2015թ. շարժման Բաղրամյան
2018թ. սիրո և համերաշխության հրապարակ

18.07

Մեր Անահիտ Բախշյանի մոտ կիրակի առավոտ գիշերով ՀՀ ոստիկանության պահակային-պարեկային ծառայության զորամասի գրավումը զինված ոչ անհայտ մարդկանց կողմից հոկտեմբերի 27-ի իրադարձությունների զուգորդում էր առաջացրել… Կիրակի առավոտ, երբ ավարտել էի իմ կիրակնօրյա գիրը, կարծես աֆրիկյան ինչ-որ մի երկրում կատարվածի մասին՝ ինձ հասավ մի քանի կմ այն կողմ կատարվածի մասին լուրը, դրա արձագանքները՝ այսքա՜ն արհեստական, անպաշտպան, իմաստազուրկ-անիմաստ… Նիկոլ Փաշինյանին փնտրելու կարիք չեղավ․ Նիկոլի այս տեսանյութը գուցե ամենամարդկայինն էր օրվա մասին իմ տեսած-լսածներից… Ու մեկ էլ` Չարենցի պահանջը եկավ․

Հիմա ամեն ինչ անիմաստ է,
Իզուր այդպես դու շիկնեցիր.
Ինչի՞դ է կյանքը, իր իմաստը,
Հիմա ամեն ինչ անիմա՜ստ է.
Թողել ենք նավը, ղեկը, լաստը,
Իսկ ծովը մո՜ւթ է ու անծիր.—
Հիմա ամե՛ն ինչ անիմաստ է—
Իզո՜ւր այդպես դու շիկնեցիր…

19.07

Երկարատև հայաստանյան փակուղին՝ իր պարտադրած անապագա ներկայով անհուսություն է առաջացրել մեր քաղաքացու, Հայաստանում մնացած մարդու մոտ՝ ունակ լուծելու-զբաղվելու միայն գոյապահպանությամբ… Անհուսությունը այսպիսի դրսևորում էլ է ունենում՝ պարզունակ, մի հարվածով, մի գործողությամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումով, լուծել և՛ Ղարաբաղի հարցը՝ ոչ մի թիզ թշնամուն, և՛ ներքին՝ իշխանափոխության…

Ես վատ եմ ճանաչում ապարանցի Պավլիկին՝ Պավել Մանուկյանին, նրա որդի Արամ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, …. Չկարողացանք մեդիայով պարզել երկու կողմի բոլոր պատանդներին։ Իսկ հասարակությունը մեր ճանաչո՞ւմ է նրանց։ Ահա ինչու, շնորհակալ եմ իմ ընկերներին այս սեղմ կենսագրականների համար։

Այսպիսի իրողություն․ կողմերը ներկայացնում են Արցախյան ազատամարտի բովով անցած, փոխգնդապետ Արթուր Վանոյանը (ում հրապարակված կենսագրականում ոչ մի տող չկար Արցախյան ազատամարտին նրա մասնակցության մասին), մյուս կողմից՝ ազատամարտիկ ապարանցի Պավլիկը… Ի՞նչ ենք ուզում, որ անմեղ մարդու արյուն էլ չթափվի, եղածն էլ  շատ է, հանգուցալուծում ենք ուզում միջադեպի՞. Պավլիկն իր խմբով հանձնի զենքը իրավապահին ու ապավինի արդարադատությա՞նը։ Մենք շարունակենք տրվել մեր գոյապահպանությանը, երբ մեր դեմ, որպես մահապարտ՝ իր որդու հետ, կանգնած է Պավլիկն՝ իր ընկերներով, ու կանչում է՝ ուխտած «Մեր մարմինը ձեր ոտքերի տակ թող կամուրջ լինի դեպի հաղթանակ»…

20.07

Խորհրդային շրջանի հայտնի պատմություններից պատմեմ։ Ու որ հասկանալի լինեմ, նախ՝ բերեմ բառարանը.

  • ԲԱՄ – Բայկալ-Ամուրյան մայրուղի (երկաթուղի), որ ամենաերկարներից է աշխարհում. ԲԱՄ-ը հարվածային կառույց էր, անունը՝ բոլորի լեզվին։
  • Հասարակությունը նույն ձևով գործածում էր «քաղբյուրո»*(պոլիտբյուրո) բառը՝ մարդկանց խումբ, ասենք՝ Բրեժնև Լեոնիդի ղեկավարությամբ, որ իշխում էր Սովետների երկիր ԽՍՀՄ-ում։

Ուսումնասիրություն անցկացնելու համար պատահական հարյուրավոր մարդկանց տեղեկացնում են.
– Գիտեք՝ որոշել են քաղբյուրոյի ողջ կազմը գնդակահարել ու ԲԱՄ-ը կանաչ ներկել։
Ու լսողներից յուրաքանչյուրը միայն մի հարց է տալիս.
– Բայց ինչի՞ կանաչ…
Ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞ւ գնդակահարել։

1992-1993-ին, երբ ես ազգի թիվ մեկ դավաճանն էի, ու գրիչ բռնող, ազգայնականությամբ-թրքատյացությամբ՝ նեո-հայրենասիրությամբ, զբաղվող ամեն մեկը մի մեխ էր ավելացնում Աշոտ Բլեյանի անարգանքի սյունին, հնչեց Վալերի Միրզոյանի «Հասկանալ Բլեյանին» հրապարակումը։ Ինչո՞ւ հիշեցի… 2016-ի ապրիլյան հայտնի, հերոսամարտ հայտարարված այս ստուգողական ահաբեկչական ակտից հետո, մեր նորագույն շրջանի 20 տարվա քառուղուն դեմ-հանդիման, մեծ խումբ պարապ մնացած, լուսանցքում հայտնված գրիչներ-գործիչներ այսօր ազգային միասնության ուխտ են կազմել՝ նորի՞ց հանուն Ղարաբաղի, իհարկե, ընդդեմ ադրբեջանցու-թուրքի՝ հասկանալի է, նաև ընդդեմ ռուսի-ամերիկացո՞ւ, հանուն մեր ազգային երազի…

Հասկանանք՝ ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում…
Պարտադի՞ր է խոսելը… Եթե դու համաձայն չես, իրենց նման չես մտածում, պարտադի՞ր է խոսելը… Իշխանությունը իր ազգային անվտանգության ծառայությունով հայտարարությունների շարք է անում… Պաշտոնական հաղորդագրության պակաս կա՞, թող լրացնեն, արձակուրդում են՝ արձակուրդից ետ գան։ Լրացնում եք այդ պակա՞սը։ Պարտադի՞ր է, որ հայտնի դեմքերով, անհայտ կուսակցություններով, զբաղմունքով նույն մարդիկ զբաղեցնեն եթերը ու խորհուրդներ տան, ո՞ւմ՝ իշխանությա՞նը, «Սասնա ծռեր» խմբի մարտիկների՞ն, որ շիտակ դիմել են հասարակությանը, ժողովրդին ու նրանց պահանջն ունեն… Թվում էր՝ չընկալվեց, մերժվեց, բայց Խորենացի փողոցը մեկ-երկու օրում այսօր մեր բարոյականության, մեր խղճի արթունության ցուցանիշը դարձավ… Եվ հրաշալիորեն նրա հայտնվելը չուշացավ… Ո՛նց ձևավորվեց, առաջացավ, հասունացավ, ինչպես էպոսում, կենդանի օրգանիզմ է, ինքնուրույն ապրում է ՝ ողջ սիրտ է, անմիջական արձագանքում է… Կա մի վայր հիմա, մի հարթակ ոչ իշխանական՝ փողոցն է Խորենացի, ով այնտեղ է թող խոսի, լսելի դառնա… քաղաքականանա… Իսկ արյունահեղության, նույնն է թե ռազմական միջամտության, իշխանությունը չպիտի դիմի, փողոցը առաջացել է այս խնդրով՝ թույլ չտալու… որ «Էլեկտրիկ Երևանով» անցած, ջրցան տեսած Հայաստանն ունենա մայրաքաղաքային պատշաճ հարթակ՝ իր ներքին ու արտաքին օրակարգային խնդիրները հասարակությանը լսելի, ընդունելի ձևակերպելու… Այս համատեքստում, այս օրվա խնդիրը՝ պատանդների անվանենք, ըմբոստություն, ապստամբություն, ծայրահեղականություն, ընտրեք, լուծում կգտնի… Մյուսները ինչո՞ւ խոսեն, եթե իշխանություն չեն ու Խորենացի փողոցում չեն. է՜, խոսե՜ք…

21.07

Իմ լավ բարեկամ Վահան Արծրունու այս հարցազրույցը պետք է կարդալ. ես էլ միանում եմ, չնայած մնում եմ նույն կարծիքին՝ Խորենացու փողոցի վերջնամասում հայտնված պատանդ-մահապարտ թե ապրստամբների մասին կարելի է խոսել միայն Խորենացու փողոցում… Փողոցում լինելով՝ կարելի է և պետք է թույլ չտալ արյունահեղության որևէ գործողություն։ Նիկոլ Փաշինյանը իր ընկերների հետ հակաբռնության ճանապարհն է բռնել, որ ենթադրում է նորանոր գումարումներ՝ անհատների, խմբերի… Այդ շարքից է «Ոստիկանը, որն ասել էր՝ չեմ կրակի» հրապարակումը  հուլիսի 20-ի։ Այս շարքից է և կրթահամալիրի ավագ դպրոցի երազկոտ աչքերով աղջկա՝ Աստղ Կիրակոսյանի հրապարակումը. «Ու թե մյուսները կվախենան ընկնելուց, ես կսպասեմ հաջորդ թռիչքին…»։

24.07

Խորենացի փողոցից հասկացանք, Էրիկ Բաբաջանյանը, Սուսան Ամուջանյանը հաղորդում են լուսապատկերներով, ախր ո՞նց անենք , մի քիչ էլ խոսեցնենք․․․Ես ուշադիր կարդացի չորսի այս նախաձեռնության հայտարարությունը․ հեղինակները Խորենացի փողոցում են, հայտնի հանրային գործիչներ․․․

25.07

Ասել եմ, կրկնում եմ-ձայնում եմ ամեն մի նոր հարթակից, հարթակի փոփոխությունից, նոր խոսքից առաջ․․․Պիտի իրագործես այն, ինչ հանդգնել-խիզախել ես բարձրաձայնել․․․Իմ դեպքը հեշտ է, 100%  hսկելի։ Ես մանկավարժական, քաղաքական, հանրային իմ գործունեության մեջ միշտ գրավոր եմ խոսել, գրել եմ անելիքս ու արվածս է գիր դարձել․․․Օրագրերի նոր շարքից, նոր գործերից առաջ, թերթում եմ իմ նախկին ասածները։ Ինչի՞ց է, որ կհրաժարվեի․․․Օրագիր է, ինչո՞ւ իր մեջբերումները չունենա իմ նախկին գրերից․ մեջ եմ բերում, որ հեշտացնեմ ընթերցողի գործը, իսկ ժամանակ ունեցողի-կարևորողի համար է, որ ստեղծվել է իմ բլոգը՝ իր ընթերցարաններով, տեսանյութ-հարցազրույցներով, ելույթ-բանավեճերով․․․Բոլորը՝ վավերագիր, առանց միջամտության, ինչպես և իմ այս մեջբերումները․․․Սկսեմ ֆեյսբուքի 10 հնարավորություններից, որոնք, չգիտես ինչու, ամենավատն են գործածվում․․․գործածե՛ք մեկիկ-մեկիկ ու ասեք՝ ինչու և ստուգեք ինձ սկսած 1988-ից, դրանից էլ առաջ, այս անգամ այս մեջբերումներով։

Մենք հասել ենք այն սահմանին, որ պիտի կանգնենք

Ակնհայտ է, որ արցախցուն բռնի ուժով չես տեղահանի: Սա ապացուցվել է 1988-1992թթ-ին: Մնում է ապրելը:

Ա. Բլեյան 22.04.1992թ.
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Ցանկությունների ժամանակը, գործելու ժամանակը

  • Մաքառման դատապարտված, կներեք, ճանճի պես կկորչենք…
  • Ժողովրդական դժգոհություններն առանց այն էլ հասնում են գագաթնակետին իրենց, իսկ վերափոխումներ հնարավոր են, եթե միայն Արցախի հարցում հստակություն լինի: Իսկ առայժմ մեզանում իրարամերժ հարցադրումներ են. նետվում ենք մի ծայրից մյուսը…

Ա. Բլեյան 19.05.1992թ.
Республика Армения

Անապահով հողը հայրենիք լինել չի կարող

Ես մեր այսօրվա նախագահի ընտրողներից մեկն եմ՝ միլիոնից մեկը: Ես ներհանրապետական կյանքին առնչվող ցանկացած մեծ ու փոքր բացթողում, սայթաքում ու անկատարություն կներեմ հանրապետության նախագահին: Ամեն ինչ շտկելի է: Նախագահին չի ներվի Արցախը արյունաքամելով հայաթափելը, Արցախը հայաթափող, չհայտարարված, բայց թեժացող պատերազմը:

Ա. Բլեյան 02.10.1992թ.
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կրկնակի խոցված երկրում քաղաքական հարթակ է պետք

Աղբյուրը՝ 1in.am

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով այսօր ստեղծված իրավիճակը, մեջբերեց Ստեփան Զորյանի խոսքերը՝ «Ավաղ, մենք շատ պարզունակ ժողովուրդ ենք», և ասաց. «Պարզունակ լուծումներին ես չեմ հավատում»:

Նրա խոսքով՝ այս ընթացքում մեզ համար ամենամեծ կորուստը մարդու կորուստն է. «Տերիտորիա՞, թե՞ ժողովուրդ. այս հարցադրումը, ի դեպ, կար նաև 1918-20 թվականներին, երբ մենք ընտրեցինք տերիտորիան՝ կորցնելով և՛ տերիտորիա, և՛ ժողովրդին»:

Աշոտ Բլեյանը կարծում է, որ Խորենացու դեպքերի մասին պետք է խոսեն Խորենացի փողոցի վրա ապրող բնակիչները, իսկ այնտեղ իր բացակայությունը նա բացատրեց այսպես. «Ես այն տարիքում եմ, որ այլևս ժամանակ չունեմ մսխելու, ես այնտեղ եմ, որտեղ ավելի արդյունավետ եմ փորձում օգտագործել իմ ժամանակը: Ամեն մարդ թող կողմնորոշվի ունենալ իր հարթակը: Ինչո՞ւ Հայաստանում չստեղծվեն այդ քաղաքական հարթակները, և մենք չխոսենք ամենակարևորի մասին, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՊՊԾ գնդի տղաների և իշխանության միջև խնդիրը պետք է լուծեն իրենք, առաջին հերթին՝ իշխանությունը. «Իշխանություն եք հենց դրա համար: Լուծե՛ք, ընդ որում՝ անարյուն: Այս 25 տարիների ընթացքում մարդու քվեն տրվել է ներքին ու արտաքին խնդիրները ձևակերպելու և լուծելու համար, մինչդեռ այս 25 տարիներին այդ քվեն կորսվել է»:

Աշոտ Բլեյանը տարակուսում է, որ Արցախյան խնդիրը թողած՝ այսօր դա է դարձել թիվ մեկ խնդիրը, մինչդեռ արդյո՞ք մահապարտությամբ հնարավոր է լուծել իշխանափոխության հարցը. «Այսպիսի պարզունակ լուծումների երկիր է մեր Հայաստանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

27.07
Վռազ իմ օրվա գրով օգնեմ քաղաքացուն՝ արդեն իր շենքի դիմաց հանդիպած բռնությանը։ Ոչնչից մի՛ վախեցեք. վախեցեք մի բանից՝ վախից… Ու հաղթեք վախին՝ ամեն կոնկրետ դեպքում՝ կոնկրետ մարդու, վայրում և պահի… Ոստիկանները տանում են շենքի բնակիչների՞ն… Նրանք ուժեղ են, պիտի տանեն․ նրանք ավելի ուժեղանում են, երբ դու ֆիզիկապես դիմադրում ես… Դիմադրես, հայհոյես, քաշես, խփես… ինչո՞ւ։ Տանում են. ընդունիր որպես քո որոշում, քո համաձայնություն։ Իսկ կինդ թող օրհնի քո որոշումը, եղբայրդ՝ քո ետևից եկող լինի։ Գնա՛։ Պիտի նստվի, լսո՞ւմ ես, քո հերթն է… նստի՛ր՝ մեկ օր, երկու, չե՛ս մեռնի… այդքան հեշտ չէ մեռնելը… Նստեցի՞ր, այնքա՜ն կարևոր բան է այդ մեկ-երկու օրը, շաբաթը, ամիսը քո կյանքում, քեզ համար։ Պիտի նստվի։ Սա քո քաղաքացի դառնալու ճանապարհին հակաբռնության պարտադիր գործողություն է, հարգելի հայաստանցի. եթե ուզում եք բռնությունը հաղթահարել, պիտի նստվի։ Սրանով կհաղթեք մի խմբի ահաբեկչությանը․ մի այլ խմբի զինված մահապարտությունը կկանխեք… Ինչո՞ւ հարձակվել, ո՞ւմ վրա, կրակել՝ ո՞ւմ, պաշտպանվել ումի՞ց, ինչո՞վ. սրանք բոլորը բռնությունը սնող քայլեր են։ Սրա այլընտրանքը կա՝ խաղաղ, կամովին նստելը․․․ Նստեցիք, դուրս եկաք՝ ամեն մեկը, ում հետ պատահի, ա՜յ, սկսեք խոսել-գործել… Ապրե՛ք։ Ապրելով պիտի փոխես, ոչ թե դրվագներով-ինքնազոհությամբ-ֆոկուսով, այո՛, հայացք, հարթակ պիտի փոխվի․․․ որ Թումանյանի ասած՝  արևի նման նայեք մեր աշխարհին

1999-ի մայիսին, երբ մի խումբ սևազգեստներ Մայր դպրոցի հրապարակում ինձ ուղեկցեցին մթնեցրած ապակիներով մեքենա, ես հայտնվեցի նույն Խորենացու վրա գտնվող ժամանակավոր պահման վայրում։ Ես ուզում էի պայթեցնել-վերացնել բոլորին՝ շենքը, ոստիկաններին, նրանց ծառայության պետին, որ մեր կուրսի Մարատ Սարիբեկյանը դուրս եկավ… «Սպասե՛ք, դատարանում կտեսնե՜ք․․․»,- մանկան պես ահաբեկում էի միշտ գործիք իրավապահ համակարգին։ Հետո ինձ ճաղապատ մեքենա խցկելով՝ տարան Նուբարաշենի քննչական մեկուսարան, հետո՝ կարցեր՝ այդպես էլ շրջանցելով դատարանը։ Պատմել եմ իմ օրագրում, «Նամակներ կալանատնից» գրքույկում, կարդացե՛ք, ի՞նչ ասեմ․․․

Ու  կարցերում ես ինքս ինձ դիմեցի՝ հլը քեզ հավաքի, Բլեյան Աշոտ, թող լաչառությունը, կույս չես, ում բռնաբարում են, գործիչ ես, ճանապարհ ունես անցնելու. խաղաղվի՛ր, որ այս ճանապարհն անցնես օգուտով՝ քեզ համար, հասարակության համար։ Մի՞թե քեզ հետաքրքիր չէ ինքնաճանաչումի՝ հակաբռնության այս ուղին… «Պիտի նստվի»,- ասացի ես… ու նստեցի. փառահեղ ու երկար, որքան պետք եղավ իմ դեմ գործադրված բռնությունը հաղթահարելու համար։

Ես 1999-2001-ին դատարանում, նամակներով, իմ լրագրող կնոջ, փաստաբանի միջոցով իմ դրսի ընկերներին, ինձ պաշտպանելու ելած- չելած, սրտով ինձ հետ, կարեկցողներին, որ հարցնում էին՝ ինչպե՞ս, ինչո՞վ օգնենք,  ամեն անգամ ասում էի՝ պիտի նստվի։ Նստե՛ք, որովհետև երբ բերդի, գաղութի պետը-տեղակալը հենց մեկուսարանում, խցում, բռնություն է գործադրում, ի՞նչ պիտի անես… շարունակես նստելը։ Չե՛ս մեռնի. տեսա՞ք՝ չմեռա։ Ամենադժվար-կարևոր-արժեքավորը քո երկրում, քո ծննդավայրում ապրելն է՝ խաղաղ, ստեղծումի վայելքով, հակաբռնությամբ, հարթակ փոխելով, հայացքը միշտ դեպի Արարատ, դեպի Զանգվի կիրճը, լիճը Երևանյան… դեպի քո գործը, դեպի մարդը, ում համար այդպես, պարզվում է, նաև ուղի ես բացում…

28.07
Այս օրերին Խորենացու փողոցում բարձրախոսով ելույթ ունեցողներն էլ այսպիսի տրամաբանությամբ էին կառուցում իրենց խոսքը՝ ի՞նչ կլիներ, եթե իրենց շրջապատող, իրենց ու հայտնի զինված խմբի միջև կանգնած ոստիկանները, ամենատարբեր բերետավորներ…, դադարեին անօրինական հրամաններ-հրահանգներ կատարելուց…

Կամ քաղաքը ոտի տակ տվող Խորենացու փողոցի երթը. ի՞նչ կլիներ, եթե ամեն մեկը իր շենքից իջներ ու միանար Խորենացու փողոցի պահանջին։ Ներեցեք, իսկ ի՞նչ պահանջների մասին էր խոսքը… Անձամբ ես այդպես էլ ո՛չ երթին եղա, ո՛չ էլ Խորենացի փողոցում, ո՛չ էլ հայտնվեցի կրթահամալիրի ֆոտոլրագրող Սուսան Ամուջանյանի օբյեկտիվում…, որքան էլ Սուսանը մեզ՝ ինձ ու իմ նման ծիկրակողներին (ես էլ եմ ապրում Խանջյան փողոցի վրա, մեր շենքի մոտով էլ է անցել երթը. կհասցնեմ, երևի, կամ շատ անգամ եմ եղել…) անարգանքի սյունին գամի… Ու այս ամենը, ես հասկանում եմ, շարժում է մի  բարի նպատակ՝ ի՞նչ կլինի, եթե միտինգավորներն այնքա՜ն շատանան ու շատանան, 20 հազար, 50 հազար, 100 հազար… միլիոն դառնան… այնքա՜ն (որքա՞ն) դառնան…

Ես ուզում եմ օգտվել Խորենացու փողոցի միտինգավորների քանակի պակասությունից-բացակայությունից ու … Ի՞նչ կլիներ, եթե… պարեկապահակային գնդի շուրջ բոլոր պատերն անհետանային, սկզբում՝ ֆիզիկական, հետո՝ ոստիկանական շարքերը, շղթա կազմած մեքենաները, բոլոր միտինգավորները… բոլոր անօդաչուները, ուղղաթիռները, բոլոր նշանառուները… Իսկապես, մնային միայն «Սասնա ծռերի» տղաները անպարիսպ-անշրջապատ շենքում։ Հարցնում եմ՝ ի՞նչ կանեին. կշարժվեի՞ն քաղաքով… Է՜, քաղաքից չէ՞ին եկել, շենք-շենք գրավելով առաջ կգային մինչև Բաղրամյա՞ն 26, թե՞ կշարժվեին քննչական մեկուսարանի ուղղությամբ՝ Ժիրայր Սեֆիլյանին ազատելու… Որտե՞ղ կարդացի՝ «Սասնա ծռեր»-ի արածը ահաբեկչություն չէ, որովհետև չկա հանցակազմ… Իսկապես, իմ այս՝ «ի՞նչ կլիներ եթե»-ն ուղղված է խաղաղ հանգուցալուծման։ Մի խումբ մեր «ծռեր» եկել են զենքով-զինված-հանկարծակի մտել են մեր պարեկապահակային ծառայության գունդ-տարածք ու հայտարարել՝ «ժողովուրդ, այստեղից դուրս չենք գա այնքա՜ն ժամանակ, քանի դեռ…»։ Շատ նման չէ՞ մեր էպոսի ֆինալին՝ «Փոքր Մհեր»-ի Ագռավաքարին… Հիմա պատկերացրեք, մեր «ծռերը» անզեն են եկել, խնդրել պարեկա-պահակային ծառայություն իրականացնող մարդկանց ազատել գնդի տարածքը իրենց համար, որպես Ագռավաքար․․․Ի՞նչ կլիներ, եթե պարեկապահակայինի մեր տղաներն իրավունք ունենային կամ այն ստանային վերադասից (մինչև Բաղրամյան 26) ու առանց դիմադրության, սիրով-պատրաստակամ, հացով-ջրով-կապի բոլոր միջոցներով, ասեին՝ «Համեցե՛ք»։

Չէ՛, ես զավեշտի չեմ վերածում հերոսականությունը, անձնազոհությունը մեր «փրկիչների», որքան էլ հումորը, զավեշտախառն թեթևությունը մեր կապարե ներկայում շարունակ նահանջում են… Որքա՜ն քիչ ենք ծիծաղում, որքա՜ն ծանր են օրեր շարունակ (մտահոգ-ջղայն-օրհասական) մարդկանց դեմքերը. ոչ մի թեթևություն, ճախրանք ՝ մտքի-խոսքի, ծիծաղազո՞ւրկ (ասել է թե՝ կենսազուրկ) Խորենացու տարածք…

Ո՛չ, ես ուզում եմ, ինչպես և դուք, հասկանալ պարզապես «Սասնա ծռերին». էպոսից ներխուժել են մեր կյա՞նք, ու մենք… Ա՜յ, դա չենք իմացել՝ ինչպե՞ս է այս նույնացումը կամ նույնականացումը կատարվել։ Այնպես չէ, որ ես տիրապետում եմ Ֆրոյդի հայտնագործած հոգեվերլուծական եղանակներին, որ իմ ընթերցողին ուղեկցեմ-տանեմ նույնացման երեք աստիճաններով։ Կարծում եմ, դա կստացվի հարգելի Ալիս Հովհաննիսյանի մոտ, որի «Նա վշտացավ, բայց չհուսահատվեց» հրապարակումն այս, առաջարկում եմ ձեր ուշադրությանը։ Ո՛չ էլ կինոսցենարիստ եմ կամ մասսայական սարսափ-տեսարանների բեմադրիչ-ինստալյատոր. չէ՛, ես գիտեմ Ջանի Ռոդարիից միայն՝ առանց զարգացած երևակայության դժվար է պատկերացնել, որ դուրս կգանք մի փոսից, որից ոչ թե ելքեր ենք փնտրում, այլ վշտացումներ… Փոսից-փակուղուց դուրս գալու համար անհրաժեշտ ուժը սպառում ենք, մսխում…

29.07

– Ի՞նչ եք կարդում հիմա, ի՞նչ է դրված ձեր սեղանին,- հետաքրքրվում է իմ օրագրի համառ ընթերցողը։
Մխիթարյան հրատարակության «Գրական ցոլքեր» շարքից՝ Արփիար Արփիարյան ու Միսաք Մեծարենց։ Այդ շարքի գրքերը «դպրոցական գործածության համար պատրաստված գրական և դաստիարակչական պահանջներու համաձայն» բերել եմ կրթահամալիր 1991-ին, երբ Երևանի  փոխքաղաքապետի, Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակում ուղեկցում էի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին Վենետիկ-Սուրբ Ղազար։ Շարքը հավանում եմ։ Տեղն է հարցնեմ՝ ինչպե՞ս է այն հիմա գործածվում. արձագանքեք։ Մեծարենցը, գիտեք, իմ թուլությունն է, իմ մորֆին, որ ես ընդունում եմ անհրաժեշտ չափով, ըստ հարկի, նաև քննչական մեկուսարանում 1999-2001 թթ գտնվելու շրջանում…

Տո՜ւր ինծի, Տե՜ր, ուրախությունն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պես զայն ժողվեմ ճամբուս վրան՝
Նայվածքներուն մեջ ամենուն և ամեն օր…

Արփիար Արփիարյանի «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» արտահայտությունն իմ քաղաքական գործունեության բնաբանն է, և՛ 1998թ. ՀՀ նախագահի ընտրություններում, և՛ ՀՀ ԱԺ 2003թ․ ընտրություններում իմ թեկնածուական ծրագրի գլխագիրն է, 1988-92թթ․ իմ քաղաքական հրապարակումների ժողովածուի անունը։ «Կարմիր ժամուցը և կարգ մը մանր յօդուածներ, ինչպես նաև ամբողջ Օրուան կյանքը շարքը լի են այս երգիծաբանի ճշմարիտ առաւելութիւններով, որոնցով օժտած է ան մեր գրականութիւնը… Իր կուսակցական գործունեութիւնը կը կարօտի քննութեան, հարազատօրեն մեկնաբանուելու համար։ Ստոյգ է այս ամէնը, բայց անկարելի է իր մէջ գտնել վատութիւն, մատնութիւն և ճշմարիտ ազգասիրութիան պակաս»,- գրում է «Գրական ցոլքերի» առաջաբանում Հ․ Ճանաշյանը և ավելացնում․ «Մեռաւ եղբայրադաւ գնտակէ մը, Գահիրէի մեջ։ 1911-ին իր գերեզմանին վրայ բարեկամները կանգնեցին յուշարձան մը իր գրական կեղծանուններու արձանագրութեամբ»։

30.07

Համաձայնեք, որ մի տեսակ սովորական դարձած, բայց տարօրինակ վիճակ է. քո ողջ օրվա 14 ժամը ընկերներիդ հետ Բանգլադեշի արևի տակ, կրթահամալիրյան, հուլիսյան նախագծերին տրված՝ կառուցումի, ստեղծումի վաստակումով հանգչես, արթնանաս ու մեդիայով Խորենացի փողոցից քո աշխարհ ներխուժեն պատերազմ հիշեցնող տեսարաններ, լուրեր, ճիչեր, գուժկաններ… Գրիչը պիտի չընկնի ձեռքիցդ. ավելին, պիտի չշեղվես քո ճամփից, պիտի չշպրտես ամեն ինչ` գործերդ, ու թեքվես դեպի Խորենացի փողոց… որտեղից եկել ես… սկսած 1988-ից, որտեղ թվում է` անցկացրիր ողջ գիտակից կյանքդ…

«Իսկ մանկական երկաթուղում կենսունակության՝ ապրող ձայների, տրամադրության, կանաչի հոտի, խոնավության, ամենասովորական խմելու ջրի պակաս կա… Լքված է մի տեսակ…»:
Արմինե Թոփչյանն է արձանագրողը, հավաստի է: Պատկերացրի՞ք. Բանգլադեշյան մեր լողափնյա մանկական ճամբարների աշխույժ երթը Սեյրանի բարձունքով Երևանյան լճի, Հաղթանակի կամրջից վերև, Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից Հրազդանի կիրճով մինչև կիրճի` մանուկներին պարգև «Մանկական երկաթուղի» կոչվող այգի-ընդարձակ տարածքը… անկենդան, առանց ձայների՞… Ինչո՞ւ…

Իսկ Սեյրանի բարձունքում օրվա վերջում, ժամը 7-ի 8-ի շրջանում, ես իմ քարի վրա եմ, իմ դիրքում… Սա իմ` երևանցի Աշոտ Բլեյանիս կիրճով-գետով, Մասիսի հեռանկարով ծովն է, ու ես իմ դիրքը, իմ վայելումը չեմ փոխարինի… Ես իմ ընթացքն ունեմ, հակառակ մեծամասնությանը, ինչպես այսօր, Խորենցու փողոցից հեռու, բայց իմ ընթացքը…
Ես չեմ հավատում, որ մեր հասարակական-քաղաքական կյանքում փոփոխություններ կլինեն առանց Հրազդանի կիրճում, լճում, մանկական այգիներում, բակերում մեր կյանքում կենդանության, մեր կենցաղավարության, մեր պարկեշտության փոփոխության: «Մի գրոհով» չի լինում, ավելին
 մի զոռը կարող է ընդամենը մեկնարկ-կարևոր խթան լինել, բայց հետոն է որոշիչը, ամենակարևորը ընթացքն է, նրա անընդհատությունը, քո ջանքերի անդադրությունը, քո նպատակասլացությունը…
Խորենացի փողոցի այսօրն է կարևորը, նրա մասնակիցների հավատարմությունը, անընդհատությունը, իրենց հարազատությունը ինձ-մեզ, իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին… Եվ ինչ լավ է, որ այսօրվա, շաբաթվա օրվա մեր ընթացքից՝ մեր ուսանող, մեր դաստիարակ Օլյա Մանդալյանի մկրտության օրից ինձ՝ Մկրտության կնքահորը, չի շեղի Խորենացու գիշերը… Կներեք…
Կնքահայրն ու իր մկրտությունները. այդ մասին` իմ կիրակնօրյա գրում…
Մյուսը ո՞րն է՝ շարունակե՞լ աղճատումը, կտրտումը քո կյանքի ժամանակի, մեր իրականության-հայրենիքի կղզիացումը-լքումը՝ ճակատամարտերի միջոցո՞վ…

01.08

«Սասնա ծռերի» տղաները ռազմագերու կարգավիճակի ընտրությամբ երեկ նախ մեզ՝ ինձ ու ինձ նման հազարներին ազատեցին պատանդի կարգավիճակից, որում հայտնվել էինք մեր կամքից անկախ, 2016-ի հուլիսի 17-ից, երբ հայտնի խումբը մտավ Երևանի Խորենացու վրա գտնվող ՊՊԾ պահակակետ՝ էպոսի նոր շարունակությունը սկսելու, այս միջոցով իրական հերոսներ դառնալու ուղին բռնեց, հայաստանյան հասարակության օրակարգային խնդիրները քաղաքական հարթակներում ձևակերպելու-հանրայնացնելու, դրանց լուծումը կազմակերպելու հնարավորություն ընձեռեց՝ մատնանշելով քաղաքացիական հասարակության համար իր իրավունքների, իր արժանապատիվ կյանքի, Արցախի խնդրի կարգավորման՝ հակաբռնության խաղաղ ուղին… Իմ օրագիրը-բլոգապատումը այդպիսի հնարավորություն տալիս է․ երկու շարք իմ արձագանքների՝ մեկ տարում երևանյան երկու փողոցների բռնկումների՝ Բաղրամյան և Խորենացի, իմ պատմությունը օրագրի ձևով, ժամանակ ունեք, թերթե՛ք… Ես հո ամոթով չմնացի՞… կամ մնացի՞ Նոր ուղի՝ իմ կրթահամալիրի Բանգլադեշի ճանապարհին, ոտքով, թե նժույգի վրա, միշտ ընթերցողի հետ ու այդ ընթացքում իմ նոր հարթակներով-բարձունքներով․ դուք վերջինը գիտեք օրով՝ Սեյրանի բարձունքը․․․ Հետևե՛ք իմ օրագրին ու բարձունքավորվեք, որ չբարդույթավորվեք․․․

02.08

Յուրա Գանջալյանն ինձ իմ օրագրի ընթերցողի առաջ սևերես չարեց։ «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համագումարում Ֆրանցիսկոս պապի ուղերձը ամբողջական հայերեն թարգմանելու իմ խնդրանքը նա իրականացրեց իրեն բնորոշ մասնագիտական բարեխղճությամբ։ Ի՜նչ լավ է, որ իմ օրագիրը, ինչպես մեր մեդիան, երկկողմանի աշխատում են հայոց ճանաչելիության համար. մի ուղղությամբ սեբաստացի սովորող-ուսուցիչ շարունակ ու օպերատիվ, որպես ուսումնական աշխատանք, հայերեն են դարձնում առաջադեմ արդիական ու դասական բազմալեզու տեքստեր, մյուս ուղղությամբ ստեղծում նաև այլալեզու ընթերցողի պահանջարկ ունեցող մանկավարժություն։

Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհ չենք եկել «բուծվելու», թեթև ապրելու, մեր կյանքը քնելուն հարմար բազմոց դարձնելու: Ո՛չ, մենք այլ բանի համար ենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքով առանց որևէ հետք թողնելու անցնելը: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը:

04.08

…Մենք, որպես առանձին ժողովուրդ, չունենք ինքնուրույն պատկեր ու բովանդակություն, և հանդիսանում ենք միմիայն իր աղավաղումը։
Հովհաններ Թումանյան, 1909թ․ «Մեծ ցավը»

Հ․Թումանյանի «Մեծ ցավը» հոդվածը իմ օրագրի ընթերցարանում է․ կարդացե՛ք հիմա ու նոր շարունակեք ընթերցումը գրի։ Վաղուց ընդհատված կլիներ, չէր լինի այս՝ թվով 751-րդ գիրն անընդհատ, եթե ուղղված չլիներ «ինքնուրույն պատկեր ու բովանդակություն» ստեղծելուն, իմ ու իմ ժամանակի, հասարակության ու նրա կյանքի աղավաղման հաղթահարմանը․․․ 1990-ին «Արևիկ» հրատարակչությունը, ուշադիր, տառերով եմ գրում՝ երեսուն հազար տպաքանակով (դասագրքի տիրաժ) հրատարակեց «Որն է մեր ճանապարհը» ժողովածուն, որի կազմողն ու առաջաբանիհեղինակը ես եմ։ Առանց Կտրիճ Սարդարյանի այս գործը գլուխ չէր գա, իհարկե։ «Բարձր դասարանցիներին ու երիտասարդությանն ուղղված հոդվածները նպատակ ունեին …ինչ-որ չափ լրացնել այն բացը, որ այժմ գոյություն ունի հայրենի պատմության նորագույն շրջանի ուսումնասիրության գործում, նրանց կողմնորոշել Հայաստանի ապագայի խնդիրներում»…Այսպիսին է հրատարակչական նպատակը։ Սրան էր ուղղված նաև իմ նախաձեռնությամբ, կրթահամալիրի «Շաղիկ» հրատարակչության «Հայ քաղաքական միտք» մատենաշարի հրատարակչությունը, որի առաջաբանի գրելու պատիվը ունեցա ես՝ «Պահին ասված ճշմարիտ խոսքը գործողություն է դառնում» վերնագրով․․․

Մատենաշարը, որ Կտրիճի մասնագիտական աջակցությամբ գլուխ եկավ, ունեցավ երեք հրապարակում 1994թ․՝ Լեոյի «Թուրքահայ հեղափոխություն գաղափարաբանություն» Ա և Բ գրքերը, Հ․ Քաջազնունու «Հայ հեղափոխական դաշնակցությունը անելիք չունի այլևս», Եղիշե Ա․ Քահ․ Գեղամեանցի «Տաճիկները Կովկասում եւ Բագուի անկումը» մատենաշարը, որի ամեն գիրքը 5000 օրինակ ունեցավ, ընդհատվեց։ Չունեցանք ընթերցողական աջակցություն, ում դիմել էինք շիտակ յուրաքանչյուր գրքում․ «Ուզո՞ւմ եք օգնել մեր մատենաշարի հարստացմանը։ Մենք ձեր օգնության մեծ կարիքն ունենք։ Ով՝ իր բարի կամքով, ով՝ տարածելով այս գրքերը, ով՝ առաջարկելով նոր գրքեր, նոր մտահղացումներ․․․ Ով՝ նյութապես, մեր կրթօջախի արտբյուջետային հաշվին գումար փոխանցելով-մուծելով»։ Չզորեցի՞նք, չկարևորեցի՞նք։ Մատենաշարն իր գլխագիրն ունեցավ ու մնաց. դրանում և «Նոր ուղու» կոչն է, մեր քաղաքական-հասարակական ջանքերի թիրախը․․․

Կան այնպիսի ժողովուրդներ, որոնց սկզբնական դաստիարակությունն այնքան անբավարար է, և որոնց բնավորությունը՝ կրքերի, անգիտության և կեղծ հասկացությունների այնպիսի տարօրինակ խառնուրդ, որ նրանք չեն կարող ինքուրույն գտնել իրենց փորձանքների պատճառները․նրանք զոհվում են իրենց կողմից  չգիտակցվող չարիքների ծանրությունից։
Ալեքսիս Թոքվիլ

Ինչո՛ւ եմ այս ամենը պատմում․․․ Վերնագրում դրա պատասխանը կա՝ բարև, ես եմ։ Պատրաստում եմ ընթերցողին. քանի՜ տարի է անցել, իմ գործընկերների, սաների, ընթերցողների նոր սերունդ է եկել, ինչո՞ւ չօգնեմ ինձ ավելի լավ ճանաչելուն։ Եվ վերջին մեջբերումը իմ ու ձեր «Մեծ ցավից»՝ մեզ չճանաչումից․

Մտածում ենք՝ ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել․․

05.08

Ստատուս քվոյի նոտարները, որ սսկվել էին իբր Խորենացի-փողոցի՝ քաղաքական նոր հարթակի առաջացմամբ, հիմա դիրքերը արագ կպնդացնեն. Ազատության հրապարակը՝ որպես Խորենացու փողոցի՝  ստատուս-քվոյի իշխանությանն ու նրա ընդդիմությանն ընդունելի այլընտրանք, ստատուս-քվոյի հաստատման ճանապարհային քարտեզի քայլերից էր, նույն այդ քայլերից են ինչ-ինչ հրաժարականները... Հետո էլի քայլեր… Ազատության հրապարակի չեզոքացում, մասսայական բերման ենթարկումներ... «Իրատես»-ի համարներից մեկում, թերթային տարբերակով, շնորհիվ Աշոտ Տիգրանյանի, որ շարունակում է ինձ բաշխել կամ ուզում է բաշխել ինչ-ինչ թերթեր, որ առանց իրեն ես հանդիպողը-կարդացողը չէի, կարդում եմ լրագրող Անահիտ Ադամյանի հոդվածը, որ ստատուս քվոյի հոմանիշն ունի՝ անփոփոխ Հայաստանը, մեջ եմ բերում, իր այս «եզրույթի» վերջին բացատրությունը.

Հայաստանում չի փոխվում ոչինչ ու չի փոխվելու, քանի դեռ ոչինչ չի փոխվել ու չի փոխվում Ռուսաստանում, իսկ նրանք գործում են կացնային քաղաքականության ու քարոզչության մեջ: Մոսկվային անկայունությունը տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում օդ ու ջրի պես է պետք: Հարավային Կովկասի պետությունները չպետք է միմյանց հետ հաշտ լինեն ու համագործակցեն հարևանների հետ, տարածաշրջանում չպետք է միջազգային տնտեսական ծրագրեր լինեն, որտեղ չկա Ռուսաստանը, կոնֆլիկտները և ռազմական բախումների հավանականությունը լավագույն միջավայրն են, որ ապահովում են ռուսական շահի սպասարկումը: Սա պատմություն է, որ անվերջ կրկնվում է՝ տարբեր դրսևորումներ ու անուններ ունենալով… Ու այդպես ամեն ինչ մնում է նույնը:

Լավ, չգիտեինք՝ կարդացինք, իմացանք։ Բայց ես իմ գրերում խոսել ու խոսում եմ մեր՝ ներքին մարդու ու նրա «ներքին քաղաքականության», ներքին ստատուս քվոյի ու նրա հաղթահարման մասին, որ կարող է դառնալ Հայաստանում ապրող մարդու կյանքը, կյանքի գործը… Մյուսը ո՞րն է՝ Հայաստանից պանդխտելը Ռուսաստա՞ն, Ռուսաստա՞նը փոխելը․․․

Այս օրերին Խորենացի փողոցում, Ազատության հրապարակում, Ազատության հրապարակ-Խորենացի երթերում հնչում է «Սասնա ծռերը մենք ենք» բարձրաձայնումը։ Էպոսի՝ ժողովրդի ստեղծագործության, նրա նշանակության բացառիկության, նրա ազդեցության ուժի մասին է խոսում մինչև հանրային մտածողության-շարժման դրսևորում… Ահա ինչու, ես իմ ընթերցարան եմ բերում Հ․ Թումանյանի գողտրիկ հրապարակումները այս… Կարդացե՛ք, կատակ բան չէ, գոնե 1000 տարի գրավոր ու բանավոր, հատկապես բանավոր պատումով, ոչ միայն ուսումնական հաստատության ծրագրի ու միջավայրի, այլև ընտանիքի-փողոցի, փսփսոցի հասնելու աստիճանի էպոսն ազդել ու ազդում է, կա մեր կյանքում… Կա՝ ինչպես… Վարդանանց պատերազմը՝ իր նահատակ Վարդան զորավարով ու հերոսի դափնիով… Այստեղ էլ, ահա, Եղիշե Չարենցի «Զրահապատ «Վարդան զորավար»-ն եմ առաջարկում կարդալ…

Իսկ ես անցում եմ կատարում դեպի իմ Բանգլադեշ, իմ կրթական ապրումի-ստեղծումի աշխարհ։ Կատակով չեմ ասում․ իմ հանգստի ռելաքսի-խորասուզումի-ընկալումի վայր ու ժամը՝ առտու և երեկոյան ութին «Սեյրան» բարձունքում իմ քարն է, քարից իմ հայացքը Արարատին՝ Հրազդանի գետով-կիրճով-ծովով Երևանյան ու նրա շուրջ ձգվող աշխարհով…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ձյան և անձրևի, կյանքի և անշարժության միջև՞

Ոˊչ երկնիշը, ոˊչ եռանիշը, 553-րդ համարի գիրն է, ոˊչ բուքը, ձյունը-տեղատարափը (հիմա գրում եմ՝ անձրևում է պատշգամբից այն կողմ), ոˊչ հին ու նոր տարին, ոˊչ համաճարակը՝ խոզի բերած գրիպով ու

Չպետք է սիրասթափվել. հրաշքի սպասումը ծնում է լուրջ ընտրողի պակաս

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:

Ես ասում եմ 30 տարի և ավելի՝ սովորել, սովորել, սովորել…

— Գիտե՞ս, այսօր աշնան առաջին օրն է, ամառն էանց, Դավիթ Բլեյան, շնորհավոր: — Հա՞, ո՞ւմ ծնունդն է այսօր: — Սեպտեմբերի… Դավի՛թ: Այսօր ծնվեց 2015-ի սեպտեմբերը… Սովորելն ինձ համար դպրոցում, բուհում,