Եթե ճիշտ է, որ ԽՍՀՄ-ը մենք քանդեցինք՝ հանուն Ղարաբաղի, որ ազատագրենք ադրբեջանցիներից այն, ճիշտ է նաև, որ մենք Եվրասիական տնտեսական միություն կոչվող կազմավորման ձևով վերականգնում ենք այն, որ պաշտպանենք Արցախը ու նրան կցվածը… Պաշտպանելու բոլոր հնարները, ասել է թե, սպառված են, ապավինում ենք Պուտինի Ռուսաստանին… Եվ վերջ: Մի քանի նախադասությամբ՝ սա է 1988-2014-ի հայոց ազատագրական պայքարի պատմությունը։

1992-ի դեկտեմբերին, երբ հայկական բանակի զորամիավորումները մտան Ադրբեջանի Զանգելան, սկսվեց իմ գիտակից կյանքի Սոդոմ-Գոմորը, ամենաողբերգական սպասումների շրջանը… 1994-ի մայիսի 12-ի հաշտության համաձայնագրին, որի տակ կային Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի լիազորների ստորագրությունները, սպասել եմ, դրա համար աղոթել եմ ամեն օր: Ով մասնակցել, հետևել է հայ-ադրբեջանական այդ մեկ ու կես տարի ձգված պատերազամի ընթացքին, կհասկանա ինձ: Պատերազմն ավարտվեց հայերի համար ամենա…. արդյունքներով, չնայած մարդկային նյութական հսկայական կորուստներին… Կարող էր այլ վախճան ունենալ: Կարող էր, և այդ ընթացքում օրեր, շաբաթներ, երբ ադրբեջանական զորքը մոտենում էր Վանքին, Մարտակերտին ու շարժվում էր Ստեփանակերտ… Ես չեմ ապրել, չեմ քնել… ես աղոթել եմ: Ես չեմ խոսում պատերազմին իմ մասնակցության ձևի մասին, որպես ԳԽ պատգամավոր, որպես կրթահամալիրի տնօրեն, որպես քաղաքացի, երևանցի, ինձ նման՝ հազարները, տասնյակ հազարները, հարյուր հազարները… Պետք էր տոկալ, ու ժողովուրդը տոկաց, պետք էր պատերազմին տալ ամբարվածը, ու տրվեց, ոչինչ չխնայվեց, փաստ է: Պետք էր, որ մարտիկը ճակատի ողջ երկարությամբ հերոսություն գործեր, ու գործում էր…

1994-ի մայիսի 12-ի հաշտության համաձայնագիրը, թող որպես պատերազմի դադար, թե ելք, այլ շարունակություն ընտրելու հնարավորություն, հրաշքի արժեք ուներ ինձ համար: Հայոց համազգային շարժման, նրանից պոկված ուժերի, անհատների, կոնկրետ ինձ ու իմ ընկերների համար սրանով սկսվում էր մի նոր շրջան… Նոր ուղի՞… Մի կողմից՝ կաթվածահար տնտեսական կյանք, դասագրքերից և մեծերից իմացած 2-րդ համաշխարհային պատերազմի ճակատային-բլոկադային կյանքը վերապրած ուժասպառ հասարակություն, ցրտից ու անպետքությունից չաշխատող-գործադուլային վիճակում հայտնված դպրոցներ… Դիմացը՝ քաղաքական կյանքի անխուսափելի փուլեր-իրադարձություններ՝ 1995-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ, 1996-ին ՀՀ նախագահի ընտրություն, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունում, տեղական ինքնակառավարման մարմնի 1996-ի ընտրություններ…

Ո՞րն էր իշխող քաղաքական ուժ ՀՀՇ-ի ընտրած ճանապարհը, որ մի կողմից հաղթած բանակ ու ժողովուրդ ուներ իր թիկունքում, մյուս կողմից՝ ուժասպառ-չարացած հասարակություն, որն իր կրած զրկանքները համարում էր անարդարացի, Զանգելանի, Կուբաթլիի, Աղդամի, Ջեբրայելի, Քելբաջարի, մինչև 1992թ. դեկտեմբերը գրավված Շուշիի ու Լաչինի շրջանների տարածքներով չփարատվող…

Հաղթանակը բոլորինն է՝ բացառությամբ իշխող ՀՀՇ վերնախավի, կորուստների համար պատասխանատուն՝ իշխող ՀՀՇ վերնախավը, ում նկատմամբ, պարզվեց «մութին, ցուրտին» մեջ ձևավորվել է համաժողովրդական ատելություն… Մավրն իր գործն արել է, Մավրը պիտի հեռանա: Մի պահ թվաց, թե իշխանության կուսակցությունը, որ օրինական ընտրությունների արդյունքում է ձևավորվել, գործադիր ու օրենսդիր մարմինները, այս լեգիտիմությունից կենսական ուժ կստանան, հանրային գիտակցության մեջ ամրագրված հաղթանակը կօգտագործեն՝ նոր կյանք կառուցելու, ավերը վերականգնելու-մաքրելու համար… Կենսատու… Մի քանի ամսով այլ, ինձ անծանոթ մթնոլորտ սկսեց ձևավորվել մայրաքաղաքում, որ հասավ Ազգային ժողով, քաղաքական կյանքը կենդանություն ստացավ… Թվում էր՝ ՀՀՇ-ն, նրա լիդերը, այլ ուղու՝ խաղաղության հաստատման, հրադադարը քաղաքական միջպետական համաձայնագիր դարձնելու, ադրբեջանցիներին ու թուրքերին նոր համակեցություն առաջարկելու-պարտադրելու պատմական շանս է ստանում…

ՀՀՇ-ն ահա, ցույց տվեց, որ կենտրոնի խոսքի, ստեղծագործ աշխատանքի կուսակցություն-միավորում չէ. բա չկարողանա՞ր ոգևորվել ու ոգևորել, դուրս գալ դեպի ժողովուրդ, մարդավարի խոսել, պատմել, լսել… առաջ գնալու ուղին ներկայացնել ու կազմակերպել… Այլ կերպ՝ ինչպե՞ս և ինչո՞ւ պիտի ինձ՝ «Նոր ուղու» ղեկավարին, առաջարկվեր ՀՀ լուսավորության նախարարի պաշտոնը, երբ այդ չարվեց 1990-ին կամ 1991-ին: Ինչո՞ւ պիտի ես համաձայնեի ու մտնեի փաստացի մի քաղաքական թիմի մեջ, որին հրաժեշտ էի տվել 2 տարի առաջ՝ ունենալով դրա համար ոչ թե անձնային, այլ քաղաքական հիմքեր ու պատճառներ: ՀՀ նախագահի առաջարկն ամբողջական էր. վերադառնում էի նորացված թիմ, որը Հայաստանի Հանրապետության՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությանկառուցման ծրագիր է ներկայացնում հասարակությանը՝ նրանից այն իրագործելու վստահության քվե ստանալու 1995-ի Ազգային ժողովի, 1996-ի նախագահական ընտրություններին, Սահմանադրության ընդունման հանրաքվեով: Ես չէի կարող չոգևորվել այսպիսի քաղաքական ծրագրով ու իմ առավելագույն նպաստը չբերել դրան: 1994թ. նոյեմբերին ես նշանակվեցի Հայաստանի լուսավորության նախարարի պաշտոնակատար: Ամեն ինչ շատ արագ կատարվեց, որ լիներ անսպասելի կամ սպասված: Ինչո՞ւ պաշտոնակատար: Ես հումորով ասում էի, որ իմ կոչման մեջ՝ լուսավորության նախարարի պաշտոնը կատարող, կա իմ առանձնացումը կառավարության մյուս անդամներից: Մյուս նախարարները՝ պաշտոնը չկատարողներն են: Իրականում ես շարունակում էի մնալ ՀՀ ԳԽ պատգամավոր և Սահմանադրական հանձնաժողովի անդամ, շնորհիվ «պաշտոնակատար» տերմինի, իսկ ԳԽ-ում սպասվում էին լուրջ քաղաքական գործընթացներ՝ սահմանադրության նախագծի ընդունումը և հանրաքվեի որոշումը, թանկ էր ամեն մի ձայնը. խորհրդարանն ամբողջությամբ ՀՀՇ-ինը չէր, հատկապես քվորում չէր հավաքվում՝ որակյալ մեծամասնությամբ որոշումներ ընդունելու համար…

Ինչպե՞ս արձագանքեց-ընդունեց կրթահամալիրը… Նայեք 1993-94 թթ. կրթահամալիրի հեղինակային մանկավարժական գործունեությունը, ամենաարդյունավետ, հետաքրքիր շրջանն է. նոր ծրագրեր, «Շաղիկ» հրատարակչության տպավորիչ գործունեություն, մեր ուսուցիչների նորանոր ձեռնարկներ, մեթոդական ուղեցույցներ… Եվ այս ամենը՝ պարտադրված «մութ ու ցուրտ»-ին, երբ ստիպված էինք գիշերային հերթապահություն անել՝ դպրոցների բակերի մեր տնկած ծառերը կտրողներից պաշտպանելու, առանձին էլեկտրականություն ստանալ Բանգլադեշի ծննդատնից, աշխատեցնել տպարանը, օգնություն սոյայից մեզ միավորող, կենսախնդություն ապահովող համեղ-համեղ խորտիկներ պատրաստել… Որքան էլ ինձ աջ ու ձախ անվանարկում էին որպես «Նոր ուղու» ղեկավար, բայց այդ կարևոր ուղու պարտադրելը 1994-ին, թվում էր, դառնում է քաղաքական օրակարգը որոշող… Հենց այդ ժամանակ սկսվեց «Հայ քաղաքական մտքի պատմություն» մատենաշարի հրատարակումը, գործուն դարձան կապերը Վրաստանի և Ադրբեջանի անկախության կուսակցությունների հետ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքական-հասարակական պատում

Ժողովուրդ կոչվածն իր ստեղծած պետությունն է. հեգելյան այս պնդումը ես հավանում եմ, այնքան հասկանալի է, որ կարող ես շոշափել… Ահա քո խնամած ֆիզիկական տարածքը, ահա այդ տարածքում ապրող մարդիկ՝ իրենց

Արտաքին պատերազմից ներքին խաղաղություն չի ծնվում

Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց

Ինչպես Քրիստոսն անապատում

Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների