Երևանյան առօրյայից փախչելու, երկօրյա, եռօրյա ուսումնա-հայրենագիտական ճամփորդության լավ հնարավորություն է ստեղծում մեռելոցը, եթե նրան դիտենք որպես պարգև ուսումնական… Այս օրերին Նառա Նիկողոսյանի հետ զբաղված էինք այդպիսի ճամփորդությունների կազմակերպմամբ։ Շնորհակալ եմ, որ մեր սեպտեմբեր-հոկտեմբերի հավաքները կազմակերպելու համար սիրով, մեր գործընկերության ավանդույթով մեզ տրամադրեցին Հայ ազգային սկաուտական կազմակերպությանը (ՀԱՍԿ, խորհրդի նախագահ՝ Բագրատ Եսայան)՝   Բյուրականի սկաուտական ճամբարը,  «Ժայռ» հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Ալեքսան Մինասյան)՝ Սևանի ճամբարը։

Շարունակեմ երեկվա հեքիաթ-պատումը։

Ինքնակրթությունը և մասնագիտական միջավայրը հայագիտության իմ ուսուցիչները եղան 1979-1985 տարիներին. ես ջանասեր-ոգևորված սովորում էի: Թ. 10 դպրոցում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ ստեղծված հայագիտության խորացված ուսուցման դասարանների համար  հայագիտական հանրակրթական ծրագրերի կազմումը, դրանց դասավանդման համար մասնագետների որոնումը, մասնագիտացված միջավայրում (գիտահետազոտական կենտրոններ, թանգարաններ) հայագիտության խորացված ուսուցմամբ 9-րդ-10-րդ դասարանների իմ սաների գործնական պարապմունքների՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունների, մասնագիտական փորձառության կազմակերպումը պահանջում էին, որ կարճ ժամկետում ծանոթանայի տասնյակ-տասնյակ հայագետ գործիչների՝ հայտնի ու ոչ այնքան, գոնե ինձ անծանոթ հայագետների՝ գրողների, արվեստի գործիչների, երաժիշտների, լեզվաբանների, գրականագետ-արվեստաբանների, պատմաբանների հետ… Բուռն, ինքնամոռաց գործումի, գրավիչ ապրումի տարիներ էին:

Իմ 1978թ. ծնված առաջնեկ Լիլիթն ինձ հետ էր դպրոցական, մեկը մյուսին հաջորդող միջոցառումներում, թանգարաններում, զբոսանքներում, համերգներում… Այս շրջանում ես անձնական մտերմություն հաստատեցի, «կուլիսներում»՝ մտերմիկ-ընտանեկան միջավայրում ծանոթացա-լսեցի Համո Սահյանին, Գեղամ Սևանին, Գևորգ Ջահուկյանին, Հրանտ Մաթևոսյանին, Տիգրան Մանսուրյանին, Սոս Սարգսյանին, Վարդգես Պետրոսյանին, Ռուբեն Զարյանին, նկարիչ Վանիկ Շարամբեյանին, ազգագրագետ Սարգիս Հարությունյանին… գրականագետ, թատերագետ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Հախվերդյանին, արևելագետներ Սեն Արևշատյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին… Այս շրջանում ես ծանոթացա ու ցայսօր անբաժան եմ ճարտարապետ Համլետ Խաչատրյանի, կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանի, բանագետ-ազգագրագետ Արուսյակ Սահակյանի, Արծրուն Սահակյանի հետ…

Ինձ հետաքրքիր էին նախ և առաջ իմ դասարանների ուսումնատենչ պատանիները՝ հմայիչ տղաներ ու աղջիկներ, ովքեր հաղթահարել էին դժվարություններ, յուրօրինակ պայմաններում հայագիտության մեջ խորանալու որոշում էին կայացրել… Մենք միասին էինք շաբաթ-կիրակի օրերին, դպրոցական արձակուրդների ողջ շրջանում. հայրենագիտությունը՝ մեկօրյա ու բազմօրյա, վրանային-հետիոտն ճամփորդությունների տեսքով, ինձ համար Հայաստանը, Արցախը, Ջավախքը շոշափելով-մանրամասն ճանաչելու, հայ գեղջուկի տուն մտնելու, նրան լսել-ճանաչելու բովանդակային դպրոց դարձավ իմ և իմ սաների համար… Այն, ինչ այսօր կրթահամալիրում արվում է որպես հեղինակային կրթություն՝ հայրենագիտությունը, կրթությունն առանց սահմանների, մոբիլ-ստեղծականությունը, ես հայտնաբերում էի՝ որպես մանկավարժություն և իրականացնում հայագիտական դասարաններում…

1982թ. 15 օրում վրաններով անցանք Շուշիից մինչև Տոնաշեն, Գանձասարով մինչև Ամարաս… Ելույթներով, Վահան Տերյանին նվիրված գրական-երաժշտական պատումներով արշավեցինք Ջավախքով, Ակսել Բակունցով անցանք Սյունիքով՝ Տաթևից մինչև Գորիս ու Հին Խնձորեսկ, Կապան, Թումանյանով՝ նորից բազմօրյա արշավով, գերեցինք ու գերվեցինք Լոռվա աշխարհում…

Հացով և գինով սեղանի շուրջ կազմակերպված մեր մշակութային ակումբը շուտով այնքան հեղինակություն ձեռք բերեց, որ սկսեց լրջորեն անհանգստացնել անվտանգության ծառայություններին ու Մյասնիկյանի կուսշրջկոմին… Շնորհակալ եմ, միշտ երախտապարտ Գայանե Մկրտչյանին. համալսարանի բանասիրության ֆակուլտետի անվանի շրջանավարտը չվարանեց, ընդունեց հայագիտական դպրոցում որպես ջոկատավար (շա՜տ-շատ դժվար էր լեզվի-գրականության ուսուցիչ նշանակվել) աշխատելու իմ առաջարկը և հաստատվեց ու մնաց որպես հարգելի Գայանե ուսուցիչ, դպրոցի բոլոր սաների համար, անմոռաց-նվիրված ընկեր ինձ համար:

Կա՞ բան, որ տարիների հեռվից ասում եմ՝ ես այսօր չէի անի… Հարցնո՞ւմ եք։ 

Որպես դպրոցի փոխտնօրեն կազմակերպիչ՝ ես չունեի այն ազատությունը-ինքնուրույնությունը, որ ունեի որպես հայագիտական դասարանների ղեկավար… Ես ամենօրյա բախումների մեջ էի դպրոցի «հոգնած ուսուցիչների», դասղեկների, համառ ու տափուկ արհկոմի նախագահի, դպրոցի կուսկազմակերպության ժիր ու դավող, իշխանասեր քարտուղարի, Մյասնիկյանի կուսշրջկոմի և ժողկրթբաժնի մշտական սովետական տոտալ հսկողության հետ… Ավելի հեշտ էր օգտագործել արդեն ձևավորված իմ անձնական կապերը այն ժամանակվա փոխվարչապետ Ֆելիքս Պետրոսյանի, շենքի ճարտարապետ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ նշանավոր Կորյուն Հակոբյանի հետ և նախաձեռնել շենքի հիմնանորոգումը, ուսումնական նոր կցակառույցների շինարարությունը: Ամեն ինչ եղավ ուսուցիչների, սովորողների, «Այգեստան» թաղամասի համար զարմանալի կարճ ժամկետում և հիացրեց, իհարկե, բոլորին: Իսկական նվեր եղավ դպրոցի 75-ամյակի առիթով…

Դպրոցի հայտնի շենքի մի թևում կաղնի կար, ու կցակառույցը պահանջում էր, որ այն չլիներ… Իմ ճարտարապետ-ընկեր Համլետ Խաչատրյանը հոդորում էր ինձ չկպչել ծառին, առաջարկում էր այլ լուծում… Կորյուն Հակոբյանի արվեստանոցի ղեկավարը, ունենալով հեղինակավոր տնօրենի աջակցությունը, նախագծել էր առանց ծառի… Կարո՞ղ էի ես՝ իմ հայտնի համառությամբ պաշտպանել ծառը… Կարող էի: Ես, ավա՜ղ, ընկրկեցի. դա չպիտի անեի, իհարկե: Ու վկա ես, ընթերցող իմ բլոգի, բլոգապատման հարգելի պատվիրատու, Նորին Մեծություն, լսում եմ-տեսնում եմ, իմ ականջներում է ընկնող կաղնու շաչյունը… Իսկ Համլետ Խաչատրյանը դարձավ իմ հավատարիմ ընկերն ու ճարտարապետ-խորհրդատուն, ում խորհուրդներից լիուլի օգտվել ու օգտվում ենք: Ափսոս, հազար ափսոս, որ ճարտարապետական ընկերակցությունն այդքան զորեղ և հավատարիմ չէ քաղաքաշինության այն սկզբունքներին, որոնց մասին հայտարարում են, որոնք գրված են նրանց դասագրքերում, նրանց խարտիաների, միության կանոնադրության մեջ… Գաղափարի մարդը գաղափարին չի ծառայում… Համլետ Խաչատրյանը, Արթուր Շահնազարյանն ակնածանքի արժանի գաղափարի մարդիկ են, ովքեր, և վկա՝ մեր համատեղ կյանքը, շարունակում են իրենց հայտարարած գաղափարներին ծառայել: Շնորհակալ եմ:

Ամենաշատը հիմա ինձ զբաղեցնում են մեր կրթական օբյեկտների բակերը, անխնամ դաշտերը… Մայր դպրոցի «Սեբաստիա» կառուցվող խաղադաշտը (կրկինն շնորհակալ եմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շարունակվող գործուն աջակցության համար) լավ օրինակ է ու խթան՝ Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում, Գեղարվեստում, Քոլեջում 2-4 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների համար հարմարավետ ավազե հիմքով հարմարավետ խաղադաշտեր և հեծանվուղիներ կառուցելու, բարելավելու Բանգլադեշի նշանավոր մեր բացօթյա լողափերը, պարտեզների կանաչը զմրուխտի բերել-մշակել (ոռոգման ջուր ունենք ու ոռոգման նոր ցանցեր ամենուր), նախշուն դարձնել մեր շենքերի էքստերիերները սովորողների ձևավորման նախագծերով… Պարտիզպան-սեբաստացի, հավաքարար-սեբաստացի, պահապան-սեբաստացի, հայրենագետ-սեբաստացի, ստեղծագործ ու մոբիլ անհատականությամբ՝ ահա իմ մանկավարժական կրեդոն:

Դավթի հեծանիվը՝ ոնց որ թամբած ձի, սպասում է մահճակալի մոտ. Դավիթն արթնանում է, տեղից վեր կենում իր հեծանվով, մեր ընդարձակ տան մեջ զբոսնում 5 րոպե-10 րոպե…

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն…

Հետո իր սիրած պատշգամբի ճոճքը… Ուշանում ենք: Չի կարելի: Ես չեմ հաշտվի երբեք ուշացողի ամոթի հետ. սա մնացել է իմ մորից՝ հինգ րոպե շուտ գնա, չես կորցնի, կգտնես. մարդկանց երեսին ո՞նց ես նայում, անաբուռ մարդը ո՞ւմ է պետք…

Դավիթը համակարգչով խոսեց-սիրեց-կարոտն առա՞վ Շուշանից… Մեր պայծառ հարսնաքույր Շուշոյից, ով տպավորված է Ֆրանսիայում ապրող իր ընկերուհու հարսանիքից… Սիրով փեսա, լավ հայ ընտանիք, կողք կողքի ֆրանսիական փոքրիկ քաղաքներում ապրող սազող երջանիկ զույգ, որ հիմա միասին կապրի՝ ամրացնելով սփյուռքն իր միությամբ… Մնաց՝ հայրենիք Հայաստանը երջանիկ, գրավիչ ու դրանով կանչող լինի… Շատ քիչ բան է մնում մեզ անելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ջա՜ն, ա՛ղբեր, ջա՜ն, ա՜ղբեր… գարունը նոր ա բացվել, վարդը կոկոմ ա դարձել…

Իմ օր-գիր-պատումը ամբողջությամբ կարող էր բռնել երկարօրյա ուսուցման կազմակերպիչ Սեդա Վիրաբյանը՝ նշանավոր դարձող Սիդոնյա մանկավարժը… Խնդրեմ, հաշվեցի Հյուսիսում մեր, գեղարվեստի ուսումնական տանիքին հինգ տղա (ոչ մի աղջիկ) ինքնամոռաց ապրում են ինչպես

Կատակ եմ անում,  հայրի՜կ

Դավիթ Բլեյանի՝ ավելի ու ավելի հաճախ կրկնվող արտահայտություններից է. «Ես կատակ եմ անում»: Մեծանալն էլ ո՞նց է լինում. ուրախ: — Լա՜վ, դու պարտեզ չես գնում, բա որ քո ընկերները՝ Արամը,

Արարատի գլխին շաքարավազ է թափվել

Այսպես  երեկ տեսավ Դավիթ Բլեյանը Արարատ սարը` մեր առավոտվա ճանապարհին. գլխին սարի շաքարավազ էր թափվել ու դարձել սառնանուշ… Րոպեներ հետո ես Կենտրոն (Րաֆֆի 57)-Գեղարվեստ-Քոլեջ-Նոր դպրոց-Մայր դպրոց աշխատանքային շրջայցին կհանդիպեմ Մարի Միքայելյանի