Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի համաշխարհային օրն է: Քանի որ կիրակի է այս անգամ, Հայաստանում նշել սկսում են հոկտեմբերի 3-ից՝ հավաք, ուտուշ-խմուշ, ճառեր, որ շարունակվում են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին դպրոցի, համայնքի, մարզի, նախարարության, կառավարության, եկեղեցու թեմերի, կաթողիկոսի ձևաչափում՝ իրար փոխանցելով նույնը կիրակի օրը… Տարիներ առաջ մենք նշում էինք ուսուցչի օրը հոկտեմբերի 1-ին շաբաթվա կիրակի օրը՝ շարժական տոն էր… տեղական: Հետո պաշտոնապես միացանք ուսուցչի միջազային օրվան, որ ամեն տարի, հոկտեմբերի 5-ին, սկսած 1994 թ.-ից, նշվում է որպես Ուսուցչի համաշխարհային օր: Դա բոլոր ուսուցիչների, դասախոսների և կրթության ոլորտի աշխատողների պրոֆեսիոնալ տոնն է: ՅՈւՆԵՍԿՕ-ն և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Երաշխիքներ ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ» փաստաթուղթը: Ծանո՞թ են Հայաստանի ուսուցիչներն այս փաստաթղթին. որտե՞ղ կարդաս: Վարձու աշխատող, ամեն ուստարվա սկզբին կրճատման մազից կախված, անապահով ուսուցիչը պայքարու՞մ է իր կարգավիճակի համար. ինչպե՞ս: Գուցե ամեն տարի հոկտեմբերի 5-ը պիտի դառնա այդպիսի պայքարի գլխավոր՝ ստուգատեսի մեկնարկային օր: Թե՞ ես քաղաքականացնում եմ տոնը:
Կրթահամալիրի տոնացույցում արժե ամրագրել մեր ավանդական դարձող ֆլեշմոբ-բացօթյա համերգը՝ նվիրված ուսուցչին, որ այս անգամ այդքա՜ն ոգևորվածություն առաջացրեց «Երևան» ցուցասրահ-տաղավարում «Դիջիթեք Էքսպոյի» օրերին: Կարծում եմ՝ արժե ամրագրել նաև Ուսուցչի օրվա առթիվ ուխտագնացություն-քայլարշավը… Էլ ի՞նչ: Եվ, իհարկե, իրավական կլոր սեղանը՝ «Երաշխիքներ ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ» օրակարգով… Հիմնական աշխատավարձերի, պարգևատրում-մրցանակների, լրավճար-հավելավճարների ֆոնդերը, որ կրթահամալիրում ձևավորվում են և բաշխվում բաց, մեր հնարավորությունների առավելագույնի չափով, ուսուցիչների ընդունելության-ազատման բաց արդար համակարգերը, իրավա-պայմանագրային հարաբերություններին հավատարմությունը ուսուցչի կարգավիճակի մեր այսօրվա երաշխիքներն են։
Ես հետևում եմ ինքս ինձ. իմ օրագրի թարմությունը հարգանքի դրսևորումն է իմ ընթերցողի նկատմամբ, ով իմ բարեկամն ու գործընկերն է՝ անկախ իմ, իմ մանկավարժության ու քաղաքական գործունեության նկատմամբ հայտնած-չհայտնած վերաբերմունքից… Սրանից էլ կարևոր պայմա՞ն փոխադարձ հարգանքի՝ որպես հիմք ներառող, հանդուրժող հասարակության, որպես Հայաստանին պակասող համակեցության ձև՝ ուշադիր ընթերցումը, լսումը խոսքի… Հանկարծ օրապատման արանքում իմ գործունեությունը, որևէ TV-ով, ԶԼՄ-ով արտահայտած խոսքը չգա օրագիր, չդառնա իմ օրագիրն արդեն հրապարակվածի վերապատմում… Հղումներով, իհարկե, ուղեկցվում է իմ պատումը. ահա ձեզ ընտրություն՝ Ուսուցչի օրվա առթիվ կկարդա՞ք «Թերթ.am»-ի այսօրվա հրապարակումը, «Երկիր մեդիայի» այս հեռուստահաղորդումը…
Կրթահամալիրից, նրա Բանգլադեշից դուրս իմ գտնվելը, ուզում է դա լինի TV հաղորդում, հավաք-հանդիպման հրավեր, իմ աշխատանքն է. ես գործում եմ, տարածում եմ կրթական-հասարական հայացքները, մեկնաբանում, շրջանառության մեջ դնում իմ-մեր-ձեր նախաձեռնությունները։ Ինքնուրույն լինելը, հեղինակային լինելը ոչ միայն չի թույլատրում մեկուսացում, այլև պարտադրում է գործընկերային մշտական վիճակ. հակառակ դեպքում մենք կմնանք մեր հռչակումների, բանաձևերի, ցանկությունների ծիրում, չենք իրացվի-իրականացվի։ Ափսոս ենք։ Սուսոյի չսիրած, բայց տեղին՝ մեր բոլորիս կյանքի ժամանակը հաշված է, իսկ 60 տարեկան ամեն օր համառորեն դարձող Տիարի համար՝ հատկապես։ Ամենադժվարն ինձ համար, հարգելի գործընկերներ, սիրելի սեբաստացիներ՝ բոլոր տարիքի, որտեղ» էլ որ լինեք, տարիներ արածի կիսատ-պռատությունն է, որ անգամ մեկ օր, ևս մեկ հետաձգելը-հանդուրժելը անտանելի է, տանելի չէ այլևս։ Աշխատանքը, այո՝ ստեղծական և մոբիլ, իհարկե, բայց և… բարեխիղճ։ Ահա և երրորդության մեր այս շրջանի խորհուրդը. կարծեմ փնտրում էիք։
Այս օրերին հանդիսությունների արանքում ես աշխատանքային կարճ, ոտքի վրա հանդիպումներ ունեցա ՀՀ վարչապետի, կրթության և գիտության նախարարի ու փոխնախարարների, Երևանի քաղաքապետի և փոխքաղաքապետերի, Արարատյան հայրապետական թեմի Սրբազան հոր, ԱՅԲ-ի ղեկավար տեր Մեսրոպ վարդաապետի, տասյնակ այլ գործընկերների, պարզապես բարեկամների հետ։ Ունեցա պայմանավորվածություններ։ Բարեխղճությունը հենց այս մեկնակետից է արժեք, մինչև պայմանավորվածությունների իրագործումը, անկախ արդյունքից։ Հետևողական բարեխղճության ավելցուկ լինո՞ւմ է… հարցնում եմ։ Կարող եք պատասխանել, արձագանքել «քոմենթի» ձևով։
Ուռա՜, մեկնարկել է «Երևանը բլուրներից» նախագիծը։ Այ, սա գործ է…