Լուսանկարը՝  Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

«Հասել է պահը, երբ առաջ շարժվելու համար անհրաժեշտ մոտիվացիան, ուժը, ավյունը այս պահին չկան։ Մենք դադարեցնում ենք մեր աշխատանքը՝ մինչև դրանք հնարավոր լինի վերագտնել և վերակազմավորել։ Շնորհակալություն»։

Սա 1in.am-ի 2016-ի հուլիսի 10-ի՝ ժամը 11․05-ի վերջին լուրն է, որ մե՞նք իմացանք առաջինը… Ինչպե՞ս արձագանքեցինք․․․ Ինձ համար դա կարկուտի նշանակություն ունեցավ… Երևանյան կարկուտի, որ բռնեց ինձ հենց Սախարովի հրապարակում, Նալբանդյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ շրջվելիս…  «Ոսկե ծիրան»-ի բացման հանդիսության ավարտից հետո, տան ճանապարհին, երբ ես դիտել էի «Զարե» յոթմասանոց ֆիլմը քրդերի մասին, որի տեսանյութը Արագածի փեշերին հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանը մեկուկես ամիս հավաքել է 1925-ին։

Տարերքի ծնունդ եմ․ տարերքն իմն է․ անձրևանոց-թիկնոց-արևի ակնոց երբեք չեմ գործածել, անձրևից, սելավից, արևից չեմ պաշտպանվել։ Ու ես հիշեցի երախտահիշատակ Համբարձումի հետ Աժդահակը գրոհելիս, գիշերով մեզ սարերում հասած ուժեղ կարկուտ-սելավը, 1983-ին Ջավախքի արշավախմբային ճամբարով հայագիտական դասարանի սովորողների-պատանիների հետ գետը լողալով անցնելիս մեզ բռնած կարկուտը։ Մամա՜ ջան, իմ կյանքում այդքան վախեցած չկամ․ դողում էի պատասխանատվությունից, մեկ ու կես տասնյակ բարձրդասարանցիների, պատանիների համար… Իսկ այստեղ, դու ես ու տարերքը, ո՞ւր փախչես, ինչի՞ փախչես, իմ 61 տնարում ընդամենը երրորդ «զուլումից» ո՞նց քեզ զրկես, էլ ի՞նչ տղամարդ ես, էլ ինչի՞ ես գլխիդ փափախ դնում… Մի լավ ծեծ կերա, կարկտահար եղա բոլ ու ջրի մեջ կորած-խաղաղված՝ մտա տուն… Ինձ դիմավորեց Դավիթ-Արմինե ընտանեկան զույգը՝ սարերից վերադարձած, Արզականի կուսական սարերը-անտառները մեկօրյա կարկուտից հետո ոտի տակ տված, իր բարձունքը նվաճած, նոր հավաքած դաղձի թեյով… Լսե՛ք հինգ տարեկան Դավթի զրույցը mskh-ի եթերում։
— Ողջո՜ւյն, անտառ… Ամեն մեկը պիտի իր բարձունքն ունենա, ինչպես իր խաղալիքը…

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/273034806″ params=”auto_play=false&hide_related=false&show_comments=true&show_user=true&show_reposts=false&visual=true” width=”100%” height=”450″ iframe=”true” /]

Մարինե ուսուցիչը, Արմինե մայրիկը, Տաթև քույրիկը… ճամփորդության բոլոր մասնակիցները գոհ են մնացել, տեսել են խիզախ-արկածասեր-բարձունքը առաջինը նվաճող, իր ետևից ժողովուրդ տանող Բլեյան ժառանգին… Գոհություն ու փա՜ռք…

Կիրակին յոթերորդն էր նաև իմ Թաթոս եղբորը հողին հանձնելու օրվանից հաշված, ու կարգով-միաբան՝ մեծ խումբ հարազատներով միասին էինք։ Ծիսակարգը նաև մխիթարիչ-կազմակերպիչ է, և մեզ մնում է կրթվել ժամագրքով, մաշտոցով կամ ծիսարանով, եկեղեցով… Այո, կրթության-կարգի պակասն է, որ արմատին չենք հասնում, տալիս ենք մեզ սոսկ ձևերի…

Հացի սեղանը հարազատների պատշաճ տեղ էր այսօր զինվորական երկու տարվա ծառայության մեկնող 18-ամյա սեբաստացի, մեր Ավագ դպրոց-վարժարանի շրջանավարտ Արման Բլեյանին՝ Արթուր Բլեյանի արժանի զավակին բարի ճանապարհ ասելու… Իմ Նեկտար քրոջ սեբաստացի թոռան, մեր Ավագ դպրոց- վարժարանի շրջանավարտ Մկրտիչ Բազեյանի՝ ծառայությունը պատվով կատարածի էստաֆե՞տն է վերցնում Արմանը, Դավթին հանձնելով հատուկ նրա համար մեր բրուտանոցում իր ձեռքով արված «Դավիթ» մակագրությամբ բաժակը՝ նրա՞ն է ներքաշում այդ էստաֆետում։

Արման-պարտիզպանին հրաժեշտ են տալիս Գեղարվեստում։ 
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի։ 

Հայոց այսօրվա բանակը, բանակային ծառայությունը՝ իր ժամկետային-պարտադիր հայտարարված, բայց ափաշքյարա խտրական վիճակով, քսանհինգ տարեկան դարձող հանրապետության համար իմ քաղաքական երազը չէ… Ես խաղաղ երկրի զինվորական գործի պրոֆեսիոնալ մշակույթի, բանակի կողմնակիցն եմ եղել, բայց գոհ եմ ու շնորհակալ, որ ահա, հիմա էլ Արմանն է արդար-հրապարակային իր կյանքն ապրում՝ քաղաքացիական իր պարտքով։ Յուրաքանչյուրս իր ծառայությամբ պիտի ներառվի բանակում ու բաց հասարակության բանակ դարձնի անցումային այս շրջանում։

Իսկ Արմանը, ինչպես իր քույրիկ Մարիամը, ինչպես Արամը Բլեյան… նոր ճանաչում կունենան Հայաստանի նորացման ասելիքով-անելիքով. ինձ այնքա՜ն սիրելի մարդիկ, որ ես հիմա հուզվեցի․․․Այո, ես նրանց հորեղբայրն եմ և լավ եմ զգում մտքից, որ ունեմ ազդեցություն՝ որպես անձ-գործիչ… Մենք ընկերներ ենք՝ կյանքով մեր, եղբայրներ՝ ոչ միայն արյունով․․․

Դավիթ ճամփորդը:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Կիրակին առիթ էր իմ եղբորը՝ Գագիկ Բլեյանին լսելու… Մենք մի խմբով գողացանք-մեկուսացրինք մեր յուրահատուկ մտածողությամբ-կենսակերպով ավագ Բլեյանին ու Նազենի աստղի տանը մեր կարոտը աչքով-ականջով-մտքով-սրտով առանք… Ճիշտը սա է․ իմ վրա իր քաղաքական-հասարակական հայացքներով շոշափելի ազդեցություն հենց Գագիկն է ունեցել․ հիմա էլ ես նրա մոտ քիչ եմ խոսում՝ լսում եմ, հետաքրքիր է, օգտակար, իմացածդ ճշտելու, նորացնելու առումով… Գագիկը կարդալու-ճանաչելու մշտական ռեժիմով է ապրում։

Երևանյան լճում, ուրախացեք ու ցնծացե՛ք, լողում են, ձուկ որսում կարթով, թիակավոր նավակով, թոռ գցում… գլուխ գովում… Սամվել անունով, մոսկվաներից վերադարձած իմ հասակակից նոր ծանոթը ցույց տվեց այն բարձունքը, որտեղից ինքը ամեն առավոտ ծովն է նետվում… Ես կգամ, իհարկե, մենք միասին կլողանք, մենք ընկերներով, երևանյան լճի ու սեբաստացի կամավորներով կնվաճենք-կգնանք լճի խորքերը, գաղտնիքները քո, լիճ, տարիներով կուտակած, կբացես մեզ… Մենք քեզ այդ հնարավորությունը կտանք։ Եվ մարդասպան շներով ինձ չես կանգնեցնի. երբ ես օրեր առաջ Հաղթանակի կամրջից գետի հոսանքին հակառակ մտա կիրճ մի կածանով, պարզվեց՝ ոչ միայն գետին էի հակառակ… Ես իմ այս երկրորդ 60-ի շրջանն ի սպաս եմ դնելու՝ Սևանը հայաստանցիներինը դարձնելու, Երևանյան ծովն ու գետը՝ Զանգվի իր կիրճով, մեր քաղաքի ու նրա մարդկանց զարդը-սերը-առօրյան դարձնելու… Ինձ Սևան-Զանգու ընթացքից՝ ինչպես Երևան-Բանգլադեշից, չես շեղի։ Հեծանվով-ոտքով, սիրով ու գործով… կյանքով։

Գեղարվեստի և Նոր դպրոցի ճամբարականները հուլիսի 11-ի շախմատի մրցաշարին:
Լուսանկարները` Կարինե Պետրոսյանի:

#727

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր տարի Ագարակում մեր ուսումնական. ասենք՝ շնորհավոր…

Այնպես չէ, որ ես ուրիշ տեղ էի այս օրերին… այո, փախուստի մեջ, բայց ես ձեզ հետ էի… Երեկ, ողջ օրը, իհարկե, կեսօրից հետո Մայր դպրոցում՝ Միջին ու ավագ դպրոցների հանդեսներում

Բանգլադեշյան պլեների, Գագարին պրոյեկտի ու Բլեյան կրթական ցանցի հանդիպման հունիս

Օրը՝ հունիսի 2-ը, որ եղել է, կա ու միշտ կլինի Լիլիթ Բլեյանինը, իրենով կսկսվի․․․ Գիշերվա-առտու չորսի-հինգի արանքում (Լիլիթն է հաճախ հարցնում. «Հայրի՛կ, ինչպե՞ս ես քնում») արթնացա  Լիլիթի ֆեյսբուքյան տեքստով, անցնցում օրվա

Թեական մի պատմություն էական բաների մասին

Դավիթ Բլեյանի երկխոսություն դարձող մենախոսությամբ սկսենք օրվա գիրը. — «Ապուշը» վատ բառ ա, գիտե՞ս, մայրիկ: — Հա՞, դու որտեղի՞ց գիտես, Դավիթ: — Բոլորն են ասում. ես գիտեմ: Հրաշքն է լավ