Կորել է իմ այս վերնագրի հեղինակը։ Ո՞վ կդնի հղումը՝ որտեղի՞ց եմ վերցրել այս տողը։ 

Ավագ դպրոցի մեր սովորող Կարինե Կիրակոսյանին՝ «Անպատ դպրոցի սովորողը» հրապարակման հեղինակին, արձագանքում եմ՝ խիզախե՛ք որպես ուսանողներ՝ փլուզելու բուհական ուսումնառության խոչընդոտ դարձած պատերը… Քանի՜ տարի, «անպատ դպրոցի» քանի՛ շրջանավարտ ուսումնառության 4-6 տարի հարմարվում է հասարակական կյանքից խուլ պատերով մեկուսացված բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչո՞ւ… Իսկ կրթահամալիրի միջին ու ավագ դպրոցի քանի՞ սովորող ի՛նչ պատեր է քանդել կրթահամալիրում, ազատության բաց հասարակության ընդարձակման, ի՞նչ նախագծերի հեղինակներ են դարձել: Լավ-վատ, ընդամենը օգտվել են մեր աշխարհից, ինչպես հայաստանցիները, երբ հայտնվում են Արևմուտքում: Բա ո՞վ է Հայաստանում Արևմուտք ստեղծելու, կամ ինչպե՞ս է ասիական Հայաստանը Եվրոպա դառնալու..

Շարունակեմ։ Անպատ, շարունակական թափանցիկ ու ներառական միջավայրով ավագ դպրոցի, միջին դպրոցի սովորողը, ուսուցիչը անարգել բացում են արևելյան (գլխավոր), արևմտյան, թե հյուսիսային կամ հարավային դուռը, հեծանվով թե հետիոտն, կրթահամալիրի ավտոբուսներով, երթուղայիններով, թե՞ հանրային կամ ընտանեկան տրանսպորտով (մեզանում ո՞վ ինչպե՛ս է գալիս. ուսումնասիրություն կա՞, որտե՞ղ) լինում են դպրոցում։ Առավոտյան 8:50 պիտի լինեն, ո՞վ երբ է լինում՝ երբ ուզենա-կարողանա-ամոթը թո՞ւյլ տա… Այդ տասը րոպեն տնօրենի կամայականության բավարարման համար չէ. սովորող-ուսուցիչ պիտի մոտենան իրենց հանդերձարանին (անհատական պահարանին), տեղավորեն դրսի հագուստը, ընդհանուր ուսումնական պարապմունքին խանգարող (չպահանջվող) պիտույքները ու մինչև ժամը 9:00 հարմար տեղավորվեն Մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքին ակտիվ մասնակից դառնալու համար… Այդպե՞ս է որ…. Եվ քանի՞ սովորող-ուսուցիչ է ընդհանուր պարապմունքի նախագիծ պարաստել-վարել, քանի՞սը բերանացի գիտի ընդհանուր պարապմունքին ներկայացվող լեզվական-երաժշտական-պարային գործերը… Սովորողի անհատական ուսումնական պլանի մշակումը, կազմակերպումը, դրա կատարումը, դրա արդյունքների գրանցումը դպրոցի ղեկավարի, գրասենյակի, կազմակերպչի անօտարելի ամենօրյա գործառո՞ւյթ են՝ հարցնում եմ։ Ինչպե՞ս, ինչո՞ւ  չի փոխվում դրանից մեր կյանքը…

Նոյեմբերի վերջին ճամփորդությունը դեպի Արագյուղ, Բուժական, Թեղենիսի վանք:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

Որքան էլ վերջին ուրբաթ-համերգ-ընդհանուր պարապմունքը կազմակերպեցին ու անցկացրին «Սեբաստացի» ռադիոյի «Արտբզզան», «Նոր ռադիոյի»  խմբագրությունները, սիրով ու տպավորիչ ներկայացման վերածեցին պարապմունքը… բայց մոտենում է մեր ռադիոյի 200-րդ համար-թողարկումը, լավ առիթ մեր սեբաստացիական ռադիոյի այսօրվա հանգրվանը զննելու, հաջորդ հանգրվանը նախատեսելու համար՝ ընտանեկան ու անհատական, խմբային, ըստ հետաքրքրությունների խմբագրություններ, նախօրոք ունկնդրին իսկական-հանրաճանաչ աշխարհում բազմալեզու-բազմաբնագավառ-շարունակ մեծացող լսարանով ինտերնետային ուսումնական ռադիո… Ես հայտարարում եմ 200-րդ այսպիսի թողարկման պատրաստվածության շաբաթի մասին… Ո՞վ է այն խիզախ–պատրաստվածը սեբաստացի աշխատողներից, ծնողների՞ց, կրթահամալիրի բարեկամների՞ց, որ այս նպաստավոր շրջանում «Ուսումնական ռադիո» նախագիծը կղեկավարի: Առաջարկեք։

Իմ էլեկտրոնային փոստը կիրակի օրերին գուցե ամենահետաքրքիրն է. ես հաճույքով փոխանցում եմ դրանք ըստ շահառուների…

  • Գևորգ Հակոբյանի «Հինգ նշանավոր միջակները» (երեք ստացողները՝ հինգ բալանոց գնահատականի համակարգով, իհարկե) տեղադրում եմ իմ բլոգի ընթերցարանում. մանկավարժությամբ զբաղվող, սովորողի հետ առնչվող յուրաքանչյուրը պիտի իմանա նման «շեղումների» մասին։ Զգույշ, երեխա է ձեր դիմաց, դուք որտեղի՞ց գիտեք, որ ճիշտ եք տեղավորել այս անհատին ձեր պատկերացումներում… Իսկ, եթե սխալվում եք… Մեր մանկավարժությունը՝ իր պարապմունքների ձևերի բազմազանությամբ, սովորողի անհատականության դրսևորումներին էլ մեծ հնարավորություններ է տալիս, միևնույն է՝ վրիպել-չտեսնելու հնարավորությունը պարտադրում է երբեք խաչ չքաշել…
  • Շարժման իմ ընկեր, միշտ այլախոհ, Գերագույն խորհրդում իմ հինգ տարվա հարևան Ազատ Արշակյանի կարծիքը-խոսքը՝ «Ռեալիթի շոուից» հետո, ինձ այնքան հետաքրքիր էր, որ ուշադիր լսեցի 16 րոպեանոց տեսաելույթը… Ազատի ազատությանը, ազնվությանը երբեք չեմ կասկածել… Խոսե՞նք Ազատին լսելուց հետո։
  • Յուրա Գանջալյանն ու Աշոտ Տիգրանյանը այնքան կոռեկտ են վարում քննարկումը, որ սիրով այն «գաղտնազերծում» եմ. Աշոտ Տիգրանյանի սաների աշխատանքները շնորհիվ բլոգային  ուսուցման հրապարակային են,այսպիսի քննարկումը չի կարող չլինել հրապարակային՝ հենց սովորողների ու ծնողների ընդգրկմամբ: Ենթարկե՞նք կասկածի՝ ավելի խորը ճանաչելու համար…

Ճամփորդական դիմանկարներ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի։

  • Հասմիկ Թոփչյանն ու Արևիկ Ներսիսյանը  գրաբարի մեր ներառական-ամբողջական փորձը խելացի ներկայացրին Հայ առաքելական  եկեղեցու Արարատյան հայրապետական թեմում կազմակերպած «Գրաբարի իմացության անհրաժեշտությունը մեր օրերում» կլոր սեղանին… Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ հիշեցնում էր մեր պայմանավորվածությունը՝ այս դեկտեմբերին կամ 2016-ի հունվարին անցկացնել Միջին դպրոցում գրաբարի բաց առաջնություն-օլիմպիադա… Ստուգենք գրաբարով երդվյալների անկեղծությունը…
  • Իսկ քոլեջի սովորող, այս տարվա շրջանավարտ Աննա Պետրոսյանը շարունակում է ուշադիր արձագանքել ինձ, ահա՝ «Արդեն հեծանվով եմ երթևեկում»։

Ապրում եմ Աջափնյակ համայնքի 16-րդ թաղամասում ու սկսել եմ  Բանգլադեշ՝ Բ1 թաղամաս դասի գնալ հեծանիվով:  Մի կողմից՝ առողջ ապրելակերպ, մյուս կողմից՝ կյանքի և առողջության վտանգում: Երևանում հեծանվորդներին դեռ այդքան էլ լավ չեն ընդունում ո՛չ վարորդները, ո՛չ էլ հետիոտները….

Օրագրի ընթերցողին, որ այնքան ուշադիր  է իմ ելույթներին, հրապարակումներին, հաստատում եմ՝ ո՜ւր էր, թե մեր գերեզմանոցներում հանդիպող աշխուժությունը, այո, կյանքը եռացող, լիներ և մեր հասարակական կյանքում. վերջերս ես ավելի ու ավելի հաճախ եմ լինում ամենատարբեր գերեզմանոցներում, և այն եռուզեռը, մարդաշատությունը, որ հանդիպում է, ներդրումային թափը եթե տեղափոխվի գերեզմանոցից կյա՜նք…

Հիմնական դպրոցում ավագ սեբաստացիներն օգնում են կրտսերներին:
Լուսանկարները՝ Լուսինե Սարգսյանի։

Այսօր Դավիթ Բլեյանին ես ու Արմինե մայրիկը կուղեկցենք Դպրոց-պարտեզ. մեր հերոսը արժանի թեթևությամբ տարավ իրեն բաժին ընկած անխուսափելի ջրծաղիկը, անգամ ռոդարիական հեղինակային մշակման ենթարկեց այն. իրենը ձնծաղիկ դարձավ։  Երկու շաբաթ Դպրոց-պարտեզից բացակայած Դավիթն ասում է.
— Հերիք է գնամ պարտեզ, ես դպրոց եմ գնում, իմ դպրոցի ժամանակն է։
— Լավ, Դավիթ, գնա հինգ տարեկանների հետ, դեկտեմբերի 12-ից հետո, Նոր տարում…
Չէ, Դավիթն իսկական դպրոց է ուզում 5-րդ դասարանցիների հետ.
— Ես ուզում եմ՝ մայրիկն ինձ դաս տա…

Երկու օր բացակայած, ուսումնական շաբաթվա հանգստյան օրերից օգտված սեբաստացին նկատեց-գնահատե՞ց միջավայրի թափանցիկության նոր լուծումները… «Սեբաստիա» համերգային դահլիճի նորացում, երգչախմբային դահլիճի կազմակերպում, «Խոհանոց» ուսումնական կենտրոնի գործունեության մեկնարկ նոր միջավայրում, Մայր դպրոցի գլխավոր (արևելյան) մուտքի պատերից ազատում… «Շարունակական»-ը հո բառ չէ՞ միայն, վարք է, կազմակերպում, ռիթմ… Ի՞նչ է փոխում միջավայրի այսպիսի փոփոխությունը մեր կյանքում, ինչպե՞ս է ազդում անհատի ձևավորման վրա… Է՜հ, չեք խոսում… խոսեք՝ իմանանք։

Նոր դպրոցի կինո-ֆոտոգործի սովորող Արամ Պետրոսյանը պատրաստվում է անհատական ցուցահանդեսի:
Ղեկավար՝ Անի Սարգսյան։

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#511

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի»

Ձյո՛ւնը ձմեռը բերեց. առանց ձյան ձմեռ չի լինում…

Այսպես խոսեց Դավիթ Բլեյանը երեկ երեկոյան, երբ մայրը շեշտեց նորից, որ արդեն ձմեռ է, պիտի տաք հագնվել և… Դե, գիտեք, էլի… — Ձմեռն էն ա, որ ամեն ինչ սպիտակ ա

Ավագ շաբաթ` հեղինակային կրթական ծրագրով

Շաբաթ օրով կարևոր է արձանագրել, որ չնայած բուռն ընթացած ուսումնական հինգ օրերի, ստուգատեսների խաչմերուկի, կրթահամալիրը բոլոր ուժերով պատրաստվում է հաջորդ` միայն նախագծային ուսուցման շաբաթին… Մանկավարժական լաբորատորիայում երկու ժամ տևած ու