Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին

Հարգելի քաղաքապետ.

Երևան քաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանի միջոցով գրավոր տեղեկացել ենք, որ «Հարավարևմտյան թաղամասում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրինության «Կրթական պարտեզ» նախաձեռնության ֆինանսավորում (Բլեյանի առաջարկություն), որը համահունչ է Երևանում 16.11.2015թ. քաղաքապետարանի և ՎիվաՍել-ի կողմից նախաձեռնած հեծանվորդների համար ճանապարհներ ստեղծելու նախաձեռնությանը: Առաջարկությունը ողջունելի է, սակայն անհրաժեշտ է ներկայացնել ֆինանսատնտեսական գնահատականով համապատասխան ծրագիր, որը սահմանված կարգով կուսումնասիրվի, կքննարկվի և հնարավորության սահմաններում հարցին կտրվի համապատասխան լուծում»: Ներկայացնում ենք «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» պայմանական անունով  ծրագիրը՝ Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում իրականացնելու համար՝ իր սխեմայով, հիմնավորումով, ֆինանսա-տնտեսական գնահատականով, Երևան քաղաքի 2016թ. ծրագրում ընդգրկելու համար։

Վիճակն արվարձանում՝  Երևանի Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասում

1990-ից սկսած՝ տարբեր ինտենսիվությամբ ու ձևերով մենք բարձրացրել ենք բանգլադեշյան կրթական պարտեզի անհրաժեշտության հարցը, առաջարկել Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասի մանկական-կրթական հաստատությունները՝ անկախ նրանց պատկանելությունից, որպես մեկ ամբողջական կենսական տարածք դիտել՝ դրանից թելադրվող բարեկարգումով։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի՝ շինարարական անունով Բ-1 բնակելի թաղամասը (այսուհետ՝ թաղամաս), եզրափակված Րաֆֆի, Զորավար Անդրանիկ, Առնո Բաբաջանյան փողոցներով, կառուցապատված է 9-14 հարկանի բնակելի շենքերով: Թաղամասում այսօր գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 181 հիմնական դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 4), թիվ 95 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 124), թիվ 93 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 69) և թիվ 76 (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Րաֆֆու 85/5) նախադպրոցական հաստատությունները, «Տարոն» գեղագիտական դաստիարակության տունը (հասցեն՝ ՀԱԶ, Զ. Անդրանիկի 54), ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող Նոր դպրոց-պարտեզը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 47/1), Քոլեջը (հասցեն՝ ՀԱԶ, Զ Անդրանիկի 92/1), Գեղարվեստի դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 69/1), Մեդիակենտրոնը (հասցեն՝ ՀԱԶ, Րաֆֆու 57), Մայր դպրոցը (հասցեն՝ ՀԱԶ, Ա. Բաբաջանյան 25): Թաղամասի բակերում գործում են տասնյակից ավելի մանկական խաղահրապարակներ:

Թաղամասի բնակիչները, թաղամասում գործող ուսումնական հաստատությունների սովորողները դժվարություններ են կրում թաղամասի հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով հետիոտն, սայլակով, հեծանվով միջթաղամասային առօրյա հաղորդակցության ժամանակ. թաղամասի կառուցապատման ժամանակ բնակչության համար այս պարտադիր խնդիրը թերի է լուծվել, իսկ 1990-ականների հախուռն շինարարությունը վատացրեց վիճակը: Շուրջ 20000 բնակիչ, 1000-ի չափ նախադպրոցական սան, մոտավորապես 4000 տարատարիք սովորող ունեցող թաղամասը չի կարող հարմարեցված միջավայր չլինել, այնպիսին, որ բացառի խտրությունը և ապահովի հավասար հնարավորություններ ազատ տեղաշարժի։

Երևան քաղաքի ավագանին 2013թ. դեկտեմբերի 10-ի N 85-Ն որոշումով հաստատել է Երևանի զարգացման 2014-2017թթ. զարգացման ծրագիրը: Զարգացան ծրագրում (որոշման հավելված) Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում որպես գերակայություն է ընդունված.

  • բակային տարածքների ամբողջական բարեկարգում, ներառյալ միջբակային տարածքների լուսավորում և ասֆալտապատում
  • արտաքին լուսավորության ապահովում, ներառյալ չլուսավորվող փողոցներում և տարածքներում
  • հանգստի գոտիների ստեղծում
  • կանաչ տարածքների ընդլայնում
  • տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար ենթակառուցվածքների (թեքահարթակներ) ստեղծում
  • անվտանգ տեղաշարժն ապահովելու համար անցումների ընթացիկ նորոգում և կառուցում:

Առաջարկվող ծրագիրը քաղաքացիական նախաձեռնություն է: Խումբը ղեկավարում է թաղասմասի բնակիչ Անահիտ Մելքոնյանը։ Նախաձեռնությունն ունի իր ֆեյսբուքյան էջը, որը ճանաչում է ստանում։ Ծրագրին կցվող առաջարկ-սխեման մշակել են ճարտարապետներ Արտավազդ Թարխանյանը, Արամ Հարությունյանը: Կրթական պարտեզի նախագծի հետ տեղում մանրամասն ծանոթացել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Քաղաքացիական նախաձեռնության խումբը կազմակերպել է նախագծի բաց քննարկումներ։ Կրթական պարտեզը՝ որպես պիլոտային ծրագիր, տարածում կարող է գտնել ոչ միայն Երևանի, այլև Վանաձորի, Գյումրիի, Կապանի, այլ քաղաքների բնակելի զանգվածներում: Սա այն նախաձեռնությունն է, որին սաղմնավորման փուլում աջակցություն եք հայտնել Դուք, իր օրհնությունն է բերել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

«Կրթական պարտեզ» նախագծի տեսլականով ոգևորված ծնողների, բնակիչների, ուսուցիչների և սովորողների միջոցով բարեկարգվում են Նոր դպրոցի պարտեզի բակը, Քոլեջի բակային տարածքը, նրանց արանքում ընկած հողակտորի վրա հիմնվել է «Սեբաստիա» ուսումնական-փորձարարական պտղատու այգին: Էապես բարելավվել-կանաչապատվել է Գեղարվեստի դպրոցի բակային տարածքը: Ցանկապատերի վերացումը թիվ 181 և Մայր դպրոցների իրար նայող հողային տարածքներից, հնարավորություն տվեց ստեղծել թաղամասի բնակիչների համար կենսական նշանակության զբոսայգի:

Նախագծի հանրայնացման շրջանում «Բանգլադեշ անիվների վրա» նախաձեռնությունը լայն արձագանք գտավ քաղաքում, թաղամասում։ Դրա ազդեցությամբ իրականացվեց և գործում է առաջին մանկապատանեկան հեծանվային ակումբը, ապահով հանրակրթական հեծանվաուղին։ «Ideal Bikes in Armenia»-ի աջակցությամբ ստեղծվում է հեծանվային բաց արհեստանոց, որը կսպասարկի կրթական պարտեզի հեծանվավոր, սայլակավոր շահառուներին։

«Սեբաստիա» մարզադաշտը, որը կառուցվեց-բարեկարգվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, այսօր բաց է թաղամասի բոլոր տարիքի բնակիչների համար. հեծանիվ, վազք, բացօթյա-մարմնամարզություն, լողափնյա վոլեյբոլ, ֆուտբոլ, նետաձգություն, ռազմամարզական խաղեր, հրաձգություն… 2014-2015-ին անցկացվեց ամենամյա «Բանգլադեշ-արվարձան» պլեները, որին մասնակցեցին սովորողներ, ուսուցիչներ Արցախից, Վրաստանից, մարզերից։ Պլեներն ուղղակի ազդեցություն ունեցավ շրջակա միջավայրի վրա ոչ միայն կրթահամալիրի տարածքում. դրա շրջանակում սովորողները մասնակցեցին Բ-4 թաղամասում Յու. Բախշյանի անվան մանկական այգու բարեկարգմանը, Բ-1 թաղամասում իրականացվեցին ձևավորման առանձին ակցիաներ։

Ամեն ամառ՝ հունիսի 1-ից սեպտեմբերի վերջը գործում են կրթահամալիրի կրտսեր դպրոց-պարտեզների բաց լողափերը,  2016թ. կգործարկվի նաև պատանեկան բացօթյա լողավազանը: 2016թ. նախատեսվում է անցկացնել ռազմամարզական ազգային խաղերի բաց առաջնություն դեռահասների համար, մարզական բաց խաղեր ուսուցիչների համար:

2015-ին նորոգված կրթահամալիրի բրուտանոցը, գործարկված հայրենագիտական-արշավախմբային կենտրոնը բաց են. թաղամասի բնակիչներն անարգել օգտվում են, կարող են օգտվել դրանցից։

«Կրթական պարտեզ» նախագիծը, իհարկե, տարիների ծավալուն աշխատանք է, բայց որոշիչը 2016-ի աշխատանքն է, որը ապահովելու է արդեն քաղաքացիական նախաձեռնության ցանցի ստեղծումը ըստ շենքերի, ենթաթաղամասերի, երբ ամեն մի շենք, խաղահրապարակ, հատված, կապվում է նախագծի հետ, ներառվում է նախագծում և լուծում է կոնկրետ խնդիրներ։

Առաջարկ-սխեմայի հիմնավորում

Առաջարկվող «Կրթական պարտեզ» նախագիծը համահունչ է վարչական շրջանի գերակայություններին և ուղղված է սահմանափակումների, խոչընդոտների վերացմանը, կլուծի բոլոր տարիքների և ֆիզիկական հնարավորությունների տեր բնակիչների ազատհարմար տեղաշարժի խնդիրը։

Ծրագրի իրագործումով թաղամասը կունենա նշագծված, անվտանգ հեծանվուղի, պատշաճ հետիոտն անցումներ՝ հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հատվածներն իրար կապող և շրջանաձև: Թաղամասի հետիոտն անցումները կբարեկարգվեն-կանաչապատվեն, կդառնան մշտապես խնամված: Թաղամասի ուսումնական հաստատությունների կադաստրային տարածքները (բակերը), դրանց հարող հողատարածքները կրթական-մարզական-մշակութային, հանգստի, զբոսանքի կիրառում կստանան, կդառնան կանաչ տարածքներ, ավելորդ կդառնան մետաղե, բետոնե ցանկապատերը:

Կրթական պարտեզի շահառուն թաղամասի բոլոր բնակիչներն են, թաղամասում գտնվող ուսումնական, այդ թվում՝ նախադպրոցական հաստատությունների ամեն մի սովորողսան, աշխատող, յուրաքանչյուրը, որ որևէ ձևով առնչվում է թաղամասին: Կրթական պարտեզը որևէ ձևով չի վատթարացնի բնակչի, սովորողի, աշխատողի, հաստատության այսօրվա վիճակը. պարտեզի կառուցումովգործարկումով բարելավվում է յուրաքանչյուրի կենսագործունեությունը։ Պարտեզի գործարկումով թաղամասը՝ որպես միջավայր կդառնա ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջով ամբողջովին ներառական, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքի պահանջին համապատասխան՝ «հաշմանդամների համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և կառույցների մատչելիության, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներից անարգել օգտվելու` օրենքից բխող պահանջների իրականացում» (հոդված 10)։

Իննսունութ աստիճաններով սանդուղքի, որ 2014-ին հիմնանորոգվել է քաղաքապետարանի միջոցներով, և խորհրդային շրջանի բետոնե, այժմ չօգտագործվող, աղբակույտի վերածված հարյուր քառասուներկու աստիճանով սանդուղքի միջև սարալանջը կարճ ժամկետում առանց մեծ միջոցների կարող է դառնալ թաղամասի հյուսիս-հարավ կասկադի «մեխ»-ը, կրթական պարտեզի չորս կողմերը շրջանագծով ևˊ հետիոտն, ևˊ հեծանվուղով հետաքրքիր-հուսալի կապող հանգույցը՝ պուրակ: Սարալանջի հյուսիսային պարիսպը, որ առաջացել է ավտոտնակների պատերի գծից, 2016-ի բանգլադեշյան նկարչական երրորդ պլեների գլխավոր ակցիայի առարկան դառնա:

Նախագծով կրթական պարտեզը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք կասկադների միակցում է, որի կենտրոնական հրապարակը փաստացի կա, գործում է՝ թիվ 181 և կրթահամալիրի Մայր (նախկին թիվ 183) դպրոցների գլխավոր մուտքերի հրապարակ-այգին և՛ թաղամասի, և՛ կրթական պարտեզի աշխարհագրական ու մշակութային կենտրոնն է: Այսպիսի լուծումը թույլ  է տալիս «Սեբաստիա» մարզադաշտը, Մայր դպրոցի մարզամշակութային հայտնի-ձևավորված-գրավիչ մարզական մշակութային կրթական լրացուցիչ ծառայությունների սրահները բացել կրթական պարտեզը կազմող բոլոր ուսումնական-մշակութային հաստատությունների համար։

Մնացածը՝ ի տես, Կրթական պարտեզի ճարտարապետների նախագծում ակնհայտ է, ֆունկցիոնալ, մատչելի-արդար՝ ևˊ կրթական պարտեզի ուսումնական հաստատությունների սովորողների, ևˊ թաղամասի տարատարիք բնակիչների համար:

Առաջարկ-սխեմայի ֆինանսա-տնտեսական հիմնավորում

Ոչ մի թանկ-ցուցադրական-անհարմար ճոխություն՝ պարզ-հիգիենիկ-հարմար, կանաչ տարածքով ու յուրօրինակ լուծումներով, որում մեծ, հնարավորինս մեծ կլինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների «Սեբաստացի» հիմնադրամի ջանքերը, յուրաքանչյուր շահառուի ներդրումը՝ գնահատելի: Որքա՞ն գումար է անհրաժեշտ 2016-ի այս նկարագրված նախագիծը մինչև սեպտեմբերի 1-ն ավարտելու համար: Սխեմայում նշված են կատարելիք աշխատանքների ցուցանիշները՝ թվերով։ Քաղաքային ծրագրերով կատարվող նմանատիպ աշխատանքների միավորի գնով և առաջարկ-սխեմայում նշված ծավալով որոշվում է 2016թ. աշխատանքների համար անհրաժեշտ գումարը: Ասված է՝ «Կրթական պարտեզի» համար պահանջվող գումարի ուղիղ կեսը քաղաքացիական նախաձեռնության հոգսն է՝ մեր պատասխանատվությամբ: Թիվ 181 դպրոցին կից, մինչև 2016-ի սեպտեմբերի 1-ը, համեստ ներդրումով (դրա համար բավարար կլինեն թիվ 181դպրոցին 2015-ին ցանկություն-ցանկապատի հատկացումները) հարմարավետ մարզական խաղահրապարակ կկառուցվի տարրական դասարանների սովորողների համար:

Կրթական տարածքին առնչվող, թաղամասի ուսումնական հաստատությունների նպատակային-անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքները Երևանի քաղաքապետարանի սեփականությունն են: Երևանի քաղաքապետարանի նպատակային հատկացումներից բացի, կրթական պարտեզում 50/50 սկզբունքով կներառվեն կամավորական միջոցներ, ինչպես աշխատանքի, ծառայությունների, ապրանքների, այնպես և դրամական ձևով: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը ոչ միայն գործուն մասնակցում է, այլև Կրթական պարտեզի աջակիցների մեջ ներգրավում է ոչ կառավարական այլ կազմակերպությունների, ինչպես «Մանուկներ Հայաստանի», «ԻԴԵԱ», «Կրթասեր», «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն», «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամ և այլն։ Կրթական պարտեզը ներառված է կրթահամալիրի և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագրում։

Նախագծի իրականացման արդյունքում կունենանք

  • «Կրթական պարտեզի» հյուսիս-հարավ ուղղությամբ կասկադի ճառագայթ՝ դեպի կրթահամալիրի Մեդիակենտրոն ու Գեղարվեստի դպրոց, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93և 98 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, կառուցապատվող սարալանջից (սանդուղքների արանքում) մինչև թիվ 181 և կրթահամալիրի Մայր (նախկին թ. 183) դպրոց գործող այգի-հրապարակներ, մանկական գործող խաղայգի։
  • Կրթական պարտեզի կասկադի արևելք-արևմուտքի ուղղությամբ ճառագայթ՝ երկու գծով՝ կրթահամալիրի Քոլեջի «Սեբաստիա» պտղատու այգի, «Մալաթիա Սեբաստիա» վարչական շրջանի թիվ 95նախադպրոցական ուսումնական հաստատություն, «Վահան Ասատրյան» պուրակ, թիվ 181 դպրոցի կառուցվող խաղահրապարակ, Երևանի քաղաքապետարանի թիվ 181 հիմնական դպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոցի գործող այգի-հրապարակ կամ զբոսայգի, կրթահամալիրի «Սեբաստիա» մարզադաշտով մինչև Բաբաջանյան փողոցից երկրորդական փողոց ու թաղամաս մտնող փողոց: Կրթական պարտեզի մի մուտքը՝ այս փողոցից, մյուսը՝ Րաֆֆու փողոցից, երրորդը՝ Զորավար Անդրանիկից։
  • Կրթական պարտեզի հյուսիային, արևմտյան, արևելյան մուտքերի շեշտում-բարեկարգում, մուտքերի և շրջանաձև հեծանվուղու նշագծումը, ավտոկայանատեղիների և հեծանակայանատեղիների որոշում։
  • Կրթական պարտեզի մուտքերի մոտ՝ հեծանվային կայանատեղերում, կգործեն հեծանվային ծառայություններ:

Կրթական պարտեզը՝ բնակչին ուղղված, բնակչի համար բաց կրթական միջավայրով, անվտանգ ու հարմար հեծանվուղիներով, հետիոտն անցումներով, խնամված կանաչով, ազդելու է բնակելի ողջ թաղամասի զարգացման վրա։

Հարգանքով՝ կրթահամալիրի տնօրեն ա. Բլեյան

Գրություն թ. 15-12-417
09.12.2015թ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

50 մետր Մարկի հետ

Հանդիպում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրի հոբելյանական տարվա նախագծերից 8-րդ դասարանցի Մարկ Վարդանյանի անհատական նախագծով։

Նոր Գեղարվեստ: ARTԱՍԱՀՄԱՆ

Սեբաստացիներ, գերմանացի գործատուների աջակցությամբ իրականացվող արտադրական ուսուցման ծրագրերի միջազգային սեմինար-պարապմունքը լավ առիթ է ձեր գործարար բիզնես-նախագծերը ներկայացնելու-առաջարկելու, առևտրայնացնելու ձեր ուսումնական-հետազոտական նախագծերը 2017-ի, 2018-2020-ի… Նախագիծ-առաջարկը՝ Քնարիկ Ներսիսյանի, Արեն Շահնազարյանի:

Արտադրական ուսուցում, արտադրությամբ ուսուցում, ուսուցման արտադրությունը

Մասնակցություն Գերմանիայի Մեկլենբուրգի ուսումնական կենտրոնում նոյեմբերի 28 – դեկտեմբերի 2-ը կայանալիք հավաքին: Հայաստան-Ադրբեջան-Վրաստան. մասնագիտական կրթության և ուսուցման համագործակցություն. Միջին և նախնական մասնագիտական կրթության կազմակերպում Սեմինարը նպատակ ունի խորացնելու համագործակցությունը Մեկլենբուրգի