«Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ մենք կրթական քաղաքականության մեջ շեշտադրում փոխելու խնդիր ունենք. ոչ թե ի՞նչ ես պատրաստվում անել, այլ ցույց տուր խնդրեմ՝ ինչ ես արել»: Սա Նունե Մովսիսյանի ամենաթարմ «Դպիրի»-ի «Նախագծերով համընդհանուր ուսուցման կազմակերպում» հոդվածից է… Նունե ջան, նորը ցույց տալու խնդիր էլ չկա, այսպիսին է մեդիան ու մեր հեղինակային ուսուցման կազմակերպումը, պահանջը՝ բաց-արձանագրային բոլոր փուլերում… Մնում է՝ միասին՝ ծնողներով, դպրոցի, ուսկենտրոնի ղեկավարով… գնահատական տանք: Այդպես էլ սկսել ենք գործել, պահանջել. այդպես էլ կատարվելու են աշխատողների բոլոր տեղափոխումները, ազատումները, աշխատանքի հետ կապված այլ փոփոխությունները… Չենք սպասելու ուսումնական տարվա ավարտին. հիմա, անհապաղ…
Դպրոց-պարտեզի հինգ տարեկանները պատրաստվում են Զատկի ծեսին:
Լուսանկարները՝ Մարինե Մարտիրոսյանի:
2016-ի հունվար ամսվա ձմեռային դպրոցի ընթացքում սովորողների-ուսուցիչների առցանց ուսուցման բոլոր արդյունքները գրանցված են, գրանցվում են նաև նախագծերով ուսուցման շաբաթվանը՝ առաջադրման, մշակման, ուսուցման, արդյունքների արձանագրման ու քննարկման բոլոր փուլերում: Մայիսի 2-ից սկսվող սեբաստացիների ստեղծագործական հավաքը հարթակն է՝ 2016-17 ուստարին որպես նախագիծ ներկայացնելու համար… Մեզնից ո՛վ է գալու 2016-17 ուստարի, պիտի «Մայիսյան հավաք»-ի արդյունքներով հայտնի լինի, որ մարդը՝ սովորող թե ուսուցիչ, ամառը նպատակային օգտագործի…
Նախագծային ուսուցման մեկնարկը Նոր և Գեղարվեստի դպրոցներում:
Լուսանկարները՝ Անահիտ Գևորգյանի,Կարինե Խառատյանի:
«Ուղեղը ջնջում է հիշողությունները, որպեսզի… տեղ բաց անի, քանզի… հիշողությունը սահմանափակ է, և սովորելու ընթացքում ուղեղը ջանում է տեղ ազատել նոր տեղեկատվության համար»: Այսպիսով, ուռա՜, գիտության նոր հայտնագործությանը. ես թափով մոռանում եմ, դրանով մեծացող ինտենսիվությամբ սովորում եմ… Ահա և չծերանալու ունիվերսալ միջոցը՝ սովորել, սովորել, սովորել (սա կա՛մ Գրիգոր Խաչատրյանն է առաջինն ասել, կա՛մ Ուլյանով-Լենինը), ես ավելացնում եմ՝ ստեղծական կյանքով: Իսկ ես անհանգստանում էի ինձ ուղղված մեղադրանքների շարքից.
— Ինձ չե՞ք հիշում, ես Ձեր սովորողն եմ եղել…
— Ես Ձեր սանիկն եմ…
— Կլոր բերդում միասին ենք եղել, չե՞ք հիշում, ճաղավանդակով մեքենայով մի անգամ մեզ դատարան են տարել…
— 1976-ին շինջոկատում դուք ինձ մոտեցաք…
Ճապոնիայում ծաղկել է սակուրան… Մեր mskh.am-ն անգամ կարող է հաստատել, թե ինչ է սա նշանակում Ճապոնիայի ու ճապոնացու համար… Կրթահամալիրի Բանգլադեշում, մեր դպրոցական բակերում, Արարատյան դաշտում ծաղկել են ծիրանիները… Ինչո՞ւ սա իրարանցում չի առաջացնում (ես սարսռեցի), մեր տոնացույցով չի նշվում, մեր կրթական մշակութային ինքնության հետ չի առնչվում… Քանի՞ այսպիսի առաջադրանք ունենք, քանի՞ նախագիծ ուսումնական կդառնա Ավագ շաբաթում… Ծիրանիների ցրտահարվելն առաջին անգամ չէ, ցավ է, բայց բնական աշխարհն ու մեր կյանքը չեն ավարտվում, սրանով էլ պիտի ապրել: Ես կարդացի բոլոր վեց դպրոցների ու Քոլեջի ղեկավարների, Ռուդիկ Սահակյանցի հերոսական-սրտացավ զեկույցները՝ ծաղկած ծիրանիների ցրտահարության դեմն առնելու: Ահա դրանք: Ինչո՞ւ դրանք չդարձան բնապահպանական ուսումնական նախագծեր, չէ՞ որ շաբաթ առաջ հայտնի էին… Ինչո՞ւ չսովորեցինք… պաշտպանվել… Իսկ աշխարհն այդպիսի ինչպիսի՞ փորձ ունի… Ո՞ւր են մեր բնապահպան սովորողների հաղորդումները կրթահամալիրի ծիրանիներին այս ցրտի հասցրած վնասի մասին: Իսկ մեր դիմաց բնապահպանական նախագծերի ստուգատեսն է ամենամյա:
Արաբկիրի վարչակազմի ղեկավարն իրո՞ք այսպիսի անճկույթ մարդ է: Ես տեսած մարդ եմ, խիտ ու փոթորկուն կյանքով եմ շարունակում ապրել. ինձ չես զարմացնի, կամ հեշտ չէ այնքան… Ռոմանտիզմից էլ՝ այնպես ոչինչ, հեռու չեմ… Բայց այս նյութը ճկույթը կտրելու մասին սահմռկեցուցիչ է այնպես, որ իրական չի թվում. մեր օրերո՞ւմ… Եվ ի՞նչ…
Աշոտ Տիգրանյանն առաջարկում է ամերիկացի տնտեսագետ ու մաթեմատիկոս, մեր ժամանակի հայտնի մտածողի համբավ ձեռք բերած 2004թ. հրապարակած «Հիմարացնող պատահականություն»՝ Նասիմ Նիկոլաս Թալեբի աշխատությունը: Դժվար չէ որոշում կայացնել՝ ռուսերենով կարդալով այս հրապարակումը: Ինչո՞ւ աշխատությունը հայերեն չի թարգմանվել մինչև հիմա, արժե՞ թարգմանել-հրապարակել մեր ուժերով…
Հիմնական դպրոցի նախակրթարանի սաները պատրաստում են էկոլոգիապես մաքուր խաղալիքներ:
Լուսանկարները՝ Գոհար Սմբատյանի:
Գևորգ Հակոբյանի առաջարկած հրապարակումները մեկնաբանության կարիք չունեն. ռուսերենին բավարար չափով տիրապետում ենք, ինչո՞ւ թարգմանել: Միայն նախագծերով ուսուցման շաբաթը լավագույն հարթակն է՝ նման նախաձեռնություններ, բիզնես լուծումներ ու նոր մոտեցումներ իրագործելու համար… Տեսնենք՝ ինչ կունենանք շաբաթվա արդյունքներով… Իզուր չեմ անվանել մեր մանկավարժության ավագ շաբաթ: Դուք՝ չգիտեմ, բայց ես կիրակին առցանց աշխատանքային դարձրի՝ Սուսան Մարկոսյանի, Արմինե Թոփչյանի, Զառա Առաքելյանի, Լիլիթ Ազիզխանյանի… Իվետայի, Նունե Մովսիսյանի, Կարինե Պետրոսյանի… Քնարիկ Ներսիսյանի… Շուշան Բլեյանի հետ… Դավիթ Բլեյանի հետ այս արանքում հիմնավոր զբաղվեցինք իր սենյակով… Նախ, Շուշանին Viber-ով մեկիկ-մեկիկ ներկայացրինք Դավթի գործունեության արդյունքները… Ի՜նչ ոգևորված էր Դավիթը Շուշանին պատմում… Քույր ու եղբայր իրար կարոտում են, չեն թաքցնում, ի՜նչ լավ է… Հետո Դավթի հետ դարակ դարակի հետևից անցանք: Ստացվեց: Լա՜վ լողաց ինքնուրույն, մարզվեց, վայրի բնության աշխարհի կարևոր ֆիլմեր նայեցինք-քննարկեցինք… հիմա, տեսեք, ինքնուրույն ու պի՜նդ քնած է… Արմինեն էլ աշխատեց. փաստ է՝ նախագծով ուսուցման շաբաթին պատրաստ է, նախագծերը չորրորդ-հինգերորդ դասարանցիների համար առանձին-առանձին՝ ներկայացված-հրապարակված են… Չեմ կարծում, որ այսպիսի եռուզեռ էր միայն Չայկովսկի երեսուն, բնակարան տասներեքում… Ավելին, մարտի 21-ի օրացույցը, mskh.am-ում դպրոցների ղեկավարների՝ մանկավարժական աշխատողների բլոգներում նախագծերով ուսուցման հղումների հրապարակումները փաստում են՝ գործի ձևական կողմն ապահովված է… Մնում է գլխավորը՝ համակվածությունը գաղափարով, առաջադրված ուսումնական խնդրի միասին լուծումը, նախագծերով աշխատելու հավեսը… Տեսնենք, տեսնենք…
Արարատը Գեղարվեստի տանիքից այսօր՝ առավոտյան:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:
Ընթերցարան
- Ութ նշան, որ տղամարդը կսիրի հավերժ
- Խոշոր տեսողական խաբկանքներ
- Կարտոֆիլի հյութը՝ հրաշք բուժարար
- Գիտե՞ք, որ գրերի գյուտից հետո…
- Կալցիումն առանցքային դեր է խաղում
- Սպանախի օգտակար հատկությունները
- Տաս ամենախենթ արարքները հանուն սիրո
- Դրախտի և դժոխքի փոխարեն
- Սեռական կրթությունը մանկավարժի՞ գործն է
Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 619