Եղավ այդպիսի շրջան իմ կյանքում, երբ ես չէի հավատում խոսքի ուժին, սկզբում՝ բանավոր, հետո՝ նաև գրավոր… Վտանգավոր մի փուլ, որ ես հաղթահարեցի իմ օրագրով՝ կրթահամալիրի տնօրենի բլոգում. հինգ հարյուր երեսուներկու օր անընդհատ ես գրում եմ, պատմում իմ օրը՝ ashotbleyan.mskh.am-ում: Սա էլ մի ուրիշ վտանգ ունի. ես արտահայտվում եմ ամբողջությամբ՝ որպես անձ, կրթության գործի կազմակերպիչ թե հանրային գործիչ իմ բլոգում-օրագրում, ու կարկամում եմ, երբ ինձ խնդրում են, ինչպես հիմա «Քաղծառայություն» թերթից, խոսք ասել։ Ախր, իմ գրում ամեն ինչ ասել եմ կամ կասեմ վաղը։ Համեցեˊք, բաց է, այնտեղ նաև իմ, մեր գործերն են՝ արված ու անելիքները…
Կրտսեր դպրոցների ամանորյա խանդավառ պատրաստվածություն:
Լուսանկարները՝ Լուսինե Գալստյանի, Անահիտ Գևորգյանի:
Եվ այնուամենայնիվ, 2015-2016-ի արանքում իմ նախավերջին կիրակին ոչ սովորական պիտի լիներ… Էմմա քույրիկիս մահվան օրն է դեկտեմբերի 20-ը, ու Էմմայի մեծ խումբ հարազատներով, իր երեք աղջիկներով ու երեք թոռներով, տեր Դանիելի խնկարկումով մենք սկսում ենք մեր օրը Էմմայի հետ… Քույրս եղել ու մնում է հավաքող-ժողովող-իրար մերձեցնող, հույս և ուժ տվող՝ շիրիմի մոտ, հետո՝ իր տանը… Իմ պայծառ-անմոռանալի քույրիկ, միշտ շնորհակալ եմ քեզ…
Օրվա երկրորդ կեսին ես մեր տանն իմ ընկեր-սանիկ Գևորգ Հակոբյանի հետ հյուրընկալել էի, լսեˊք, այսպիսի խումբ հայտնի երաժիշտների՝ Մարտուն Իսրայելյան, Արթուր Շահնազարյան, Վաղարշակ Զաքարյան, Հարություն Թոփիկյան… Ափսո՜ս, որ գլխավոր առիթը՝ Սեյրան Ավագյանը, հարգելի բացակայում էր: Սեյրանը պիտի մեր մշտական աջակցությամբ, կարգապահ տոկունությամբ վերջնական հաղթանակ տանի 2016-ին ու շարունակի իր երգը-մարդկային ուժով իր կարևոր ներկայությունը նաև մեր՝ սեբաստացիներիս կյանքում…
Յուրահատուկ կիրակի եղավ. ընկերոջս հետ պատրաստած խորովածի սեղանի շուրջ վայելում էինք ոչ սովորական մարդկանց զրույցը երաժշտության՝ դուդուկի ու մեծ խումբ նշանավոր դուդուկահարների մասին… Ոչինչ չկարողացավ խանգարել մեր այս հավաքին… մեր շենք հանկարծ այցելած էլեկտրականության, սրա հետ կապված՝ ջրի ու ջեռուցման ընդհատումները, վագր կտրած Դավիթ Բլեյանի մռնչյունն ու ավերածությունները միայն ուժեղացնում էին հանդիպման յուրահատկությունը… Ո՜նց են կոմպոզիտոր-երաժիշտները միասին ունկնդրում Վաղարշակ Զաքարյանի «Հարցրու քամուն» ստեղծագործությունն ու քննարկում, ո՜նց է հուզված Վաղարշակը. նրա այդ գործը Շվեյցարիայում կատարել է հայտնի դարձող «Լյուցեռն» լարային քառյակը՝ իր զավակի՝ Միքայելի ղեկավարությամբ…
Շրջիկ գրադարան՝ Ձյունանուշի տեսքով:
Լուսանկարները՝ Արմինե Մնացականյանի:
Կիրակին 2015-ին ինձ համար վերջնականապես հաստատվեց որպես ընտանեկան-անձնական օր, լավ է: Ու շաբաթը՝ իմ ընտրությամբ ու ռեժիմով, աշխատանքային եղավ. ես երեք անգամ անցա կրթական պարտեզի արահետներով, մեկ՝ Գևորգ Հակոբյանի հետ, մասնակցեցի, անգամ, Գեղարվեստի ծնողական ժողովներին, մեկ՝ Մարթա Ասատրյանի և լրագրող Լիլիթ Թադևոսյանի հետ՝ «Հետք»-ի լրագրողի, ով այնքա՜ն ոգևորված է մեր նախագծի հաջող ընթացքով… մեկ՝ Վահրամ Մարտիրոսյանի… Պետք էր ավարտել Հիմնական դպրոցում կիսատ-պռատը շինարարական՝ ավարտեցինք, պետք էր ավարտել «Սեբաստիա» խաղադաշտերի նորակառույց հանդերձարանների մետաղական կոնստրուկցիաները, ավարտեցինք, պետք էր, որ մեր Գեղարվեստի բոլոր արհեստանոց-արվեստանոցները լվացարաններ ունենան… Ունեցան: Իսկ Կարինե Մացակյան ու Արեն Շահնազարյան ստեղծագործական դուետը վառեց իր մտահղացած-իրականացրած գլխավոր ծառի նախագիծը… հասցրեց. հալալ է…
Մարմարյա սրահի թագուհին:
Լուսանկարները՝ Կարինե Մացակյանի, Գոհար Դանիելյանի։
— Մայրիկ, քո մեջ էլ ձու-ձու կակա կա՞…- հանկարծ խոհանոցի սեղանի շուրջ հարցնում է Դավիթը…
— Ինչո՞ւ պիտի լինի, որտեղի՞ց իմ մեջ ձու-ձու, ինչո՞ւ ես հարցնում…- սրտանց զարմանում է Արմինե մայրիկը:
— Բա ես ինչպե՞ս եմ քո միջից դուրս եկել,- հանգուցալուծում է մեր հերոսը… Օրվա վերջում, երբ մնացել ենք երեքով, երբ վարպետ Դավիթը՝ Վահրամ Մարտիրոսյանի փեսան, վերջապես, խաղաղություն է բերել կարգավորված կենցաղով մեր ընտանիքին՝ լուսավոր, ջրով, ջեռուցումով… վագրից օրինակելի դարձած Դավիթը, ով արագ մաքրել է վագրի բոլոր հետքերը, որ խժռել էր տիար Գևորգի այնքա՜ն մանկավարժորեն մատուցած բոլոր երեք ձու-ձու կակաները, ով կիրակին վայելեց լողավազանում ու մտավ վայրի կենդանիների, սիրելի մուլտերի, մեկ ժամյա ընթերցանության ու նիրհի շրջան… Այսպիսի՝ սովորական կիրակի` իր սովորական պատումով, դիմացը՝ նախածննդյան փոթորկալից-ճամբարային աշխույժով… Ո՜վ դիմանա…
Դավիթը ճամբարականի տրամադրությամբ ու տոպրակով, մեջը՝ շաբաթ-կիրակի նվեր ստացած լեգո-լոտոների տուփերը, դուրս եկավ։ Ես խնայեցի դաստիարակ Կարինեին. Դավիթն ուզում էր խումբ տանել նաև մի հազար կտորանոց խճանկարը (փազըլը), պատկերացրի՞ք դա խմբով մեկ շաղ տված…
Լուսանկարները՝ Կարինե Խառատյանի:
Ֆոտոխմբագիր՝ Գոհար Եղոյան
# 532