Ա՜յ քեզ անձրև, ես համարյա դրսում էի գիշերը. մեր տան պատշգամբից այնքա՜ն հնչեղ էր սելավը… Տարերք, որ իմն է… Ես երբեք անձրևանոց-թիկնոց չեմ կրել, անձրևից չեմ պաշտպանվել… Հայաստանում, Երևանում այնքա՜ն քիչ է անձրև լինում. թող գա՝ մայիս-հունիսին, ողջ գարուն, ամառ ու աշուն… Գրիգոր Խաչատրյանը պնդում է, որ ջուրը-գետը-ավազանը-ծովը՝ մերկությունը-փափկությունը կարող են փոխել մեզ (օգնել՝ փոխվելու), դառնալ առավել ընդառաջող-հանդուրժող-բարյացակամ: Բարյացակամության դիֆիցիտ ունենք՝ սովորական անծանոթ համերկրացու-համաքաղաքացու, ոչ օտարերկրացի հյուրի նկատմամբ… Երբ հեծանվով ես, որպես ազգային փոքրամասնություն, ավելի ակնառու է այս բացը… Երեկ ես կանգնեցրել եմ մեկ-երկու այդպիսի վարորդի… հեծանվով մոտեցել.
— Հլը բացատրի՝ ինչո՞ւ է հեծանիվը քեզ այսպես կատաղացնում-վանում, ինչո՞ւ չես ներառում, ինչո՞ւ ինձ իմ հեծանվով չես աջակցում՝ ներառվելու հանրային կյանք՝ իր երթևեկությամբ…
Ու ի՜նչ խղճալի-ամոթալի պատասխան.
— Վա՜յ, կներեք, պարոն Բլեյան, չճանաչեցի…
Այս ընտրողականությունը՝ մի կողմից՝ հանրային գիտակցության մեջ ես եղել և մնում եմ իշխանություն, որ շառից-փորձանքից հեռու,  մյուս կողմից՝ ճանաչված եմ-հայտնի, որ կապեր հաստատի… Լավ, բա մարդկությունն ո՞ւր մնաց՝ իր անմահությամբ, ա՛յ մահկանացու-կենցաղային հայ մարդ…

Անձրև է գալիս…
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

«Ինձ համարյա առեղծված է թվում, թե ինչպես համաշխարհային պատերազմներում լիովին ավերված, ողջ աշխարհի թշնամանքն իրենց վրա ուղղած, գործած ագրեսիայի ու հանցանքների ծանրության ներքո խոնարհված այդ երկրները մի քանի տասնամյակում փյունիկի նման վեր հառնեցին, վերակառուցվեցին ու կրկին դարձան համաշխարհային առաջատարներ արդեն ոչ միայն քաղաքականության ու տնտեսության, այլեւ համաշխարհային օրինականության, անվտանգության ու խաղաղության պահպանման գործում»: «Հրապարակ»-ի ազատ ամբիոնում Լուսինե Պետրոսյանի այս տողերը կարդացի որպես սեփական, գրել եմ ու առաջարկում եմ կարդալ նրա շարունակելի հարցազրույցը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Նորին Գերազանցություն Էյջի Տագուչիի հետ… Չգիտեմ՝ հայերին հետաքրքի՞ր են արդյոք ուրիշ երկրները՝ իրենց պատմությամբ ու այսօրվա խնդիրներով, թե՞ մեզ մերը հերիք է… Այս առումով Տիգրանյան Աշոտի ու իր ընկեր-սովորողների «Այլընտրանքային պատմության» անվերջ թվացող էջերը կարևոր զգացում կարող են փոխանցել՝ աշխարհը մեծ է ու բազմազան, ու պարտադիր չէ, որ մենք աշխարհի-անցքերի կենտրոնում լինենք… «Մարդկություն՝ ահա, թե ինչումն է մահկանացու մարդու անմահությունը» (Բյուռնե): «Մահը նախանշված է բոլորին. այն օրենք է, ոչ թե պատիժ» (Սենեկա կրտսեր)… Այս խոսքերը, որոնք ծանոթ են, իհարկե, թե՛ Աշոտ Տիգրանյանին, թե՛ երիտասարդ ու գրագետ այն քահանային, որը երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում ՀԽՍՀ լուսավորության նախարար Սեմյոն Հախումյանի դամբանականում մեջ բերեց, տեղին են հնչում… Կենտրոնանանք անմահի գործի արարումի վրա ու… հավերժ լինենք…

Հեծանվային ընդմիջում Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Տեսեք, երեկ համարյա միաժամանակ Մարթա Ասատրյանը, Միքայել Կամենդատյանը Մայր դպրոցում ընդունել էին Անի Մկրտչյանին և BSBG ընկերության դիզայներ Վիկեն Դերդերյանին, իսկ Մարինե Մկրտչյանը և լուսանկարչությամբ հետաքրքրված սովորողները՝ Գեղարվեստի ցուցասրահում՝ ֆոտոգործիչ Նելի Շիշմանյանին: Մեկ օր առաջ Քնարիկ Ներսիսյանի հրավերով գեղարվեստում էր ոճաբան Արամ Նիկոլյանը… Ի՜նչ ընդհանրություն… Երեք երիտասարդ՝ իրենց բնագավառներում հայտնի, մասնագիտությամբ ապրող գործիչներ, որոնք «խելք» չէին սովորեցնում-զարմացնում գիտելիքներով, երբե՛ք… Այլ երեքն էլ խորին հարգանքով, ճանաչողությամբ, կոնկրետ էին՝ կրթահամալիրին օգտակար լինելու, սովորողների-ուսուցիչների հետ համատեղ նախագծեր իրագործելու մեջ… 2015-2016 ուստարին հարուստ էր. հունիսյան Բանգլադեշյան պլեները նաև տպավորիչ կլինի այսպիսի մասնագիտական աջակցությամբ-գործընկերությամբ…

Աննա Սմբատյանի գեղարվեստական միջամտումը Գեղարվեստում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Օրեր առաջ հայտնի ֆիզիկոս Վահագն Գուրզադյանը՝ նշանավոր Գրիգոր Գուրզադյանի որդին, ոգևորված էր հունիս-հուլիսին կրթահամալիրում գործող հայաստանյան բաց բնագիտատեխնիկական ինժեներական դպրոցի հնարավորությամբ, իր պնդմամբ՝ մենք բարձր մասնագիտական աջակցության պակաս չենք ունենա… Իսկ մեզ ամառային դպրոցները ոչ թե փողի համար են պետք, այլ ամառային գրավիչ ու անփոխարինելի ուսուցման՝ առանց պայմանների, ճանաչողության սահմանների ընդարձակմամբ-խորությամբ, ուսումնասիրության խթանիչ նոր հորիզոնների բացահայտմամբ… Այսպիսի հարցադրմամբ սկզբունքային են ինքնուրույն մանկավարժական աշխատողների բաց ամառային դպրոցները, տասնչորս-տասնյոթ տարեկան պատանիների ճամբարները… Կրթահամալիրի ամառային դպրոցները մայրաքաղաքի իններորդ դասարանցի շրջանավարտներին հնարավորություն կտան գնահատել նաև կրթահամալիրի մանկավարժությունը, նրա ավագ դպրոցի հնարավորությունները՝ իրենց ընտրությունն ինքնուրույն ու գիտակից կատարելու համար… Այսպիսի ճամբարները կրթահամալիրի Ավագ դպրոցը 2016-2017 ուստարում արդարացի ձևավորելու-որոշելու կյանքի գործիք է և՛ սովորողների, և՛ մանկավարժական աշխատողների, և՛ ուսուցման միջավայրի կազմակերպման մասով: Ով կօգտվի՝ հալա՜լ է. ես վճռական եմ տրամադրված՝ դնելու հայտնի դարձող-հեռանկարային-գրավիչ-միջազգային ամառային դպրոցի հիմքերը…

Ընդմիջում, խուրջինների ցուցադրում Դպրոց-պարտեզում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 676

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավասարակշռության համար պետք է շարժվել, եթե հեծանվի վրա եք․․․

Ես ի վերջո խոսքը բանավոր, կենդանի ապրումը օրվա-տարվա, բերում եմ տեքստի… Օրագիրն իմ անընդհատ այստեղից է գալիս․․․ Տարեվերջյան այս հարցազրույցը 1in.am-ի խմբագրությունում զրույցից հետո ԶԼՄ-ի կայքում կարգին չեմ էլ լսել,

Օրհնանքի ու ծաղկի ռոդարի-աղայանական մանկավարժություն է մերը…

Այսպիսով մեր Սոֆին, որ որոշել էր ծանոթ-անծանոթ տատիկներին բոլոր ծաղիկներ նվիրել ու հավաքել օրհնանքները յուրաքանչյուրի, բայց այնպես, որ դրանք չկրկնվեն, տատիկներին մղելով ստեղծական-որոնողական բանահավաքչական-բառարանագիտական աշխատանքի, մտածեց ու ստեղծեց տատիկների օրհնանքի

Կսմիթնե՞ր։ Ոչ, դրա ժամանակը չէ

Որքան էլ գլխիս խելք չի մացել (մայրս էսպես կասեր), ինձ պետք է տեղին հիշեցնել մեր պայմանվորվածությունների մասին։ Ասեք՝ տիար, դուք այս ժամին պիտի լինեք՝ էլի մեզ հետ, բայց այսինչ տեղում․․․ Երբ դա