշ ա մեր Շուշոն…

Չգիտեմ՝ կկարողանա՞մ մասնակցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մեր «Սեբաստացիներ» երգչախմբի այսօրվա հոգևոր համերգին… Ես կարիքը ունեմ բուժիչ-հոգևոր միջավայրի: Ես ձեզ հետ եմ, Սեբաստացիներ, ամենուր. ես ուշադիր տնօրինական հայացքով հսկում-աջակցում եմ ձեզ, որպես չարխափան աշխատում. երբ ձեր կողքին չեմ, ինչպես վաղը-մյուս օրը՝ Կողբի Զիկատարում, մեկ է՝ ձեզ հետ եմ, անընդհատ կապի մեջ։

Գաֆեսչյան կենտրոնի մասին իմ հիացմունքն ու աջակցությունը հայտնել եմ հոկտեմբերի 28-ի իմ գրում: Սխալ չարտահայտվեմ հանկարծ՝ Դավիթ Բլեյանի ոճով ասեմ ու շարունակեմ…

Հին Կասկադը հիշում եք: Հիշո՞ւմ եք: Խաղաղ, ներս ընկած մի դրախտ, թափվող-գունեղ-օրորող խշշոցով ջրվեժիկով… Ետևում բլուրն էր, անտառապատ, որի կածաններով բարձրանում էիր Հաղթանակի այգի… Մինչ այդ բլուրի գագաթն էր, որպես բնական դիտարան Երևանի… Խորհրդային գիգանտոմանիան  հենց այսպես Երևանը ոչնչացրեց. դրա արմատները, տեսեք, մինչև օրս տարածվում են… Ջիմ Թորոսյանը՝  ակադեմիկոս, երբևէ քաղաքի գլխավոր ճարտարապետը, նախ` ոչնչացրեց այս բլրի գագաթը՝ նախագծելով-կառուցել տալով Հայաստանի խորհրդայնացմանը նվիրված հուշարձանով (այսօր՝ «Վերածնված Հայաստան») ու չգիտես ինչով… որ այսօր էլ աղբանոցի է նման։ Չեմ հիշում՝ վերջին անգամ երբ եմ եղել…

Հետո ավերեց կանաչապատ բլուրը ստորոտից՝ կիսակառույց քարաստանը ժառանգելով Երրորդ հանրապետությանը… Կտրվեց մարդկանց հետիոտն բնական-կենդանի կապը Օպերայից-Կասկադ-Հաղթանակի այգի և դրա դիմաց, Ազատության պողոտայի երկարությամբ փռված կանաչապատ տարածքը… Բարբարոսությունն այսպիսի տեսք է ունենում. այսպես էլ են ձեռք բարձրացնում մարդու ամենաթանկ իրավունքի՝ կյանքի, ես ավելացնում եմ, որպես բնության զավակի՝ մարդավայել-աստվածատուր կյանքի վրա։

Հիմա կասեք՝ Բլեյանը ինչո՞ւ  հիշեց արդեն հանգուցյալ Ջիմ Թորոսյանին… Ոչ միայն: Իմ կյանքի բլոգապատումը մեռելապաշտության որևէ դրսևորում չի ունենա: Կարլ Յասպերս փիլիսոփան, որի «Փիլիսոփայական հավատք» աշխատությունը դրված է, կեցցե մեր հմայքաշատ մեդիագրադարանավարուհի Զառան, mskh.am գրադարանում, սեղմեք ու կարդացեք, թույլատրում է ավելի խնայող լինել ողջերի նկատմամբ. կյանք է, ապրում ենք, համակեցություն է պետք հաստատել… Իսկ ահա հանգուցյալներն իրավունք ունեն պահանջելու առավել անխնա, չեմ սիրում այս բառը, օբյեկտիվ վերաբերմունք, հենց թեկուզ հանուն ողջերի, հանուն իրենց առաքելության, որ հաճախ «անկատար-դրժած»  են թողնում… Առանց խնայելու և միևնույն ժամանակ առանց վիրավորելու նրան, ով իրականում ուզում է լսել… Ազատության պայմաններում ճշմարիտի համար պայքարը պայքար է սիրո համար… Ոչինչ, որ կրկնում եմ, ով ականջ ունի, թող լսի ու տարածի, մինչև չլսողների քանակը նվազի…

Ահա ինչու, ես, «Գաֆեսչյան» կենտրոնը այսօրվա տեսքով փրկության պես մի բան եմ համարում. Պատկերացրեք, որ չլիներ այս խիզախ ամբողջական մշակութային նախագիծը, Երևանի ամենակենտրոնում մենք այսօր էլ կունենայինք ամայի մի տարածք։ Իսկ արդեն քանի տարի մենք օգտվում ենք, կարող ենք օգտվել Երևանին պատիվ բերող ու աշխարհին ներկայացնող հանրային տարածքից…

Կկարողանա՞, կուզի՞ Գաֆեսչյան կենտրոնը բարձրանալ բլուրն ի վեր՝ իր գլխավոր հարթակ դիտարանը դարձնելով խորհրդային շրջանի հուշարձանը… Կկարողանա՞նք վերականգնել սրանով Երևանի կենտրոն-Գաֆեսչյան կենտրոն-Հաղթանակի այգի մարդաշատ, գրավիչ կապը…

Օրվա լուսանկարները՝ Դավթի դաստիարակ Կարինե Խառատյանի։ Շնորհակալ եմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Տեսեք` խոսքս ուր է գնում քաջ որսկանի գյուլի պես…

Կուրթանում իր ճանապարհին հանդիպած բոլոր կենդանիներից Դավիթ Բլեյանը կենտրոնացավ ձիերի և… խոզերի վրա: Ձիու հետ հանդիպմանը Սասունցի Դավիթը պատրաստվում էր ամեն օր` երկու տարի, յոթ ամիս, քսան օր շարունակ: Հանդիպումը

Հիմա ո՞ւմ որոշումներ կայացնելու ժամանակն է…

Նազենի կրտսեր Հովհաննիսյանին ընտանիքով կարոտել ենք ու փախցնում ենք օրվա վերջում Բանգլադեշից տուն… Դավիթը երանության մեջ է, իր քույրիկի հետ իր սենյակում-աշխարհում փակված, որ ոչ ոք ոչ մի րոպե իրենից

Գիրն այս Տոնի հրավեր ու տոնական նվեր

Մայիսի 28-ի գիրն իմ բաց հրավեր է Տոնի, որպես տոնական նվեր յուրաքանչյուրին, ով կընդունի հրավերն այս․ հունիսի 5-ին համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մեր հեղինակային կրթական ծրագրի