Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով իրեն դրսևորում է։ Ժան Պոլ Սարտր

Եվ քանի որ, ըստ Նունե Մովսիսյանի բլոգի, ֆրանսիացի իմ լավ բարեկամ Ժան Պոլ Սարտրը ծնվել է հենց այսօր. իրենով էլ սկսեմ իմ այսօրվա պատումը։ Սարտրին, ինչպես շատ ու շատ արժանի մարդկանց, ես հանդիպեցի 1999-2001-ին Նուբարաշենի քննչական մեկուսարանում։ Դուք որ ինձ ժամանակին ու հիմնավոր չնստեցնեիք, ես էսքան բանը կարդացողը չէի. ու հիմա ձեզ ի՞նչ պատմեի։ Միշտ շնորհակալ եմ Արմինե Օհանյանին, իմ եղբայր Ստեփան Բլեյանին, իմ ընկերներին նաև սրա համար. նրանց բարեխիղճ ջանքերի շնորհիվ շա՜տ արժանի մտածողներ երկարատև այցելում էին ինձ ու ես նրանց հետ առանձնանալու հնարավորություն էի ունենում։ Ինձ Սարտրը հիացրեց անկախության ձգտման հետևողականությամբ.  հրաժարվել է անգամ  «Բառեր» հայտնի աշխատության համար Նոբելյան մրցանակից, վասնզի, մեջ եմ բերում. «չի ցանկանում կասկածի տակ դնել իր անկախությունը»։ Բռավո՜, Սարտր, բռավո՜…

Ահա այս իրենց մանկավարժական անկախությունը հետևողական պաշտպանող և մանկավարժական-մասնագիտական-քաղաքացիական գործունեությամբ շարունակ դրսևորվող մարդիկ՝ սեբաստացի ուսուցիչներ են իմ ժամանակի հերոսները։ Կրթահամալիրում նախագծային-ակումբային-ստուգատեսային ուսուցումը լավագույն միջավայր ստեղծեց մեծ թվով սքանչելի երիտասարդ մասնագետների համար՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, բանգլադեշյան տարածքում շարունակ դրսևորվելու՝ գործելով ավելի ու ավելի անկախ իր անցած դպրոցից, այսօր շարունակվող ավանդույթից, տո, հենց ինձանից։ Այս հունիսյան ճամբարի, Բանգլադեշյան պլեների և ամառային ուսումնական նախագծերի շրջանը, ի հեճուկս ֆորմալ, ձևական, զանգից զանգ կրթության շրջանի, երբ սովորում ես ոչ թե քո, այլ ուրիշի, գնահատանիշի համար, փաստեց մեզանում անկախ գործչի ու նրա ինքնադրսևորման գոյությունը։ Պարոնայք, այդպիսի մարդիկ՝ իմ գործընկեր հերոսներն ավելանում են. դե էլ  փաստ է։ Սա է իմ համոզմամբ մեր հոբելյանական այս տարվա գլխավոր ձեռքբերումը, որը որոշելու է կրթահամալիրի հաջորդ 25 տարին։

Մեր համերգ-ներկայացում-ֆլեշմոբից վերադարձա ժամը 10-ից բավական անց։ Դավիթը վայելում էր իր երիտասարդ ու գեղեցիկ մորը. կարող է մեկ ժամ և ավելի, իբր քնելուց առաջ, հիմա կքնի… Ես գիտեմ, ես հարգում եմ քնի, որպես անհատական ակտի ֆենոմենը, ախր, շա՜տ յուրահատուկ բան է։ Ահա, ինչու չեմ ընկալում կրթահամալիրի նախակրթարաններում 2-5 տարեկանների համարյա միաժամանակյա քունը… 300 եզակի երեխա քնում է… ա՜յ քեզ խնդիր. ոնց էլ մեր դաստիարակ աղջինկները լուծում են… Լավ է, որ մեր թափանցիկ միջավայրը թույլ է տալիս իմ ուժեղացող զարմանքն արտահայտել աննկատ, առանց խանգարելու։

Իսկ Դավիթն այս անգամ ևս ֆռռացրեց մայրիկին, թե զգաց իմ գալը, որքան էլ ես այն աննկատ արեցի։ Թափ-թափ եկավ հյուրասենյակ ու առանց սիրո ցույցի բացեց Սասունցի Դավթի մեծ գիրքը։ Գովազդ տնօրենի բլոգում. «Անտարես» հրատարակչության այս գիրքը, որ նվիրել է իմ շատ սիրելի քույրիկ լրագրող Արաքսյա Թադևոսյան-Բլեյանը, նկարազարդել է Վարդան Զաքարյանը։ Դժվար կլիներ իմ գործը, մեր կյանքը Դավթի հետ՝ առանց տասնյակի չափ այսպիսի գրքերի։

Դավիթը դրսևորեց իր անկախ մեծացումը. նստեց հատակին ու սկսեց ոչ միայն ինքնուրույն էջ-էջ թերթել-նայել գիրքը, այլ պատմել-կարդալ։ Էջ-էջ, նկար-նկար 15-20 րոպե ներկայացրեց Սասունցի Դավթի պատմությունը։ Հետո նստեց կողքիս. դեմ առ դեմ չի սիրում, պիտի կողքիս նստի, համոզվի, որ ես կարդում եմ՝ գրին հետևելով, ընդմիջելով իր բերանացիով։

Հետո ես ոչինչ չեմ հիշում. ես չեմ քնում՝ ես մահանում եմ։ Ու ժամը 4-ին թարմ եմ, որպես մանուկ։

Աստված իմ, ինչ անփորձանք պրծանք այս հոբելյանից. ես կարողացա պաշտպանել իմ-մեր-ձեր, մեր կազմակերպության անկախությունը (չի կարող հեղինակային կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունն անկախ չլինել). ո՛չ մի պատվոգիր, ո՛չ մի ճառ, ոչ մի պաշտոնականություն-արհեստականություն։ Համերգ, ներկայացում՝ տնօրենի անմիջական «քոմենթներով»։ Դուք գիտե՞ք՝ որքա՜ն եմ ես պարտական ձեզ բոլորիդ այս ազնվացնող վիճակի համար։

Դրսևորման ի՜նչ տարի է բոլորիս համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ օրագրի խերը տեսնի նա, ով…

Օստեոխոնդրոզի հետ խաղ չեն անի՝ այս մեկը լավ գիտեմ. դեմը պետք է առնել, քանի չի զարգացել, թե չէ սև «բեկում 2015» կբերի բոլորիս գլխին… Շաբաթ-կիրակին ես օգտագործում եմ նպատակային… Շաբաթ

Երբ երկսայր գործիքը միակողմանի է գործածվում…

Թե լսես Սյուզի Մարգարյանին, իմ գիրը գիրք դարձնող օրագիրն էլ գրականություն է, այն էլ՝ իր համար ամենակարդացվողը… Բա՜: «Սեբաստացիներ» ռադիոյի 179-րդ թողարկումը, որ երեսուն րոպե անձանձրույթ լսեցի, լի է այդպիսի լուրերով,

Այսպիսի բարդ անցում՝ երազներից արթնացում․․․

— Ծի՛լ, ա՛յ կանաչ ծիլ, ի՞նչ անեմ, որ դու մի գիշերվա մեջ настоящий здоровяк դառնաս․․․ ,- իրիկունը քնելուց առաջ դիմում է Դավիթը պլաստիկե բաժակի միջի կանաչին․․․ թաքուն․․․ Երեկ, երբ ես