Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝ չվնասես… «Պարտեզ» բառն իր համար մի իմաստ-նշանակություն ունի՝ իր խումբը… Իր ընկերներին ոչ միայն չի մոռացել, այլև իմ միջոցով շարունակում է անուշեղեն ուղարկել. մեկ էլ սեղանից վերցրեց մի նարինջ ու…
— Պապ, այս նարինջը վաղը կտանես իմ ընկերներին, իմ պարտեզ…
Ու չի մոռանում ոչինչ. առավոտյան, երբ խնձոր-տանձը դասավորել էինք տոպրակում, բերում է պահած նարինջը, դարսում վրան… Բժիշկների խորհուրդ-արգելքները՝ հեչ. ամեն օր իրիկունը լողանում է… ձեռիցս բռնում է ու.
— Մամ, դու սուս, քո գործը չի իմ լողանալը:
Ինձ իր ծովային կենդանիների հետ քարշ է տալիս լողարան, ավազանում լողում, հետո միայն սպիտակ շոկոլադը կարող է նրան ջրից հանել… Նստում ենք բազմոցին, 8-9-ի արանքում. ինքը վայելում է իր շոկոլադը, իսկ մենք երկուսով հայտնվում ենք վայրի բնության աշխարհում… Ինչպես վայրի բնության աշխարհի (Nat Geo Wild) գովազդային տեսանյութում է ասվում. «Իսկ եթե որսորդները որս դառնան»…

Մայր դպրոցի շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեր տոնը՝ որպես ուսումնական նախագիծ, որ, ահա, լրիվ հագեցած շաբաթ է դառնում, իր օր օրի ընդլայնվող ուսումնական նախագծերով և սեբաստացիական խմբային, անհատական նախաձեռնություններով… ինչպես Արման Գրիգորյանի ու իր սաների՝ Ռազմիկ Գևորգյանի, Դիանա Հարությունյանի, Վահե Այվազյանի՝ կրթահամալիրի գլխավոր պատշգամբի ձևավորումը, 2016-ին յոթ տարեկան դարձող Սոնա Սարգսյանի անհատական մեծ ցուցադրությունը Գեղարվեստում… Նոր դպրոցում հերթական TV տաղավարի մեկնարկը՝ Հռիփսիմե Առաքելյանի երրորդ դասարանի խմբասենյակում, Մարի Գաբանյանի «Գրքի տոնը»՝ կենտրոնական ընթերցասրահում… Եվ հյուրեր-մասնակիցներ՝ սովորողների և ուսուցիչների մեծ խմբեր Աշտարակից, Եղեգնաձորից, Թբիլիսիից, Մեծամորից, թիվ 95 մանկապարտեզից… Այսօր նաև Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի Ավագ դպրոցը կմիանա… Միայն իրապես բաց-թափանցիկ-ինքնավար-առանց վախերի ու ներառող սեբաստացիական միջավայրը կարող է այսպիսի նոր՝ փոխանակման մշտական գործող կենդանի օրգանիզմ դառնալ… Կրթությունը մեր նոր քաղաքացիական հասարակությունում սա է: Իսկ Նոր դպրոցում և Գեղարվեստում տոնի նույն օրը անհաղթահարելի արգելք դարձավ անգամ ինձ համար՝ տրամադրության վրա ազդող մեղքի զգացումով… Այսօր իմ մեղքը քավելու եմ նոր մեղք գործելով. նայեˊք՝ տոնի ուրբաթյա ծրագիրը որքա՜ն է հագեցած, իսկ շաբաթ օրվա հարիսայի ծեսը մեր մեկ բառով ասած՝ սուպեր է… Աստղացուցարանի պատուհանները դեռ ներկված չեն, Մեդիակենտրոնի տանիքում որքա՜ն գործ կա անհետաձգելի, բա նորացված բրուտանոցի և երկրագիտական-արշավախմբային կենտրոնի խոստացած բացո՜ւմը…

Դասական երաժշտության համերգ Սեբաստիա համերգասրահում:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Ես և՛ մանկավարժական տնօրենն եմ կրթահամալիրի, և՛ գործադիրը… Մանկավարժ-տնօրենի կոչումը-պաշտոնը-ճակատագիրն առաջիկայում չեմ զիջի, իսկապես, գործադիր տնօրենի՝ նյութական մեդիամիջավայրի սպասարկման-բարելավման-նորացման ծառայությունների կազմակերպումն ու համակարգումը՝ հաճույքով… Օրակարգի հարց է. թոˊղ գա նա

Իսկ իմ հագեցած առօրյայի մեջ տիկին Էլյայի ներկայությամբ ես հասցրի բացել մեր հերթական հեծանվաուղին՝ Քոլեջը եզրագծող օղակը ես թեթև անցա իմ հեծանվով… Տեսա՞ք, ինչ կարևոր նոր արդյունք բերեց Անահիտ Մելքոնյանի ու իր ջոկատի բարեխիղճ իրականացվող «Դպրոցի բակը պարտեզ» նախագիծը…

Օրվա հայտնագործությունը, որ Նոր Դպրոցում Աննա Հայրոյանի և Ամալյա Բաբիչի՝ երկուսից չորս տարեկանների, նրանց ծնողների հետ արեցինք, սա է՝ սեբաստացիները չեն ծերանում, երիտասարդանում, մանկանում են… «Մենք սեբաստացի ենք» վանկարկումով, տոնական արդուզարդով հիսունի չափ իսկական սեբաստացիներ բռնեցին ինձ աստիճանների վրա, ու փախչելու ո՛չ տեղ կար, ո՛չ ցանկություն… մենք՝ տարեկիցներով տիտիկ արեցինք աստիճանների վրա, ու ես հասցրի վայելել իմ սեբաստացի ընկերների հետ իրենց պատրաստած՝ աշխարհի ամենահամեղ անուշեղենը… Համը հիմա էլ իմ բերանում է…

Թբիլիսիի թիվ 37 դպրոցի և կրթահամալիրի միջև համագործակցության պայմանագրի ստորագրում:
Լուսանկարները՝ Էրիկ Բաբաջանյանի

Երբ ասում եմ՝ տոնն ուսումնական նախագիծ, չեմ հորինում. տեսեˊք՝ ի՜նչ տպավորիչ են Անի Սարգսյանի ու Մարինե Մկրտչյանի կինոֆոտո գործի սովորողների ձեռքբերումները ներկայացվում։ Ի՜նչ թափ է հավաքում և ընտանեկան փաստ դառնում ուսումնական աշխատանքի ֆլեշմոբը. այսօր երեկոյան ժամը 7-ին օտար լեզվով առաջադրանքները մեզ հարազատություն կհաղորդեն, ես կարողացա մասնակցել Նոր դպրոցում մեկնարկած մաթեմատիկական ֆլեշմոբի դպրոցական հավաքին. այս տոնական աշխույժի մեջ ներգրավվեցին շախմատի ակումբի դպրոցի սաները՝ մրցելով սկզբից Դպրոց-պարտեզի, հետո Նոր դպրոցի հավաքականների հետ… Իսկ չորեքշաբթիի պարատունը հնարավոր եղավ ավարտել միայն շնորհիվ ռեգլամենտի, իմ տիրական միջամտությամբ՝ սովորողների և ուսուցիչների վաթսուն րոպե տևող հանրակրթական պարը չէր ավարտվում… Որքա՜ն ինքնաբուխություն կար, որքա՜ն հավես՝ մեր տոնական նախագծի բոլոր, այոˊ, բոլոր հավաքներում.
— Խի՞,- տեղին կհարցնի Դավիթ Բլեյանը…
Քանզի, ընկեˊր-սեբաստացիներ, բոլորի հիմքում նախաձեռնությունն էր՝ սեբաստացի անհատն ու խումբը՝ իրենից եկող-բխող-մեզ փոխանցվող ասելիքով-անելիքով… «Ինչպիսի՞ն չպիտի լինի սեբաստացին» «Սեբաստացի» ռադիոյի նախագծերից մեկն էր՝ «ինչպիսի՞ն պիտի լինի սեբաստացին» մի տեսակ սովորական-բնական դարձած հարցադրման կողքին… Անհավես, արհեստական-ձևական, կեղծ մի՛ եղեք, ի վերջո դա բերում է շահարկման, ճանաչվում է որպես շահարկում… Չեˊք ներառվի սրանով, օտար կլինեք մեր աշխարհում… դուք ձեզ դուրս կդնեք… Է՜, բարով գնացեˊք, այնքա՜ն աշխարհներ կան, դուք ձերն ունեցեˊք:

Ֆուտբոլային հանդիպում. ավագ դպրոց-վարժարան: Լուսանկարները՝ Անի Սարգսյանի:

Իմ գրերն ինձ հաճախ իբրև զառանցանք են ներկայանում. ի՞նչ մեղադրես իր հինգհարյուրերկուերորդ անընդհատ գիրը հրապարակող մարդուն, ով քնել է ժամը 9-ին, արթնացել գիշերը… մեկին, ով ժամը 8-ին կնստի իր հեծանիվն ու հավեսով-ինքնաբուխ կանցնի աշխարհի կրթական կենտրոն տանող տասներկու կիլոմետրանոց ճանապարհը…

Ավագ դպրոց-վարժարանի իսպանախոսները պատրաստում են «Սանգրիա»:
Լուսանկարները՝ Լիանա Գևորգյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անի Սարգսյան
#502

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավեսը բարձունքի, ինչպես ախորժակը, համակում է, երբ սկսում ես…

Բարձունքի նվաճումը՝ ուսումնական ամառվա գլխավոր ցուցանիշ… Այո՛, ես միայն ֆիզիկական բարձունքը նկատի չունեմ, բայց անպայման հենց ֆիզիկական՝ ամռանը նվաճելու համար… Ես գիտեմ, որ գրոհելու եմ Աժդահակը, Արեգունու-Գեղամա լեռնաշղթաներից մեկ-երկու գագաթ,

Մի «марш бросок». մնացածը տեխնիկայի հարց է

Շաբաթ առտու, մինչև ժամը 06-ը, ես հասցրի 51-րդ գիրը ու ընդգծված հանդիսավորությամբ նվիրեցի իմ բլոգապատման առաջին հիսուն գրերին, որպես Գիր գրոց. կարդացե՛ք, հետո անցեք իմ 52-րդ գրին` առաջարկում եմ: Ես

Կրթահամալիր՝ առանց խտրության

Միասին գործի, դասի, պարտեզ գնալը համաձայնեցում է ենթադրում իմ, Դավթի և Արմինեի անհատական ռեժիմներում, և որքան էլ զարմանալի թվա, ամենազիջողը, հարմարվողն ու աջակցողը ես եմ, միայն թե 8.30, աջով Դավթի ձեռքը