Ֆրանցիսկոս պապին կարծես մոռացանք… Կրակովում կաթոլիկ երիտասարդության 2,5 միլիոնանոց հավաքին Հռոմի պապի ուղերձը, չգիտեմ, հայ երիտասարդին-պատանուն հասա՞վ. մեծահասակներով ջանացի՞նք, որ հասնի, թե՞ մեզ պապը նրա համար էր պետք լոկ, որ մեր ուղերձը անփոփոխ մնա ու ցեղասպանություն՝ հիշի՛ր ու պահանջի՛ր, բարձրաձայնի՛ր… Իսկ պապը խաչակիր չէ: Նա ցանկանում է միայն կամուրջներ կառուցել… Ե՛վ այս հիշեցումը, և՛ վերնագիրը օրվա Երևանում, Հանրապետության հրապարակի նրա ելույթից են… Եվ լավ է, որ պապը՝ որպես հոգևոր առաջնորդ, ազնիվ է, ամբողջական արդար, առանց խտրության, տարատարիք մարդկանց աշխարհով մեկ միավորելու-աղոթք է հնչեցնում… Հոգևոր առաջնորդի գործիքը-զենքը խոսքն է, նրա բարձրագույն ձևը՝ աղոթքը, մնում է մեր՝ պապի աղոթքով միավորված մարդկանց անելիքը, գործելը…

Այսօր մենք՝ մեծահասակներս, կարիք ունենք ձեզնից սովորելու ապրել բազմազանության ու երկխոսության մեջ. ոչ թե որպես սպառնալիք ընդունենք բազմամշակութայնությունը, այլ որպես նոր հնարավորություն:
Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել, քան պատեր…

Սա արդեն երիտասարդությանն ուղղված՝ պապի ուղերձից է: Էժան-մատչելի, միջմշակութային շփումների այս, պապի կողմից կարևորված միջոցի մասին հիշողությունն ինձ 1980-ականներ, հայագիտական իմ դպրոց, իմ մանկավարժության օրրանը հասցրեց…  Հայաստանը-Արցախը-Ջավախքը իմ նման «ազգայնամոլ», բայց պատանի արշավականներով ոտի տակ տված՝ մենք հասանք Կիև, բարեկամության փառատոնի, հետո և Լենինգրադ-Պետերբուրգ-Պիտեր՝ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինին մեր խոնարհումը բերելու… Հիմա ինձ հետ են նշանավոր Ամառային այգով մեր թափառումները, երբ մենք կարդում էինք բարձրաձայն, խմբով՝ մեկ Պուշկին, մեկ Թումանյան, մեկ Չարենց… հետո էլի Պուշկին…

Ճամբարական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում։ 

Պուշկինոյում, Պուշկինի տուն-թանգարանում իմ սաների չարչարանքն եմ հիշում. ես, գերված Պուշկինի կյանքով-գործով-ստեղծագործությամբ ամբողջովին հրեղեն դարձած էքսկուրսավարով, պարտադրում էի լսել ու լսել, նույն ակնածանքով մոտենալ պոետին, ինչպես էքսկուրսավարը, և նրա ամեն մի ձեռագրին… Հատկապես ինձ հիացնում էր  ամեն մի բանաստեղծության ստեղծման պատմությունը-ընթացքը՝ տեսե՜ք ինչից ինչ է ստացվել վերջում… Իսկ Պուշկին՝ ինքն իր համար անձեռակերտ հուշարձան կանգնեցրած վիթխարիին, ունենալու համար ավելի շատ ինքս ինձ էի պարտական, քան իմ ռուսերենի ուսուցչին, և Թումանյանին, իհարկե, իր հուշումով-ուղղորդումով «Ռուս բանաստեղծներից ամենամեծը Պուշկինն է․ Եվրոպայում նման մեծ բանաստեղծ չկա», և Չարենցին, ում սիրած զբաղմունքներից է եղել բազմոցին պառկած բարձրաձայն Պուշկին կարդալը… Ես Պուշկինի ստեղծագործության պաշտամունք ունեմ, շրջաններ է եղել, ինչպես հիմա, երբ ես ներծծվում եմ նրա բանաստեղծական-փիլիսոփայական աշխարհում, ու… այն կարող է պատանեկան-չարենցյան խելացնորության հասցնել…

Պուշկինի հետևից մեր պատանիները կարո՞ղ են հասնել-հասնո՞ւմ են… Ինչո՞ւ չենք հասցնում… Ի՞նչ անել այս մեղքի հետ… Ե՛վ մեղավորություն ունեմ, և՛ կարոտ. երկու օր իմ երթուղուց դուրս էր մնացել «Սեյրան» բարձունքը, աղբյուրը, իմ քարից մեր աշխարհի բազմազանությամբ հիանալու հնարավորությունը… Երեկ իրիկունը 8-ին, տան ճանապարհին, ես իմ «պոստում էի»:

Ամառային ընթերցարան։ 

Մահարի Գուրգեն՝ թղթայինից մինչև Պուշկին՝ էլեկտրոնային… Որտեղի՜ց, ո՜ւր… Ես եմ, իմ էկլեկտիզմով, իմ ոչ միայն ծայրահեղականությամբ, այլև ծայրահեղությունները հաշտության մի առանցքի բերելու մղումով… Այդպես է կյանքում՝ փայտը երկու ծայր ունի… Մահարու գրականությունը՝ նրա բերած-պատմած աշխարհի՝ Վանի այրվող Այգեստանից, Դիլիջանի որբանոցով մինչև Զանգվի Երևան… (Օ՜, հնձաններ ոսկեդո՜ւռ, օ՜, հնձաններ իմ երկրի, Արտամետյան գիշերներ, իմ երգերի պարտեզում…, մինչև խորհրդային գողգոթա  Գուլագ՝ ստալինյան մահի ճամբարներ), լսե՛ք, որպես հիշողություն խաղաղության և ապագայի աղբյուր է, իսկ Պուշկինն ահա, իր հանճարով, որպես «Աստված գալիս է փլուզելու մեր սարքած բոլոր ցանկապատերը… գալիս է բացելու այն, ինչում դուք փակված եք»…

Տկլոր երեխաներ ու պաղ ջրում նրանց ճիչեր. «Մանուկն ու ջուրը» ստեղծագործությունն է այսպես ծնվել, ուշքս գնում է… Ինձ որ թողնեք, սիրեք-սիրաշահեք, ես բնակելի բոլոր շենքերի բակերում մեկական ավազան կհավաքեի լողափով…
— Հա, ի՞նչ, մեր պարտեզում դրանից մեծն ու լավը կա… Չես տեսե՞լ, պա՛պ:
Էս Դավթի՝ Բլեյան, սեբաստացիասիրությունը, դպրոցագովությունը ամեն տեղ բռնում է. ինչ խոսես, բերնիդ կգա…
— Մեր դպրոցում… ու…
Հրապարակի շատրվաններից-ջրավազանից դուրս է եկել, մի կերպ սրբել, հագցրել, մոտեցել ենք լրագրող ամուսիններ Արմեն Դուլյանի ու Ռուզան Խաչատրյանին, քիչ էն կողմ, սրճարանի սեղանի մոտ։ Հարցնում են.
— Ջուրը բա սառը չէ՞ր…
— Եռման էր… ավելի եռման, քան Զանգվի ջուրը… Մեր դպրոցի ավազանի ջուրը ոնց որ պաղ աղբրի…

Բազմաշմակութայնությո՞ւն։ Սևան 2016։ 

Ա՜յ, այսպիսի հայերենով սեպտեմբերին, նոր ուսումնական տարում դպրոցական դարձող հերոսը, մամա՜ ջան, իր պլանշետով, մայրիկի սմարթֆոնով ռուսերեն է սովորում և առաջադիմում…
— Ինչո՞ւ ռուսերեն, Դավի՜թ…
— Դե՛ռ ռուսերեն եմ սովորում,- պատասխանում է:
Կարող է և իմ Պուշկինի ազդեցությունն է. ես Պուշկին ռուսերեն եմ կարդում ու բարձրաձայն…

Իսկ իմ բարձունքի քարին երեկ Մահարու մի տողն էր, մի զգացումը…
Բաղիդ դուռն եմ ծեծում, վախով եմ եկել…

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#756

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

5-6 տարեկանների, ընտրության-պարտադրանքի սահմանում

Արմինե մայրիկը, բնական է, կարևոր քունն է շարունակում առնել. կիրակի է, ես ու Դավիթ Բլեյանը խոհանոցում, պատշգամբային ճոճից հետո, մրգառատ մեծ սեղանի շուրջ հաղորդակցվում ենք. — Ո՞նց է արևը հասունացնում

Ցոգոլների մտածմունքը… Բարձրացիր և բարձրացրու

Գտնվեց, վերջապես հայտնվեց 30 տարի և ավելի կորած իմ սիրելի Գրունիկ սանուհին Ախալքալաքի Վարևան գյուղից… ում մասին սիրով, միմիայն սիրով ես պատմել եմ իմ օրագրի այս տարվա հունվարի 13-ի գրում:

Սպասել. ընտրանք։ Չէ´, պարտադրանք։ Գործենք…

Լիլիթ Բլեյանը գարնան մուտքը հատուկ դարձրեց՝ նվիրելով մեր ընտանիքին «Սպասող մարդու օրագիր» խորագրով իրանական ժամանակակից պոեզիայի անսովոր ժողովածուն… 366 էջ ունեցող այս ժողովածուի յուրաքանչյուր էջ իրանցի բանաստեղծների մի գործն է՝