Մեռյալ ծովն արդեն կենդանի է․․․ Սարկավագ Վոլոդյան և Հայաստանից մի խումբ ուխտավորներս կարողացանք այս ծովի լուրջ ու արագ մահացման ընթացքը փոխել, դեմն առնել․․․ Բազմազգ ու տարատարիք ուխտավորներ-ճամփորդողներ, հավատալով սև ցեխի և խիտ աղի ուժին, անընդհատ ցեխն են հանել մինչ մեզ, պրտել-ցեխել ողջ մարմինը․․․ Մենք ասացինք՝ դու ծով ես, սովորական ծով, և ուրախացանք-լողացինք, ինչպես կլողանք, վստահ եմ, ասենք՝ Միջերկրականում․․․

Շուրջպար կազմեցինք, երգեցինք-պարեցինք-լողացինք ու գոռացինք, ծափահարեցինք՝ Հայաստան-Արմենիա․․․ Ես նորից Հորդանանի սահմանն անցա․ ծով է, չէ՞, ի՞նչ կարմիր գծով չխեղդելու սահման, երբ այս ծովում սուզվելը խնդիր է․․․ Դավիթը մի լավ տզզաց աղի առաջացրած մրմուռից. որքան լվացինք, չօգնեց, պաղպաղակ-հյութն էլ ազդեցություն չունեցավ, վերջը մի պաղեստինցի կրթված արաբ լուծումը գտավ․ նստեցրեց Դավթին ակվարիումի վրա, ոտքերը ջրի մեջ։ Ակվարիումի շերեփուկները հավաքվեցին, ոտի աղերը կերան-մաքրեցին․ պը՜րծ․․․

Իսկ Մեռյալ ծով մենք եկանք Հորդանան գետից, որը թափվում է այդ ծովը․․․ Գետն էլ գետ չէ․․․
— Բա ինչո՞ւ է անունը Հորդանան, ու հորդառատ չի,- հաշիվ է պահանջում Դավիթ Բլեյանը, ով ի պատիվ իրեն՝ Քրիստոսի ուրախությունն ունեցավ գետում լողալիս․․․ Տեսարա՜ն․ մենք ճերմակ-երկար շորերով զուգված հարյուրավոր ուխտավորներ՝ Քրիստոսի մկրտության ջրի զորությամբ․․․ Ես չէի կարող դիմանալ Հորդանանի գայթակղությանը, ինչպես 1989-1990-ին Արաքս գետի, ու սահմանախախտ չդառնալ՝ արժանանալով հորդանանցի սահմանապահների հատուկ վերաբերմունքին․․․ Մկրտության ինչպիսի՜ ծեսեր են կատարվում մեկ օրում, մեկ շաբաթում Հորդանան գետում, քանի՜ լեզվով, անվերջ, անթիվ ուխտավորներ․․․

Իսկ Հորդանան մենք եկանք Սուրբ Աստվածածնի տաճարից, Սուրբ Կույսի գերեզմանի վրա Սուրբ Պատարագից․․․ Եկեղեցին հայ քահանա ուներ, սարկավագներ։ Պատարագիչը՝ հայր Զենոն քահանան, մեր ուխտի առաջնորդը, ոգևորված է, ինչպես Սուրբ Հարության տաճարում․․․ Կաթոլիկներն ու հայ առաքելականները կիսել են Սուրբ Աստվածածնի տաճարը․․․Մեր պատարագի ընթացքում քանի՜ զբոսաշրջիկ-ուխտավորների խումբ եկավ, կանգնեց, իմացավ, ճանաչեց․․․ Սա է Հայոց Երուսաղեմի ֆենոմեններից մեկը, որ հայությունն այսօր՝ իր եկեղեցով, գոյության փաստով, կաթոլիկ լատինների ու ուղղափառների հետ հավասար իր ներկայություն ունի․․․

Հետո՝ զբոսանք-հացկերույթ նշանավոր Գեթսեմանի պարտեզում, որտեղից Դավիթը մի նուռ պոկեց ու նվիրեց մայրիկին, կտակարանային Ձիթենյաց լեռան լանջերով, Քրիստոսի քարոզի-զբոսանքի, բանտարկության վայրերով, Քրիստոսի հետքերով մինչև «Հայր մեր» եկեղեցի, Քրիստոսի համբարձման սրբավայր… Մենք տեսանք «Հայր մեր»-ի վաթսուն լեզուներով, այդ թվում՝ իհարկե, հայերեն, տախտակները և այն խորշը, որտեղ Քրիստոսն իր աշակերտներին «Հայր մեր»-ն է ներկայացրել։ Իմ սարսուռների մասին՝ ավելի ուշ։ Առայժմ, որպես ուխտավոր բարեխիղճ, պատարագելով անցնում ենք Քրիստոսի հետքերով։ Բոլոր ազգերի եկեղեցի․․․ Հյուրատուն հասանք ուշ երեկոյան՝ անցնելով Քրիստոսի չարչարանքի-փորձության անապատով․․․ հագեցած․․․ հատկապես, որ վերկացը, ինչպես այսօր առավոտյան վեցին եղավ, վաղն էլ կլինի վեցին․․․

Իսկ Թել Ավիվում մենք դեռ կլինենք մեկ օրով։

Չեմ շտապում պատմել-նկարագրել․ անիմաստ է ու անարժեք․․․ Տպավորություններ-դիտարկումներ հավաքում եմ, ձևի բերում, առաջիկայում կճաշակեք․․․ Այսպիսի ճամփորդություն-ուխտագնացությունները պիտի շատանան, մատչելի լինեն յուրաքանչյուրի համար։ Ես կաջակցեմ, որ այս ուխտը չոքի յուրաքանչյուրիդ դռանը․․․Ինչպես Ելենա Սարգսյանն է ջանում, այս անգամ՝ Պարսկահայք․․․ Ի դեպ, Ուրմիան էլ մեռյալ է համարվում, ու նրա կենդանացումն էլ իմ պլանների մեջ կա․․․ Տեր Զենոնի հետ մեր խոսակցությունը այս նոր ուղղության մասին է․․․ Հոկտեմբերի 3-ին Երուսաղեմում, Զիթենյաց բարձունքից Չարչարանաց անապատով, Հորդանանի ափով մինչև Մեռյալ ծով, երկնքից թափվող շոգ–կրակից փախչելու ո՛չ տեղ կա, ո՛չ էլ թաքնվելու բան։ Շուրջբոլորն էլ՝ կիր, կիր, կավահող անբերրի․․․ գետն էլ գետ չէ, ծովն էլ՝ ծով․․․ Թե ինչո՞ւ է Ավետյաց երկիրն ընտրվել հե՛նց այստեղ, Տիրոջն է հայտնի․․․ մեզ մնում է գուշակել։ Գուշակե՛ք, հո մենակ ընթերցելով չէ՞։

#808

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձեր բոլորի տիարը` Արատեսով, Արատեսում…

Կրթահամալիրը որպես աշխարհ դուրս պիտի գար Բանգլադեշից ու տարածվեր տարածվեր… սա մեր մանկավարժությամբ է որոշված, ասված է՝ ստեղծական, մոբիլ, առանց խտրության, յուրարքանչյուրի համար, ամենուր, անսահման…

Կանչում ես անվերջ կապույտ հեռվից․․․

Շշուկով անուշ կանչում ես ինձ․․․ Դժվար չէր իմ չտրորած կածաններով Տաթև Բլեյանի համար ընտրել Վահան Տերյանի այս տողերը՝ գողտրիկ, անծանոթ, որի անդրադարձը կգտնեք Չարենցի՝ Տաթևին սիրելի «Կապույտում», «Հայրենիքում»․․․ — Աչքդ լո՜ւյս,

Բերանացի իմանալու նյութ՝ որպես առաջաբան, որն է առաջը Բանի…

Դաստիարակությունը զրույց է. զրույցը՝ առաջին հերթին դիմացի մարդուն հասկանալու փորձ… Լիլիթ Բլեյանն իր վերջին համերգ-ճամփորդությունից Մոսկվայի գրախանութից ընթերցարան է բերել ինձ. հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մաքսիմովի՝ նրան արդեն հաջողություն բերած «Ինչպես