«Բուն» TV-ում իմ 2014թ. մայիսի 31-ի տեսազրույցն անպայման նայեք: Իմ այս օրագիրը սկզբում ես մտածում էի անել տեսազրույցների շարքի ձևով՝ որպես ժամանակակից հանրամատչելի մանկավարժության գրավիչ եթերապատում… Խնդիրը մեկն է՝ մեզանում կենդանի մանկավարժական բաց-հանրային խոսակցություն հրահրել-կազմակերպելը… «Բուն» TV-ի հաղորդման անմիջական հանրային ակտիվ–դրական խրախուսող արձագանքը գործուն ազդեցություն ունեցավ արագացնելու այդպիսի խոսակցության տարրերը՝ բոլոր հնարավոր, առկա, հանրապետությունում գործող TV-ներում մանկավարժական-կրթական խոսակցության ծավալում, ստեղծագործական բաց հավաքներ, հարցազրույցներ, արձագանքներ, կրթահամալիրի «Դպիր» ամսագրի գործունեության նոր շեշտադրումներ, կրթամշակութային արշավներ… «Սեբաստացիներ» երգչախումբը՝ որպես նորարար մանկավարժների հավաքանի, մշակույթ և կրթություն է կենդանի ներկայացնում մարզային արշավների ձևով։ Մանկավարժական բաց ակումբ, ծնողական բաց ակումբ, մանկավարժական աշխատողների հունիսյան ճամբար Երևանում և արտագնա 3-5-օրյա ճամբարներ…

Ո՜նց հաստատվեց այս կալվածատիրական, ավատատիրական հատվածական Հայաստանը… ո՞նց թույլատրեցինք… Տեսեք. հայտնի կրթահամալիրը՝ իր ստեղծական ներուժով, իր նույնքան հայտնի տնօրենի առաջնորդությամբ 2-3 օրով մեկնում է նախօրոք հայտնի երթուղով, խնամքով նախապատրաստած ծրագրով՝ կրթահամալիրի mskh.am-ով և երգչախմբի հայտնի բլոգով ներկայացված, բոլոր դպրոցների ղեկավարներին, մարզի կրթության վարչության ղեկավարին, քաղաքապետ-գյուղապետերին հարգալից դիմումներով, մեր տրանսպորտով, մեր ծախսերով… Երգում ենք սիրով ու լսելի, եկեղեցիներում՝գործող ու խոնարհված, համերգային դահլիճներում ու հրապարակներում, մանկավարժական հանդիպում-քննարկումներ նախաձեռնում՝  իրական խնդիրների գրավիչ մեկնաբանություններով…

Խոսելու ենք անկեղծ, բաց ու անդավաճան, ինչպես հայտարարել եմ ես «Մոբիլ ու ստեղծական 25 տարի» հաշվետու համերգ-ցուցադրություն-ներկայացումների մեկնարկի առիթով։ Ախր, իմ, իմ անձի պարտադրանքն է, իմ անձնային կապերի համախմբումը… Ախր, չկա նախաձեռնության աջակցում, ախր, կյանքի-կենդանության-հավեսի այնպիսի՜պակաս կա. ու բոլորը մի բերան արդարանում են… Եթե այս ինքնարդարացման, անմեղսունակի, զոհի, դատապարտվածի կերպարի ստեղծման, պահպանման ու տարածման միջոցներն ուղղվեին պարզապես նախաձեռնությանն աջակցելու, առաջարկված-բերված մանկավարժական խոսակցությանը քո նպաստը բերելու…

1988թ. աշնանն էր. ես երեք Աշոտներից (ականջներդ կանչի, Աշոտ Մանուչարյան և Աշոտ Դաբաղյան) մեկն էի, Բաքու դեռ չէի գնացել, ՀՀ կրթական համակարգը դեռ չէի ավերել, բերդ ու բաբան չէի խորտակել… Այսպես ու այսքան հայտնի չէի…. Մի թավ ձայնով երիտասարդ է այցելում թիվ 183 դպրոց, որի տնօրենն էի ես, ու առաջարկում հանդիպում մանկավարժական լսարանի հետ… Կապանում, տոմսի արժեքը՝ ինքնաթիռով, անվճար հյուրանոց, սպասող ունկնդիր…

Երբ Յակ 40-ով իջա Կապան (1-ին անգամ իմ կյանքում), 33 տարեկան մի կրակի կտոր էի։ Ինձ հարգալից դիմավորեցին օդանավակայանում, հետո ուղեկցեցին Կապանի հյուրանոցի իմ համարը, հետո՝ ճաշ… Հանդիպումը հաջորդ օրն էր։ Երեկոյան քայլում էի ինձ անծանոթ Կապանով, ու հանկարծ կենտրոնական հրապարակում, ամենաերևացող ցուցափողկում, ամենակարդացվող կիրթ-մեծ հայերենով գրված էր՝ հանդիպում հայտնի մանկավարժ Աշոտ Բլեյանի հետ… Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում… Պարզվեց՝ քաղաքի ամենահարգելի դահլիճներից …

Մյուս օրը, հայտարարված ժամին, երբ ուղեկցությամբ մտա երաժշտության խնամված հաստատության նույնքան խնամված դահլիճը, կարկամեցի… Այդպիսի դահլիճ, ունկնդիրը՝ ոգևորված, լիքը, կենդանի… Քանի՞ տարի է անցել՝ 26, քանի՞ դահլիճ եմ տեսել՝ Հայաստանով 1000 ու մի… Ցավոք, միակ դեպքն է, որ ես չեմ նախաձեռնել, ինձ հարգալից հրավիրել, կազմակերպել և սպասել են… Իմ, իմ կրթահամալիրի, Բլեյանի մանկավարժության 1000-ի շրջանն է՝ նույնքան ոգեղեն, ինչպես 1988-ին, բայց փորձառու, իմաստնացած, ակնհայտ (ափաշքյարա), ու թվում է՝ մեր հոբելյանական տարին պիտի անբռնազբոս նախաձեռնությունների, մանկավարժական կյանքի կենդանի հանդիպումների շրջանով սկսվի…

Հասցրեցի. և՛ Նվարդ Մանասյանի «Բուն» TV-ի ելույթը նայեցի, և՛ մեր նախակրթարանների սաների բլբլոց-տեսանյութերը… Դավիթը Մսրա Մելիքի քուն է մտել… Խառը ժամանակներ են, ու Դավիթը երբեմն-երբեմն մրափում է… Սուսան Մարկոսյանը կասեր՝ եղբայրներ են… հարազա՞տ… Մեզանում, մեր մեջ հաստատ՝ Սասունցի Դավթի և Մսրա Մելիքի չավարտվող կռիվը…

Իսկ ես շտապում եմ Բանգլադեշ, ժամը 8-ին Սուրբ Երրոդություն եկեղեցու մոտից պիտի Ստեփանավան՝ մեր կազմակերպած «Հնեվանք» արտագնա ճամբարը ճանապարհեմ 5-6-րդ դասարանցիների մի խմբի: Հետևեք նրանց, հետևեք մեր արտագնա ճամբարներին Հայաստանում և Արցախում, նրանք կշատանան։ Նրանք հայրենաճանաչության, ստեղծականության, ուսուցման ամենաարդյունավետ ձևերն են, նրանք մենք են՝ սեբաստացիները՝ ստեղծական ու մոբիլ, ինչպես իրենց ծնած մանկավարժությունը։

Հ. Գ. Նորից «Բուն» TV-ին անդրադառնամ։ Գիտե՞ք՝ ես հարյուրավոր եթերներ եմ ունեցել։ Բայց… «Բուն» TV-ի երիտասարդ աշխատողները, որ կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանում մեր հասարակագետ Վահրամ Թոքմաջյանի հետ, նրա ակումբում «Ընթերցելով պատմության դասագիրքը» հաղորդաշարի նախագիծն էին սկսում, ինձ իմ աշխատավայրում խնդրեցին այցելել «Բուն» TV-ի տաղավար-կենտրոն՝ զրույցի՝ ճշտելով ինձ հարմար օրն ու ժամը։  Երբ ես մտա Դեմիրճյան փողոցի շենքի առաջին հարկում ծվարած համեստ, շատ համեստ տարածքը, ժպտացի։ Իրենց նման էր՝ ազատ ու հետաքրքիր, խելամիտ կազմակերպված: Միացրեցին տեսախցիկը ու առաջարկեցին խոսել ինչից ուզում եմ: Ես խոսեցի 37 րոպե: Իմ մանկավարժությունից: Շնորհակալ եմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անջատեք խոսափողը, որ ավելը վերցնեք…

Որ ձյունը կհալվի միանգամից Երևանով մեկ, չգիտեի՞ք, ու կբացի մեղավոր ձյունը փողոցների-մնացած պուրակների ողջ  կեղտն ու փոշին՝ աղբը, գիտեի՞ք, չէ՞… Մայրաքաղաքում՝ Չարենցի քաղաքում երեկ ներշնչանք չկար, ու… բերել էինք այն,

Այսպես․․․ կրակի ու ծխի բերանին․․․ հնի ու նորի սահմանագծին․․․ մարզական

Այս ե՜րբ գնաց սեպտեմբերը՝ իր ուսումնական տարով, որ հիմա էլ գալիս է, նորի իրավունքով, իր հերթական տարով ուսումնական՝ 2017-2018։ Մեզանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում, սեպտեմբերը երկու-երեք օր շուտ է գալիս, այս անգամ

Մոտավորապես նույն բարձրության վրա, նույնքան հարազատ Գյումրի և Շուշի

Հարմարավետ ավտոբուսը՝ «Էլիտբուս» իսկական, պայծառ օրը, սիրելի մարդկանց՝ կրթահամալիրից, Ջավախքից, Գյումրիից, Սոֆիայից սովորող-ուսուցիչների ճամբարային ընկերակցությունը ուսումնական աշուն-նախագծային կդարձնե՞ն Երևան-Գյումրի ճանապարհը, թե՞ ավտոբուսը անհոգության ժամերի է տրամադրում սոսկ… Այն ավտոբուսը, որտեղ