Նոյեմբերն այս մեկնարկեց տպավորիչ՝ անձրևով-ձյունով-ձնհալով. ինչպիսի՜ տերևաթափով… Մեր շենքի ու Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի արանքում, Չայկովսկու փողոցի վրայի՝ Արմինեի մեքենայի կայանատեղին դեղին-մեծ-պայծառ խաշամ-ծածկ է ստացել… Այսքա՜ն տերև էր մնացել ծառին…

Ես գրում-կարդում եմ աշխարհի իմ անկյունում արդեն երկու ժամ, ձնհալի երաժշտությամբ ու Արմինեի մեքենայի ազդանշանային համակարգի ականջ մտնող միացում-անջատումով… ամեն ընկնող տերևի հետ… Այսքա՜ն զգայուն ազդանշանային համակարգը իմ ու շենքի բնակիչների զգոնության համա՞ր է մտածել կնքահայր Վահրամ Մարտիրոսյանը… Իսկ իր սանուհի Արմինե Աբրահամյանը վաստակած քնած է…

«Ալենը մի օր կվերադառնա ու էսպես կարոտած էլ չի նայի մեզ». ամեն տարի Հայաստանում հազարավոր սովորողներ լքում են հայրենիքը:

Տպավորիչ եղավ, Բանգլադեշում-Երևանում աշխույժ բերած կլոր սեղանով իմ ու կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Հակոբյանի՝ տնօրենի պարտականությունների ընդունում-հանձնումը…

Ամենօրյա ակտիվ, ակտիվ, առավել ակտիվ վիճակն է հանրային թմբիրի-անշարժության, Հայաստանը բռնած յոլայի հաղթահարման մեթոդը. ասել եմ ու կրկնում եմ… Իսկ տեսանելի լուծումները չեն ուշանա. մեր կլոր սեղանի օրակարգի երկու հարցերն էլ անլուծելի կամ «հլը տեսնենք՝ ինչ կլինի» անժամկետ հարցերից չեն, երբե՜ք… Իմացա՞ք, կլոր սեղանի ավարտից հետո անձրևը չխանգարեց, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի կոմունալ, առևտրի, սպասարկման, գովազդի բաժիների ղեկավարներ Գարիկ Գրիգորյանի, Հրաչյա Բոյմուշակյանի հետ Բաբաջանյան փողոցի վերգետնյայի մոտ համաձայնեցնենք լուծումները՝ գործողություններն ու ժամկետները, տեսանելի իրական: 2016-ի նոյեմբերն է շրջանը և՛ Բ-1 և Բ-4 թաղամասերի միջև վերգետնյայով, «Յուրի Բախշյանի» մանկական այգով, անվտանգ-գրավիչ-ներառական անցուղու հաստատման համար, և՛ կրթահամալիրի Բանգլադեշում թափառող-անտեր-վայրենացող շների տեղավորման, կարգավորման համար… Ինչպե՛սն է կարևորը, միասին, համաձայնեցված, որպես ապրող համայնք, քաղաքային իշխանությամբ ու մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ակտիվ բնակիչների համատեղ աշխատանք… Տեսեք՝ կարճ ժամանակում Սուսան Ամուջանյանի-Գեղարվեստի, Նվարդ Սարգսյանի-Քոլեջի հաջողված նախաձեռնություններն ունենք, իսկ գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանի առաջարկը (Գուցե կրթահամալիրը թափառող կենդանիների համար կացարան ստեղծի՞: Մեծ չեն լինի դժվարությունները, հատկապես, որ ամեն օր դպրոցներում ավելանում է սննդի որոշակի քանակ, իսկ խնամքի և առաջացած դժվարությունների դեպքում էլ կաջակցեն ՀԿ-ները) բերենք դարձնենք օրակարգային հարց. այս նոյեմբերն առաջարկ-լուծումներով է եկել, իր մեթոդով՝ հաղթահարելու կղզիացումը, որպես մենակեցության մեկուսացում: Մենակ չենք, չէ՞, քիչ չենք, շատ ենք, մնում է ակտիվ, գործնական, անընդհատ հաղորդակցությունը ապահովելը, պահպանելը… Վերնագիր-կանչը-ձայնելը Վիլյամ Սարոյանի հայտնի պիեսից է։ Ես Կարլ Յունգի մոտ եմ կարդացել, մեջ եմ բերում հայերեն մեր Ավագ դպրոցի Նինա Կարապետյանի թարգմանությամբ. «Մենակությունը պայմանավորված է ոչ թե մարդկանց բացակայությամբ, այլ նրանով, որ անհնար է խոսել մարդկանց հետ նրա մասին, ինչ էական է թվում քեզ, կամ անընդունելի են քո հայացքները ուրիշների համար»:

«Թթուդրիկ» կրթահամալիրի Արևմտյան դպրոցում:
Լուսանկարները` Զարուհի Առաքելյանի:

— Պապ, հաղորդակից անոթները ի՞նչ բան են,- հանկարծակի, քնած էր թվում մեքենայի մեջ, գլուխն իմ ծնկներին, ձայնում է Դավիթ Բլեյանը…
Մինչ ես բառեր եմ հավաքում իբր Դավթին հասկանալի լինելու համար…
— Պապ, մի՛ չարչարվի, ես գիտեմ… Գիտե՞ս՝ երեկ ֆիզիկայի մի փորձ էր տեսանյութում…
Մամա՜ ջան… նույն մակարդակի վրա՞ ենք… Լրիվ-լիարժեք հաղորդակցություն է… Ա՛յ քեզ մեդիա, հարցասիրության մշտական-կոնկրետ խթանում… մշտական կապ, քննարկում… Լսեք, անպայման, լսեք ու արձագանքեք պատշաճ, տեղում, երբ երեխան խոսում է…
— Պա՛պ, հիշո՞ւմ ես, որ ես փոքր էի…
— Պա՛պ, անգլերեն ո՞նց կասես 2016…
Մինչ մենք մտածում ենք՝ ինչպես պրծնենք իրիկունները Դավթից, ինքը մեզանից՝ հոգնածներից, ժամանակ չունեցողներից, ետարձակուրդային այլ կարևոր գործ ունեցողներից, պրծնելու ձևը գտել է… Արտագնա՝ այցելություններ, ու իր կազմած գրաֆիկով պարտադիր հերթապահություն՝ իր քույր-եղբայրներին հերթով մեր տուն է բերում… Երեկ մեքենայից չի թողել, որ Արմեն Մարտիրոսյանն իջնի։ Պատանդը ո՞նց է լինում։
— Արմենին, ախպորս, տանում եմ մեր տուն… Արի, արի, արի… ուր պիտի փախնես, ախպերս…
Արմենն էլ՝ հոգատա՜ր, մեծահոգի՜, ջանո՜վ… ի՞նչ փախչել…
Ու ախպոր հետ կողք-կողքի Դավթի սենյակում քնած են… Տեսարա՜ն. աչքս չեմ կտրում։ Առանց ախպերության՝ ի՜նչ հասունություն…

Ալեքսիզը` ամենաիսկական սեբաստացի

Մինի ընթերցարան գրի

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#829

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

ՎԳԻԿ-ի քննասենյակից. ընտրություն կյանքի աղբյուրի ու ռոբոտացված մեխանիզմի միջև

Մերի Շարոյան, Մոսկվայի ՎԳԻԿ-ի (Կինեմատոգրաֆիայի համառուսական ինստիտուտ) քննասենյակից, փշաքաղվեցի քո տեքստից, տեղս չեմ գտնում գիշերվա 4-ի, 5-ի արանքում… սովորական ջուր եմ խմում, գրասեղանիս՝ «…  ի՞նչ կապ ունի կրթահամալիրն այն բանի հետ,

Ոգևորված մարդու, գաղափարով-գործով-ստեղծումով համակված մարդկային խմբերի-հավաքանու-հասարակության ճգնաժամի հաղթահարումը

Հերթական բողոքը՝ Բլեյանը քանդում է… ու Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի աշխատողների հետ մենք անշտապ զննում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծի հյուսիս-հարավ ճառագայթների զարգացումների դեմն առած երկա՜ր-բարձր հենապատի երեկվա փլուզումով ստեղծվածը… Ի՞նչ է

Առավոտն այսպիսին է, հույս է բերում

Ֆրանսիայի նախագահ Օլանդն արդեն Բաքվում է՝ Ծիծեռնակաբերդից Բաքու։ Ախ, այս ծվծվան ֆրանսիացիք, ասում էր պատմաբան Լեոն։ Իսկ Բելոռուսի նախագահ, Եվրասիական տնտեսական միության հիմնադիրներից Լուկաշենկոն ապրիլի 23-ին Թբիլիսի հասավ, Երևան՝ ոչ։