Տարիներ առաջ, երբ չունեինք անգամ կրթահամալիրի Դպրոց-պարտեզի ծածկած լողավազանը, բայց կար մանկավարժական խնդիր-անհանգստությունը՝ լողուսուցումը որպես հանրակրթություն, մենք երազում էինք, մտածում-նախագծում Նոր դպրոցի մի թևը՝ իր նկուղով, ծածկած լողավազանի վերածելու մասին։ Հետո հաշվարկները մեզ hետ կանգնեցրին՝ թանկ էր ստացվում… Տիար Գևորգի՝ մեր մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հետ լողում էինք Գեղարվեստի մեր ավազանում, քիչ ներքև՝ լողափի այլ հարթակում, Գեղարվեստի դաստիարակներն էին մեծ-բաց-մոբիլ ավազանում ու… մեր որոշումը՝ 2016-ին, մինչև ցրտերն ընկնելը Գեղարվեստում, Նոր դպրոցում, Հիմնականում ստեղծել ծածկած լողավազաններ․ մեր բարեկարգվող, ուսումնական տարածք դարձող նախկին նկուղային գոտիներում տեղադրել 7x4x1,35մ չափերով հավաքովի  ավազաններ, 2-ից-10 տարեկանների շուրջտարյա լողուսուցման համար, իսկ Դպրոց-պարտեզի ծածկած, մեծ լողավազանը գործածել մարզական լողի, հնգամարտի ու եռամարտի համար… Սկսեցինք…

Լողի պարապմունք փակ լողավազանում։
Լուսանկարները՝ Տաթև Համբարյանի։

Երեկ Բ-4 թաղամասի պուրակում, Խորեն Հազարումյանի միջնորդությամբ, հանդիպեցինք Դպրոց-պարտեզի հարևան-բնակիչ Սևակին։ 30-ամյա սպան, ով իր երիտասարդ ընտանիքով Խաչիկ գյուղում է ապրում-ծառայում՝ հայ-ադրբեջանական սահմանին, թաղի պուրակի աղբյուրի հեղինակներից է… Հետաքրքրված էր-անհանգստացած աղբյուրի-պուրակի ճակատագրով… Իրենց աչքի առաջ ենք մենք՝ մեր գործերով, քանի՜ տարի, ես՝ իմ հեծանվով, ողջ ամառ, բայց հաճախ է պատահում, ո՛չ «լավ է, մեկ անգամ տեսած»-ով է առաջնորդվում, ո՛չ հազար անգամ լսածով՝ վստահ, արժանի… այլ վերջերս ականջի ծայրով ընկած անաղբյուր շշուկն է միտքը պղտորում… «Ասում են՝ Բլեյանը … վերցնում է… մտքին ուրիշ բան կա…»։

Ես, իհարկե, հարգանքով-կոնկրետ ներկայացրի «Մեր թաղը» ուսումնական նախագծով, «Թաղի հուշաղբյուրները» աշխատանքը… Ոչ միայն բարեկարգել-նորացնել տեսանելի-արժևորված դարձնել մեր շրջապատի, մեր ճանապարհի աղբյուրները, այլև ճանաչել աղբյուրը դնողին-նախաձեռնողին՝ օրհնելու համար ամեն անգամ, երբ անուշ ես անում, քո ծարավը հագեցնում… Քո շինողի օր-կյանքը, ջրի նման երկարի՜...

Տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելության ճանապարհին։ 
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Անպատնեշ-ներառական հանրային գոտու վերածումը կդառնա՞ թաղի բնակիչների ու կրթահամալիրի սովորողների, աշխատողներիս համատեղ նախագիծ… Կկարողանա՞նք ապահովել այդքան դժվարությամբ ստեղծվող հանրային միջավայրի մշտական խնամքը-հիգիենան… տեսնե՜նք-տեսնե՜նք, բայց մենք կգործենք այնքա՜ն բաց, հաշտ-անանձնական, որ որևէ այլ շահ՝ ոչ հանրային, չդառնա անհաղթահարելի խոչընդոտ… Իսկ Սևակը հաստատեց իր ընտանիքի ու ընկեր հարևանների աջակցությունը…

Հետևե՛ք Դպրոց-պարտեզի, Քոլեջի, Գեղարվեստի շուրջ զարգացումներին՝ Նոր ուղու մեկական պոլիգոններ. սոցիալական նոր հարաբերություններ, բնակիչ-բնակավայր-աշխատավայր եռանկյունու հակամարտություն-փակուղու հաղթահարում, ներառականության մենարկ… համայնքային համակեցության հաստատում ու ծով հանդուրժողականության դրսևորում…

Կրթահամալիրում Գևորգ Խեչոյանի սիրուն ընտանիքն է՝ երաժիշտ ամուսիններ, չորս տարում ծնված չորս երեխա՝ 6-10 տարեկան։ 
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի։ 

— Դու Բլեյանի դպրոցի՞ց ես,- հարցնում են 8 տարեկան մի տղայի…
— Չէ՛, ես Բլեյանի ճամբարից եմ,- հպարտանում է կարծես…
Հպարտանալու հիմքերը կան․ երեկ, ես Մայր դպրոցի խաղադաշտի ավազաներից ճանապարհեցի ամենշաբաթյա միասնական պլեների՝ Թումոյի այգի մեկնող ճամբարականներին, բոլորին, խանդավառ-պատրաստված, նկարչական և ուսումնական այլ միջոցներով… Հետո, օրվա վերջում, խոհանոցի սեղանի շուրջ հանդիպեցի Գեղարվեստի ջոկատին… Պլեներից, Դպրոց-պարտեզի ծովում միասնական լողից, իրենց ջոկատավար Ռիմա Երեմյանի հետ Դպրոց-պարտեզ-Գեղարվեստ հայրենագիտական քայլքից հետո՝ առույգ, ախորժակով, շաբաթ-կիրակիի մասին հավեսով խոսակցություններով… Իսկական կրթություն. և պետք չէ ասել՝ լրացուցիչ… իբր հիմնականը ո՞րն է, էդ ո՞վ է որոշել՝ կրթվո՞ղը, կրթո՞ղը, ո՞վ… Մենք ՝ մանկավարժությամբ զբաղվողներս, պարզապես մեկընդմիշտ պիտի հաղթահարենք պարսպային-պատնեշային-հատվածատիրական մտածողությունը, որ արտահայտված է… սովորողի թվով ֆինանսավորման մեջ, դաս-դասարանային համակարգում, որով «Սա իմ սովորողն է՝ զանգից-զանգ, պատից-ցանկապատից այս կողմ». այն կողմում ուրիշներն են, ես արձակուրդում եմ… Ես չկա՞մ։

Իսկ Բ 4-ի լողավազանը-լողափը, պետք էր տեսնել, ի՜նչ տնավարի են խնամում-մաքրում-նոր ջուր լցնում Սոնայի ստեղծած «Ընկերության» անդամները՝ բոլորն էլ Բլեյանի մանկավարժության տիրույթում…

Ավարտական վկայականի հանձնում Ավագ դպրոցի շրջանավարտ Աշոտ Փաշինյանին։ Բարի ճանապարհ Էստոնիա՝ Տարտուի ամերիկյան համալսարան, որի ուսանողն է դարձել Աշոտը 2016-2017 ուստարում։ 
Լուսանկարները՝ Մարալ Կարապետյանի։

#753

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Շուշո՝ բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անհասանելի՞…

Աղջիկներից ամենածաղիկը, ծաղիկներից ամենաշուշանը, Ավստրիայի, ողջ Եվրոպայի, աշխարհի կենտրոնում Շուշոն իմ՝ Շուշան Բլեյանը, երեկ «Վայբըր»-ի ուղիղ եթերում հետևում էր իմ ու Դավթի՝ արդեն ավանդույթի ուժ ունեցող մականախաղին… Դավիթ Բլեյանը կեցցե՜.

Եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր…

Կարդացի երջանիկ մարդկանց 13 սովորությունները, որպես թեսթ լրացրի. ես երջանիկ մարդ եմ: Թող ընթերցողն էլ լրացնի, տեսնենք նույն ուղղությա՞մբ ենք նայում… Դժբախտ դեպքերի տեսականին ավելացավ ևս մեկով՝ հոսանքահարություն. 2015թ.-ի հունիսին

Դավիթ Բլեյանի հարցերով երկրաշարժի կիրակի

Օրը, Խաչվերաց տոնը, կիրակին անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ, ու գիրն էլ Դավթի մասին է․․․ Սրանից հեշտ-սիրելի գո՞րծ․․․ Էս խաբլան-անհոգնել-միշտ մազալուի մեծախոսությունները-անցումները, զվարթացումները հազիվ հասցնում ենք ես ու Արմինե մայրիկը մեր