Սեբաստացի սովորող աղջիկների-օրիորդների ի՜նչ պայծառ-սքանչացնող փունջ ունենք։ Այսօր էլ, ահա՛, Գոհար Հովհաննիսյան սովորողը… միայն մի խնդրանք-հետևողական առաջարկ. հեղինակային դարձնենք մեր բլոգների ձևավորումները-ֆոտոները… Մայիսյան հավաքի օրերին տարատարիք սովորողների-ուսուցիչների ցուցասրահային թե մեդիա ֆոտոցուցադրությունները հեղինակային ֆոտոդարանի աղբյուր կդառնա՞ն… Զառա Առաքելյան, Մարինե Մկրտչյան, Անի Սարգսյան, Սուսան Ամուջանյան, հունիսի մեդիափառտատոնին ընդառաջ իմ այս գիրը համարենք ֆոտոդարանի ձևավորման պատվեր… Բոլոր դեպքերում օգտագործվող լուսանկարների, ինչպես տեքստերի հեղինակների, աղբյուրների հղում պետք է լինի։
Կյանքում աղջիկների իրավունքների լիարժեք իրացումը, բարեխղճությունը, աղջկական ինքնուրույնությունը, սրան գումարեք հեղինակային կրթական միջավայրի դրսևորման-խթանման երկարատև ամբողջական ազդակները… Էլ ի՞նչ… Հեղինակային կրթական ծրագրով մեր տղաների կյանքում նկատելի ի՞նչ են փոխում իրական դժվարությունները, ֆիզիկական ու մտավոր ուժի գործադրումը, մեծահոգությունը, առաջնորդելու որակներ պահանջող արշավները, բարձունքների նվաճումը, հնգամարտը, ռազմարվեստը, էքստրիմ-հեծանիվը… Էլ ի՞նչ… Գլխավորը՝ այսպիսի աղջիկների կողքին լինելն ու նրանց սիրտը նվաճելն է…
6 տարեկանների «Ապրիլիկ» Մարմարյա սրահում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Անահիտ Մելքոնյանը երեկ պատմում էր, որ կրթական պարտեզի ստեղծման՝ հողագործ-շինարարի ամիսների գործունեությունը ձևավորում-դրսևորում է Քոլեջի տղաներին… Մեծ խումբ պատանիներ ավելի ու ավելի նկատելի են դառնում, աղջիկները սկսում են հավաքվել նրանց շուրջ…
Կրթահամալիրի բաց համակարգն ավելի ու ավելի ճանաչելի է դառնում՝ հանրորեն, գրավիչ… Տեսե՛ք՝ ինչպիսի՜ նոր դրսևորումներ… Ավանդական ճանաչողական այցերը փոխարինվում են գործընկերային ծառայություններով… Երեկ ես մասնակցեցի Բնապահպանական ցանցի ապրիլյան հանդիպմանն Ավագ դպրոց-վարժարանում… Այսօր կմասնակցեմ ՀՀ գործատուների միության ընդհանուր ժողովին կրթահամալիրի «Սեբաստացիներ» համերգային դահլիճում, որտեղ երեկ կայացավ Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի սաների հրապարակային ելույթը…
Գիտե՛ք, ես մեր համերգները բաց թողնողը չեմ, բայց… Պետրոսյան Հովհաննեսի դասընկերների-ուսուցիչների մեծ խմբի հետ հրաժեշտի ճամփեն անցանք՝ «լսելով լռությո՞ւնը, տեսնելով մթությո՞ւնը»… Հայ-ադրբեջանական բորբոքվող նոր շրջապտույտի մեջ ներքաշող պատերազմը կդատարկի մեր երկիրն ավելի թափով, կուժեղացնի այն շփոթը, որի մեջ է և Հովհաննեսին հրաժեշտ տվող մեծ թափորը՝ մարդկային, հարևան-բարեկամ-ընկերով, զինվորականներով… Հասարակությունը կդրսևորի՞ այնքան առողջություն-ուժ, որքան Հովհաննեսի հայր Վաչիկը…
— Իմ տղայի մահը վերջինը լինի ու խաղաղություն հաստատի. ես թուրքին էլ չեմ ցանկանում այսպիսի ցավ…
Կրթական պարտեզի մեծ պուրակի նստարանները՝ նոր կերպարով:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:
Երեկոյան, իմ հեծանվային շրջայցից հետո (գլուխ գովեմ մի քիչ) ամփոփում եմ. տեսեք՝ ինչ բերք ունենք՝ միաժամանակ կառուցվում են կրտսեր դպրոցների հեծանվային-արշավախմբային կայանները… հեծանիվները հասել են Երևան, ամառային ուսումնական նախագծերի ճնշումը մեծանում է։ Երեկվա անձրև-հեղեղն էլ շղարշ չէ, այլ պարգև երկրագործին…
Սեբաստացի ուսուցիչների մեծ խմբի հետ «Արամ Խաչատրյան» համերգային դահլիճում Վլադիմիր Սպիվակովի ու «Վիրտուոզներ»-ի կախարդանքին էին տրված… Ընդմիջման տասնհինգ րոպեն բավական էր, որ սկսեի նախագծել համերգային թիվ մեկ՝ անհրապույր-հեղձուցիչ շենքի ձևավորումը ներսով-դրսով… Որքա՜ն անհետաքրքիր էր նյութական միջավայրը… բարձիթողի, չմտածված… Չէ, Հերմինե Անտոնյա՛ն, մյուս համերգը-ելույթը Սպիվակովի՝ մեր Մարմարյա սրահում կամ Կրթական պարտեզի սարալանջին…
Իսկ իմ մենակության լռության-մթության մեջ ես շարունակում էի լսել Հովհաննեսի հորը, Հովհաննեսի ընկերներին, տեսնել նրանց խորունկ-բացված աչքերը…
Շուշանի տարի է, ամենո՜ւր շուշաններ. համեցե՛ք «Սեբաստիա» համերգային դահլիճ. Շուշանն իմ կյանքում բացառիկ է՝ թերապիա… Բո՜լ խոսեցի իրիկունն ուշ՝ լռությունից ու մթությունից անդին, Գոհար Հովհաննիսյա՛ն: Օգնեց, իհարկե… Ո՜նց եմ քնել… մա՜հ:
Ռազմամարզական ճամբար մեկնող սեբաստացիների հետ:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:
Խոհարարությունն ինձ համար տղամարդկային մասնագիտություն է… կնոջ դեպքում այն, մեկ է, առօրյա է… Չնայած կնոջ խելքի-ռազմավարության պատրաստության ստուգատեսն անընդհատ խոհանոցն է… Դեպի տղամարդու սիրտը տանող ճանապարհը, ասված է, անցնում է ստամոքսով: Տղամարդը՝ խոհանոցում, տղամարդ-խոհարարը որքան ինձնից հեռու, այդքա՜ն ինձ ձգող: Հովհաննես Պետրոսյանը եկել էր թիվ 179 դպրոցից կրթահամալիրի Արհեստագործական ավագ՝ խոհարար դառնալու… Դարձավ, աշխատեց… Իմ հայացքում այս օրերին, հիմա, հաց թխող-պատրաստող, սեղան գցող, մարդուն հաց տվող Հովհաննեսի ձեռքերն են: Մնա՞ց Հովհաննեսը: Թող Անահիտն իր երկրագործ սաներով վերադառնա Սևանի «Ժայռ» ռազմամարզական-հայրենագիտական-բնապահպանականից, ու սկսենք Հովհաննեսի պուրակի հիմնումը… Առաջիկա երկուշաբթի: Պայմանավորվել ենք: Հետևե՛ք իմ օրագրին…
# 656