Իմ 650-րդ գիրը՝ որպես ճամփորդական նոթեր՝ ես սիրում եմ իմ երկիրը։
2016թ. ապրիլի 22։
Խառնելու-շփոթելու ի՞նչ կա. երկիրը՝ մոլորա՞կը, տիեզերքը, աշխա՞րհը, թե՞ աշխարհի մեր անկյունը՝ Բանգլադեշը, ուր մենք ապրում ենք, այն մեր կյանքով-ապրումով ստեղծելով… Համեցեք մեր երկիր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Ես օգտագործեցի Երկրի օրվա՝ ապրիլի 22-ի առիթը մեր երկրով մեկ ֆիզիկական թե մեդիա պտույտ կատարելու համար… Իմ պատումը՝ ոտքով, թե հեծանվի վրա, մենակ-երկուսով-երեքով-խմբով-հազարով… հավեսով՝ որպես ողջույն Երկրին: Շնորհակալ եմ օրվա համար, շնորհակալ եմ, երկիր, որ կաս այսպես… ինչպես տեսա քեզ…
Սեբաստացիները «Նաիրի» ձիավարության ակումբում:
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի:
Հիմնական դպրոցի երկարացված օրվա մի խումբ սովորողներ Գայանե Գրիգորյանի հետ վազքով հասան Մայր դպրոց…. Հարց՝ քանի՞ մետր ճանապարհը քանի՞ րոպեում անցան, որտե՞ղ, ինչպե՞ս գրանցեցին ցուցանիշները… Այնուհետև հեծանիվներով Մայր դպրոցից շարժվեցին Բ-4՝ ծածկած լողավազանում լողալու։ Հարցերը կրկնում եմ։
Այսպես են ապրում սեբաստացիները երկրում, մեր մայիսյան հավաքից առաջ, նաև երկարօրյայում… Մնացածը տեսեք տեսանյութում։ Հարց՝ ո՞վ է ստեղծել տեսանյութը, ինչպե՞ս են տարածել, քանի՞ մարդ է դիտել, ինչպե՞ս է իրենց այս առօրյան արտացոլվել սովորողների բլոգներում, որ երկիրը մեր… նվաճի Հայաստանը կամ տարածվի Հայաստանով մեկ։
Ի՞նչ արժե մեր երկրում մեկ խորանարդ մետր ջուրը… Որտեղի՞ց է ջուր ստանում, որտեղի՞ց է գալիս մեր երկրով անցնող ջրագիծ-ջրատար-ջրուղին-առուն. ինչո՞ւ է այդ վիճակում առուն։ Ե՞րբ եք, երկրի Տաթև Մելքոնյան և 2-րդ դասարանցիներ, մաքրելու ձեր առուն, այս ուսումնասիրությունը շարունակություն կունենա՞։
Հինգ տարեկանները խաղում են «Հրամայել, թե խնդրել» խաղ-հորինուկը.
Թվում, անվանում և նկարում են թվանշանները:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:
Շնորհակալ եմ Մարինե Մկրտչյանին, Շամիրամին՝ Հիմնական դպրոց-Բ-4 ճանապարհին Երկրի դաշտերում ծես-համերգի համար։ Դաշտային ծաղիկների մասով խնդիր ունեք Գրիգոր Խաչատրյանի հետ. միայն նրա՞… Էկոտուր 2016-ի մասնակիցները ի՞նչ են ասում-անում… Աջ ձեռքը չիմանա՞՝ ինչ է անում ձախը… Գլուխս պտտվեց հիմա, գիշերը ժամը 3-ին, հուզեցիք ինձ… Գոհար Բալջյանն այնքան օգնեց ինձ ապրիլի 22-ին՝ Երկրի օրը, Հիմնական դպրոցում անցկացնելու… Առաջարկ. «մայիսյան հավաքին ընդառաջ» խորագրով յուրաքանչյուր այսպիսի տեսանյութի ինչո՞ւ պարտադիր չկցվի տեղեկանքը…. Եթե չկա, ի՞նչ գործ ունի mskh.am-ում։ Ախր, հարցեր ունեմ։
Երկրի համն ու հոտը… Ես սիրում եմ իմ երկիրը… Նոր դպրոցի Տաթև Թամազյանի 1-ին դասարանի, երկարօրյայի կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանի, 2-4 տարեկանների՝ Նելլի և Աննայի մայրցամաքում հայտնվեցի… Այսքան ծնող, այսքան ուրախություն, ինքնուրույն մի երկիր՝ իր շերիֆով, քաղաքապետով, իր հանրային բոլոր ծառայություններով… Ծաղկո՜ղ-մեծացող երկիր՝ Քոլեջ երկրի խնամակալ հարևանությամբ…
Մեր Հասմիկ Թոփչյան նկարիչն ինչ էլ անի՝ իր նման է լինելու։ Տեսե՞լ եք Հասմիկին, ո՜նց է քայլում. քայլո՞ւմ է, ոտքերը գետնին դնո՞ւմ է։ Թիթե՞ռ է այս աղջիկը… Տեսե՞լ եք՝ ոնց է նկարում. շուրջը նկար է դառնում։ Նյութական չէ այս աղջիկը։ Տո, մեր երկրից էլ չէ… կամ խատուտիկ ծաղիկ է, որ ծաղկում-գժվացնում-հիացնում ու «նամակ» է դառնում-թռչում-եթերանում…
Մարզական մեդիաուրբաթ:
Լուսանկարները՝ Նորայր Կարապետյանի:
Գեղարվեստի այս աղջիկները՝ նախակրթարանի Օլյան, Տաթևը, Բուրիկը, Սոնան իրենց ընկեր-սաներով, պատմում է Աիդա Պետրոսյանը, լսեք-տեսեք, երկիրն այսպես են պահում՝ սիրելով, խնամելով, պահպանելով… Այսպես շոյելով… Աիդա ջան, ինչ լավ բան է խնամելը։ Խնամքի պակասը կա աշխարհում, շատ բան հենց այդ խնամքի բացակայությունից է, իսկ մե՛ր երկրում վերջին շրջանի Զարթոնքը հենց այդ խնամքի ծնունդ է։ Գեղարվեստում Քնարիկի ու իր-քո աղջիկների հետ մենք խոսում էինք… լողափի մասին… Ինձ ոգևորեցիք նորից, գործի անցեք: Տո, ինչ խելքներիդ փչի, արեք, սկսեք, դարձրեք ամենախնամված-նկարած լողափը մեր երկրում…Առաջնորդեք. ձեր ետևից գալիս են։
Մենք մեր բաժին երկինքն ենք պահում, ամեն օր, այսպես… Մեր կյանքը հո միջոցառում չէ՞… Այն մենք ապրում ենք: Ավարտեմ Գեղարվեստի Ջուլիա Ասրյանի Մոլորակի երգով…
Մոլորակը պտտվում է աջ և ձախ,
Նա անվերջ երգում է երգը այս.
Բարև արև, զուգել ես դաշտեր,
Պատել ես լույսերդ՝ աշխարհովս մեկ:
Դու հալեցնում ես բևեռներ, սարեր,
Եվ պարգևում ես տաք ու ուրախ օրեր:
Տաք ու ուրախ օրեր են մեր երկրում տարին բոլոր, այսպիսի աշխարհ… Մեծ է մեր երկիրը՝ մի օրվա, մի նոթի համար։ Ամեն ինչ չէ, որ պատմեցի, բայց հո իմ վերջին գիրը չէ՞. հետևեք իմ օրագրին։
#650