22.09
Հարգելի տիար Բլեյան, անձնական խնդիրների պատճառով ստիպված եմ աշխատանքս կրթահամալիրում դադարեցնել, խնդրում եմ լուծարել աշխատանքային պայմանագիրս: Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար:
Հարգանքով՝ Մարինե Մարտիրոսյան
Մարինե ջան, հնարավո՞ր է արտահայտվես՝ կարճ, բայց հասկանալի: Վստահիր ինձ, խնդրում եմ:
Զարուհի Առաքելյանին, Արմինե Աբրահամյանին, Մարիետ Սիմոնյանին՝ ուսումնասիրեք, արձագանքեք, առաջարկեք:
Աշոտ Բլեյան
23.09
Խոսել եմ Մարինե Մարտիրոսյանի հետ: Կարծում եմ՝ նամակը լարվածության արդյունք է: 32 հինգ տարեկանների հետ մենակ աշխատող դասվարի լարվածությունը, ինչ-որ տեղ նյարդային վիճակը կարելի է հասկանալ, որքան էլ որ Մարինեն դա այդպես չի ընկալում: Մարինեի դիմումը որոշակի հոգեվիճակի արդյունք է, կասկածի, որ իր աշխատանքից դժգոհություններ կան:
Մարինեն ասաց, որ ինքը գրավոր կներկայացնի իր դիմումի պատճառները:
Սիրով` Մարիետ Սիմոնյան
23.09
Հարգելի տիար Բլեյան, Ձեր երեկվա բլոգապատումը, Դավթի պարտեզում խաղալու և մնալու ցանկությունը ինձ համար անսպասելի էր. թողնել սովորողին իր ազատ ապրումի վայելքը, չշտապել, ձևական կազմակերպման չգնալ, թողնել հինգ տարեկաններին խաղալ, հայտարարել պաշտպանության շաբաթ: Անհասկանալի է, ումից և ինչից պաշտպանության, երբ իմ օրվա ծրագիրը խաղ ուսուցմամբ հրապարակվում է, և չկա որևէ դիտողություն, ապա ուրիշ ինչպես խաղալ և ի վերջո, եթե ես խիստ եմ իմ մեթոդներով, որ վանում եմ սովորողիս, կարելի ուղղակի ասել, ինչու վիրավորել ուսուցչին լռությամբ, սովորողի պարտեզում թաքնվելով, ենթաթեքստերով:
Հարգանքով՝ Մարինե Մարտիրոսյան
24.09
…. ինձնից նեղանալ-խռովել չի կարելի ոչ մի դեպքում, հատկապես, երբ վստահ եք, որ ես անարդար եմ եղել, վրիպել եմ, շարունակեք կամ սկսեք մանկավարժությամբ զբաղվել, լսո՞ւմ եք, սիրելի Մարինե Մարտիրոսյան և ընկերներ, ինձ հետ վիճելու, շտկելու, համոզելու, ինձ օգնելու լավագույն եղանակը՝ մանկավարժություն գործեք ու պատմեք… մի՛ զիջեք ձեր գործը, ձեր ճշմարտությունը…
Ինչո՞ւ մեր երկուսից չորս տարեկանների խմբերում չկան հինգ տարեկաններ, ինչո՞ւ բոլոր հինգ տարեկանները լինեն մի խմբում, երբ նրանք այնքա՜ն տարբեր են տարիքով՝ 2011-ի դեկտեմբերին ծնված Դավիթն ու հունվարին ծնված… Երեսուներկու հինգ տարեկան՝ մի խմբում, այո՛, մեծ ու լուսավոր, ու մի ուսուցիչ-դաստիարակ… Դժվար-անհնարին չի լինի ապահովելը սպոնտան-անվտանգ-զարգացնող-անհատականացված-ներառող ու հիգիենիկ միջավայր… Ինչպե՞ս փոխել հինգ տարեկանների կյանքի կազմակերպումը մեր դպրոց-պարտեզներում, որ յուրաքանչյուրը մասնակից դառնա, ու ընկեր Մարինեն լինի-մնա գործի որպես ավագ ուսուցիչ… Իսկ Դպրոց-պարտեզի կյանքին ընկեր Մարինեն ներառվա՞ծ է սրա համար անհրաժեշտ չափով… Իսկ մենք անհրաժեշտ չափով իրար ճանաչո՞ւմ ենք, ընկեր Մարինե ջան, երեսուներկու ընտանիքով, ուսուցիչներով…
Իսկ Արմինե Աբրահամյան մենթորը, Զառա Առաքելյանը, էլ չեմ ասում Դպրոց-պարտեզի ու դրանից դուրս մյուս գործընկերների մասին, տեղյակ էլ չէին քեզ հանկարծ պատած ցավից… Ինչո՞ւ, կարելի՞ է հարցնել, չէ՞ որ ես անձնական կյանքից չեմ խոսում, այլ մանկավարժությունից, մեր ընդհանուր կյանքից… Գովել-պատմել կարելի է, Մարինե, տե՛ս, իմ օգոստոս-սեպտեմբերի գրերը, իսկ անհամաձայնություն՝ ո՞չ: Ինչո՞ւ:
Ես օրագրով չեմ կառավարում երբեք, ես պատմում եմ, ես արտահայտվում եմ… Սիրելի Մարինե, Դավիթ Բլեյանի, մեր ընտրած ուսուցիչ… Եվ նորմալ է, ենթադրվում է դրան հաջորդող շարունակությունը որպես քննարկում-իրագործում-հրաժարում-ձևափոխում… Ինչո՞ւ քո անհամաձայնությունները իմ գրին որպես «քոմենթ» չես արձագանքում, դեռ մի բան էլ ավելի, ինչո՞ւ հրապարակային չես դարձնում քո մանկավարժական վեճը, ծածկում ես այն քո դպրոցի ղեկավարից, մենթորից, քո սաների ծնողներից, քո ընկերներից։ Իսկ քո պայմանագիրն աշխատանքային, որպես գործատու, իմ ստորագրությամբ է, բայց կա նաև երեսուներկու ծնողների հետ պայմանագիրը, նրանց երեխաների: Վստահ եմ՝ դու սա գիտես և գործում ես այդ պատասխանատվությամբ: Իսկ ես ավելի ու ավելի մեծ ժամանակ եմ հատկացնելու հե՛նց մանկավարժությանը, իմ ու քո շփմանը-խոսակցությանը Դավիթ Բլեյանի ու իր ընկերների մասին: