Դուք հասկացա՞ք, թե ինչու Գյումրիում չեղարկեցին Անկախության քսանհինգ տարվա տոնակատարությունները, իսկ, ասենք, Երևանում, դա չարեցին. սեպտեմբերի 20-ին սպանված մեկ հոգու՝ Արշակ Գրիգորյանի համար… Իմ խորին, անհատական ցավակցությունը Գրիգորյանների ընտանիքին, բայց… Հայաստանի երկրորդ քաղաքը՝ հայրաքաղաքը, ապրում է որպես մեկ ընտանի՞ք, ու մեկ քաղաքացու մահն ընդունվում է որպես համաքաղաքային ողբերգությո՞ւն, որ բացառում է քաղաքային տոնախմբության անցկացումը` մեծով-փոքրով-դպրոցականով, անկախ պետականության քսանհինգամյակի տոնը, որ, թվում է, շաբաթներով պատրաստված է… Թե՞ սրանով արձանագրվում է, որ ազգային տոնացույցով ամրագրված քսանհինգ տարվա ամենամյա տոնը քաղաքացիներինը՝ գյումրեցիներինը չէ… Այնքա՜ն կուզեի լսել սրա ֆեյսբուքյան արձագանքի մասնագիտական վերլուծությունը… շնորհ արե՜ք:
Գեղարվեստի բակը այսօր տոնական էր…
Դառնալով Հանրապետության հրապարակում մեր ազգային տոնացույցի ամենապետական-քաղաքացիական տոնին՝ հայոց գոյություն ունեցող պետության ծննդին նվիրված գլխավոր ռազմական շքերթին… Հարմա՞ր է զորահանդեսի անցկացումը մայրաքաղաքի ֆիզիկական կենտրոնում, զուտ նախապատրաստման առումով՝ այդքա՜ն դժվարություններ ստեղծելով քաղաքացիների ու հենց զորահանդեսին ներգրավված մեր զինվորականների համար… Ինչո՞ւ Հանրապետության հրապարակում… այդքա՜ն կարճ տարածությամբ է ձգվում շքերթը՝ զուտ մասնակիցների դիտարժանության առումով… Ինչո՞ւ չէր կարող զորահանդեսն անցնել, ասենք` Սեբաստիա-Լենինգրադյան-Կիևյան-Բարեկամություն-Թումանյան-Խանջյան-Տիգրան Մեծ-Արշակունյաց …. փողոցներով, և փողոցների երկարությամբ շարված տասնյակ հազարավոր մարդիկ ողջունեին մեր բանակին, որի ստեղծման-պահպանման մեջ յուրաքանչյուրս ունենք մեր լուման, և զորահանդեսով ուրախությունը շատ բնական, տոն առաջացնող է… Բանակային ծառայության հանրայնացումը նաև զորահանդեսի-շքերթի ձևով գուցե այլ ռեժիսուրա է ենթադրում, քան խորհրդային շրջանից ժառանգած պարտադիր մի հրապարակով սահմանափակված մասը… Խորհրդային շրջանում ես բազմիցս տարբեր կարգավիճակներով անցել եմ շքերթով… Դուրս էինք գալիս ուսանող ժամանակ բուհերից, անցնում երևանյան փողոցներով, հրապարակը մի մասն էր… Հիմա էլ պետք է մեր աշխարհում այդպես անել, որ շքերթն անցնի տասնյակ կիլոմետրերով՝ հարյուր հազարին տոնի մասնակից դարձնելով… Ինքնակոչներին չեմ ընդունում. այս շքերթի հրամանատարը ես եմ…
Սեբաստացիների դիմանկարներ. ֆոտոշարքի հեղինակ` Արթուր Խաչատրյան։
Երեկ կրթահամալիրի Բանգլադեշում կրթական պարտեզի հյուսիս-հարավ ճառագայթի Կենտրոն-Գեղարվեստ-Մայր դպրոց ուղղությամբ Արմինե Թոփչյանի հետ մի հանպատրաստից կրթական շքերթ էլ Լոռվա մի քանի գյուղերից ժամանած պատանիների-ուսուցիչների համար էինք կազմակերպել… Շքերթի ավարտը Մարմարյա սրահում եղավ տոնական՝ նույնքան հանպատրաստից համերգով, մամլո ասուլիսով՝ օրվա «Կրթահամալիրը որպես բաց՝ քաղաքացիական համակարգ» սեմինարի արդյունքների ամփոփմամբ…
Հարցնում եմ.
— Այս 11.00-ից 15.00-ն՝ մեր աշխարհում անցկացրած չորս ժամը, գոհունակություն բերե՞ց ձեզ… Գո՞հ եք ձեր անցկացրած օրից…
Պատասխանը՝ ինքնաբուխ, և՛ բառերի մեջ, և՛ բոլորի դեմքերին.
— Շա՜տ…
Արժեր չարչարվել. շնորհակալ եմ շքերթի մասնակիցներին, տարիներ շարունակ, որպես համատեղ աշխատանք, շքերթը ստեղծողներին, որոնց բոլորին, իմ սիրելի տարատարիք սեբաստացինե՛ր, սովորող և ուսուցիչ, չես թվարկի, և այնքան կարևոր էր, էական, յուրաքանչյուրի՝ այս կյանքով մասնակցությունը, կյանքի ստեղծումը… Իսկ համե՞րգը… մենք անցանք սեբաստացի երգչախմբերի փորձերով՝ ուսուցչական (Հարություն Թոփիկյան), պատանիների (Լուիզա Քեշիշյան), վոկալ (Մարինե Մկրտչյան)… Ի՜նչ տպավորիչ վոկալի տոն եղավ…
Երևանյան բնապատկերներ։
Ֆոտոշարքի հեղինակ` կրթահամալիրի շրջանավարտ Էրիկ Բաբաջանյան։
Խաղաղ (թաքնված) տագնապ լինո՞ւմ է, որ չի թողնում՝ քո քիչ ժամերն էլ քնես-չլինես-չքվես… Այս բայղուշ էլեկտրոնային փոստն էլ՝ մի կողմից… Ես գիշերը 2-ին ոտի եմ, ոտի տակ եմ տալիս մեր տունը՝ հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք…
Եվ հուժկու անձրևը Դավթին երեկ պատմածի շարունակությունն է…
— Պա՛պ, կլինի՞, որ ընտրեմ՝ որ խումբ գնամ, որ դասարան, ինչքա՛ն մնամ ամեն տեղ…
— Մեր Դպրոց-պարտեզները, Դավիթ ջան, հենց այդ սկզբունքով են ստեղծված՝ երկուսից տասնմեկ տարեկանի ազատ ընտրության, նրա աշխարհի, այնպես որ օրը կարող է կրթական շքերթ դառնալ՝ խմբից խումբ, դուրս ու ներս՝ ջրով, ցամաքով, հեծանվով… ձիով, ագարակով… հոգնեցիր՝ փախի Մայր դպրոց. մե՜ծ քաղաք, կորի քաղաքում մեր…
Դե, հոգնել կա, մեծանալ կա՝ իր ունայնության պահերով, փախչելու պարբերական ցանկությամբ… ինչպես հիմա ինձ մոտ՝ գիշերվա 4-ին… երբ անձրևը շարունակ թափ է հավաքում…
Իսկ Դավիթ Բլեյանը, իր օրից կուշտ, քնած է այնպես, որ ֆսսոցը չի գալիս… Հայրն էլ տղային այսպես նախանձի՜…
— Շա՜ն տղա,- լսեցի հորս ձայնը…- տեղդ էլի չե՞ս գտնում…
Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
# 799