Նոր տարին իմ օրագրի համար սկսվում է Սուրբ Ծննդով. հիմա Սուրբ Ծննդյան արձակուրդ է իմ բլոգում, օրագրում։ Հիշեցնում եմ իմ հրավերը՝ հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագից հետո Սուրբ Ծնունդը Մեդիակենտրոնում տոնելու։ Այդ օրն էլ  կմեկնարկի իմ օրագիր 2016-ը։

Գիշերվա վերջին պահերուն լռին 
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին. 
Եվ բեհեզներովն կապույտ կամարին 
Պճնըված աշխարհ կու գա նոր տարին:
Մ. Մեծարենց

«Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնել՝ ես զբաղված եմ գործո՞վ, թե՞ դատարկ բաներով...»։ Սա, պարզվում է, ռուս դասական, իմ օրագրով կարևորված Անտոն Չեխովն է ասել…

Ինձ մնում է շնորհավորել օրագրի իմ ընթերցողներին՝ որպես 2015-ի վերջին գիր՝ 542-րդը անընդհատ… Ի՜նչ հեշտ է նաև հաշվելը, երբ չես ընդհատում…Օրացույցին ես նայում… Հատկապես որ «Սեբաստացի» TV-ն էլ չես գտնի՝ երկնքում է իր անօդաչուով. էս տարիքում հո օդաչու չե՞ս դառնա։ Ինչո՞ւ մնա շնորհավորականը գրված ու չհրապարակված, մեդիա չտեսնի, երբ ես այն ասել պրծել եմ օրեր առաջ, իմ լրագրող հարսի խնդրանքով… Բաց թողնեմ, տեսնեմ՝ ո՞ւմ կհասնի… Կհասնի՞…

Զբոսանք երեկոյան Թբիլիսիում:
Լուսանկարները`Արմինե Աբրահամյանի:

Թերթի առաջարկով, ահա այսպես, կանգնած եմ 2015-ի ելքի ու 2016-ի մուտքի արանքում։ Խոսքի մոգական ազդեցությանն անսալով՝ ի՞նչ մաղթեմ։

Առանց կիսատ-պռատի ավարտենք տարին, քիչ բեռ մնա 2016-ի վրա, որ այն լինի մեկնարկի տարի, ես ասում եմ՝ բեկում տարի… Առանց բեկելու՝ յուրաքանչյուրս մեր ու մեզանով ստեղծվող հասարակական կյանքը բեկելու, լուծելի չեն այն խնդիրները, որ ընդունված է մարտահրավեր կոչել… Դրանցից առաջինը եղել և մնում է խաղաղ Հայաստանի հաստատումը՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք… այնպես, որ մեր առօրյայում նվիրական հայրենիքի տարածքը չընդունի սահմանամերձի ու ոչ սահմանամերձի այսօրվա բաժանումը…

Համաներման տարի. առանց իրար ներելու, զրոյացնելու մեր պարտքերը՝ չի կայանա այն համագործակցությունը, որը բեկման ուժի համար անհրաժեշտ աղբյուր է…

Ստեղծագործական երևակայության տարի. առանց վառ երևակայության՝ որտեղի՞ց հույսը, որ տարիներով կուտակված բեռ ու փակուղի դարձածը հնարավոր է հաղթահարել հենց 2016-ին։ Չպիտի՞ հանդգնենք, խիզախենք, կամենանք…

Միավորող, մեզ մեկ դարձնող ծրագրերի տարի… Ահա այս անհրաժեշտությունից ծնվել է, օրինակ, մեր «Կրթական պարտեզ արվարձանում» ուսումնական նախագիծը՝ որպես 2016-ին Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում ծանոթ-անծանոթ, կյանքով բնակավայրին-գործատեղին կապված մարդկանց՝ շահառուներին միավորող…, որ կպարտադրի յուրաքանչյուրիս ներառվել իրար կյանքում, փորձել փոխել հարթակը, որտեղ նախորդ տարում չեն լուծվել մարդու կյանքի շատ կարևոր խնդիրներ… Ես սիրում եմ քաղաքացու և պետության հարաբերությունները դիտել որպես բնակչի և բնակավայրի առօրյա կապ, այնպիսին, որ նոր արվարձանն անգամ դառնա ծննդավայր՝ նույնքան կամ առավել հարազատ, որքան մեր ծնողների ծննդավայրը։

2016-ին՝ փոփոխությունների տարուն, ես ասում եմ ՝ բարով ու շնորհավոր: Արիˊ, Նոր տարի, քո գալը բարի:

Իսկ ես, ինչպես արդեն գիտեք, Արմինեի և Դավթի հետ Թբիլիսիում եմ` մեր լավ բարեկամ-ընկեր, Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի ընտանեկան հրավերով` նրա տանը:  Նոր տարին դիմավորում ենք միասին, նրա հյուրընկալ, ջերմ հարկի տակ, Գիորգիի, նրա հոգեբան տիկնոջ` Թեայի, նրանց դուստրերի` Դավթի քույրիկներ Մարիամի և Քեթիի, Դավիթ Բլեյանի ավագ եղբայրը դարձած Նիկոլոսի հետ:

Այսպես, Բեկում Նոր տարի:

Թբիլիսին ամանորյա զարդարանքի մեջ:
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արփի Սահակյան
#542

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեծ հիացողը. ո՛չ ընկրկողը, ո՛չ սարսափահարը, այլ հիացողը

Որքա՜ն տպավորիչ են Արման Երանոսյանի, Մերի Թելունցի նախաձեռնությամբ «Տնտեսական միամսյակի»՝ մեկը մյուսին հաջորդող հավաքները: Հավաքներ եմ ասել՝ որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձևեր, երբ տարատարիք սովորողները՝ սկսած 6-րդ դասարանից մինչև 12-րդ

Դեպ անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ…

Հեգելը՝ Նունե Մովսիսյանի միջոցով, փոխանցել է կրթահամալիրին թռիչք՝ մտքի, սրտի, հավեսի ճախրանք: Ես էլ ահա՝ այդպիսի թռիչքի համար նոր հարթակներ հայթայթել-նվաճել-մաքրելով եմ զբաղված. Գեղարվեստի տանիքը՝ չէիք հավատում, Արման Գրիգորյանը՝ իր

Գեղեցիկ, ինչպես դժոխային մեղքը․․․

Իմացա՞ք՝ մշտական վարսավիր, սեբաստացի Հրայրի և Հովսեփի հայրիկ Իսրայելի մոտ մազերս մարզիկի սանրվածքով կտրել եմ, ու երեկ առավոտվա ճախրանքը հեծանվային դրախտի ճամփով՝ Խանջյանից ծովակալ Իսակովի ափով-Երևանյան լճով-Սեբաստիայով, նաև սրանից է․․․ Ճամփի