Ինչո՞ւ ոչ, եթե աշխարհ ես եկել հետք թողնելու համար…

Հարգելի տիար Բլեյան․
Օգոստոսի 11-ին պաշտոնապես, իմ կամքով, քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում (Էրեբունո՞ւ), գրանցում եմ ամուսնությանս ՀՀ քաղաքացի Նվեր Մանուկյանի հետ… 

Այդ առիթով խնդրում եմ ձեր օրհնությունն ու թույլտվությունը, իմ սիրելի առօրյայից բացակայելու երկու օրով։
Հարգանքով՝ Զառա Առաքելյան

Աստված օրհնի, իմ աղջիկ Զառա, իմ սքանչելի գործընկեր… Հուզեցիր ինձ․ արտագրեցի իմ փոստից՝ օրվա գիր,  ձեռագիր։ Այսպես ես վայելում եմ բառ-խոսք դարձած քո ապրումը, որ դառնա ապրումակցություն… Երկար ենք սպասել, քո ծնունդի, ամեն աղջկա ծնունդի հետ առաջանում է այս սպասումը՝ դու քո Նվերին, ես՝ քո ընտրությանը, որպես փաստ՝ դրա գրանցմանը… Միշտ մնաս աղջկական, ասել է՝ թեթև, ուրախ, անհոգ, լեզվանի… Երկու օրվան մեծահոգաբար, մի շաբաթ ու մի կիրակի եմ ավելացնում… ձեր երկրորդ հարկից Նվերենց չորրորդ հարկ՝ ամեն հարկի համար մեկ օր եղավ, հարկ-հարկ, օր-օրի… Հայրը աղջկան մի օրհնություն-պահանջ ունի՝ կանացի երջանկություն… դեռատի զմայլանք Զառա… Մնացածը դատարկ բաներ են, կասեր մեր Սրբազան հայրը… Նվերի հետ, այո՛, քո ազատ ընտրությամբ, աշխարհում հետք թողնելն է էական… Սա էլ՝ Հռոմի պապի օրհնությունը ձեզ։

Ինչ պետք է պարտադիր լինի ձեր սեղանին օգոստոսին՝ ձմերուկ, սմբուկ, լոբի, կարմրագլուխ կաղամբ, խնձոր…

Ճամբարականները Հիմնական դպրոցի ամառային ջերմոցում:

«Լավ, դուք ե՞րբ եք հանգստանում»,- զայրացած, թե զարմացած, մեծ տեքստի մեջ մի քանի անգամ հարցնում է իմ օրագրի մշտական ընթերցողը, որ որոշել է վերջապես գրել ինձ…
Նախ՝ չեմ հոգնում․ ի՞նչ կա չհավատալու, ամռանը, այո՛, հուլիսին-օգոստոսին, ես չեմ հոգնում, ինչքան շոգը անտանելի՝ այնքա՜ն լիցքը մեծ։ Չեմ չափազանցնում, թաքցնում… Դադարներ առնում եմ, ինչպես երեկ առավոտ ութին՝ Սեյրանի բարձունքին, մնացածը Արմինե Թոփչյանի օրագրում, ֆոտոպատումում, և՛ մեր համատեղ շրջագայությունը հավանեցի, և՛ դրա թոփչյանական լուսաբանումը. սիրով պատրաստ եմ Բանգլադեշը, ողջ Երևանը թաղ-թաղ ներկայացնել։ Այսօր իմ դադարը երկար եղավ, առտու 5-6-ի արանքում, Վահան Տերյանի այս տողը․ «Քո ժպիտը դյութական…» փողոցից, ուրկե՞, եկավ, իմ շուրթերին նստեց ու չի իջնում… Ի՞նչ անես, երբ այսպես է… Տերյանով է մեզ փոխանցվում ամենաազնվականը, ամենահայերենը, անթերին…

Արմինե Աբրահամյանն ինձ պիտի ների, ի՞նչ ասեմ, ես էլ իր կամավոր ընտրությունն եմ… օգոստոսին-սեպտեմբերին ընտանիքով Երևանում ենք՝ շաբաթ-կիրակիները չհաշված… իրեն ու Դավթին ղուրբան։ Իսկ հոկտեմբեր-նոյեմբերին Արմինեի ու Դավթի հետ Ավետյաց երկիր՝ Երուսաղեմ ուխտի ենք գնում, հետո Շուշան Բլեյանին պիտի այցելենք իր նստավայր Վիեննայում (ի՞նչ անենք, խիստ է զբաղված իմ կրտսեր աղջիկը, հոր նման արձակուրդն էլ աշխատանքային դարձրել), հետո՝ աշխատանքային-պաշտոնական այց Վենետիկ, Մխիթարյան միաբանության հետ երկարատև համագործակցության հուշագիր կազմելու-վավերացնելու… Պատրաստ եղեք, յուրաքանչյուր աշխատող, ձեր արձակումի օրերը ուսումնական տարվա մեջ տեղավորելու՝ չորս կտորով, քանի կտորով ուզում եք, բայց տասն օրը չգերազանցող, ճամփորդությունների, արտագնա գործերի տեսքով… Սովորենք անհոգնել ապրել-աշխատել՝ Երևանում, Բանգլադեշում, ամենուր… անընդհատ…

Ճամբարականները Հիմնական դպրոցի ամառային լողափում:

Նիկոլ Փաշինյանի սիրելի ընտանիքի սիրուն կեսը ողջ կազմով՝ Աննա Հակոբյան-տիկին Փաշինյան, Մարիամ, Շուշան, Արփի, երեկ մեր տանն էր… Տղայական կեսն էլ Իջևանում քաղաքական գործի էր։ Տեսնո՞ւմ եք՝ Նիկոլն էլ է անընդհատ իր աշխատանքում։ Հիմա ի՞նչ, այս վայելքից իրիկվա բռնենք հոգնե՞նք, թե՞ շնորհակալ լինենք, լիցքավորվենք… Լավ է, որ դիմացներս Արփիի մեկ տարին կա, Աշոտի, Մարիամի՝ Տարտու սովորելու մեկնելու-շարունակելու ճանապարհելու առիթը կա, ու հանդիպելու, միասին բոլ-բոլ ծիծաղելու, հիշելու, օյիններ մոգոնելու հնարավորություն… Դավիթ Բլեյանն այնքան էր ոգևորվել աղջիկներով, որ ինը տարեկւան դարձած սեբաստացի Շուշանին ուզում էր գրկել նստեցնել մեքենան։ Շատ էինք կարոտել իրար, այնքան, որ լավ բամբասեցինք աղջիկներով, մեկ տարեկան դարձող Արփիին կերանք դեղձի հետ, կարոտով-սիրով լսեցինք Մարիամի պատմությունների իր Տարտուի մեկ տարվա ուսանողական կյանքից։ Լիուլի օգտվեք մարդկային շփումից՝ ամենամեծ վայելքից… Հանգստի լավագույն ձև է. ահա ինչու, ես չեմ հոգնում գործից. իմ գործ-օրը լեցուն է այդպիսի հանդիպում-վայելքներով․ այո՛, ցանկացած օր Բանգլադեշում, կրթահամալիրում վայելք է՝ փառքդ շա՜տ…

Լուսանկարները՝ Արմինե Աբարահամյանի։ 

Այո՛, կառուցել Բանգլադեշում, նշանակում է քանդել՝ ցանկապատեր, պատնեշներ, պատեր, գարաժներ, հենապատեր, թե երեսապատման, դրանք կրող չեն, եթե կրող են՝ ապա անջատումի, մեկուսացման, խավարի… Բացենք, սրանով հարթենք ճանապարհը լույսի, հեռանկարի, հաղորդակցության, ջերմության, մարդկային շփման համար, ասել է թե՝ կամուրջներ գցենք… Ա՜յ այսպես, ինչպես Գոհար Հովհաննիսյանն է անում՝ գլխապտույտ առաջացնում, նոր իրականություն ներխուժում, թե ստեղծում-բացահայտում… Թումանյանի  հայտնի ճամփորդի պես՝ քուչի ախպեր, կարելի՞ է դու գիտենաս, թե է՜ն սարի ետևը ի՜նչ կա, ի՜նչ չկա…

Ու քի՛չ իբր հոգատար-խնայող եղեք, իբր ինձ համար եք ասում-մտածում, քի՛չ մտածեք, մասնակցե՛ք այս քանդումին, վայելե՛ք կամուջների կառուցման ընթացքը, հետք թողեք սրանով կրթահամալիրի Բանգլադեշում, ձեր աշխարհում, կյանքում։

Այո՛, մանկիկ, խելոք պիտի մնաս,
Դու ուզում ես արևի շեկ գունդը,
Դու ուզում ես աստղերով լի մի թաս,
Ու կապույտում  ցանված լուսնախումբը…

Այո, ես ուզո՛ւմ եմ Գուրգեն Մահարու՝ կյանքից բանաստեղծություն բերած արևի շեկ գունդը…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#757

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնաս բարով, եղբա՛յր պատվական

Իմ եղբա՛յր պատվական, իմ ընտանիքի ու կրթահամալիրի անկեղծ բարեկամ, Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի անմոռանալի պապիկ․․․ Իսկական շուշեցի․․․ Իմ ու Խաչատրյան-Նալբանդյան ընտանիքների տարիների հարազատություն, որ ոչ միայն չթուլացավ, այլև ունեցավ

Տոն, որ կյանքն է մեր հեղինակած, ահա մեզ մեկ է դարձնում…

Մեր հինգ տարեկան Ավետ Չամսարյանն ու ես, իր նախաձեռնությամբ նկարվեցինք։ Տոնից, որ քո կյանքն է վաթսուն թե երեսուն տարի, չես փախչի. մենք փախչողը չենք… Ես ձեզ երկա՜ր՝ սկսած 2014-ի հունիսի 17-ից,

Որ Զանգուն մայիսյան հանգստյան-տոնական եռօրյայի ընտանեկան նախագիծ լինի…

Իմ այս գրով կկարողանա՞մ հասանելի լինել սեբաստացի ընտանիքներին. յուրաքանչյուրիդ աջակցության կարիքն ունեմ, դարձեք ընտանեկան ճամփորդական նախագծի հրահրողը, խորհրդատուն, կազմակերպիչը: Այս օրերին՝ մայիսի 7-ին, 8-ին, 9-ին Երևանի Զանգուն առանց մեքենայի ընտանեկան