Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է գրում, խելացի, անբռնազբոս ու այդպես էլ երգում է… թախիծն էլ է ուրախ… Ես ավելացրի՝ տանջանքն էլ, ու հիշեցի Տերյանին Վահան.

Տխրությունս անուշ է, որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում:

Սեբաստացի Լիլիթը Տերյանի աշխարհում եղել է, իհարկե։ Զրուցակիցս շարունակում է.
— Լիլիթը, հաստատ, կենսուրախ, հումորով մարդ է…
Հա, Լիլիթի հումորը ես հավանում եմ, միակ բանը, որով մայրիկին է քաշել. առանց զարգացած ու մշտական հումորի Կարինեն ո՜նց կարող էր 1976-1996 թթ (մամա ջան, քսա՜ն տարի) հանդուրժել ինձ` քիչ է, ու այսպես, մեկը մյուսից հումորով-արժանի (կարոտեցի աղջիկներիս) երեք աղջիկներ պարգևել: Իսկական պարգևն այսպիսին է լինում. շնորհակալ եմ Կարինե Ջանոյանին և´պարգևի, և´ քսան տարվա կենսուրախության համար…

Լիլիթին հանդիմանում եմ՝ Սոնային շուտ-շուտ բեր, Դավիթը կանչում է, Դավթին անհրաժեշտ է Սոնան…

— Կարող է, հայրիկ ջան, Դավթին օգտակար էլ լինի, բայց դուք օտար չեք, քեզ ու Արմինեին եմ խնայում… Սրա տեսքին մի´ խաբվեք…

Ու, ինչպես Գրիգոր Խաչատրյանը կասեր, Աստծու պատիժ-նվեր Սոնուլն Ուսուցչի օրն անցկացրեց մեր տանը… Իմ գործը հեշտ էր, ես պիտի մասնակցեի երկու հանդիսության և մեկ հեռուստահաղորդման, դիպվածով հանդիպեցի իրենց որոշումներում (բոլորն էլ Սոնուլից բխող) միջամտություն չհանդուրժող այս զույգին… Տան ինչ կա չկան որ համարում են իրենցը. Դավիթը բարձրաձայնեց.
— Սրանք ձերը չեն, մերն են, չէ՞, Սոնա։

Հավաքեցին Դավթի սենյակում, հետո էլ, իմ բացակայությամբ, ամբողջը տեղափոխել են իմ անկյունը…

Իրիկունն ութին-իննին որ տուն մտա՝ տեսարան… Քունս տարավ… Էս պիտի հավաքվի… Չինացին է, կարծեմ, ասում՝  առանց ժպիտի (հումորի) կրպակը մի՛ բացի։ Շարունակեմ՝ առանց հումորի չի կարելի երեխա ունենալ: Հումորը և սրանից ծնված երեխաներն են, որ Հայոց աշխարհն այլ կարող են դարձնել…

Ահա կիրակնօրյա պատումներ, որ պատառիկների ձևով գրի առավ, հավաքեց և, համեցեք, վայելքի է ներկայացնում Տիարը՝ տնօրեն-հայրիկ-պապիկ եռամիասնությունը։

Մի շրջան հինգ տարեկան Սոնուլ սեբաստացին այցելել է «իր Դավոյին» և գտնվել Չայկովսկի 30-ի 13-րդ բնակարանի տարածքում… Ի դեպ, Սոնուլը բերել է լիքը խելացի գրքեր՝ աուդիո-վիդեո ներդիրներով իր գրքերը, որոնցով մտածում է՝ սովորեցնի, խելոքացնի «իր Դավոյին»… Առողջություն ցանկանանք, իհարկե, Արմինե Աբրահամյանին:

Դավիթն ինքնիրեն խոսում է.
— Արևը մայր է մտել… Լուսինը դուրս է եկել… Դավիթը քնել է մուշ-մուշ. արթնացել արեգակի նման… Սպասում է Սոնային…

-Սոնան ե՞րբ է գալու, հայրիկ… Հայրիկը հո ապուշ չի, գիժ չի հայրիկը, կփախչի հայրիկը…
— Մայրիկ, դու մի՛ գոռա, գիժ ապուշներն են գոռում:

Դավիթը՝ Սոնային.
— Մաման տիպա, չէ՞… Մի´ մտեք մեր սենյակը,- դուռը երկուսով փակում են։

Էդքանը ձեզ հերիք չէ՞. եկեք, ջոկեք՝ որն է իրենը, որը՝ Սոնայինը:

— Այսօր էլ չի կարո՞ղ Սոնան գա մեր տուն, չէ՞, չի կարո՞ղ:
— Իրիկուն է (երեկոյան ժամը ութից ես վերադարձել եմ, Սոնայի հայրիկն ու մայրիկը եկել են ու գնացել, ափսոս, միասին… չնկարվեցինք)… հետո պիտի քնենք, որ գիշեր լինի…
— Ու առավոտը Սոնան գա՞, հայրիկ…
— Վաղը կարող ես տեսնել Սոնային Դպրոց-պարտեզում՝ առավոտյան:
— Չէ, ես չեմ գնա պարտեզ վաղը, ես գնալու եմ միայն դպրոց… Ես ուզում եմ առավոտը հիմա գա… Հայրիկ, Սոնան թող էլի շուտ գա…

Դավիթն արդեն անջատվել է, հանգել. ցերեկը չի քնել և գտնվել է Սոնայի մտային ազդեցութոյան ներքո… Վաստակած մեծացումն այսպիսի քնով է արտահայտվում…

Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի համաշխարհային օրն է: Քանի որ կիրակի է այս անգամ, Հայաստանում նշել սկսում են հոկտեմբերի 3-ից՝ հավաք, ուտուշ-խմուշ, ճառեր, որ շարունակվում են շաբաթ օրը՝ հոկտեմբերի 4-ին դպրոցի, համայնքի, մարզի, նախարարության, կառավարության, եկեղեցու թեմերի, կաթողիկոսի ձևաչափում՝ իրար փոխանցելով նույնը կիրակի օրը… Տարիներ առաջ մենք նշում էինք ուսուցչի օրը հոկտեմբերի 1-ին շաբաթվա կիրակի օրը՝ շարժական տոն էր… տեղական: Հետո պաշտոնապես միացանք ուսուցչի միջազային օրվան, որ ամեն տարի, հոկտեմբերի 5-ին, սկսած 1994 թ.-ից, նշվում է որպես Ուսուցչի համաշխարհային օր: Դա բոլոր ուսուցիչների, դասախոսների և կրթության ոլորտի աշխատողների պրոֆեսիոնալ տոնն է: ՅՈւՆԵՍԿՕ-ն և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրել են «Երաշխիքներ ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ» փաստաթուղթը: Ծանո՞թ են Հայաստանի ուսուցիչներն այս փաստաթղթին. որտե՞ղ կարդաս: Վարձու աշխատող, ամեն ուստարվա սկզբին կրճատման մազից կախված, անապահով ուսուցիչը պայքարու՞մ է իր կարգավիճակի համար. ինչպե՞ս: Գուցե ամեն տարի հոկտեմբերի 5-ը պիտի դառնա այդպիսի պայքարի գլխավոր՝ ստուգատեսի մեկնարկային օր: Թե՞ ես քաղաքականացնում եմ տոնը:

Կրթահամալիրի տոնացույցում արժե ամրագրել մեր ավանդական դարձող ֆլեշմոբ-բացօթյա համերգը՝ նվիրված ուսուցչին, որ այս անգամ այդքա՜ն ոգևորվածություն առաջացրեց «Երևան» ցուցասրահ-տաղավարում «Դիջիթեք Էքսպոյի» օրերին: Կարծում եմ՝ արժե ամրագրել նաև Ուսուցչի օրվա առթիվ ուխտագնացություն-քայլարշավը… Էլ ի՞նչ: Եվ, իհարկե, իրավական կլոր սեղանը՝ «Երաշխիքներ ուսուցիչների կարգավիճակի վերաբերյալ» օրակարգով… Հիմնական աշխատավարձերի, պարգևատրում-մրցանակների, լրավճար-հավելավճարների ֆոնդերը, որ կրթահամալիրում ձևավորվում են և բաշխվում բաց, մեր հնարավորությունների առավելագույնի չափով, ուսուցիչների ընդունելության-ազատման բաց արդար համակարգերը, իրավա-պայմանագրային հարաբերություններին հավատարմությունը  ուսուցչի կարգավիճակի մեր այսօրվա երաշխիքներն են։

Ես հետևում եմ ինքս ինձ. իմ օրագրի թարմությունը հարգանքի դրսևորումն է իմ ընթերցողի նկատմամբ, ով իմ բարեկամն ու գործընկերն է՝ անկախ իմ, իմ մանկավարժության ու քաղաքական գործունեության նկատմամբ հայտնած-չհայտնած վերաբերմունքից… Սրանից էլ կարևոր պայմա՞ն փոխադարձ հարգանքի՝ որպես հիմք ներառող, հանդուրժող հասարակության, որպես Հայաստանին պակասող համակեցության ձև՝ ուշադիր ընթերցումը, լսումը խոսքի… Հանկարծ օրապատման արանքում իմ գործունեությունը, որևէ TV-ով, ԶԼՄ-ով արտահայտած խոսքը չգա օրագիր, չդառնա իմ օրագիրն արդեն հրապարակվածի վերապատմում… Հղումներով, իհարկե, ուղեկցվում է իմ պատումը. ահա ձեզ ընտրություն՝ Ուսուցչի օրվա առթիվ կկարդա՞ք «Թերթ.am»-ի այսօրվա հրապարակումը, «Երկիր մեդիայի» այս հեռուստահաղորդումը…

Կրթահամալիրից, նրա Բանգլադեշից դուրս իմ գտնվելը, ուզում է դա լինի TV հաղորդում, հավաք-հանդիպման հրավեր, իմ աշխատանքն է. ես գործում եմ, տարածում եմ կրթական-հասարական հայացքները, մեկնաբանում, շրջանառության մեջ դնում իմ-մեր-ձեր նախաձեռնությունները։ Ինքնուրույն լինելը, հեղինակային լինելը ոչ միայն չի թույլատրում մեկուսացում, այլև պարտադրում է գործընկերային մշտական վիճակ. հակառակ դեպքում մենք կմնանք մեր հռչակումների, բանաձևերի, ցանկությունների ծիրում, չենք իրացվի-իրականացվի։ Ափսոս ենք։ Սուսոյի չսիրած, բայց տեղին՝ մեր բոլորիս կյանքի ժամանակը հաշված է, իսկ 60 տարեկան ամեն օր համառորեն դարձող Տիարի համար՝ հատկապես։ Ամենադժվարն ինձ համար, հարգելի գործընկերներ, սիրելի սեբաստացիներ՝ բոլոր տարիքի, որտեղ» էլ որ լինեք, տարիներ արածի կիսատ-պռատությունն է, որ անգամ մեկ օր, ևս մեկ հետաձգելը-հանդուրժելը անտանելի է, տանելի չէ այլևս։ Աշխատանքը, այո՝ ստեղծական և մոբիլ, իհարկե, բայց և… բարեխիղճ։ Ահա և երրորդության մեր այս շրջանի խորհուրդը. կարծեմ փնտրում էիք։

Այս օրերին հանդիսությունների արանքում ես աշխատանքային կարճ, ոտքի վրա հանդիպումներ ունեցա ՀՀ վարչապետի, կրթության և գիտության նախարարի ու  փոխնախարարների, Երևանի քաղաքապետի և փոխքաղաքապետերի, Արարատյան հայրապետական թեմի Սրբազան հոր, ԱՅԲ-ի ղեկավար տեր Մեսրոպ վարդաապետի, տասյնակ այլ գործընկերների, պարզապես բարեկամների հետ։ Ունեցա պայմանավորվածություններ։ Բարեխղճությունը հենց այս մեկնակետից է արժեք, մինչև պայմանավորվածությունների իրագործումը, անկախ արդյունքից։ Հետևողական բարեխղճության ավելցուկ լինո՞ւմ է… հարցնում եմ։ Կարող եք պատասխանել, արձագանքել «քոմենթի» ձևով։

Ուռա՜, մեկնարկել է «Երևանը բլուրներից» նախագիծը։ Այ, սա գործ է…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

․․․ Հնարավոր է՝ այն պատճառով է, որ մենք վախենում ենք սիրուց…

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․ Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։ Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց

Նայենք աստղերի՞ն, թե՞ ոտքերին

Տեսաք՝ ինչ կատարվեց, երբ Շուշան Բլեյանին Վիեննայում միացավ Լիլիթ Բլեյանը. Վիեննայի քաղաքային խորհուրդը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դժվար է չհամաձայնել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ. «Ոչ, մեկուկես

Ես ամենաՀայաստանի կենտրոնից՝ Դպրոց-պարտեզի Չարենցի կամարից

Առավոտ շուտ Անահիտ Մելքոնյանի աշխատանքային ջոկատը Կասկադի առվույտի արտը ջրել-հանձնել էր տիկին Էլյային և արդեն կրթահամալիրի Դպրոց-պարտեզում էր… Այնքա՜ն գործ կա անելու. երկրագործությունը, որ տևական ժամանակ շրջանցել է Հայաստանը, հիմա