Արխիվից

Կրթության եւ գիտության նախարարությունում այս օրերին չգտնվեց մեկը, որ պատասխաներ այս եւ այլ հարցերի: Ինչպես գիտենք, այս օրերին բոլորը զբաղված են իրենց ջանքն ու եռանդն ընդունելության քննություններում ներդնելով: Ուստի այսօրվա կրթական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների մասին մեկնաբանություն խնդրեցինք լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանից:

— Պրն Բլեյան, ըստ ձեզ, ի՞նչ է պետք այսօր կրթության ոլորտին նոր թափ ու որակ հաղորդելու համար, եւ ի՞նչ է արվում առհասարակ:

— Կրթության ոլորտին նոր թափ ու որակ այսօր կհաղորդի միայն կրթության բոլոր սուբյեկտների, բոլոր մասնակիցների, բոլոր շահառուների ակտիվացումը: Պետք չէ վախենալ սովորողի եւ նրա ծնողի, ուսուցչի, դասախոսի, ղեկավարի, հասարակության անդամի ակտիվ վերաբերմունքից, ազատության իրագործումից:

— Ինչպե՞ս պետք է կարողանանք ակտիվացնել հասարակության այդ շերտերը:

— Բարդ է, չէ՞, այս վախվորած հասարակության մեջ: Եւ համապարփակ խնդիր է, որ վերաբերում է ամբողջ հասարակությանը` ինչպես անել, որ հասարակությունը այս դիտորդի կարգավիճակից դուրս գա: Ինչպե՞ս անել, որ հասարակությունը դառնա պատվիրատու` մարդը դառնա իր երեխայի կրթության պատվիրատուն, եւ ինչպես անել, որ միեւնույն ժամանակ կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասնակիցը դառնա, եւ նաեւ` որպես ներդրող հանդես գա, որովհետեւ առանց դրա, զուտ պետական ֆինանսավորմամբ, լուրջ չէ ակնկալել, որ քիչ թե շատ նկատելի փոփոխություններ կլինեն այս ոլորտում: Եվ ինչպես անել, որ յուրաքանչյուրի ներդրումը ծառայի անհատի կրթության զարգացմանը, այլ ոչ թե ուսումնական հաստատության ֆորմալ պահպանմանը:

— Պետությունն այս ոլորտի զարգացման առումով ի՞նչ է անում եւ ի՞նչ կարող էր անել, որ չի անում:

— Ցավոք, փոփոխությունները խորքային չէին, եւ բնական է, որ դրանք նպատակաուղղվեցին ոչ թե ազատ անհատի ինքնիրագործմանը (ճշմարտության հաստատմանը), այլ հնարավորություն տվեցին կոնֆորմիստներին արագ հարմարվել նոր «պայմաններին»՝ առանց էությունը փոխելու: Մի կողմից դժվար է պատկերացնել, որ այս հասարակական վախի, անշարժության, կեղծիքի, անորոշության, անհեռանկարության պայմաններում հասարակակական գործունեության մի ոլորտ` կրթությունն իրեն այլ կերպ պահի, այլ վարք դրսեւորի: Մյուս կողմից` կրթությունը որպես գործընթաց կարող է ազդել հասարակական փոփոխությունների վրա: Ստացվեց` հերթական փակ շղթան: Բոլոր դեպքերում կրթության մեջ փոփոխություններն ընթացքի մեջ են, եւ հասարակությունը կմասնակցի-չի մասնակցի` խնդիրն ավելի լուրջ է. ինչպես անել, որ ներքեւից` անհատից եւ ուսումնական հաստատությունից հրահրվեն նման պրոցեսները: Եթե սա չհաջողվի, եւ բարեփոխումը մնա ընդամենը միջոցառում «վերեւից»` լավ բան, իհարկե, չի ստացվի: Ինքը` «վերեւ» կոչվածը, իշխանությունը բոլոր մակարդակներով պետք է իր ողջ ուժով խթաներ կրթության բոլոր շահառուների ակտիվությունը եւ ապահովեր բոլորիս արդյունավետ համագործակցությունը: Հակառակ դեպքում հերթական մեղավորն ենք փնտրելու` ինչու՞ այսպես ստացվեց, չէ՞ որ այսպես չէր մտածված: Ես չեմ տեսնում, թե առանց անհատի լիարժեք ազատության ու անձնային պատասխանատվության իրագործման ի՞նչը պետք է փոխվի, ինչո՞ւ պետք է փոխվի: Որովհետեւ յուրաքանչյուրս` դուք` որպես լրագրող, ես` որպես կրթության գործի կազմակերպիչ, պիտի բարեփոխումների ընթացքում ինչ-որ ինքնահաղթահարում անցնենք, հետո պետք է համագործակցային վարք դրսեւորենք, որովհետեւ կրթությունը գործընկերության լայն հնարավորություն է տալիս բոլոր մասնակիցներին, ինչն առայժմ չի նկատվում, իսկ դա ամենավտանգավորն է:

— Մի՞թե բուհական ընդունելության քննությունների շուրջ ծավալված այս «աժիոտաժը» հենց ձեր նշած ակտիվության մասին չի խոսում:

— Իսկապես` քննությունների մասին հեռուստահաղորդումներն իրենց նշանակությամբ, պարբերականությամբ, ծավալով կարծես գերազանցում են Լիբանանում կատարվող իրադարձություններին` որ հեռուստաալիքը միացնես, որ թերթը բացես կարծես մարտի դաշտից տրված հաղորդումներ լինեն` որ առարկայից, ինչքան, ինչ ստացան, քանիսը կտրվեցին, քանիսը հիվանդության թերթիկ ներկայացրին: Յուրաքանչյուր առարկայի քննական արդյունքները մեկնաբանում են քննողը, քննվողը, ծնողը, նախարարը: Ի՞նչ է սա` հասարակական եռանդի այս մեծ վատնումը: Մոտ 13 հազար դիմորդ պետական բուհում մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի համար պայքարում իրենց ստացած գիտելիքնե՞րն են ցուցադրում: Լավ կլիներ, եթե այդպես լիներ, բայց… Ընդամենը հունիս ամսին բուհերի պետական որակավորման, այսինքն` ավարտական քննություններն էին, դիպլոմային պաշտպանություններ, եւ 4-5 տարի առաջ ընդունվածները պետական հանձնաժողովներին ապացուցում էին իրենց մասնագետ լինելը: Հասարակությունն ի՞նչ իմացավ դրա մասին, ո՞ր թերթն ու հեռուստաընկերությունն անդրադարձան դրանց, վերլուծեցի՞ն, անկախ փորձագիտական խմբեր աշխատեցի՞ն, արտասահմանից մասնագետներ եկա՞ն ստուգելու մեր շրջանավարտների, ասել է թե՝ բուհերի որակը, քանի՞ շրջանավարտ կտրվեց, ի՞նչ հետազոտական դիպլոմային աշխատանքներ ներկայացվեցին: Այս ամենի մասին ընդհանրապես չխոսվեց, չիմացվեց: Եւ այդպես ամեն տարի: Սա վկայում է, որ խոսքը մասնագիտական կրթության մասին չէ, այլ բուհում 4 կամ 5 տարով ուսանողի սոցիալական ստատուսի մասին: Հիմա այս ընդունելության քննությունները արդա՞ր կլինեն, անարդա՞ր կլինեն` կներեք, դա ոչինչ չի փոխում: Որովհետեւ հասարակությունը շարունակում է այն թյուր կարծիքին մնալ, թե ում ձեռքին դիպլոմ կա, էլ չեմ ասում` պետական բուհի դիպլոմ, համարվում է մասնագետ: Իրականում մասնագետը նա է, ով բուհում ստացած մասնագիտությամբ մասնագիտական գործունեություն է ծավալում` տեղավորվում է աշխատուժի շուկայում, իր գործունեությամբ եկամուտ է ստանում եւ կարողանում է իրեն ու իր ընտանիքը պահել եւ իր ազատությունները իրագործել: Այլապես` 4-5 տարի ընդամենը ծախսվել են ընտանիքի վերջին կոպեկները: Չէ՞ որ ընտանիքը ներդրում է արել, որ հետո հնարավոր լինի վերադարձնել: Սա է ամբողջը: Այսինքն, պետք է ԿԳՆ-ն կամ ավելի բարձր մակարդակով կառավարությունը ինչ-որ հանրագումարի բերեին, ինչ-որ գրանցամատյան ունենային, թե յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր մասնագիտության գծով, յուրաքանչյուր բուհից ովքեր ավարտեցին, որտեղ տեղավորվեցին, աշխատում են իրենց մասնագիտությամբ, գործատուները գոհ են արդյոք, ինչ թերություններ են տեսնում: Սակայն մեզանում մեծ հաշվով մասնագիտական կրթության համակարգ գոյություն չունի` ուրիշ անուն չես կարող տալ: Եթե աշխատուժի շուկան չի դառնում բարեփոխումների գլխավոր պատվիրատուն, չի դառնում որակի զտիչը, ընդհանրապես ինչի՞ համար է այս աժիոտաժը, ինչի՞ վրա է ծախսվում ազգային եռանդը:

— Դուք խոսում եք պետական բուհերի՞ մասին, թե ասվածը վերաբերում է նաեւ մասնավորին:

— Պետական բուհի որակավորումը պետությունն էն գլխից է ճանաչել, որովհետեւ ինքն է դրա հիմնադիրը: Վերջին 10-15 տարում առաջացել են նաեւ մասնավոր ուսումնական հաստատություններ, որոնց մի զգալի մասը պետական հավատարմագրում է ստացել, այսինքն` պետությունը ճանաչել է նրանց կարգավիճակը, դրանց որակը հավասարեցրել է պետական բուհերին, եւ «Բարձրագույն եւ ետբուհական կրթության մասին» օրենքով էլ հաստատել է այդ հավասարությունը: Այդ դեպքում ինչու՞ են երկու կարգի քննություններ անցկացվում` կենտրոնացված, միասնական պետական բուհերի համար եւ յուրաքանչյուր մասնավոր բուհ իր համար: Կամ` պետական բուհերի ընդունելության քննություններ, աժիոտաժ, իսկ դրան զուգահեռ` հասարակական ուշադրությունից դուրս, մասնավոր հավատարմագրված բուհի ռեկտորն ում ուզի կընդունի: Այս անհավասարությունն արդեն խոսում է այն մասին, որ իրական, ազատական արժեքները չեն այսօր կրթության մեջ տիրապետում: Այստեղից էլ այլ հարցադրում է ծագում` բա էլ ինչի՞ համար եք հավատարմագրում այդ մասնավոր բուհերը, եթե չեք ճանաչում նրանց իրավունքների հավասարությունը: Հետո` ու՞մ համար են արտադրում, օրինակ, տարեկան այսքան մանկավարժներ, երբ մի քանի տարում 20 հազար մանկավարժ է կրճատվում: Բայց պետական մանկավարժական ֆակուլտետների անվճար տեղերի քանակը չի պակասել, մնացել է նույնը: Եթե դու պետական միջոց ես ծախսում 4-5 տարի եւ այդ մարդուն մանկավարժի որակավորում ես տալիս (որակի մասին չենք խոսում), հետո ի՞նչ պետք է աշխատի նա, եւ եթե հերթական դիպլոմավոր գործազուրկն է լինելու, որը պիտի նորից մտածի, թե որտեղ տեղավորվի, վերաորակավորվի, նոր մասնագիտություն ստանա, այդ դեպքում ինչի՞ համար են այդ տարիներն ու ծախսված միջոցները: Այսինքն` նորից ստիպված ենք արձանագրել, որ մեզանում բարձրագույն մասնագիտական կրթություն չի իրականացվում: Սրա անունը ես դնում եմ ընդհանուր բարձրագույն կրթություն, որի վրա վատնվում են պետական եւ մասնավոր հսկայական միջոցներ, երիտասարդության ոսկի ժամանակը: Այսինքն, բուհ կոչվածը` պետական թե մասնավոր, սոցիալական խնդիր է միայն լուծում: Այս առումով ստեղծվել է ինքնաբավ մի համակարգ, որը մեծ խումբ դասախոսների, ռեպետիտորների եւ միջնորդների ապահովում է եկամտով: Այսպիսի բարձրագույն կրթությունը հանրակրթական դպրոցին դարձնում է ոչ թե զարգացող հասարակության, այլ` իր սպասարկուն: Իմ խորին համոզմամբ` մենք կրթության մեջ փոփոխությունները ետեւից ենք սկսել, պետք էր սկսել ոչ թե դպրոցական կրթության, այլ հենց մասնագիտական կրթության արմատական փոփոխումից: Ինչպե՞ս` սա արդեն ուրիշ խոսակցության նյութ է:

Հարցազրույցը վարեց՝ Նարինե Ավետյանը

17 օգոստոսի 2006
Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Ինձ համար շատ կարևոր հնարավորություն է բաժակ բարձրացնելու` իմ տաղանդավոր ընկերոջ, սիրելի գրողի, քաղաքական գործչին շնորհավորելու համար: Վանո, եղբայր, ծնունդդ շնորհավոր…

Ընդունելության քննությունը ճիշտ որոշում չէ…

Բուհական կրթությունը չի հետաքրքրում երիտասարդներին

Մենք չենք կարողանա առանց փոխհամագործակցության լուծել նորմալ համակեցության մեր խնդիրները

Սեպտեմբեր, 2008թ., Երևան www.newcaucasus.com Հարցազրույց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, Հայաստանի նախկին Լուսավորության նախարարի հետ   — Ինչպիսի՞ն են Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները թվում Հայաստանից: — Դժբախտաբար, Ռուսաստանում շարունակում է գերիշխել կայսերական մտածելակերպը: