Գրող, հրապարակախոս, ասեկոսեների հայտնի սիրահար, պարզապես, Արմեն Շեկոյանի հրավերով «Ասեկոսե»-ի հաճելի տաղավարում էի… Մեր տեսազրույցն իմ օրագրում էլ կլինի՝ դիտեˊք…ինչպես այ հենց հիմա դիտում եք Դավիթ Բլեյանի Թբիլիսիի կառուցման մասին դաստիարակի օգնական-մորաքույր Ռուզան Աբրահամյանի նկարահանած ֆիլմը:
Իմ մասնակցությամբ, իմ մասին, իմ գործունեության, առօրյայի, իմ-իմ ընտանիքի-կրթահամալիրի կյանքի մասին հետաքրքրվողը կկարողանա իմանալ… իմ միջոցով՝ իմ բլոգի օրագրում… անմիջական-հավաստի… Ես հատուկ շուտ գնացի (չգնայի, հա՜), որ մի արձանագրային շրջայց կատարեմ Արամի-Տերյան-Պուշկին փողոցներով դեպի Սախարովի հրապարակ… Դավիթավարի ասեմ՝ յա՜խք… Կներեք, մեր հարգանքով օրագրի իմ ընթերցող-չընթերցող, Երևան ու երևանցի, բայց այստեղով անցել է բարբարոսը… այ սա անելու բան չէր իմ ծննդավայրի-բնակավայրի-իմ հայրենիքի մայրաքաղաքի հետ: Ամենամեծ զգացման՝ ամոթի հետ, որ ինձ հետ է լինելու միշտ՝ մինչև մահ ու գերեզման ու չի թողնելու որ հալալ լինի իմ օրը, որքան էլ որ այն, թվում է՝ իմ ապրումն է ինքնաբուխ, իմ նվիրումը, իմ ստեղծագործությունը… Այսպես վարվել Երևանի հետ չէր կարելի:

Երևանի կենտրոն:
Լուսանկարները` Կարեն Բիչախչյանի:

Հայտնի լուսանկարիչ, նույնքան հայտնի Գերման Ավագյանի արվեստանոցում եղա, շնորհակալ եմ, որ արժանացա իր նախագծում արձանագրվելուն… բայց այստեղ, այս ավերի մեջտեղում նստել-խոսել-խմել… ինչի՞ մասին, փախա րոպե առաջ… Մեր տանն ինձ սպասում են…
Առանց ասեկոսեների. նաև դրա համար ենք հավաքվել իմ աղջիկներով՝ Լիլիթ, Տաթև, Շուշան նաև Դավիթ Բլեյաններ, անհեթեթ Լոսից վերջապես տուն վերադարձած Նազենի աստղ Հովհաննիսյանով… Տաթև Բլեյանի կյանքում բեկում է, և աշխատանքային խումբը որոշում է գործողությունների պլանը… Համ էլ՝ Շուշոյին խոստացած խորովածը պիտի տանք, համ էլ Նազենիից այդքա՜ն մոտիկից ու երկա՜ր կարոտն առնելու… Ես սկսել եմ կարոտել-նախաձեռնել սիրելիների մեծ ու փոքր խմբերով այսպիսի առերեսումները, կարոտն առնելը սեղանի շուրջ… Երբ դուք՝ դուք եք… Իսկ Դավիթ Բլեյանին ձու-ձու կակա բերողների թիվն ավելացավ Սամվելով… Արևիկ Տատինցյան թոռնուհին ավագություն է անում, կարողացավ դիջիթեքյան մի քանի նյութ անել Դավիթ-Սոնուլիկ ծույլ զույգի հետ, արանքում շարունակում է իր ոգևորվածությունը փոխանցել կրթահամալիրի գեղարվեստից… Ի՜նչ լավ է:

Երեկ ես Կարեն-Գագիկի՝ գունանկարի-գծանկարի արվեստանոցում տեսա մեծ թվով Միջին դպրոցի  6-8-րդ դասարանցիների, ովքեր, երջանիկ արվեստի աշխարհում, չէին ուզում օրն իրենց, ժամերը պարապմունքի ավարտվեին… Նազենի աստղ քույրիկն իմ լավ ձևակերպեց. Լոսից երբ գալիս ես, երբ գործերդ, որոնց համար գնացել ես, ավարտել ես ու վերադառնում ես, գիտես՝ ուր ես գալիս, որ ինչ անես, ի՜նչ թանկ ու հարազատ բան ունես քո կյանքում… Ահա մեր տանը սեղանի շուրջ մարդիկ այնքա՜ն կենդանի-գեղեցիկ են, որ շողշողում են ու չեն ուզում, որ վիճակն այս ավարտվի, ինչպես ամեն անգամ Դավիթն ու իր քույր Սոնան… Ու ամեն անգամ Լիլիթ Բլեյանը, որ պատրաստվում է իր հերթական համերգին, ավելի մեծ խոստումով պիտի բաժանի…

Մեդիակենտրոնի աշխատակիցները:
Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

«Լուսանկարիչ, որին ոչ ոք չէր ճանաչում…» գրավեց ինձ այս հրապարակումը… Իսկ Գերման Ավագյան լուսանկարչին ճանաչո՞ւմ ենք… Անի Սարգսյան ու Մարինե Մկրտչյան լուսանկարիչները մեզ համար կգտնե՞ն Գերման արվեստագետին, քանի Գերմանը Երևանում է, կկարողանա՞ն դիջիթեքի օրերին իրենց սաների հետ հանդիպեցնել, մտնել միասին նրա արվեստանոց…  Հիմա, ժամը 6-ին առտու ես թերթում եմ Գերմանի «Տեսողական պոեզիա» նախագծի ալբոմը. «Սկսեցի ինքս ինձ հարց տալ. արվեստի մի տեսակը կարո՞ղ է պատկերել մյուսը, տեսողականը, կարո՞ղ է պահել իմաստայինը»… Իոսիֆ Բրոդսկու հարցադրման արձագա՞նքն է Գերմանի այս նախագիծը… Տպավորված եմ…

Կինո-Ֆոտո ակումբի կրտսեր խումբը:
Ղեկավար՝ Անի Սարգսյան:

Դավիթ Բլեյանը ընտանեկան հավաքից հետո, երբ մենք մնացել ենք երեքով.
— Ինչո՞ւ է հայրիկն ամեն ինչ ստեղծում, մայրիկ, ինքն Աստվա՞ծ է… Աստված, ջուր բեր,- կանչում է ինձ…
— Դավիթ, մարդուն Աստված չեն ասի (Արմինե մայրիկը դա թույլ չի տա, որ ես Աստված աշխատեմ)…
— Խի՞,- վրա է բերում Դավիթը…
— Աստված երկնքում է, մարդիկ՝ երկրի վրա:
— Հայրիկն էլ է երկնքում,- վրա բերեց Դավիթը…

Ավարտեմ իմ գիրն օրվա-տաղ անձնականը Տիգրան Պասկևիչյանի «Տեսողական պոեզիա»-յից.

Stop կադր

Ինչ ճիշտ է, ճիշտ է, էսօր Գերմանն ինձ նկարեց:
ու ես դարձա նկար:
Երեկ անհոգ էի, ազատ,
էսօր դարձա նկար:
Լույսը լույսով ճառագայթեց,
Ըստվերն ամոթից մեռավ…
Գերմանին ի՜նչ, չըխկ-չըխկացրեց,
որ ես դառնամ նկար:
Հիմի ո՞ւր եմ Աստված գիտի,
Ի՞նչ եմ ինձնից բացի,
Եթե նկարն ինձ հանդիպի,
վայ թե չճանաչի:

Ինչ ճիշտ է, ճիշտ է. Տիգրան ջան, երեկ Գերմանն ինձ էլ նկարեց, ու ես դարձա նկա՞ր…

Ընթերցարան

Ֆոտոխմբագիր՝ Մարինե Մկրտչյան
# 574

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը

Խոսուն վերնագիր է՝ «Երբ հանդիպում են շոգը, գիրքը, ջուրն ու ընթերցողը»… Նառա Նիկողոսյանն իր ամառային Նոր դպրոցով, Մարի Գաբանյանը՝ իր հուլիսյան գրադարանով, ու «Զանգակ» հրատարակչությունը ամառային ընթերցանության  կազմակերպման նոր հարթակ

Նոր հայացք՝ նոր բարձունքից…

Իմ շաբաթ օրը սկսում եմ առավոտյան 5-6-ին. հետևողական կարգավորում եմ իմ քունը, սկսում եմ երեք բաժակ սովորական ջրով ու մի բաժակ կիտրոնաջրով։ Մեկ տարվա իմ փորձով կարող եմ հաստատել՝ ջուրը

Ես նաև Բլեյան ցանցի մենթոր եմ

Ով ուշադիր է իմ գրին-բլոգապատումին (ո՞վ ուշադիր չէ՝ հարցնում եմ), կարող էր արձանագրել իմ պատումի անընդհատությունը․․․ Ո՞ւր է շտապում տիար-ասացողը, կարկաչուն գետակի պես․․․