Ահա այսպիսի ծրագրով է մեր առյուծ տղան փետրվարին պարտեզ գնում. Արմինե մայրիկն անհանգստացած է, ես՝ ոգևորված… Գլխավորն այն հավեսն է, դրական ձգտումը դեպի ընկերները, դաստիարակները… Օրեր առաջ չորս-հինգ տարեկանների ծնողների մի խումբ Գեղարվեստի ճանապարհին հենց այս մասին էր խոսում՝ իրենց երեխաները միշտ հաճույքով տանից ձգվում են դեպի նախակրթարան… Կա՞ ուրիշ ավելի անաչառ, ամբողջական-ներառող ցուցանիշ՝ նախակրթարանի, պարտեզային խմբի գործունեության… Ի՜նչ ծանր տեսարան է երեխային զոռով պարտեզ քաշող, աշխատանքի շտապող ծնողը… Վաղուց այսպիսի տեսարանի չեմ հանդիպել մեր կրթահամալիրի նախակրթարաններից ոչ մեկում… Որպես աշխատող հայր՝ ի՞նչ կանեի, եթե Դավիթը չուզենար «շաշացնելու» համար գնալ պարտեզ… Ես կշաշանայի, կշշկռվեի… անելիքս չէի իմանա… իմ աշխատանքային կյանքի լավագույն գործերը մեր նախակրթարաններն են, հետո՝ կրտսեր դպրոցները, հիմա՝ Միջին դպրոցը…
Թումանյանական մատների թատրոն:
Գեղարվեստի կրտսեր դպրոց, 2-րդ դասարան:
Լուսանկարները՝ Անուշ Աթայանի:
Գիտեք, ես հիմա ավելի շատ ժամանակ եմ անցկացնում Ավագ դպրոցում՝ այսօր կլինի չորրորդ օրը, նույն՝ ժամը տասնմեկին, նույն՝ Ավագ դպրոցի մշտապես խնամված ընթերցարանում Մարթա Ասատրյանը հրապարակավ ներկայացնում է 2015-2016 ուստարվա արդյունքներով չառաջադիմող տասնմեկ-տասներկուերորդ դասարանցիների վիճակը, լսում ենք սովորողներին, նրանց ծնողներին… Որոշումներ անհատական կայացնելու է Ավագ դպրոցի ղեկավարը. սովորողի ընդունումն ու ազատումը կանոնադրական նրա գործառույթն է. ես նաև այսպիսով եմ աջակցում Մարթային, վերահսկում ուսումնառության պայմանագրով սովորողների պարտականությունների կատարումը… առաջարկներ պատրաստում փոփոխությունների համար… Օրինակ. հարցնում եմ՝ ինչո՞ւ է Ավագ դպրոցի ղեկավարը թույլ տալիս, որ ընտրությամբ դասընթացներն առանձին սովորողների համար վերածվեն անհատական պլանը լցնելուն… Չէ՞ որ դրանք կան՝ որպես մասնագիտորեն կողմնորոշվող անհատի շոշափելի ջանքեր՝ հարուստ իրենց ձեռքբերումներով, նվաճումներով…
«Զանգակ» հրատարակչության գրապահարան-տնակը շարունակում է իր շրջայցը:
Նոր դպրոց, 3.3 դասարան:
Լուսանկարները՝ Վանուհի Բաղմանյանի:
«Ազգ» տպագիր թերթը, որ հիմա լույս է տեսնում որպես հասարակական-քաղաքական վերլուծական շաբաթաթերթ, այս տարի նշում է իր քսանհինգամյա հոբելյանը: Երևույթ է, որ կա… Շնորհիվ Աշոտ Տիգրանյանի ես շարունակում եմ մնալ «Ազգ»-ի ընթերցողը: 1992-ին, երբ «Ազգ»-ն օրաթերթ էր, ու իր ամենա… վիճակում լույս էր տեսնում 40.000, գրում եմ նաև տառերով, որ չկասկածեք, քառասուն հազար օրինակով, հրապարակեց «Երբ շատ է դժվար դիր փափախդ առաջդ ու խորհիր» հոդվածը՝ թարմ, Բաքվի իմ այցից անմիջապես հետո: Հիմա դժվար է հավատալ, որ քաղաքական օրագիր-մտորումը կարող է այդպիսի «բում» առաջացնել. համարը ձեռքից ձեռք էին տանում, բազմացնում-տարածում… Պետք է կարդալ Հակոբ Ավետիքյանի «Օրերի հետ» խմբագրականը, ու վերջ…
«Շունն ու կատուն» այս օրերին, պարզվում է, դարձավ հարյուր երեսուն տարեկան: Անհավատալի է, որ նման պատմություն նման ձևով կարելի է գրել տասնյոթ տարեկանում… Կատարվեց Անդրանիկ Զորավարի գուշակությունը. «Կանցնեն տարիներ, ո՛չ ես կլինեմ, ո՛չ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն»»: Խնդրեմ, այդ նշանավոր-զարմանալի պատումը կա Դավիթ Բլեյանի համար՝ նույնքա՜ն կենդանի, որքան եղել է Զորավարի կյանքում…Եղավ այսպիսով նաև անդրադարձ իմ ու Ձեր Զորավարի ծննդյան օրվան:
Պատրաստում ենք Թումանյանի «Ճամփորդներ» հեքիաթի աքաղաղին:
Գեղարվեստի նախակրթարան:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:
Քանի՞ տարեկան դարձավ մեր «Դպիր»-ը, որ այսպես, հետազոտող ուսուցիչ-հոդվածագիրը շարունակ հիացնում է… «Թումանյանական օրեր» ստուգատեսային ուսուցումը սրա կազմակերպիչ-համակարգող Արմինե Աբրահամյանի՝ ընտանեկան անկեղծությամբ արված բնորոշմամբ՝ անտնօրեն, ինքն իրեն կազմակերպում-ուսուցանում է…գործող հեղինակային ծրագիրն այսպես է լինում: Ինչպես սրան սպասարկող բլոգային ուսուցումը՝ տարիներ առաջվա ձևական-պարտադիր պահանջից դարձավ մայրենիի ուսուցչի անփոխարինելի մեդիագործիքը… Ինչո՞ւ տանջվեմ, երբ Հասմիկ Թոփչյանն իր փորձն ու մեր մանկավարժության զարգացումն է ներկայացնում մեր ստեղծած քսանչորս (1992-ից) տարեկան մամուլում: Նույն կարգի է Լիանա Հակոբյանի «Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք» հրապարակումը… Որքա՜ն նման են Հասմիկն ու Լիանան, ի՜նչ լավ է, որ բաժան՝ մեկը մաթեմատիկայում, մյուսը՝ մայրենիում, ու այդքա՜ն հարազատ, նույն մանկավարժության հեղինակներ են: Բրավո՜, աղջիկներ: Ինձ էլ շաշացրի՜ք, Առնոլդին էլ…Կրթահամալիրի շախմատի ակումբի ղեկավար Առնոլդ Միքայելյանը պատրաստվում է շշմացնել մեզ. առաջին անգամ կրթահամալիրի պատմության մեջ, ուրբաթ օրը կմեկնարկի իսկական շախմատային ֆլեշմոբ:
Տեխնոլոգիայի արվեստանոցի փոքրիկ ջերմոցը:
Գեղարվեստի կրտսեր դպրոց, 4-5-րդ դասարաններ:
Լուսանկարները՝ Արմինե Բաղդասարյանի:
Իմ օրագրի արտաքին քաղաքական տեքստն ամբողջությամբ հատկացրել եմ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, որ երեկ Թեհրանում ընդունել է պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի նախագահին: Ոչ բոլոր երկրների նախագահներն են արժանանում այսպիսի ընդունելության: Մեջբերում եմ անում Խամենեիի խոսքից՝ հորդորելով օրագրի ընթերցողին՝ ուշադիր կարդալ: «Ադրբեջանի ժողովրդի քաղաքական կայունությունը, անվտանգությունը, անդորրն ու հանրային բարեկեցությունը շատ կարևոր են մեզ համար, և ելնելով երկու ժողովուրդների միջև առկա անկեղծ փոխըմբռնումից՝ անհրաժեշտ ենք համարում տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը»: Խամենեին նկատել է, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն դավանաբանական ընդհանրություն՝ շիիզմը: «Նա համաձայնել է Իլհամ Ալիևի այն մտքի հետ, որ երկու երկրների հանդեպ էլ սպառնալիքները բխում են նույն աղբյուրից, և որ Ալլահի օգնությամբ իրենք կհաղթահարեն դրանք»:
Իմ օրագրի ներքին քաղաքական տեքստը ՀՀԿ-ՀՀԴ քաղաքական համագործակցության այս համաձայնագիրն է:
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Բաղդասարյան
# 594