«Այսօր դու ինձ խփեցիր ու գցեցիր։ Գուցե անարդար էիր ու անօրեն, անխիղճ ու անմարդկային, գուցե փոքրոգի էիր ու անիրավ․․․ Բայց եթե վաղը ես նորից վեր չկենամ, ապա դրա միակ մեղավորը կլինեմ ես ինքս․․․»: Ես վեր եմ կացել երեկ իրիկուն՝ ջախջախված-վերջացած մահիճում, շնորհակալ եմ, Սոնա Բեզիրգանյան, աջակցության համար, ու օրագիրս-պատումս՝ անընդհատ, թվով՝ վեց հարյուր հիսունհինգերորդը, սկսում եմ քեզ հետ: Տա՛ր ինձ, գալի՜ս եմ: Իհարկե, նախանձում եմ քեզ, քույրիկ՝ քո ուսումնական բլոգի, քո դասարանական-նախագծային ստեղծագործական խմբի, քո սեբաստացիական միջավայրի համար: Իմ դպրոցական տարիների, պատմե՞լ եմ, 1970-72թ.թ.  ձեռագիր-օրագիրն ո՞ւմ տայի, ո՞նց տայի, որ վերադառնար, որ ուրիշի ձեռքը չընկներ, չգրե՞ս…բայց ասելիք ունես, գրել ես՝ որ կարդան, ոչ թե ստուգեն-կարմրեցնեն  դասարանի առաջ, ժողովում ծնողական թեկուզ՝ գովեն… Իսկ այսպե՜ս, որպես քո ապրումի գիր, սրբորեն, ինչպես վայրկյանը՝ բռնկում ու մահ… Ի՜նչ ասեմ, հալալ է քեզ, Սոնա Բեզիրգանյան:

Պասիֆլորայի տնկարանում:

Ապրիլի 24-ը պասիֆլորայի տնկարանի ստեղծման օ՞ր… Պիտի հինգ զգայարաններով թվարկեմ՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, համ, շոշափելիք, հաստատելու համար ապրիլի այս արդեն՝ ուռա՜, փաստը՝ ծաղկանոց-տնկարանը՝ որպես մեր կրթահամալիրի առաջին հատուկ պահպանվող տարածք-արգելոց… Իսկ տնկարան-սածիլանոցները, սերմնարանները, մեր բակ-պարտեզների պահանջվող բաղկացուցիչները թո՛ղ շարունակեն դառնալ…Ելականոցները չմոռանանք, անցյալ տարվա նման փոզմիշ չանեք… Պետրոսյան Աիդան մեր երկուսից հինգ տարեկաններին ոչ միայն թութ, բալ, ծիրան, դամբուլ, դեղձ է խոստացել, այլ նախ և առաջ իրենց ձեռքով քաղելիք խատուտիկ-մատուտիկ, կանաչի մեջ կորած ելակ: Խնդրում եմ օր առաջ ու բարեխիղճ ավարտենք դպրոցական բակերի ոռոգման ցանցերի ընթացքի մեջ նորացում-բարելավում-ընդարձակումը… Գարնանը ապրիլի բերած խոնավի կանաչը թող չխաբի սեբաստացի հողագործին՝ մեծ ու պստիկ… Երկրագործը Երևանում, Բանգլադեշում ապրիլից պատրաստվում է մայիսից սկսվող տապ-երաշտին՝ ամեն կանաչ խանձող…

Շարունակում է իմ օրվա գիրը Սոնա Բեզիրգանյանը:
«Ու այս ամենը` ամենևին էլ ոչ որևէ մեկից վրեժ լուծելու համար։ Թող գրողի ծոցը կորչեն բոլոր ոճրագործներն ու դատավորները․ ես նրանց հետ լուծելու ոչ մի հարց չունեմ»:

Քոլեջիկները՝ քոլեջ-պարտեզում:

Ու մենք, երեկ Գեղարվեստում, ինչպես գրված էր հրովարտակում այս, մեկնարկեցինք ամառային պարտեզ-լողափի նախագծով… Բացօթյա-հիգիենիկ-մատչելի-ինքնասպասարկվող՝ երկուսից տասը տարեկանների լողափ-ավազանների գործարկումը գրավիչ-կանաչ-հետաքրքիր սեբաստացիական պարտեզներում՝ որպես պարտադիր ու ավանդական բաղկացուցիչ… որպես «ջա՜ն, ամառ»… մեզ՝ ավագին ու կրտսերին միավորող, ստեղծական, սեբաստացիներիս պատիվ բերող գործունեություն… Սրան ավելացրեք և մեր Սևանա ծովը «Ժայռ»-ում, մեր ծածկած լողավազանը, Արագածոտնի «Այրուձի»-ն ու Մադինա-Գետաշենի Արգիճի գետի հովտի արշավախմբային ճամբարը, որ Անահիտ Մելքոնյանի ու քոլեջ Արհեստագործականի նախագիծն է…ո՞ւր պիտի փախչեք, անցյալ տարվա մահանան չի փրկի ձեզ:

Ես չեմ ասում, այլ նշանավոր Սոնա Բեզիրգանյանը:
Ես ապրում եմ, որովհետև պետք է ապրեմ, որովհետև անմնացորդ, մինչև սրտիս վերջին կաթիլը սիրահարվել եմ կյանքին: Ապրելու եմ ու չեմ խուսափելու այդ կյանքի ամեն տեսակ խորդուբորդների ետևում պահված թռիչքներից…

Հենց վարպետ Վարդանը վերջապես ու Գեղարվեստում պիտի սկսեր նյութական միջավայրի հարդարման տեխնոլոգիական հմտություններ փոխանցել մեր սովորողներին՝ սկսած, այո՛, չորրորդ-հինգերորդ դասարանից… Հավեսով, իհարկե. իսկական աշխատանքը՝ լինի պարտիզպանություն, շինարարություն, արվեստ-գիտություն՝ տունտունիկ չէ, կյանք է, ու այն չի կարող հավեսով չլինել… Բարի մեկնարկ: Ամբողջ ամառ աշխատելու ենք. այնքա՜ն խորդուբորդ եմ պահել ձեզ՝ ամռան համար:

Վազք կրթական պարտեզով, ճանապարհի չափումներ:

Այսօր իրիկուն գնալու եմ Արամ Խաչատրյանի համերգասրահ` Վլադիմիր Սպիվակովին ու իր «Վիրտուոզներ»-ին ծափահարելու…

Լուսանկարների հեղինակ, ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
# 655

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինչպես դիմավորես հունվարի 2-ը, այնպես կանցկացնես ողջ տարի՞ն

Այn, ինչ ասում ենք Նոր Տարվա համար, վրացի-թբիլիսցիներն ավելի կոնկրետացնում են՝ ինչպես դիմավորես հունվարի 2-ը, այնպես կանցկացնես ողջ տարին… Իսկ հունվարի 2-ը մենք Գիորգի Մոմցելիձեի ջերմ՝ տաք ու բարեհամբույր-բարյացակամ տանն

Օրագիրը՝ կենսապատում, այսպես, օր օրի

Դավիթն ու ես համարյա միաժամանակ ենք արթնանում այսօր. սկզբում ես՝ 04-ին մոտ, հետո լացով-աղմուկով՝ Դավիթը՝ «սովորական ջուր եմ ուզում», ասել է թե՝ աղբրի (ծորակի) ջուր։ Խմում է, բայց չի հանգստանում։

Փորձանքից ելքը թող այսպես լինի… Զանգ ընկերոջը, մինչև…

Դավիթ Բլեյանը պարտեզում հանկարծ սկսել է ջերմել, քնել է երկա՜ր, մամա՜ ջան… Տանը ես ու Արմինեն տրամադրություն չունենք… ես գնացի քնելու… Հատկապես, որ տան ճանապարհին՝ ռուսաց եկեղեցու մոտ իմ հեծանվի