Ձեր ժամո՞վ էլ առտու 4-ն է ուղիղ, ձեր պատշգամբի՞ց էլ լուսինն է նույն՝ այսքան կլոր ու լուսերես՝ կախված վերևում, ու Նորքի բարձունքը՝ կայծկլտացող, վեր խոյացած աշտարակով հառնում․․․ Բա ինչպե՞ս եք քնած, երբ ես «Գիրք ճանապարհի», «Դեպի լյառը Մասիս» եմ կարդում․
Օ՜, անպտուղ վաստակ ու տքնություն երկար,
Գոսն օրերում — ոգու հոգնություն ե՛ղկ,-
Անտեսանելի գալիք ու կապարե ներկա,
Անհորիզոն կյանքի կապարե ե՛րգ…
Տասնհինգ րոպե վերացած կարդում եմ, այդքան է տևում պոեմի ընթերցումը, ու ամեն անգամ՝ այս նույն զգացումը․
Ինչ—որ անհուն մի բան,
Զարմանալի մի բան՝ կարոտի
Ու թովչության նման անհասկանալի—
Ողողել է իր սիրտը և կոկորդում
Իբրև արցունք՝ հորդել…
Գիտե՞ք, բացի իմ Սեյրան բարձունքից, քարից, որտեղից ես սկսել եմ Տերյան սփռել, մի պուճուր պուրակ-ծաղկանոց էլ ունեմ՝ անձնական հսկումի… իմ տան ճանապարհին՝ մանկավարժական համալսարանի, Խաչատուր Աբովյանի շուրջ փռված՝ Խանջյան փողոցի սկզբնամասում… Այստեղ ծաղիկները խնամքի, աճի հետ, ուռա՜, շատանում են, այս տեղն է իմ դադարի ու խեթ հայացքի վայրը դարձել… Այդպես, երևի, Դավիթ Բլեյանն է ինձ նայում, երբ մտնում եմ տուն կամ Արմինե մայրիկի դիմումով ուժով ստիպում-ընդհատում նրա անվերջանալի զբաղմունքը… Մեկ էլ տեսար՝ աչքերը լցվեցին, ու գլուխը կորցրեց բազմոցի բարձերի մեջ…
Սևանի Ժայռ ճամբարում ընկերներն են:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Դավիթ Բլեյանն այս իրիկուն ինձ դիմավորեց… մականախաղով… Երևի մեդիայի մի պատուհանով խոտի հոկեյ է տեսել. պոչով երկա՜ր խոզանակը գտել, մի պլաստմաս՝ կիսակլոր, ու հարվածում է աջուձախ… Մայրն էլ՝ անհանգստացած, ախր, ուժեղ է այս կորյունը, ու մեծանում է. ետևից ո՞վ հասնի, ո՞նց հասնի…
— Լավ, հատուկ խաղ ես մտածել, կեցցե՜ս… Խումբ էլ կարելի է տանել, Դպրոց-պարտեզ էլ… Իսկ վաղը քո համար կգտնենք իսկական մական, գնդակ, հանդերձանք…
Այս էր՝ վերջ, չի գալիս, հրաժարվում է մայրիկի-մորաքրոջ հետ երեկոյան նախապես ծրագրած, հագած-կապած, այցի իր մտքից՝ դրսից ժամանած հարազատների հետ ժամանցից…
— Դու գնա, ես մնում եմ՝ հայրիկի հետ մական խաղամ…
Գնաց, իհարկե, ու մինչ կգային, ես հիշեցի իմ մանկության թաղի հոկեյը… Սկզբում՝ սառույցի վրա, հետո՝ խոտի, վերջում, դպրոցում՝ ասֆալտի… Բոլորն էլ՝ ինքնավար, իմ ու իմ թաղեցի ընկերների, դասընկերների հետ՝ ինքնաշեն-տպավորիչ… Ավագ եղբայրս էլ Մոսկվայից ինձ իսկական չմուշկներ էր բերել, իսկական մական՝ սառույցի, ու հագուստներ էի գտել, հոկեյիստի գլխարկ… Իսկակա՜ն Անատոլի Ֆիրսով… Մնում էր՝ սառույցը, դարպասները՝ հեչ… ո՜նց էինք խաղում…
Իսկապես, ինչո՞ւ մեր կրթահամալիրում չզարգանա այս մականախաղը՝ իր սեբաստացիական առանձնահատկություններով, սկսած հինգ տարեկանից… Այդպիսի մի քանի փորձ եղել է, հիմա, կարծեմ, բոլոր հիմքերը կան…
Վրանտեղադրոցի:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Անդրանիկ-բաց-ամենօրյա մանկավարժական, սկսվող ուստարին սպասարկող հարց-խնդիրների քննարկում-բերումը լուծումների-իրագործումների օպերատիվ ֆորումը երեկ սկսվեց՝ կրթահամալիրում ակումբային գործի ծավալման ու ֆլեշմոբային ուսումնական նախագծերի նորացման-տարածման, սրանց երկուսի զուգակցման անհրաժեշտությամբ… Համեցե՛ք, եկեք՝ ձեր խնդիրներով-լուծումներով… առավելագույն հանդուրժողություն և օպերատիվություն եմ երաշխավորում… Ի դեպ, հանդուրժողականության մասին… Ինձնից էլ հանդուրժող մարդ-տնօրեն-տիա՞ր… Դուք բոլորդ հազիվ-զոռո՜վ ինձ եք հանդուրժում, ես, միայնակ, բոլորիդ… Խնդրեմ, երկու սենյակ էն կողմ Արմինեն-Դավիթը՝ խաղաղ-խորը նիրհի մեջ, իսկ ես սկսեցի պատշգամբը մաքրել, սրբել սեղանները, իմ փոշակեր կոշիկները հեծանվային, սեղանին դրված միրգն ապրանքային տեսքի բերել… Անտանելի է, երբ միրգը փչանում է… Հիշեցի-ժպտացի մեր Սուսան Հովհաննիսյանին, ում Արմինեն շատ է սիրում, ու… ճիշտ է անում… Արի՛, Սուսո, Նազուկի հետ, ո՞ւր եք կորել…
Կանգնեց իր դեմ աղջիկը.— ոսկե գիսակներով,
Աչքերով, որպես երկնակամար,
Աստվածածնի նման պսակավոր,—
Ի՜նչ մեղսական ու հույլ տենչանքների համար
Բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անգրկելի…
Ես փակեցի գիրքն այսօր… Հեշտ չէ՝ լցված այսպես «Դեպի լյառն Մասիս»- ով, հախուռն-անհարկի մտքերով ու… սկսել նոր ուսումնական տարի… Այսօր, հիմա՛ ես այս նոր մեկնարկի շունչն առա… Թևակոխում ենք Ավագ շաբաթ. տեսե՜ք՝ ինչպիսի գունեղ-գրավիչ-աշխույժ խճանկարային շաբաթ է մեզ սպասվում՝ օգոստսոսի 22-ից 28-ը…
Ճամբարային պլեներ-զբոսանք:
Լուսանկարները՝ Մարի Միքայելյանի:
Մեր մեծ հավաքանիի մանկավարժական հավաքը, աշխատանքի դիմած դասվար-դաստիարակների-կազմակերպիչների վերապատրաստումը, ռազմազմարզական-հայրենագիտական ճամբարը, պատանեկան աշխատանքային ջոկատները, մանկական լողափային ճամբարները, լողափնյա պարտեզները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ աշխատանքային սեմինարը, հասարակագիտական-քաղաքացիական կրթության սեմինարը… Ես առօրյան՝ պատրաստության նկատի չունեմ՝ շենք-շինությունների նորոգումով, մաքրությունով… այլ հեղինակային մանկավարժության ձևի ու բովանդակության ստեղծումը…
Իմ օրվա գիրը վաղո՜ւց հետգրություն չի ունեցել. այս մեկը թող ունենա: Յուրա Գանջալյան հարգելի, էս մեր Սուսոն մի օրով իրենց Հարթագյուղին հայտնի Հաչասար է բարձրանում ու էսպես նկարում-բերում, բա որ սեպտեմբերին մեզ հավաքեց ու իր ամենամյա Սուրբ Հովհաննես բարձրանալու ուխտին մասնակի՜ց դարձրեց… Ես էլ իմ պատումը կընդհատեմ, «Դպիրն» էլ, վերջապես, հայրենապատում կդառնա… Զուլում տարի՝ էս 2016-2017 ուսումնականը…
Ֆոտոխմբագիր՝ Զարուհի Առաքելյան
# 766