Աշոտ Բլեյան

Սահմանադրության անկատարության ու այն շուտափույթ փոխելու, նոր Սահմանադրություն ստեղծելու մասին հիմա բոլորն են խոսում: 1990թ. սկսած նույն անհամբերությամբ հայ քաղաքական գործիչն ու պաշտոնյան պահանջում էր անկախ պետականության հիմնական օրենքի շուտափույթ ընդունում, քաղաքացիների դժվարություններն ու դժբախտությունները բացատրում Սահմանադրության բացակայությամբ: Դժվարությամբ ու ոչ առանց աղմուկի, բայց օրենքով որոշված կարգով (Սահմանադրական հանձնաժողով, Գերագույն խորհուրդ, հանրաքվե) Երրորդ Հանրապետությունը 95թ. հուլիսի 5-ին ունեցավ իր պետական կարգն ու քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները որոշող Հիմնական օրենքը… Հետոն ցույց տվեց, որ Սահմանադրությունը եղած-չեղած, պետական պաշտոնյայի համար կարեւորը չգրված օրենքն է, վերադասի ցուցումը: Իսկ 1998թ. կամայականությունը ցուցադրական հաղթանակ տարավ Սահմանադրական կարգի նկատմամբ:

Մեզանում Սահմանադրությունը «եփած հաց է՝ թեւի տակ դրած»: Սոված ժամանակ օգտվում են, երբ կուշտ են, խանգարում է: Մեզանում սահմանադրությանը մոտենում են, ինչպես կտակարանի, բայց ինչպես ֆետիշ, ձեւի համար: Սահմանադրությունը չի գործում (չի կարդացվում, չի յուրացվում), պաշտոնյայի ու քաղաքացու վարք չի թելադրում: Սահմանադրության մասին խոսում են, հիշում ու մեջբերումներ անում: Նրա անունով կամ նրա վրա երդվում են՝ կյանքում բռնաբարելով այն: Սահմանադրական հանրապետության 4-րդ տարում գերակա է ոչ թե Օրենքը (պատվիրանը), այլ Կամքը (անաստվածությունը):

Մեր կյանքը տնօրինում ու մեր վարքը շարունակում է կարգավորել չգրված օրենքը՝ խմբի, անհատի կամայականությունը: Ավելի վատ օրենքի համար, եթե Սահմանն ու Օրենքը «դե յուրե» հակասում կամ խանգարում են անհատի, խմբի շահին՝ Օրենքը «դե ֆակտո» ոտնահարվում է: Արդարացում միշտ կգտնվի. ազգային շահի գերակայության առաջ բոլորն են լռում: Գրված է Սահմանադրության մեջ՝ կարճ ու հասկանալի. «Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ»:

Արդարության սուր զգացում ունեցող հայաստանցուն ինչպե՞ս համոզես, որ «Բոլորը հավասար են օրենքի առաջ», երբ օրը ցերեկով պետության առաջին դեմքերը, պետական պաշտոնյան ու արդարադատությունը անպատիժ ոտնահարում են օրենքը՝ չնայած ընդդիմության հետեւողական բողոք-ահազանգին: Օրենքի հետ գործարքի, պետական պաշտոնյայի հետ առեւտրի հակված հայաստանցին պիտի առօրյայում հանդիպի օրինապահ պետական պաշտոնատար անձի: Միայն հանրապետության առաջին դեմքերի բացառիկ օրինապաշտությունը կարող է կողմնորոշել պաշտոնյային օրինապահ ծառայության: Նրանց օրինակը ավելին է, քան իրավական բարեփոխումների տասնյակ ծրագրեր:

Սահմանադրության նորմը, օրենքը պաշտպանված չէ: Դատական պաշտպանությունը չի տարածվում ոչ միայն Սահմանադրության որոշ հոդվածների վրա, այլեւ, իմ օրինակով գիտեմ, հաճախ ոտնահարվում են քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Բացահայտ ոտնահարվում են, ու մի տեսակ ցուցադրաբար, ատյանները չտեսնելու-չլսելու են տալիս: Ի՞նչ անի Սահմանադրությունը, երբ դե յուրե «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա», իսկ դե ֆակտո դատական իշխանությունը գործադիրի կամակատարն է: Երբ դե յուրե «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն», իսկ դե ֆակտո… Ի դեպ հենց նկատի ունենալով նաեւ անցումային շրջանում օրենքների անկատարությունը, հակասականությունն ու ոչ լրիվությունը, հանրապետության Սահմանը մշակող հանձնաժողովը խնդիր էր դրել ունենալ քաղաքացուն մատչելի, համառոտ ու պարզ շարադրանք՝ մարդու հանրաճանաչ իրավունքների ու ազատությունների ընդգրկումով: Մեր Սահմանադրությունն այս արժանիքներն ունի:

Ինչպե՞ս ապահովել կյանքում Սահմանադրության նորմի գերակայությունը Կամայականության նկատմամբ, որ նրա նորմերը գործեն անմիջականորեն, առանց դատարանի, առանց հրահանգի: Չէ՞ որ քաղաքացու խնդիրը չէ Սահմանադրությանը հակասող օրենքները եւ իրավական ակտերը «ճանաչել տալը», դատական կարգով զրկելով դրանք իրավաբանական ուժից: Քաղաքացու սահմանադրական իրավունքի ու ազատության ուղղակի չգործող նորմի ամեն մի դեպք պիտի որակել որպես Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված քայլ: Այսօր Սահմանադրությունը դե ֆակտո չունի բարձրագույն իրավաբանական ուժ: Սահմանադրությունից հետո ընդունված քրեական դատավարության ու քրեական օրենսգրքի շատ հոդվածներ բացահայտ հակասում են Սահմանադրությանը, նրա այս կամ այն նորմին, բայց գործում են: Ինչպե՞ս ընդունել այս օրենքները, ինչո՞ւ ՀՀ նախագահը չի կիրառել վետոյի իր իրավունքը, ինչո՞ւ չի միջամտել Սահմանադրական դատարանը: Սա այն դեպքում, երբ մեր իրավապահը, ներքին գործերի 6-րդ վարչության աշխատակից ու դատախազության քննիչ, մեղմ ասած, չի օգտվում Սահմանադրությունից: Նրա համար գոյություն ունի այս կամ այն օրենքը, եթե անգամ այդ օրենքը հակասում է Սահմանադրությանը: Այն հեղափոխականությունը, որով Սահմանադրությունը այդպես էլ չբացած ու կյանքի օրենքներին սովոր կամայականության ասպետները մոտենում են Սահմանադրական փոփոխություններին, մերժելի է ու վտանգավոր: Հարգենք գործող սահմանադրությունը՝ բացենք այն, վերջապես կարդանք ու մեր վարքով դե ֆակտո ապացուցենք նրա օրինականությունը: Միայն սրանից հետո օրինական կլինի Սահմանադրությունը կատարելագերծելու մեր որոշումը: Օրինական ու օգտակար:

Հուլիս, 1999 թ.

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դպրոցի հրամայականը

«Առավոտ» 07.10.2006  Մեզանում որպես ծամոն գործածվող պնդումը, թե մեր նավթը մարդն է, պիտի հասկանանք երևի, մայրս կասեր՝ «տվածուրիկ» (աստվածատուր) տաղանդը (խելքն ու շնորհքը) ժամանակակից աշխարհում ոսկու (բարեկեցության) վերածելու այլընտրանքի գոյություն:

Արձան Խաչատուր Աբովյանին

Հովհաննես Թումանյան Տպագրվել է «Հասկեր», № 5, էջ 130 – 131, 1911 Խաչատուր Աբովյանը ծնվել Է Երևանի Քանաքեռ գյուղում, 1804-5 թվականին։ Նա երեխուց աչքը բաց արավ, տեսավ, թե ինչ անասելի նեղություն