Ձեր թույլտվությամբ ավարտեմ 2014-ի հոկտեմբերյան արցախապատումը։ Չնայած, ի՞նչ կիմացվի, ինչի՞ն ավարտ, երբ իմ բլոգապատումը նոր թափ է հավաքում…

— Հայրիկ, արդեն Շուշի գնացել ե՞նք, հիմա Երևան ենք գնում. ես Երևանը սիրում եմ…

Դավիթ Բլեյանը Դպրոց-պարտեզի իր խմբին է կարոտել, իր Սոնային, Շուշանին, Արմենին…

Չնայած, երկու իրիկուն որ անցկացրեց Շուշիի Խաչատրյան-Նալբանդյան ամուսինների հյուրընկալ տանը, մի բոլ խաղաց Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցի 10-րդ դասարանի սովորող դարձած Արթուրի («Մեծ Արթուր»,- ասում էր Դավիթը, պարզվեց, որ փոքր Արթուրն իրենց խմբինն է), քթի փոքրիկ միջամտություն-վիրահատությունը հենց նոր տարած կրտսեր դպրոցական Աննայի, ռազմական ուսումնարանի ուսանող մեծ Դավթի (Դավիթը հանկարծ հասկացավ, որ «Դավիթը» անուն է), Արցախի պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող Քրիստինեի և Շուշիի հիմնական դպրոցի սովորող Արամ Խաչատրյանի հետ, ով մետաղե պատյանով ատամներն է ուղղում։ Շուշիի մանկաբույժ Նունե Խաչատրյանը, Միշա պապիկ Խաչատրյանն ու Նազիկ տատիկ Նալբանդյանն էլ՝ Դավթին փեշքեշ, լավ երես տվին, թողեցին, որ կարմիր ձեռնոցներով Դավիթը մի բոլ իրենց բոքսի… Երես տալը հենց այսպես է լինում, որ Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ, Շուշիում ծնված, մեծացած, միշտ ու այսօր էլ իր քաղաքին ծառայող Միշա Խաչատրյանն առավոտ 7-ին արթնանա, որ Դավթի սիրած մոշ-մորին եսիմ որտեղից հավաքի, որ Դավիթը մեր վայելի…

Երբ Երևանում էինք, հիշեց պապիկին, ստիպեց, որ զանգեմ.
— Պապիկ, ես մոշ-մորի եմ ուզում, քաղի ուղարկի…
Խաչատրյան-Նալբանդյանի տղան, իմ Շուշեցի եղբայր Մխիթարը, լուրջ առողջական խնդիր ունի, և երկար ժամանակ ընտանիքը համախմբած, իր համեստ ողջ նյութական միջոցներով պայքարում է… Անցյալ տարի՝ ամիսներ երկու երեխայի մայր Նունեն էր Մոսկվայի հիվանդանոցում, այս տարի էլ՝ Մխիթարի սքանչելի կին, երեք երեխայի մայր Գայանեն… Սրան գումարեք իրենց հայաստանցի, Քասախ գյուղի մեկսենյականոց բնակարանում ծվարած, զինվորական ծառայության մեջ գտնվող Կարինե քրոջ նվիրումը, ու տեսեք՝ որքան առօրյա-սովորական կյանքով են ապրում մեր հայրենակիցները Շուշիում… Վաստակավոր ուսուցիչ, Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը և վարչակազմի ղեկավարի տեղակալը, որ հալալ աշխատավարձով են ծայրը ծայրին հասցնում այսպիսի մեծ ընտանիքի հոգսերը, ի՞նչ են անելու, երբ էգուց մյուս օրը կենսաթոշակի անցնեն… Ծանո՞թ հոգսեր են, ամբողջությամբ հայաստանյան…

— Հայրիկ, հիշո՞ւմ ես, մշուշ էր քիչ առաջ՝ քաշվեց, գնաց, անտառը երևաց:
Շուշին, երբ մենք երկար ու ջերմ հրաժեշտ տվեցինք, մշուշի մեջ էր, որ Քաշաթաղ չհասած, շուտով ցրվեց… Ամբողջ ճանապարհին, մինչև Երևան հասնելը՝ պարգևելով պայծառ աշուն…

— Հայրիկ, ես կարմիր ծառ տեսա, մշտադալար եղևնի ու դեղին անտառ…
Եվ երեք իշուկ, որ երկար ճանապարհին մեզ ուղեկցում էին և Աղավնո եկեղեցի ու գետ. գետի ափին ես տեսա ջրկոտեմի մի «անտառ». առաջ չգիտեի, թե սա ի՜նչ համով կանաչի է, հիմա, Խաչենից հետո… Բաց չթողնեք:

Վահրամ Թոքմաջյանը, ում ղեկավարած «Դավիթ Բեկ-Մխիթար Սպարապետ» ուսումնական նախագծի արշավախումբն առաջին գիշերն էր անցկացնում Դավիթ Բեկ գյուղում, պատմեց, որ ճանապարհին Զորաց քարերում հանդիպել են Ստեփանակերտից վերադարձող Մարթա Ասատրյանի էկոհայրենագիտական խմբին… Օրեր առաջ Տավուշի Բլդան գետի մոտ, Ջուխտակ վանքի ճանապարհին գրկախառնվել էին Գեղարվեստի ավագ դպրոցի՝ մեկնող ու Նոր դպրոցի՝ վերադարձող բազմօրյա ուսումնահայրենագիտական ճամփորդության խմբերը… Ափսոս, որ մենք մեզ ենք հանդիպում, ուրիշները պարզապես ուսումնական այս արձակուրդին չեն ճամփորդում…

Հիմա, երբ մեր ճամփորդող խմբերը Երևանում են, երբ արցախյան հաջող մեկնարկից ոգևորված՝ Հանրակրթական էկոտուր 2015-ի կազմակերպիչ էկո-հայրենագիտական ակումբը Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու, Արցախի, Վրաստանի իր գործընկերների հետ պատրաստվում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Կողբի Զիկատարում իրենց աշխատանքային հավաքին,  հիմա, երբ հայրենիքի ու աշնան տպավորություններով, ուսումնական նախագծերի հաշվետվություններով լցված են մեր mskh.am-ը, սովորողների և դասավանդողների ուսումնական բլոգները, ասենք, որ մեր շատ նախագծեր չէին լինի կամ կլինեին ոչ մատչելի շատ սովորողների, եթե չլիներ ՀՀ պաշտանության նախարարության աջակցությունը։ Այ, որ Հայաստանում քիչ են անցկացվում կամ չեն անցկացվում այսպիսի հավաքներ-ճամփորդություններ, դրա պատճառը նաև այն է, որ տրանսպորտային փոխադրության հարցը լուծված չէ։ Հանրակրթական ծրագրերում հայրենագիտությունը, կրթական փոխանակումները աջակցության կարիք ունեն, և պաշտպանության նախարարը այդպիսի աջակցության կոնկրետ ու տպավորիչ օրինակ է ցույց տալիս։

Մենք էլ, ո´չ Հին Խնձորեսկում, ո´չ Զորաց քարերում, ողջ Ստեփանակերտ-Գանձասար-Շուշի-Երևան 750 կմ-ոց ճանապարհին, բոլոր հնարավոր գեղատեսիլ դադարներով՝ ճամփորդող խմբերի՝ ավտոբուսով, միկրոավտոբուսով չհանդիպեցինք… մեկ-երկու մարդատար մեքենա ճամփորդ ու վերջ… Այսպիսի աշուն, այսպիսի երկիր (երկրներ), այսպիսի հնարավորություն՝ ուսումնական արձակուրդի տեսքով, ու այսպիսի վերաբերմունք՝ անվայելք-անհաղորդ իր բնությանը, իր հողին, իր մշակութային նյութական ու ոչ նյութական արժեքներին, ինքն իրեն…

— Հայրիկ, կանաչ այս եղևնին շուտով կզարդարենք, որ տոնածառ դառնա…
Դավիթ Բլեյանի հետ կռվում-բարիշում ենք ողջ ճանապարհին։ Չի մոռանում ոչինչ. Շուշիի ընտանիքը երկու մեքենա է նվիրել, երկուսն էլ ինքը վերցրեց («Սրանցով ես խաղացել եմ, իմն են». զավթիչի բնավորություն ունի մեր տղան), խաղում է, կոտրում, սարքում…

— Հայրիկ, դու մեքենան սխալ ես սարքել, սպասի փորձեմ…

Բոլորն «ապուշ» ու «գիժ» են…
— Էլ Արմենին «ապուշ» չասես Երևանում, լսո՞ւմ ես, քո եղբայրն է, քեզ շատ է սիրում. լավն ա Արմենը,- խնդրում, սաստում է Արմինեն:
— Հա, Արմենը լավն ա, բա ո՞վ ա ապուշ, մայրիկ…

Գանձասար տանող ճանապարհի, Վանք գյուղի, Գանձասար վանական համալիրի, Ծովին քարի աշնանային հմայքն ու դատարկությունը չեմ հաղթահարում… Լավ, ո՞ւր է մարդը. չերևաց աշնանային երկրագործ բնիկը, չտեսանք  ոչխարների սուրուներ, չհանդիպեցինք զբոսաշրջիկների՝ որևէ կարգավիճակով-ձևաչափով-փոխադրամիջոցով… Նորոգված, ապահով ճանապարհ, ու Գանձասարը դատարկ էր… Ողջ Արցախը կենտրոնացել-կենտրոնանում է Ստեփանակերտում, այս մեկ փաստը դառնացնում է, հսկա, շեն, մաքուր, կանաչ մայրաքաղաքի իրողությունը… Մեծացող մայրաքաղաքներով դատարկվող հայրենիք ունենք՝ Հայաստանում և Արցախում, ի՞նչ ուրախանաս…

Մինչև ժամը 18.00-19.00 պիտի լինենք Երևանում. Լիլիթ Բլեյանի մենահամերգը սկսվում է 20.00-ին, «Գաֆեսճյան» կենտրոնի դահլիճում. ես չեմ կարող ուշանալ: «Գաֆեսճյան» կենտրոնը համարում եմ Երևանում իրականացված ամենաերևելի, խիզախ նախագիծը: Բոլորս, շնորհիվ այսպիսի կենտրոնի, ներկայացնելու և ներկայանալու մշակութային միջավայր ունենք մայրաքաղաքում, պիտի առավելագույնս աջակցենք, օգտվենք, մասնակցենք…

Հիշում եմ, ինձ շփոթեցնում էին, որպես Երևանի փոխքաղաքապետ, Կասկադի լքված-կիսատ շինություններն իրենց ծավալով, երբ այցելում էի մեկ-երկու սրահում տարվող աշխատանքներին հետևելու-աջակցելու… Ի՞նչ է հնարավոր անել այս ամեհի կիսակառույցի հետ… Բրավո՜, Գաֆեսճյան. հիացած-զարմացած եմ…

Սիրում եմ Սարյան փողոցից քայլել դեպի թանգարան… Բացօթյա էստրադան, բազմամարդ համերգն ինձ գերում է. մարդու, կյանքի, աշխույժի կարիք ունեմ: Հետո աստիճաններով երթևեկում եմ թանգարանով վեր ու վեր…

Ես առաջին անգամ եմ լինում ավարտուն վիճակի բերված այս կառույցում, յուրօրինակ համերգադահլիճում, որ, ինչպես Լիլիթ Բլեյանը համերգին ասաց, այնքան է կարևորում-հավանում, որ ուզեցել է շատ այստեղ ելույթ ունենալ… Ամեն ինչ ճաշակով է այստեղ. հարազատ են մարդիկ, ծանոթ-անծանոթ նույն  միջավայրից են ու նոր միջավայր են ձևավորում, նոր կապ, նոր ընդհանրություն: Սա իմ Երևանն է, իմ Հայաստանը ու ես… շնորհակալ եմ Լիլիթին  այս օրվա համար… Ինչպե՞ս եմ զգում՝ հարցնում են: Ինչպես ծովի ափին: Իսկ ծովը… մեծ է:

Այս կիրակին միացավ իմ արձակուրդին. չորս օր ես արձակուրդում էի, ինչպես Լիլիթ Բլեյանի երգում՝ «ուրիշ քաղաքում», ոչ կրթահամալիրի Բանգլադեշում: Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին ու «Սեբաստացիներ» երգչախմբին՝ ֆիլմով մեկօրյա թափառումին մասնակից դարձնելու համար… Դավիթ Բլեյանի ուրախությո՜ւնը, ճիչը, երբ տեսավ երգող ընկեր Կարինեին ու սկսեց փնտրել ընկեր Մելինեին, փոխանցում եմ սիրով:[youtube https://www.youtube.com/watch?v=a3rthnXgD8g]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք…

Մեր պատշգամբի վարդերը բացվում են հերթով, ինչպես խոստացված-սպասված էր. մայիս է, ու մայիսին բացվում է վարդը… Առաջին ծաղիկը Դավիթը նվիրեց բուժքույր Անուշին, ում նա շատ է պարտական. տեսնո՞ւմ եք՝ որքա՜ն է

Կոնկրետ ու անհատի ողջ ուժով

Շաբաթն եկավ. ես նրան սպասում էի։ Ներքևում՝ շենքի անկյունում ինձ սպասում է հեծանիվը. երեք ժամից կվարեմ Հաղթանակի կամրջով-Զանգվի ափով, դիմացս՝ լյառն վեհանիստ ու մոգական, առաջին կանգառը, այս անգամ, Հիմնական դպրոց.

Մեր ստեղծած գեղեցիկ աշխարհների Հայաստանը

Բլոգի հեղինակ մեր վեցերորդցի Սվետ Մելքումյանի (ներիր, ամենակարևոր ձայնն աշխարհում կարճելու համար, համարենք որպես գրական անուն, Սվետլանա) «Գրքերով բացվող ճանապարհ» հրապարակումը և գրող արձակագիր-բանաստեղծ Արմեն Շեկոյանի խոսքը «Հրապարակի» մշակութային էջում միաժամանակ