Վերնագիրը՝ ըստ Նորայր Ասատրյանի

Ուռա՜, այսօր մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է: Չխանգարի՜ հանկարծ Լիլիթ Բլեյանի համերգին. ի՞նչ եք կարծում՝ Լիլիթն իր համերգի օրը ճի՞շտ է ընտրել… Տեսնենք, տեսնենք. երկուսին էլ ժամեր մնացին։

Սկսեմ աննախադեպից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները երեկ առավոտյան կործանել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Su-24 մարտական ինքնաթիռը: Սա աննախադեպ է ՆԱՏՕ-ի վաթսունվեցամյա պատմության ընթացքում: Սա առաջին դեպքն է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կործանում է Ռուսաստանի մարտական ինքնաթիռն ու պաշտոնապես հայտարարում այդ մասին: 1949թ. ստեղծված ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր մինչև այժմ նման քայլ չի արել… Ի՜նչ արագ, այլ, ոչ սովորական հունով ու թափով են զարգանում մեր շուրջ իրադարձությունները՝ Սիրիայից սկսած մինչև Փարիզ-Բրյուսել, Թուրքիայից մինչև Ռուսաստան ու Պենտագոն… Հիմա նաև՝ Նորք ու Բանգլադեշ… Կա՞ փոփոխություն հայաստանցիներիս, կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների, հեղինակային և ոչ հեղինակային ծրագրով սովորող-աշխատողների մոտ, ինչպե՞ս են այս փոփոխություններն արտահայտվում. խորքայի՞ն են դրանք, այնքան, որ առայժմ չե՞ն արտահայտվում… Կկարողանա՞նք մենք՝ որպես հասարակություն և իշխանություն համաչափ արձագանքել մեր շուրջ այս գահավիժումներին, որտեղ գլխավորը նոր լուծումներն են՝ հաղթահարելով ամեն մի տաբու… հնացած:

Հիմնական դպրոցի 5 տարեկանների լողի մարզումները շարունակվում են:
Լուսանկարները՝ Գայանե Սարգսյանի, Լուսինե Նազարյանի:

Առցանց կապը, հաղորդակցությունն իրական ու մոբիլ, գործուն արտահայտվելը՝ իրար հարգանքով լսելու ճանապարհով, իհարկե, մեզանում սկսեց արմատավորվել, տեսեք, մի կողմից՝ մաքուր հեղինակային, ընտանեկան ֆլեշմոբ նախագծերի հետևողական իրագործմամբ, մյուս կողմից՝ ներկրթահամալիրային-քաղաքական՝ բոլոր տեսակի ընտրությունները կազմակերպելիս: Ես հաջողված եմ համարում երկու դեպքում էլ, կեցցեˊք, մի տեսակ ծանրացած հարցեր կային, մտանք աշխատանքային վիճակ՝ ընտրված անհատի ընդունակության դրսևորման շրջան… Հաջորդ քայլը՝ ոլորտը, կրթահամալիրի դպրոցների ղեկավարների ընտրությունն է, երբ ՀՀ օրենքով պարտադիր՝ ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագիր ստացել են Միջին դպրոցի ղեկավար Մարգարիտ Սարգսյանն ու Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանը, Տաթև Բլեյանը, Արմինե Թոփչյանը, Նառա Նիկողոսյանն էլ հիմա ավելի վստահ են, որ կստանան հավաստագիրը դեկտեմբերի առաջին օրերին, իսկ կրթահամալիրի կանոնադրությամբ «Մասնաճյուղի ղեկավարին (տնօրենին) կրթահամալիրի գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը։ Մասնաճյուղի զարգացման ծրագրերը մասնաճյուղի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը» (կանոնադրություն, կետ 15)։

Սկսում ենք առցանց կապի հաստատմամբ, որպես համատեղ ուսումնական նախագիծ՝ դպրոցի, կրթահամալիրի կանոնադրությամբ ու ՀՀ օրենքով պարտադիր՝ դպրոցների 2016-2018 թթ զարգացման ծրագրերի մշակումը: Մեր չորս դպրոց-պարտեզների համար դրանց մշակումը խմբային աշխատանք կարող է լինել՝ մեկ զարգացման ծրագիր՝ իր առանձնահատկություններով: 2016-ի հունվարին կրթահամալիրի խորհրդին ես, զարգացման ծրագրերն ունենալով, ինքս գործուն, ինչպես յուրաքանչյուր սովորող և ծնող, դպրոցի բարեկամ, մասնակցելով դրանց ստեղծմանը, կներկայացնեմ խորհրդին, դրանց իրագործողներին՝ որպես հաստատուն ղեկավարների… Հետո դրանց հիման վրա կկազմվի կրթահամալիրի զարգացման 2016թ. և 2017-2019թթ միջնաժամկետ ծրագրերը։ Այսպես է լինում միասին-ը։

«Հին իրերին նոր կյանք» նախագիծը Քոլեջում:
Լուսանկարները՝ Լիլիթ Մեղրյանի:

Երեկոն Դավիթ Բլեյանի հետ

— Տան աղջիկները պիտի լսեն տան տղաներին, մենք որ կանչում ենք, մայրիկ, դու պիտի գաս…
Արմինեն՝ տան միակ մայրիկ-աղջիկը, հասկանալի է, թե ո՜նց է խեթում տան տղամարդի լիազորություններ բանեցնող տղուկին… Դավիթը պարբերաբար արձագանքում է մայրիկի երկարաշունչ խոսքին՝ «неправильно», «неправильно»…
— Հայաստանում գորիլա կա՞,- հարցնում է Դավիթը՝ խոհանոցից մտնելով հյուրասենյակ:
— Չկա,- ասում է մեզնից մեկը՝ բազմոցին նստած…
— Բա որտե՞ղ կա…
— Ջունգլիներում…
— Հայաստանում ջունգլիներ կա՞ն:
— Չկան:
— Խի՞:
— Փոքր երկիր է Հայաստանը, Դավիթ…
— Հայաստանում ընձառյուծ կա՞,- շարունակում է մեր հետաքրքրասերը…
Ես էլ, Արմինեն էլ զբաղված ենք, մե՛կ ես, մե՛կ նա հատու ասում ենք՝ չկա…
— Խի՞,- հարցնում է…
— Հայաստանն աղքատ է կենդանիներից…
— Հայաստանում առյուծ կա՞…
— Ասացինք՝ չկա…
— Սովորական առյուծ եմ ասում…
— Սովորական առյուծ էլ չկա, գետաձի էլ, ընձուղտ էլ…
— Էս ի՜նչ փոքր ու աղքատ երկիր ա էս Հայաստանը, հայրիկ… Խի՞…

Շախմատային մրցաշար։
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Մեր հանրապետության տարածքը, այդ թվում՝ Բանգլադեշի, այս օրերին Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածների ազդեցության գոտում է, ինչի արդյունքում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան. 1966թ. նոյեմբերի 22-ին գրանցված +21.6 աստիճանը գերազանցվել է Կապան քաղաքում…

Տեխնոլոգիական հանրակրթության միջին դպրոցն ինչո՞ւ չունի իր հիդրոմետ ծառայությունը, հարգելի Էմանուել ու ընկերներ, ինչո՞ւ 6-8-րդ դասարաններում աշխարհագրություն, ֆիզիկա-քիմիա ուսումնասիրող սովորողն օդի խոնավության, չորության, փոշոտվածության ու լուսավորվածության  չափումներ չի անում, ինչո՞ւ դրանք չեն գրանցվում մեր սարքերի միջոցով, վերլուծվում համակարգչային ծրագրերով ու բանաձևերով…

Երեկ Մարգարիտ Սարգսյանը, ես ու Անի Տեր Արսենյանն օրվա վերջում մանրակրկիտ շրջայց կատարեցինք Միջին դպրոցում,. պայմանավորվածություն ձեռք բերեցինք տնտեսվարի արհեստանոց-ծառայությունների կազմակերպման՝ որպես սովորող-ուսուցչի կողմից կրթական օբյեկտի ինքնասպասարկման կենտրոնների, աստղադիտարանի գործունեությունը սկսելու մասին… Տանիքը մեր ոչ միայն չի կաթում, այլև անվտանգ է, մաքուր՝ այդպիսի գործունեությանը պարբերականություն հաղորդելու համար… «Համահայկական բնապահպանական ճակատ»-ի ներկայացուցիչները՝ մեր գործընկերները, միայն մեկ օրում՝ կիրակի, Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են հազարից ավելի ապօրինի հատված ծառ, որից ութ հարյուր յոթանասունը՝ թարմ հատած… Մարթա Ասատրյան, Կամենդատյան Միքայել, ինչո՞ւ այդքան հեշտությամբ դադարեցվեց այնքա՜ն դժվարությամբ ստեղծված՝ սովորողների կրթահամալիրային բնապահպանական տեսչությունը… Չկա՞ն խնդիրներ Բանգլադեշում, քաղաքում…

Քոլեջիկները աշնանային պարտեզում:
Լուսանկարները՝ Սոնա Աթայանի:

Նունե Մովսիսյանն իր ուսումնական-գործընկերային, սովորողների հետ արվող նախագծերով, Սեբաստացու մրցանակներով ոգևորված՝ թափ են հավաքում… Հիմա էլ մեր Նորայրը «Գրապտույտ»-ում վերնագիր է որոշում. «Լավը գունավորում է անգամ անգույն պատերը և շունչ տալիս խամրող իրադարձություններին: Այսպիսով՝ եկեք անցյալը թողենք անցյալում, ապրենք ներկայով՝ հանուն ապագայի ձեռքբերումների»: Հո դեմ չե՞ք՝ քիչ հետո կլսվի լրագրող Արմեն Դուլյանի հեղինակային հարցադրումը։

Ֆոտոխմբագիր՝ Նվարդ Սարգսյան
#506

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ճշմարիտ ուրախությունը

Ճշմարիտ ուրախությունը միշտ պարզ է և չունի պատճառներ. այդպիսի ուրախության մեջ ես անցկացրի շաբաթն էլ, կիրակին էլ, այդպիսի ուրախությամբ ես սիրում եմ այս շաբաթը (3-8 նոյեմբերի)։ Վճռական տոնին նախորդող թվագրությամբ

Բարձունքներում անկախության շունչն առավել հզոր է…

Երեկ այդպես էլ չհասկացա՝ ինչու-ինչից թարսվեց օրս, ի՛նչ տեղեկություն-տեսարան խոցեց ինձ այնպես, որ օրվա իմ բազում գործերի, գյոզալ հավաքի մեջ բնականոն չէի տեղավորվում, օրվա իմ հոգսով անբավարար էի… Նկատեցի՞ք՝ կեսօրին

Եվ այդ սիրտը քեզ չի տված, որ դու մաշես ամեն օր…

Այնտեղ պիտի ապրի Աստված, Ոչ թե ցավեր նորանոր։ Յուրա Գանջալյանն անթաքույց (ի՞նչ բառ է. որոնում օրագրում՝ ես այն առաջին անգամ չե՞մ գործածում) ոգևորված է «Ֆինանսական գրագիտությունը՝ անգլերեն» միջազգային նախագծով, նրա հաջող