«Եթե լրջորեն ենք դնում երեխայի բարոյական դաստիարակության խնդիրը, պետք է ճշտենք, թե ինչ աշխարհի համար ենք նրան պատրաստում:
Ցանկանո՞ւմ ենք, որ նրանք էլ մեզ նման տրորեն թույլերին, մեզ նման` նրանց գիտակցության մեջ էլ լռի անարդարության զգացումը այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն բողոքում: Որ նրանք էլ կիսաքաղաքակիրթ և կիսագազան լինեն նրանց նկատմամբ, ում կարելի է նեղացնել: Եթե այդպես չէ, ուրեմն, նախքան երեխայի բարոյական դաստիարակության մասին խոսելը պետք է վարվենք, ինչպես քուրմը խորանի առաջ. նրա նման ծնկի գանք և ամբողջ աշխարհի առաջ գիտակցենք մեր մեղքերը:
Երեխայի հասարակական դիրքի հարցը խորը և լուրջ հարց է. դա մեր ներկայի և ապագայի հարցն է:»:
Մարիա Մոնթեսորի «Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում», Երեխայի իրավունքները 20-րդ դարում
Ռեժիմը կարգավորող ուժ ունի, իսկ կիրակին միշտ ինքնակոչ է: Ես արձակուրդային իմ ազատությամբ բաց թողեցի ամենօրյա, առավոտ կանուխ՝ 05-08-ը, իմ աշխատելու, գրելու ժամերը: Քնել եմ: 08-ին արթնացա, վստահ, որ կիրակի է, ու մինչև կեսօր կկարողանամ սկսել ու ավարտել իմ օրվա գիրը: Նազենի Հովհաննիսյանը խառնեց իմ հաշիվները: Աստղերը մեր կյանքում տնօրինում են:
Ես, Դավիթը, Արմինեն, իմ փեսա Գարիկը Նազենիի առաջնորդությամբ ընտանեկան-հարազատական այցեր կատարեցինք: Այցելեցինք իմ մեծ քրոջը, հետո՝ փոքր քրոջը, հետո՝ կրտսեր Նազենիին: Օրագիր չդառավ, պատուհաս՝ իրիկնագիր դառավ: Ավելացրեք սրան Դավիթ Բլեյանի չքնելու որոշումը:
Նազենի Հովհաննիսյանը պնդում է, որ Դավիթը լրիվ հայրիկին է նմանվել: Առաջ՝ նման չէր , հիմա՝ տարբեր չէ: Ցանկացած հոր կարելի է կաշառել այսպիսի դիտարկմամբ:
Դավիթն էլ թե՝
— Հայրիկ չդառավ, մի կրակ դառավ:
Հետո էլ իմ` իր, իր մայրիկի հետ հարաբերությունների կերպից ելնելով`
— Հայրիկ չդառավ, տիար դառավ:
Մանկավարժության մեջ ես ինքնուս եմ, ինքնադաստիարակ:
Նախ՝ ընտանեկան մանկավարժական, մասնագիտական «շկոլայի» բացակայությամբ չէի կարող մանկավարժությունը որպես մասնագիտություն յուրացնել: Մանկավարժական մասնագիտությունը մեզանում ընտանեկան կրթությամբ փոխանցվել-փոխանցվո՞ւմ է, չգիտեմ: Գիտեմ, որ բժիշկների ընտանիքներ մեր իրականության մեջ շատ կան: Իմ հայրն ու մայրը գրագետ չէին ուղիղ իմաստով՝ մայրս գրել, կարդալ չգիտեր, հայրս՝ չէր գործածում: Հայրս՝ նշանավոր Շամխալբեկը, իմ գիտակից կյանքի հերոսը, Նախիջևանի թուրքերի հետ առևտրով էր պահում մեր մեծ տունը. բոլոր հաշիվներն անում էր բանավոր: Բանավոր էին արվում բոլոր գործարքները առևտրային, փող տալ-վերցնելը, ապրանքներն ի պահ տալը, փոխանակելը. ամեն ինչ: Մենք մեծացել ենք ապահովության մեջ. նկատի ունենալով մեր ընտանիքի մեծությունը` կարող ենք եզրակացնել, որ հորս բիզնեսը ծավալով, փոքր-միջինից բարձր էր:
— Ա՜յ պապ, բա որ քեզ խաբեն,- հաճախ զգուշացնում, զարմանում էինք մենք:
— Շան տղա, թուրքը հայ չի, առևտրի մեջ չի խաբի:
Իմ թվաբանությանը վստահում էր, թույլ էր տալիս, որ ես երբեմն գրավոր հաշվեմ, կշռեմ, թուրքերի հետ իր օրվա գործարքները, օրվա արդյունքները… Մի անգամ պայծառացա.
— Պա՜պ, սխալ եմ գտել, թուրքերը քիչ են ապրանք բերել… չգիտեմ քանի ջվալ ու քանի կիլո՝ ոսպ, լոբի ու սիսեռ:
— Չի կարող պատահի…,- անվրդով էր հայրս,- նորից հաշվի…:
Հաշվել, կշռել, չափել` ստիպված էի, ու հեշտ գործ չէր. ծանր էին ջվալները, մեկը մյուսի վրա: Եղբորս՝ Ստեփանին, փողի խոստումով գործի դրեցի: Հայրս ճիշտ էր. ես սխալվել էի: Նախիջևանի թուրքերը ամեն ինչից ավելիով էին բերել:
Հայրս չէր կարդում, գրում: Հիշում եմ՝ Սև շուկայում մի տետրի վրա ինչ-ինչ նշումներ էր անում, որոնց այդպես էլ ես հասու չեղա: Սրա փոխարեն՝ լավ, շատ լավ պատմող էր հայրս: Կենդանի, հետաքրքիր, անսպառ…: Մայրս ոչ միայն գրագետ չէր, ասել եմ արդեն իմ գրում, ի՜նչ գրել-կարդալ, գրած թուղթ որևէ՝ չէր թափի, խնամքով կվերցներ հատակից, թափթփված սեղանից, կպահեր: Այսպիսի ակնածանքի հասնող օրինակ՝ գրի նկատմամբ: Մեկ էլ՝ պատի մեծ ժամացույցի սլաքով գիտեր ժամերը: Այսքան ժամ պիտի նստես գրքերի առաջ. դաս ունես, չունես, տնային տվել են, չեն տվել… իրավունքի ընկալում չուներ մայրս:
— Քեզնից առաջինը պիտի չլինի.- դա որպես վիրավորանք էր ընդունում.- ո՞ւմ մերն ա, քո մորից լավը…
Ամենապարզը` տվեք երեխային այնպիսի միջավայր, որը հարմարեցված է նրա մարմնի կառուցվածքին ու չափսերին և թողեք՝ ապրի: Այդ ժամանակ կզարգանա երեխայի գործունությունը, որը կզարմացնի մեզ նրանով, որ ոչ միայն հաճույքով կկատարի վարժությունները, այլ կցուցաբերի հոգեկան կյանքի իսկական դրսևորում:
Այդպիսի ներդաշնակ միջավայրում երեխան կենտրոնանում է մտավոր աշխատանքի վրա, ինչպես պարարտ հողի մեջ արմատներ տված սերմը, զարգանում է այնտեղ ու աճում միայն մեկ միջոցով` յուրաքանչյուր վարժության վրա երկարատև և բազմակի աշխատելով:
Երբ հետևում ես մանչուկներին աշխատելիս` կենտրոնացած, դեռ չձևավորված օրգանների դանդաղ շարժումներով, դանդաղ քայլվածքով, քանի որ նրանց ոտքերը կարճլիկ են, սկսում ես հասկանալ, որ երեխան ստեղծում է իր կյանքը, բացվում է, ինպես թիթեռը բոժոժից: Խանգարել նրանց պարապմունքներին, կնշանակի բռնանալ նրանց կյանքի վրա:
Մարիա Մոնթեսորի
Լավ է, որ շարունակվում է «Երևանը բլուրների վրայից» նախագիծը: Այս անգամ ճամփորդները Դպրոց պարտեզի 4-րդ դասարանցիներն են` Արմինե Աբրահամյանի հետ:
Մարդիկ հակված են իրենց ստացած կրթությունը, սրանով՝ իրենց դպրոցը, իրենց ուսուցիչներին, իրենց գրքերը, իրենց ժամանակը, իրենց «սովետը» բացառիկացնելու: Ես այդ ախտով վարակված չեմ եղել երբեք, թեև իմ բլոգապատումից երևում է, ունեցել եմ լիարժեք մանկություն, պատանեկություն, երիտասարդություն: Արդար լինելու համար վստահաբար ասում եմ, որ Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը, որտեղ սովորել եմ հավեսով 1962-72թթ, քաղաքի լավ համարում ունեցող դպրոցների շարքում էր:
«Բա որ խորհրդային կրթությունից բողոքում ես,- հարցնում են,- որտեղի՞ց քո գիտելիքները»: Ա՜յ, այստեղ է արատը, և այստե՛ղ է կրթության նորացման, հեղաշրջման ակունքը:
Ինչպե՞ս է մարդը, սերունդը, հասարակությունը նոր գիտելիք ստանում: Նախ և առաջ՝ ինքնուսուցմամբ: Լավ ուսուցիչներ եղել են ու կլինեն, թող շատ լինեն, բայց վտանգավոր է, որ հայաստանյան հասարակությունը, նրա դպրոցը, նրա ուսուցիչը, մասնագիտական հաստատությունը, նրա դասավանդողը շարունակում են անտեսել ինքնուսուցման գործոնը, մեր կյանքի վերափոխման բոլոր ոլորտներում: Մարիա Մոնթեսորիի «Ինքնուսուցումը և ինքնադաստիարակությունը կրտսեր դպրոցում» աշխատության վերնագիրը կարող է լինել մեր հեղինակային մանկավարժության անվանումը. նույնը՝ միջին դպրոցում, նույնը՝ կրտսեր դպրոցում, եթե իհարկե մենք կարողանանք գործել կոնկրետ ու փոքր քայլերով: Ավելին ասեմ, լավ դպրոցը վատ դպրոցից, լավ ուսուցչին վատ ուսուցչից կարելի է զանազանել այդ ինքնուսուցման, ինքնադաստիարակության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Իմ ասածը ամբողջությամբ վերաբերում է նաև նախադպրոցական զարգացմանը, նախակրթարան կամ մանկապարտեզ կոչվող հաստատությանը: Ուրիշ ինչպե՞ս շրջանցես մեր խորհրդային անցյալի՝ իր մսուր-մանակապարտեզի, տասնամյա դպրոցի, հնգամյա բուհի, իր՝ խորհրդային իներցիայով ու մեր մտավոր, հոգևոր ծուլությամբ պարտադրված ներկայի փակուղին: Ինչպե՞ս օգտագործես յուրաքանչյուրիս մտավոր ու հոգևոր ներուժը, ուղղորդված ահա՝ այսպիսի մանկավարժական տրակտատներով:
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում ես մանկավարժական որևէ դասընթաց չեմ անցել: Հետագայում ևս, ես մանկավարժություն յուրացրել եմ ինքնուսուցման միջոցավ: Թիվ 183-րդ դպրոց, վստահ կարող եմ ասել, 1985-ին եկա իմ հայտնի մանկավարժական գրադարանով՝ Ղազարոս Աղայան, Ջոն Դյուի, Ջանի Ռոդարի, Մարիա Մոնթեսորի, Սելեստան Ֆրենե, Ջեյմս Փոյա… 1978-85թթ ես ագահ-անհագ էի մանկավարժական ինքնակրթության մեջ և առանձնացրել, կոնսպեկտավորել էի իմ` ձեր հայտնի մանկավարժների, ինձ հայտնի՝ հայերենով, ռուսերենով առկա աշխատությունները… Հետո, շնորհիվ իմ 1985-89թթ ինքնակրթության ավելացան նոր աշխատություններ` գլխավորապես նշված հեղինակների:
Ես մանկավարժական ճաշակս, ինչպես տեսնում եք, չեմ փոխել: Այդպես և գրականության, երաժշտության, ճարտարապետության մեջ: Լավ է քիչ, բայց լավ: Խորանալ է պետք: Յուրաքանչյուրս վարձատրվում ենք խորասուզման վրա ծախսած ջանքերի համար, հայտնագործություններով ու ձևավորվող համոզմունքներով, առանց որի ի՞նչ հետազատող ու հետազոտական աշխատանք: «Դպիր» ամսագիրն ավելի ուշ եղավ՝ իր տպագիր (1992-97) և էլեկտրոնային փուլերով (2006-ից), հետո եկավ կրթահամալիրի գրադարանը, իմ գործընկերների բլոգները… տիար Գևորգ Հակոբյանի ու Սուսան Մարկոսյանի նման մշտական ընթերցողների օրինակն ու աջակցությունը…
Ես հիմա տեքստեր եմ կարդում՝ սեբաստացիների հոդվածների, թե նրանց հրամցրած թարգմանությունների տեսքով: Ու տեսեք՝ դժվարությամբ, բայց հիմնավոր վերադարձել եմ Մարիա Մոնթեսորիի կոթողային այս աշխատության ընթերցմանը: Շատ եմ ուզում` միասին կարդանք: Այս անգամ ես ընտրեցի «Երեխայի իրավունքները xx դարում» գլուխը: Ընթերցանությունը որպես մտավոր ամենալուրջ աշխատանք չի կարող անհատականության դրոշմը չունենալ: Ինչպե՞ս եք դուք այն ընթերցելու, վերընթերցելու` ձեր իրավունքն է և ձեր ռեժիմը՝ իր կիրակիով: Մի բանում ես համոզված եմ: Պիտի կարդաք այս կոթողային նշանակության ախատությունը, եթե գործընկեր եք: Շնորհակալություն մեր «Դպիր»-ին, մեր ինքնուսուցումը այսպիսով կազմակերպելու համար:
Երեկ Գեղարվեստի դպրոցում հանդիպեցինք կրտսեր սեբաստացիների` Արեգին և Էդգարին: Մայրությունը որքան նրբություն-գրավչություն է հաղորդել մեր Լուսինեին և սենսեյ Հայկուհուն. ակնհայտ է, որ երեկ մանկավարժական գործով զբաղված Լուսինեն ու Հայկուհին այսօր իրենց լիարժեք ու ինքնաբավ են զգում, երբ Արեգն ու Էդգարն իրենց գրկում են:
Ծնողնե՛ր, զգո՜ւյշ երեխաներից՝ նրանք ձեզ են խաղում:
Վե՜հ գործեր կատարեցեք:
Խոսեցեք Հայրենիքի՛ մասին:
Հերոսական, սխրագործական դեպքերի՛ մասին:
Ասպետնե՛ր եղեք, գեղեցի՛կ եղեք:
Դերենիկ Դեմիրճյան