Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,
Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ —
Պիտի ժառանգենք մեր դարերի կորուստը,
Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…
Պատմության քառուղիներով, Եղիշե Չարենց, 1933

Վարուժան Ավետիսյանի՝ «Սասնա ծռեր»-ի կադրային գնդապետի «Մեր հարսանիքի փեսացուն երիտասարդ է» հրապարակումը ներկայացնում եմ իմ օրագրի ընթերցողի ուշադրությանը… Համարյա միաժամանակ կարդում էի մեր Ավագ դպրոցի տասներորդցի Նորայր Ասատրյանի «Ֆոսֆոր» հրապարակումը mskh.am-ի «Գրապտույտ» պատանեկան ամսագրում…. Դուք էլ փորձեք՝ առանձին-առանձին, հետո՝ զուգահեռ-միաժամանակ… Թող Նորայրն էլ փորձի… Հետաքրքիր է,  երիտասարդությանը Վարուժանի դիմումի հասցեատե՞ր են Նորայրը, իր քույր Ջուլին… Ախր մենք իրար այնքա՜ն վատ ենք ճանաչում. ես, օրինակ, և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ Վարուժանին… Եվ պահեստազորի կապիտան Ներսես Տեր-Պետրոսյանին, որ կռվել է Սեֆիլյանի ղեկավարած Շուշիի հատուկ գնդում, որ առնչվել է մոտիկից «Սասանա ծռեր»-ի Պավլիկ Մանուկյանի ու էլի տղաների հետ, Աժդահակ գրոհելիս խնդրում եմ պատմել ու պատմել… Մեկ ժամ, էլի մեկ ժամ և ավելի մենք բարձրանում ենք՝ դադարներով. ես շուռ եմ գալիս, ախր, այսքա՜ն ընդարձակ գունեղ հովիտ՝ սիրուն սարերի համայնապատկերով… այսքա՜ն հայաստանցու ու այսքա՜ն կիրթ՝ բարձրագույն մասնագիտական կրթությամբ սպայի սրտացավ-կշռադատված խոսքը… Շնորհակալ եմ…

Դրվագներ  կրթահամալիրի ծովափնյա  Բանգլադեշից։

Իսկ Աժդահակի գագաթից վերադարձին ես շարունակում եմ իմ ծանոթությունը երաժիշտ, «Գյուրջիև» համույթի հիմնադիր ղեկավար, հայտնի դաշնակահար, ծնունդով-կրթությամբ բեյրութցի Լևոն Իսկենյանի հետ… Ժամերով կարող է խոսել, ու ես լսեմ ու լսեմ: Քայլեմ, ինքս ինձ հետ լինեմ, շուրջս՝ այսպիսի աշխարհ, այսքա՜ն հետաքրքիր-կենդանի մարդիկ, ու լսեմ… Լսեմ՝ ինչպես է իր Ամերիկայից ժամանած հորեղբորորդու հետ որոշել երեկոյան ժամը 6-ին քայլել Գեղարդավանքից, որտեղ ինքը մկրտվել է, մինչև Երևան… Պարզապես հետաքրքիր էր. ուզել են ոտքով, քայլ-քայլ ճանաչել Հայաստանը՝ իր մի ճամփով, յոթ ժամ, դադարով՝ Չարենցի կամարի մոտ… Իսկ  տասնհինգ տարեկան Արտավազդն ընտրած է եղել ավելի երկար ճանապարհ՝ Մեղրիից Գյումրի… Քսանմեկ օր անընդհատ… Եվ ծնողներն ընդառաջել են իրենց տղային (հո մենակ չէի՞ն թողնելու), տասնհինգ օր հայրն է քայլել, վեց օր՝ մայրը: Ֆինալը լսեք, պատանին պատմել է, որ ամենարժեքավորը հենց ծնողներին ճանապարհի միջոցով ճանաչելն է եղել… Այդպես է իմ դեպքում՝ տասնմեկամյա Ավետիսը կլինի, ով թեթև-պատմելով անցավ ողջ ճանապարհը, թե զինղեկ Հովսեփը, թե իմ կուրսեցի Հրաչը… Ճամփորդությունը հենց իրար ճանաչելու, մարդկայնանալու, հարազատական կապեր հաստատելու համար է… Պատկերացնո՞ւմ եք, յոթանասուն մարդ տարբեր առիթներով մեդիայում թե ֆիզիկական աշխարհում կհանդիպի ու կժպտա՝ մենք իրար հետ Աժդահակ ենք բարձրացել… Իսկ Երևան-Գողթ-Գեղարդ (գյուղ)՝ Հացավանով, սահող Ողջաբերդով, Գառնիով ես դեռ կանցնեմ՝ ինձ Աժդահակից խորթացնող բոլոր պարիսպները-պատնեշները փլուզելով… Հա՛, և ատամների կրճտոց կլինի, խորտակումի-փլուզումի-հավաքումի շինարարական աղմուկ կլինի՝ կառուցումի վայելքով… Կառուցել Հայաստանում՝ ասել է սրբել-մաքրել-հավաքել… Սպասե՛ք ինձ, ես Նոր դպրոցի հարավարևմտյան ուղղությամբ մաքրելով առաջ եմ շարժվում… Միացե՛ք ինձ, հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի իմ գիրը կարդաք…

Աշխատանքային առօրյան Գեղարվեստի դպրոցում։

Մարինե Մարտիրոսյանից՝ Դպրոց-պարտեզի հինգ տարեկանների (2011թ. ծնվածներ) ուսուցչից երեկոյան ստացանք այսպիսի հաղորդագրություն. «Ես հինգ տարեկանների հետ պիտի աշխատեմ սեպտեմբերից: Դավիթն ի՞նչ կարծիքի է այդ մասին: Կցնականա՞ սովորել իմ դասարանում»: Դավիթ Բլեյանի փոխանցած պատասխանն այսպիսին էր. «Ես կգամ հինգ տարեկանների դասարան, ես ձեզ ծաղիկ եմ ցանկանում»: Դավիթն առավոտ ժամը 8.15 ինձ հետ խուրջինով, լողացած, ինքնուրույն հագնված, ձմերուկ-շոկոլադ կերած դուրս եկավ տանից՝ րոպե առաջ ուսուցչին-ընկերներին տեսնելու վճռականությամբ… Ժամը 12-ին Դպրոց-պարտեզի լողափում ես տեսա Մարինեին՝ իր տասնյակի չափ հինգ տարեկանների հետ լողալիս… Ուսուցիչը, ոգևորված (այո՞) Արմեն Մարտիրոսյանի-Դավիթ Բլեյանի հաջողությամբ, Դավթի հետ լողում էր… Իրիկունն ուշ Դավիթն ինձ կասի.
— Պապ, գիտե՞ս, ընկեր Մարինեի ոտքերն էլ, իմի նման, գետնին կպնում էին։ Պա՛պ, Արմենն ինձ լողալ է սովորեցնում, ընկեր Մարինեին էլ կսովորեցնի…
— Պա՛պ, գիտե՞ս, Արմենը ջրում անվախ է… Ես էլ եմ անվախ դառնում…

«Ձեզ ծաղիկ եմ ցանկանում»։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Այսօր ժամը 10-ից ես կանցնեմ մեր կրտսեր դպրոցների և Քոլեջի հինգ տարեկանների ուսուցման դասարաններով… Բոլոր մեր հինգ տարեկանները՝ տկլոր, լողափին, լողալ սովորելով, ինքնուրույնանալով… Բարի մուտք կրտսեր դպրոց, «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր… կրթական շքերթի նորամուտներում, կրթահամալիրի հարթակներում տարբեր դուք կտեսնեք մեր իմացումի-հասունության-ճանաչումի բարձունքներ նվաճող հինգ տարեկաններին, բոլորին՝ հարյուրից ավելի, ու յուրաքանչյուրին… Ամեն մեկը մի-մի Դավիթ է ու Ադրիանա…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#764

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կարգի գիտակցում և երևակայություն… Միասին

Ահա այսպիսի բարեմաղթություն հնչեց երեկ ուշ երեկոյան «Թումանյան 40» ակումբում, բարեկամների սեղանի շուրջ… Տեր և տիկին Թումանյանների հետ էի՝ կրթահամալիրի լոսանջելեսցի բարեկամների, որ ընտանիքի տարբեր կազմերով տարին մեկ անգամ, հուզիչ

Խելահեղ զարգացումներ․․․ Գարուն է․․․

Շաբաթ օրվա գրառումներ որպես․․․ 

Ծիսական ուրբաթագիր․․․ ա՛յ ֆանտազիա…

— Ծիսական ուրբաթագի՞ր․․․ Ա՛յ ֆանտազիոր տիար, ֆան-տա-զի-ա՜… սո՛ւս մնա…- երգում է Դավիթ Բլեյանը առավոտով շաբաթ օրվա, ու սա դառնում է երեկվա ծիսական ուրբաթ օրվա մասին ինքնագլոր գրի առաջին տողը, թե