Այոˊ, այդպիսի ցանկության բացակայությամբ եմ ես ամեն օր գրում, պատմում իմ օրը, հարգելի Տիգրան Աբրահամյան, մեր Ավագ դպրոցից, որ առակներով ես խոսում վաղուց… Եղել է այդպիսի ցանկություն, երբ իմ ընկերների անփոխարինելի աջակցությամբ բլոգն իմ բացում էի։ Բայց ընթացքում, չգիտեմ՝ երբ, որ գրի հետ ու ինչպես ես կորցրի այդ ցանկությունը՝ ուրիշներին սովորեցնելու. իբր դուք չգիտե՞ք, իբր ես գիտե՞մ, կամ իմ պաշտոնը հենց դրա՞ համար է… Ի՜նչ հանգիստ եմ օր օրի, գիր գրի, պատմում եմ իմ ու մեր ապրածի, ծրագրածի, անելիքի ու արվողի մասին… առանց որևէ ցանկության՝ սովորեցնելու… Իմ օրագրում, որոնիˊր, կա՞. քավ լիցի…

Ամանորյա դիմակահանդեսը Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Լուսինե Գալստյանի:

Արփի Սահակյանը՝ անխոնջ-անդադրում, բազմագործ ու բազմաշնորհ, Դավիթ Բլեյանին ֆլեշ ծրագիր սովորեցնելու ցանկությամբ մտավ Դպրոց-պարտեզի Կարինե Խառատյանի խումբ, մտավ ու մտափոխ եղավ… որոշեց բոլորին սովորեցնել. յուրաքանչյուրը Դավիթ է, ինչպե՞ս և ինչո՞ւ առանձնացնել… Ի՞նչ առողջ շարժում-մանկավարժական ինքնակրթության դասընթաց կարող էր դառնալ Միջին դպրոցի չորս ավագ ու ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար այսպիսի լուսավորչական շարժումը դեպի մեր բաց պարտեզ ու կրտսեր դասարաններ… Իրական իմացումի հրճվանք կառաջացնի տարատարիք սովորող-սովորեցնողի այսպիսի գրկախառնությունը… Ա՜խ, այս տպավորությունները, որ իրենք իրենց գիր են դառնում, պատմվում…

Քնարիկ Ներսիսյանի «Թղթե թատրոն» ներկայացմանը չգիտեմ՝ ով, չգիտեմ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, որոշել էր, որ միջին ու ավագ տարիքի սովորողների համար է դահլիճը թողնված,  ու մոռացել էր իրականացման մասին։ Դահլիճում կրտսեր դպրոցն էր՝ իր ամենակրտսեր հինգ տարեկանների մի խմբով։ Քնարիկի կլոն Սոնա աղջնակի առաջնորդությամբ այս խումբն ինքնավստահ մտավ դահլիճ, հրաժարվեց մեծերի աթոռներից, ընտրեց մի անկյունում շարված ներքնարկներ գույնզգույն, տեղավորվեց հարմար-տնավարի ու ողջ ներկայացումը կլանված դիտեց-մասնակցեց… Իսկ վերջում, երբ ներկաներն անկեղծությամբ արժանին էին  մատուցում թատերախմբին, Սոնա աղջիկը, տեսնելու բան էր՝ ո՜նց մոտեցավ, գրկեց մայրիկին ու կանգնեց՝ որպես ամենաընկեր՝ մայրիկի կողքին. տեսե՜ք՝ ինչպիսի մայրիկ ունեմ… Տեսարա՜ն…

Կերտում ենք Ամանորյա տրամադրություն:

Երեկ, երբ հեծանվով իջա Մեդիայից Մայր դպրոց՝ Բաբաջանյանի իմ հին ուղով, Մայր դպրոցի մարզադաշտերում ինձ կրկին ողջունեցին հեծանվային պարապմունքի մեր Միջին դպրոցի սաները, իսկ մարզադաշտում ծայրից ծայր աշխատում էին, մաքրում-բարեկարգում մեր տղամարդ ուսուցիչները՝ Էմանուելը, Վահրամը Թոքմաջյան, Արամը, Արմանը, Աղասին.. Եվ այսպես, մինչև… պարզվեց, նորակառույց սահադաշտ է… Հրաչը, Խորենը, Միքայելը, Անդրանիկը, Նառան ու Ալինան… Մեղք գործեցի, ում մոռացա… Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ, Հրաչյայի մշակումով և իրականացման ղեկավարությամբ, սահադաշտը ծնվում է մեր աչքի առաջ… Բայց ինչո՞ւ այս ամենը՝ առանց սովորողի մասնակցության, երբ նրանք ճամբարային առօրյայի մեջ են։ Ինչո՞ւ այս և նման նախագծերը, սկսած Մարմարյա սրահի ձևավորում-լուսավորւմից, ավարտած  ծաղկի թաղարների ձմեռացումով, ճամբարային չեն…

Իսկ օրվա վերջում ես ու տիար Գևորգը մտմտում էինք Նոր դպրոցում, Դպրոց-պարտեզում ավելի ընդարձակ սահադաշտերի կառուցման մասին… Ստեղծական ոգևորություն, որքա՜ն Հայաստան աշխարհը, «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը Բանգլադեշում քո կարիքն ունի… Ու մենք արագացնում ենք ձիանոցի շինարարությունը, մեր գործիքաշինական արհեստանոցի կառուցումը, որը գլխավոր միջոցն է դառնալու մեր բացօթյա (12 x 25 մ) լողավազանի կառուցման. Հրաչ Առաքելյանը խոստացել է արհեստանոցի առկայությամբ երեք-չորս ամսում, մինչև 2016-ի հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային բաց ստուգատեսը, ավարտին հասցնել այս նախագիծը… Մի պայմանով՝ սովորողների հետ

Միջին դպրոցը՝ քաղցր տրամադրությամբ:

— Ես քնքուշ չեմ, ոչ էլ՝ աղջիկ, ես կոպիտ տղա եմ, դու ես նուրբ աղջիկը,- հակադարձում է Դավիթը՝ մայրիկին, երբ էլի Արմինե մայրիկը բաց է թողնում իր զեղումները կանացի…
— Ձմեռ պապին ի՞նչ է բերելու մեր Ռոքսիին,- հանկարծ հարցնում է մեր «գազանատարվածը»…
— Ի՞նչ բերի, Դավիթ…
— Ոսկոր, միս…
Եվ բերել է՝ ոչ միայն Ռոքսիին. մեր բադերին երկու շաբաթվա կեր է բերել։ Վաղն էլ Ռոքսիի «տունիկի» (ասում է Դավիթը) նորամուտն է… Համեցեք։ Տեսնենք՝ Ռոքսին ու մեր Սոնա կազմակերպիչ խնամակալն ի՞նչ կասեն…
— Պաˊպ, ինձ գրել ե՞րբ ես սովորեցնելու, ես ո՞նց դիմեմ Ձմեռ պապին…
— Բանավոր. խոսքդ ձայնագրի՝ մայրիկը տեղադրի ինտերնետում…
— Ի՞նչ լեզվով պիտի դիմեմ,- շարունակում է…
— Ես ինքնագլորով Ձմեռ պապի նամակը կտանեմ, պա՛:
— Պաˊպ, ես կարո՞ղ եմ ինքնագլորը տանեմ պարտեզ՝ ընկերներիս սովորեցնեմ… ուրախանանք միասին…
Տանում է… Միասին ուրախանալու ձգտումով-պատկերացումով ինքնագլորը գրկած՝ դուրս է գալիս մեր հերոսը՝ Ձմեռ պապին ընդառաջ…

Տոն օրը Գեղարվեստում։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Իմ օրագրի ընթերցարանը… Սուրբ Ծննդյան-ծիսական

Ֆոտոխմբագիր՝ Գոհար Եղոյան
# 536

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դիմում եմ սեբաստացիներին

Սեբաստացի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Երկինքներ, որպես երազներ հոգու…

Լուսինեն, Արևիկը ուղիղ լուսաբանումով, ֆոտոշարերով կարողացել են մեր քայլքը պահել Բլեյան դպրոցով հետաքրքրվածների ուշադրության կենտրոնում․․․ Միացե՞լ են—կմիանա՞ն քայլքի պատանի մասնակիցներն իրենց բլոգային հրապարակումներով, որոնց հղումներին սպասում եմ․․․ Երևանյան լճի եզերքի քարանձավ—աղբյուրի հայտնագործումն իմ

TV տաղավար դարձած մեր ջերմոց-լաբորատորիայում․․․ Գիր է…

Սիրելի Լուսինե Բադալյանի ստեղծագործական խմբի այցը, պահանջը նկարահանելու հենց հիմա, ո՞նց կարող է մեզ հանկարծակիի բերել․ կրկնում եմ երեկվա գրում ասվածը՝ բարով գաք, մեր բաց աշխարհը կրթական յուրաքանչյուրիդ դպրոցն է․․․