Ես պլագիատից (գրագողություն) խորշում եմ, կամ որ ավելի կարևոր է՝ հարգում եմ հեղինակային իրավունքը։ Երբ գիտեմ՝ ինչ-որ բան կոնկրետ ո՛ւմ մոտ եմ առաջինը կարդացել, կամ ասելիքիս վրա ո՛ւմ ձևակերպումն է հետք թողել-անջնջելի դարձրել, ես հղում եմ անում, որ չտանջվեմ… Երեկ՝ մանկավարժական հավաքանիին ողջույն-ելույթում ես խոսում էի օրինակով, հղում անելով Աշոտ Տիգրանյանին և հարցերով ուսումնասիրելու եղանակից, հղում անելով փորձին… Ահա մեր «Դպիրի» գանձարանից՝ միշտ շնորհակալ լինելով Ռոբերտ Հովսեփյան թարգմանիչ-խմբագիր-դասավանդողին.

  • Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները հարցեր տան, կամ ինքնե՛րդ տվեք այն հարցերը, որոնք կարող էին նրանց մոտ ծագել։
  • Հասե՛ք այն բանին, որ ձեր սովորողները կարողանան հարցերին պատասխանել կամ ինքնե՛րդ պատասխանեք այդ հարցերին, բայց այնպես, ինչպես կարող էին ձեր սովորողները դրանց պատասխանել:
  • Բոլոր հանգամանքներում աշխատեք խուսափել այն հարցերից, որոնք երբեք չեն ծագում ո՛չ մեկի մոտ. այդ թվում նաև՝ հենց ձե՛զ մոտ։

Կարդացեք Փոյա, վերադարձեք Փոյայի գոնե այս հոդված-հատվածին, խնդրում եմ, հիմա, երբ ունենք առցանց ուսուցման շաբաթ…

Մեր Ռոքսին։
Լուսանկարները՝ Լուսինե Աբրահամյանի։

Իսկ Դավիթ Բլեյանն օր օրի աճող այն փաստն է, իրականը, հաստատը, այն կա՛-ն, այո՛-ն, որի մասին տպավորիչ խոսեց իր «Ընթերցում ենք Կտակարան՝ քահանայի հետ» նախագծի մեկնարկին տեր Զենոնը… Արմինեի հետ մի հարցում ունենք երկար ժամանակ նորոգվող համաձայնություն՝ Դավիթ Բլեյանին որ երկուսուկես տարեկանում ուժով (ի՜նչ դժվար օրեր ես անցկացրի Դավթի հետ՝ հանդուրժելով այսպիսի բռնություն) չկտրեի՜ն մայրական կրծքից… մինչ օրս գրկի տղա կլիներ… ինչպես երեկ՝ առավոտ շուտ ՝ մորաքույր-դաստիարակ Ռուզանի, իրիկունը ահա՝ Արմինե մայրիկի… Ու մեկ էլ հանկարծ Դավթավարի.
— Նխշուն է, նխշուն է,
Ինչ նխշուն է, նխշուն է…,- ձեռքը տանելով մայրական ծոցը…
Փորձում ենք շեղել, մտավոր դաշտ տեղափոխել այս ֆիզիկական մղումը…
— Նխշուն ի՞նչ է նշանակում, Դավիթ…
— Նխշուն նշանակում է նախշուն, նախշուն նշանակում է սիրուն…
Տեսեք՝ ինչ ուղիղ, նաև լեզվաստեղծագործ ազդեցություն են ունենում հեղինակային ծրագրով մայրական կաթի նշանակություն ունեցող կոմիտասյան մանկական երգերը…

Մայրամուտաշար:
Լուսանկարները՝ Էմմա Իսախանյանի:

Նխշուն թել, նխշուն թել,
Իմ նխշուն թել տամբուրեն,
Ինչ կէնիմ, ինչ չէնիմ,
Ձեն չհանե ուր հուրեն:

Ֆինալը այս պատմության ամենանխշունն է…
— Նախշունը ծիծիկդ է,- ճչում է Դավիթն ու ձեռքը խցկում մայրական ծոցը…

— Մայրիկ, շրթունքին ռուսերեն պռո՞շ են ասում… Պռոշը ի՞նչ լեզվով է։

Զատիկապատում:
Լուսանկարները՝ Էմմա Իսախանյանի:

Շնորհակալական զգացումով հավատավորի ասեմ՝ Սուրբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիի, ուր եղա երեք անգամ, 2016-ի Ձմեռ պապից իմ ստացած ամենամեծ ապրում-նվերներից է՝ նորոգված-մաքրված հայկական եկեղեցին… Վերջապես…  Եկեղեցու բարեկարգված բակում, հիշո՞ւմ եք, գերեզմանաքարեր են, ինձ համար՝ մասունքներ-հուշարձաններ։ Ես Դավթի հետ ամենուր կանգնում եմ, կարդում եմ, հարցեր տալիս ու պատասխաններ ստանում։ Ոˊչ մահից թող վախենա մեր հերոսը, ոˊչ մահվան հետ կապված ամեն ինչից…
— Սա ո՞ւմ մահվան քարն է (իր խոսքն է՝ մահվան քար), ո՞վ է այս քարի տակ….
— Չգիտեմ, Դավիթ, վրացերեն է գրված…
— Վրացի՞ է, պապ, այս քարի տակ…
Մայթեզրին բաժանող բարձր բազալտե խորանարդներ են շարված…
— Սրանք ո՞ւմ մահվան քարերն են, պա՛պ…
— Կարող է և իմ,- իսահակյանավարի պատասխանում եմ։
Իսկ Դավիթը՝ իր նշանավոր ծիծաղով.
— Չէ մի չէ՜… Գտա՞ր…

Լուսնաշար:
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի:

Օրագրի ընթերցարանը

Երեկ ես տեր Զենոնի հետ մասնակցում էի Սուրբ Երրորդության եկեղեցում նորակոչիկների օրհնության արարողությանը։ Մեծ թվով երիտասարդ տղամարդիկ գնում են ծառայության, ու այսքան անհանգստություն կա օդում, ծնողների, ճանապարհողների ու իրենց դեմքերին… Այս մասին՝ իմ կիրակնօրյա գրում։ Իսկ հիմա նայեք այս տեսանյութը… Ո՞վ պիտի պատասխանի այս հարցին… 

Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան
# 548

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Իմ ձեռքերը միջնորդ դարձրու քո խաղաղության

Ձմեռ պապը ո՞նց իմացավ, որ Ամանորին Գյումրիում ենք, որ Դավիթը քնում-երազում է չմուշկների մասին․․․ Դավիթն ինքնուրույն հագնում-հանում-մեծացնում-փոքրացնում է կարմիր-խորոտ չմուշկները, հյուրանոցով մեկ չմշկում․․․ Բոլորի և՛ աչքը Դավթի չմուշկներին է, և՛

Ինքնացնցումով առաջացող-ծավալվող կրթական ցանցին մեր միացեք…

Առտու ժամը հինգն է. բաց պատուհանով աշխարհի իմ անկյունում, բարի լույս, սկսում եմ ես օրն իմ պատումով երեկվա։ Ես ունեմ մինչև մեկ ժամ սրա համար, մինչև մեկ ժամ կարդալու. այսօրվա

Կենտրոնանանք գաղափարների վրա…

Որևէ նպատակ չի արդարացնում միջոցները։ Միջոցը մաքուր իրավական պիտի լինի։ Մեր իրավական համակարգը պիտի ցույց տա իր կենսունակությունը։ Բուն հրապարակը հնարավորություն է տալիս իրար ճանաչելու, կապը գտնելու, իրարից չվախենալզու, իրար