Երկուշաբթին կարող է և դժվար օր է, բայց ոչ իմ օրագրի համար… Համեցե՛ք, այնքա՜ն կարևոր, չասված պատում է դուրս մնացել ամենօրյա անընդհատ իմ գրից, հագեցած համերգային շաբաթից, Չարենց-Դավթին հանձնված կիրակիից, դեռ ծովի նման կանչող, ու աննկատ սկսված նոր շաբաթն էլ` իր մտքերով…
— Չարենցն ո՞վ է, որ…
Առավոտ իր սենյակում` իր նոր հավաքած ավտոդրոմով տարված, տան անցուդարձին, որ Չարենցի մասին է, նրա ծննդյան օրը սեբաստացիների հետ անցկացնելու որոշման մանրամասներին ականջի պոչով հետևող Դավիթ Բլեյանը համառում է…
— Ո՞վ է Չարենցը, որ պիտի գնանք…
— Չարենցը… Չարենցը, Դավիթ…
Իսկապես, Դավթի համար՝ առյուծի կյանքով ապրող, Թումանյան-Կոմիտաս աշխարհում մոր ծիծ կերած այս տղուկին Չարենց ինչպե՞ս ներկայացնես… Ես գրապահարանի մի դարակից հանում եմ հոբելյանական-մեծադիր Չարենցի հատընտիրը՝ Հրանտ Մաթևոսյանի կազմած, ու բերում եմ Դավիթին.
— Չարենցն այս գիրքը գրողն է… Տե՛ս՝ ինչե՜ր է գրել՝ ինչքան մե՜ծ ու լսելի…
Դավիթը գնահատում է գրքի մեծությունը՝ իր մեքենաներից մեկ-երկուսը քշելով շապիկով-էջերով…
— Հլը կարդա՝ լսեմ…
Ես հանգիստ եմ, չնայած ուշանում ենք պայմանավորված ժամից։ Դավթին ե՛ս եմ բերել, Չարե՛նցն էլ, օ՛րն էլ՝ իմն են…

Ցույց տուր Չարենցին, ուզում եմ տեսնել….
Լուսանկարները` Սոֆյա Այվազյանի:

Բացած էջից կարդում եմ.

— Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին 
 Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
 Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
 Հազար խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան։ 

— Էլի՛ կարդա…
Կարդում եմ.
— Քանի՛ անգամ ուզես, Դավի՛թ ջան:
— Չէ՜, ուրիշ տեղից կարդա…
Կարդում եմ…
— Պա՛պ, խոզի մսով խորոված եմ ուզում ուտեմ հիմա…
— Առանց Չարենցի չի լինի, Դավիթ ջան, Չարենցով, իհարկե, կլինի… Գնանք… Ընտանիքով լավ զբոսնենք, խոզի խորովածն էլ՝ հետը…
Ընտանիքով գնում ենք Չարենցի Երևանով թափառումի… Պատրա՞ստ եք…
— Պա՛պ, թող ընտանիքը  մնա տանը՝ գործ անի, հանգստանա, ես ու դու գնանք չար տղայի հետևից…
— Չարենցը որ բարի լիներ, կասեին՝ Բարե՞նց… Ի՞նչ է արել Չարենցը…
— Պա՛պ, ի՞նչ ասել է չարենցասեր, Չարենցին սիրո՞ղ, ասել է…
— Ո՞վ է Չարենցը, որ էսպես հավաքվել են…
— Էստեղ ո՞վ է Չարենցը, չկա՞… Ցույց տուր Չարենցին. ուզում եմ տեսնել….
Արդեն տուն-թանգարանում, շարունակում է՝ ցույց տալով կիսանդրին.
— Պա՛պ, Չարենցը մեռել է , դրա համա՞ր չի գալու… Իր հոգի՞ն է էստեղ, պապ, ու քանդա՞կը…

Եթե մենք չլինեինք «Ամբոխները խելագարված» կոչվող հուշարձան-պուրակում (Շախմատի կենտրոնական տան դիմաց, Ալեք Մանուկյան ու Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում)` մեր խելառությամբ, թիվ 136 դպրոցի  կիրթ խումբը, Գառնիի Բանավանի հիմնական դպրոցի և Չարենցի դպրոցից փոքր խմբեր ու մի քանի տասնյակ երևանցիներ՝ մի տուն-թանգարանի չափ ժողովուրդ, որ թանգարանում շատ էր թվում, իսկ պուրակում չէր երևում… Եթե չլիներ մեր հեծանվորդ-տասնյակի ներխուժումը պուրակ` մարզիչ Սամսոնի առաջնորդությամբ, մեր թափառում-կարդալը Չարենց պուրակից մինչև թանգարան… Սա է Չարենցի քաղաք Երևանի կիրակնօրյան… Կուզեի երեկոյան էլ քայլել Չարենցի Երևանով. բոհեմ կուզեի այս քաղաքում լիներ այսօր… Բայց Դավիթը վատառողջ է. կեցցե՛, լա՜վ քայլեց սեբաստացիական ընտանիքով, կերավ Ղարսի խորոված ու վերադարձավ իր մեքենաներին, գազանիկներին ու մուլտիկներին…
— Պա՛պ, չես կարող խանգարել. քո սիրած մուլտերն եմ նայում…
Խոհանոցի մեծ սեղանի տակ առյուծի նման փռվել ու մոր պլանշետով իր հերոսների աշխարհում է… Չարենցը Դավթի մեդիայում կա՞… Իսկ երևանցիների սոցցանցերո՞ւմ…

Նոր դպրոցի գարնանային դիմանկարները:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի: 

Բոհեմ հոգևոր, չգտանք՝ ո՛չ մի օր առաջ Էջմիածին քաղաքում, Փարաքարի Սուրբ Հարությունում մեր հավաքած ժողովրդի մեջ, ո՛չ էլ` Շողակաթում… Էջմիածնով թափառելիս էլ չգտնվեց, չնայած մեր ներխուժումներին` Սայաթ-Նովայի ու Կոմիտասի հարսանեկանով, եկեղեցիներից դուրս, հանկարծակիի եկած հարսանքավորների առօրյա…

Շնորհակալ եմ Լիլիթ Բլեյանին ու Տիգրան Տեր-Ստեփանյանին, որ կարողացան «Լոֆթ»-ի բարեգործական ակցիան դարձնել հուզիչ, ինքնամփոփ, մտերմիկ՝ առանց որևէ ավելորդ խոսքի ու ձայնի հաղորդակցության…

Իհարկե, մեր սեբաստացիական հոգևոր գրականությամբ, մեր խելառությամբ չենք հրաժարվի մեր նախագծերից, որ համառորեն քաղաքին ու հանրապետությանն ենք պարտադրում…

  • Հանրապետության դպրոցական հոգևոր երգեր կատարող սովորողների-ուսուցիչների խմբերի ամենամյա հավաքի կազմակերպիչը դառնալ՝ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո…
  • Մարտի 13-ն ամեն տարի դարձնել Չարենցի պուրակում (ես անունը դրեցի) ինքնաբուխ չարենցասերների խելառ հավաքատեղի… Նստոտենք պուրակի փեշերով` Կարսի գրական դաշտ դառնա պուրակը, արձանի պատվանդանը՝ հրապարակ, Չարենցով բոհեմի հակվածների համար… Այսպիսի Չարենցի…

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված —
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր —
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր —
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Իսկ անցյալ շաբաթը չանցավ, մնաց իմ մտքում-շարունակվող գործերում՝ գալիքում շաբաթ օրվա՝ պարտեզային գործերով…

Գարնանային էտյուդներ Նոր դպրոցում:
Լուսանկարները` Նունե Խաչիկօղլյանի:

Ֆոտոխմբագիր՝ Սոֆյա Այվազյան
# 612

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես խուլ չեմ, մեր տանը ոչ ոք չի հրամայում…

Ստուգեք-համոզվեք-հաստատեք… Դավիթ Բլեյանը առյուծի ձագ չէ, առյուծ է, ու տեսեք, իրիկունը ոչ միայն իր կռիվ է տալիս, պաշտպանվում իր հայտնի հոր, թվում է` լեգիտիմ (օրինակարգ) թելադրանքից-պահանջից, այլև մռնչում-սպառնում (տեսարան է)՝

Միասնական քննություններ են հանրապետությունում…

Հանրային հեռուստաընկերություն, «Հարցազրույց» Հունիսի 16

Բարեկենդանի մեծացող աշխարհը

Բուն Բարեկենդանը ես անցկացրի տանը՝ մի խումբ հարազատների հետ… Ստեփան եղբոր՝ Դավթի հորեղբոր, ով երկարատև բուժումից հետո իսկական նվեր էր մեզ, այնպես, որ արժանացավ խորովածի կրակը վառելու պատվին… Իմ հարգելի ճարտարապետ-ուսուցիչ