«Ես միշտ ժպտում եմ իմ Արևի հետ, որովհետև նա հասկանում է ինձ, ես դառնում եմ նրա մի շողը». Սոնա Մայիլյանը չի կարող «Շողակն»-ում այլ կերպ լինել, ինչպես չի կարող կրթահամալիր-մարզաշխարհում մշտապես չզբաղվել մարմնամարզությամբ… Սեբաստացի օրիորդը, պատանին պիտի մարզական լինեն, մարզական կեցվածք-վիճակ, մարզական հագուստ, սրանով բազմապատկեն իրենց հմայքը, իրար ուժ ու հավես փոխանցեն… Ա´յ քեզ ուսումնասիրության առաջնահերթ ու գրավիչ թեմա՝ մարմնամարզությունը (ֆիզիկական կուլտուրան) կրթահամալիրում…
Հիմնական դպրոցի 2-րդ դասարանի սովորողները Խնկո-Ապոր անվան գրադարանում:
Լուսանկարները` Տաթև Մելքոնյանի:
Աղքատ երկրներն ամենաազնիվ հասարակությունն ունեն, և ազնվությունը կապվում է մշակույթի հետ… Ասել է թե այս՝ առցանց հարցումով անցկացվող ուսումնասիրությամբ, որին ես անդրադարձել էի իմ կիրակնօրյա գրում, հայտնի պնդումի նոր ապացույց է ձեռք բերվել, որ հասարակական առաջադիմության համար ազգային բնավորությունն ավելի կարևոր է, քան պետական ինստիտուտները… Մյուս կողմից, իհարկե, երբ տևական շրջան օրենքները, գրավոր կարգերն ու պայմանագրերը սկսում են գործել, անազնվության գործոնի դերը նվազում է… Մարդկային-զանգվածային անազնվության ցուցադրության-ներկայացման շրջան են դառնում համապետական թե տեղական ընտրությունները, այս անգամ՝ սահմանադրական հերթական հանրաքվեն… Բան փոխվե՞լ է մեզանում, ահա գլխավորը: Նորից նույն ծավալի և որակի կեղծիքի՞ է հակված քվե ունեցողը, էլ չեմ խոսում՝ ընտրության կազմակերպման մեջ ընդգրկվածը… Մյանմայում (Բիրմա)՝ օրերս, ամիսներ առաջ՝ Ղրղզստանում ընտրությունների միջոցով ընդդիմությունը եկավ իշխանության, ասել է թե ազգային բնավորության հաղթահարում կատարվեց, ու կսկսի աշխատել նաև պետական ինստիտուտների օրինականության գործոնը… Ես ավելի ու ավելի ծանր եմ տանում այս ընտրական համազգային անազնվությունը, կորցնում եմ կապն իմ ժամանակի ու… սիրասուն ազգիս հետ. մենք քսանհինգ տարում չկարողացա՞նք քվեն՝ ձայնը անհատական, կարևորել այնքան, որ այն չդառնա կոխան, փողոցների հալված-կեղտոտ սառցաջրերի պես… Դու միˊ արա, դու ի՞նչ գործ ունես մյուսների հետ, դու դոˊւ ես…
Հիմնական դպրոցի սովորողները խնամում են իրենց բակ-պարտեզը:
Լուսանկարները` Թամար Մարիմյանի, Լուսինե Նազարյանի:
Դավիթ Բլեյանի հետ սկսում ենք հոբելյանական պատրաստությունը. այս շաբաթ մեր հերոսը դուրս կգա կարանտինից՝ դեպի ժողովուրդն իր… Չորս տարեկանի հոբելյանին լրջորեն պատրաստվող ընտանիքը գործողությունների մեկ տարվա պլան է մշակում… Կարևորը Դավթի գույքապահարանի, գրապահարանի, զարդադարանի, զգեստապահարանի դատարկումն է, ավտոպարկի… կանաչապատումը… Շողիկ Պողոսյանին և Ինգային սիրով հրավիրում եմ համագործակցության… Դավիթը հետաքրքրվեց, տեսանյութն ուշադիր դիտեց…
Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. հարիսայի ծեսը Հիմնական դպրոցում:
Լուսանկարները՝ Սեդա Խաչատրյանի, Լուսինե Գասպարյանի:
Շարունակում եմ երեկվա խոսակցությունը կաբինետային ուսումնական աշխատանքի մասին. երբ սովորողն ուսումնական կաբինետում ինքնուրույն աշխատանք է կատարում՝ այդ աշխատանքը ղեկավարող ուսուցչով, արժե նայել կաբինետի դասավորվածությունը. ինչո՞ւ է սեղան-աթոռների այս խորհրդային շրջանի կազարմային դիրքը պահպանվել, ինչո՞ւ է ուսուցիչն անընդհատ գրատախտակի մոտ (էլեկտրոնային թե ցանկացած), ինչո՞ւ է սովորողների հայացքը համարյա միշտ ու միաժամանակ գամված գրատախտակով ուսուցչին… Խնդրում եմ փոխել կաբինետի դասավորությունը. ներկայացման պատը թողե՛ք իր տեղում, ազատ տեղավորվե՛ք կաբինետով մեկ այնպես, որ ուսուցչին հարմար լինի մոտենալ յուրաքանչյուր սովորողի՝ հետևելու և աջակցելու, այնպես, որ սովորողը կարողանա ընկերոջ կանչով օգնության հասնել, այնպես, որ պարապմունքի ընթացքում հարմար լինի սովորողների թե ուսուցչի նախաձեռնությամբ խմբեր ձևավորելը… Իսկ 1-3-րդ դասարանների, ինչպես և հինգ տարեկանների խմբասենյակները, 4-5-րդ դասարանների կաբինետները՝ իրենց նախասրահ-միջանցքներով չօգտագործված հնարավորությունների կիրարկման ազդակներ են ստանում: Փորձեք, խնդրում եմ, պատմեք-ներկայացրեք… Ամենօրյա խնամքը զբաղեցրած ուսումնական տարածքի՝ սովորողի և ուսուցչի անօտարելի-համաձայնեցված ինքնասպասարկումը, ինչպես անձնային հիգիենան, ինչո՞վ, ումո՞վ փոխարինես, անհնա՜ր է… Մարգարիտ Սարգսյանի հետ թռուցիկ անցանք մեր Միջին դպրոցով, ու ես… փախա… Ես Ռուդիկ Սահակյանցին՝ կրթահամալիրի կրթական օբյեկտների պահպանության ու շահագործման ղեկավարին, վերջին հնարավորությունն եմ տալիս. կաբինետների ղեկավարների, տնտեսուհիների դիմումներն օպերատիվ արձագանք պիտի ստանան: Իհարկե: Բայց ուսուցչի-սովորողի ինքնասպասարկումը կրթահամալիրային որևէ ծառայությամբ չի կարող փոխարինվել. ավելին, կրթահամալիրային ծառայությունը պիտի ոչ միայն հենվի ուսումնական ինքնասպասարկման վրա, այլև կազմակերպի-զորացնի այն… Համեցեˊք, ավելի կոնկրետ. յուրաքանչյուր հարկում Մայր դպրոցի շենքի տնտեսուհու սենյակները պիտի դարձած լինեին այս ուսումնական գործի-տարածքի ինքնասպասարկման արհեստանոցներ՝ ձեռքի տակ պահելով անհրաժեշտ բոլոր գործիքները՝ սկսած հատակը մաքրելուց, ավարտած ջեռուցման մարտկոցների կարգավորմամբ…
Անգլերենի ընտրությամբ գործունեության խումբը թխում է ավանդական անգլիական պուդինգ:
Լուսանկարները՝ Լուինե Բուշի:
Մեր ընկեր Սեյրան Ավագյանը տպավորված-հուզված էր կրթահամալիրի ուշադրությունից, հավաքական-գործուն աջակցությունից. ինձ լիազորեց փոխանցել, ինչը ես հատուկ հարգանքով եմ անում… այսպիսի կարևոր ուժ և կոնկրետ դրսևորում ունի սոցիալական համերաշխությունը, առանց որի ի՞նչ հավաքանի, ի՞նչ մարդկային ընկերակցություն… Կեցցենք մենք, առո՛ղջ եղեք, իմ սեբաստացի ընկերներ: Այսօր Սեյրանն իր երգիչ ընկերների ուղեկցությամբ թռավ Սանկտ-Պետերբուրգ՝ բուժման. բարի վերադարձ:
Հիմնական դպրոցի 2-4 տարեկանները խառնվել են աշնան գույներին:
Լուսանկարները` Շամիրամ Պողոսյանի, Գոհար Սմբատյանի:
Ֆոտոխմբագիր` Շամիրամ Պողոսյան
#506