Հանդարտության, կենտրոնացման, լռության խորհրդանիշ է գիշերն իմ կյանքում, ինչպես մեր 9-րդ դասարանցի Նորայր Ասատրյանի կյանքում… Դե, չեք կարող համառել հին տարում-նոր տարում ու չկարդաք, ձեր օրը չսկսեք կամ չավարտեք մեր պատանեկան ամսագրերի, ասենք՝ «Գրապտույտի» ընթերցմամբ, ինչպես ես։ Ու ի՜նչ շնորհակալ եմ Նունեին Մովսիսյան, Մարգարիտին Սարգսյան, Աշոտին Տիգրանյան… այլընտրանքային պատմությունն էլ ամսագիր-օրագիր է պատանեկան, որ թերթվում է…
Դիմակահանդես:
Լուսանկարները` Լուսինե Նազարյանի:
Տեսեք՝ ինչ ուշադիր-կոնկրետ պետական են գործում մեր հարևան երկրի պարսիկ պաշտոնյաները… Ահա Իրան-Հայաստան բարեկամության գործադիր տնօրենի շնորհավորական այս նամակը՝ իր երկու փաթեթով՝ մեկը մեր գրադարանին, մյուսը՝ թղթե՝ ճաշակով, մեջը՝ իմ սիրած անուշեղենը…
Հարգարժան պարոն Բլեյան…
Սիրելի ընկեր
Շատ ուրախ եմ հոկտեմբեր ամսվա մեր հանդիպումից և «Մխիթար սեբաստացի» կրթահամալիր կատարած այցից։
Այցի ընթացքում խոսվեց պարսից լեզվի դասավանդման, պարսից լեզվով գրքերի փոքրիկ նվերի վերաբերյալ մեր պատրաստակամության մասին։ Այսպիսով՝ 60 օրինակ գիրք՝ պարսից լեզուն ու գրականություննն ուսումնասիրողների տրամադրությանն ենք հանձնում։ Օգտվելով առիթից՝ կանխավ շնորհավորում եմ Ամանորի առթիվ, առողջության և հաջողության բարեմաղթանքներով։
Մուհամմադ Ռեզա Դամավանդի
Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրեն։
Հիմնական դպրոցի 2-րդ դասարանցիների ամանորյա տիկնիկները:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:
Մեր Կարինե Պետրոսյանին շուտափույթ առողջություն-վերադարձ մեր շարքերը հին ու նոր տարում… Լավ նվեր գրադարան ես արել, քույր իմ, տես, ոչ միայն կարդացի, անցա, գործածում եմ այս օրերին։ Տարին գրողական առումով ինձ համար Ավետիք Իսահակյանն է, իրենով էլ սկսում եմ…
Կանգնել եմ հիմա անհույս ու թափուր՝
Աչքերս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի,-ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ…
Ավ. Իսահակյան
Մեր դպրոցները ճամբարային-հանդեսային այս օրերին տաք էին, մաքուր-տոնական՝ ամենուր խինդով, մարդաշատ… Հանդերձարանի խնդիր ունենք, դրսի մարդու՝ գլխավորապես մեր տարատարիք սովորողների ծնողների՝ հանդեսի մասնակիցների համար։ Լուծեք։ Լսեցի՞ք՝ լուծեք. ես, ինչպես միշտ, իմ զորությամբ առավելագույն կաջակցեմ դպրոցին… ձեր դպրոցը կայարան չէ, ծնողը հանդեսի, դպրոցի կյանքի մասնակից է, ինչպես իր երեխան ու նրա ուսուցիչը… Սա ևս թողնենք հին տարում. հանդերձարանի հարցը վաղուց պիտի լուծված լիներ, Շամիրամ ջան։ Իսկ վիճել՝ նշանակում է իրար լսել, մեր դեպքում՝ միայն հարգալից, յուրաքանչյուրը՝ իր գործողություններով, իրավասությամբ, իհարկե, ահա ինչու՝ լսելն է մեր օգուտն ու խերը։ Ես միշտ ուշադիր լսում եմ, երբ խոսում եք, հենց դրա համար էլ չեմ միջամտում, որ չխանգարեմ-չընդհատեմ-չշեղեմ…
Մեդիակենտրոնի ծաղիկներն ու բույսերը ապահով ու տաք տեղում են:
Տեղափոխման աշխատանքներին ամենաակտիվ մասնակցության համար
Արեգ Պարսիլյանն արժանացավ մեդիակենտրոնում աճած լոլիկ-մրցանակին:
Լուսանկարները՝ Զարուհի Առաքելյանի:
Ահա նորից լրագրող է դիմում, այս անգամ՝ իմ սիրելի Վարդ Սիմոնյանը. «Բարև Ձեզ, իմ սիրելի ուսուցիչ պարոն Բլեյան, կխնդրեի, պատասխանել այս հարցերին, tert.am-ում տպագրելու համար»: Հարցեր ու պատասխաններ. էլեկտրոնային կապը պիտի հեշտացներ ներհասարակական-միջանձնային հաղորդակցությունը, խթաներ… Ի՜նչ դժվար բան կա՝ բանավոր թե գրավոր… Գրավորն ունի առավելություն. մնում է՝ ամեն ուսուցիչ, սովորող ու ծնող այսպիսի անընդհատ կապի-հաղորդակցության մասնակից լինի։ Կլինի՞։ Արե՛ք, որ լինի։ Ես պատասխանում եմ առանց պայմանի՝ կհրապարակվի՜, չի՜ հրապարակվի։ Քա՜վ լիցի… Ես պատասխանում եմ կոնկրետ լրագրողի կոնկրետ հարցերին։ Իմ պատասխանները, եթե հարկ լինի, ես կհրապարակեմ ինձ հասանելի ինտերնետ-տարածքում։
Դավիթ Բլեյանը՝ հասո՜ւն այս տղան, չորս տարեկան ու տասն օրական, որ իրենց պարտեզի Ձմեռ պապի ու ծաղրածուների հետ ամանորյա հանդեսի առերեսումից տպավորված, ոգևորվել է (սրա հոմանիշը մեր հերոսի համար կատաղելն է) այնքան, որ կատաղած… դինոզավր է դարձել… Իր մայրիկ-ուսուցչուհու համար սա շատ է, շատ-շատ… Խնդրում-աղաչում է, որ հրեշտակ դառնա, բայց դինոզավրը հենց հակահրեշտակն է՝ կուլ է տալիս, ջարդում ու փշրում-շպրտում…
— Պապ, նմա՞ն եմ, իսկակա՞ն եմ, էլ ի՞նչ պիտի անեմ…
Մի գոռում-գոչյուն է կապել… տնով մեկ իր խցանված մեքենանները (որքան հավանում էինք)՝ ցանուցիր, կոտրտած… Չի խնայել անգամ Ձմեռ պապի նվիրած՝ իր պարադրած, խաղալիքները փայտից…
Մելինեն մեր տանն է, Արմինե մորաքրոջը կփրկի երևի…
Լավ է, մեր հերոսն արթնացավ որպես… արջ։ Իսկ արջը, գիտեք, թութ, մեղր, թթի դոշաբ շատ է սիրում… Գողացավ դոշաբի շիշը ու կերավ ողջը… Հազում է մեր հերոսը, արջությունը կփրկի…
2-4 տարեկանների ամանորյա մռութիկները:
Լուսանկարները` Գոհար Սմբատյանի:
Օրագրի ընթերցարան
- No Comment. 2015-ի կենդանական աշխատանքի ամենաուշագրավ դրվագները
- Սպիտակ արջերի արձագանքը 26 տոննա ձյանը
- Mersedes-ը ստեղծել է Սանտա-Կլաուսի սահնակ
- Օբամանն ու Էրդողանը համատեղ կիրականացնեն ԱՄՆ-ում իսլամական մշակութային կենտրոնի բացումը։
Ֆոտոխմբագիր` Գոհար Սմբատյան: