Մուխանում, Սևանի ափամերձ մյուս գյուղերում… Խեցգետինները, գիտեք, ազգային որսագողության «մութին մեջ», որպես իսկական գիշատիչներ, կերան լճի ձուկն ամբողջությամբ, բազմացան, կերակրեցին ազգս, սկզբում՝ սեզոնային, հետո արտադրվեցին, դարձան շուրջտարյա մեր ուտելիքն ու, խնդրեմ, ամենուր են, մատչելի յուրաքանչյուր երևանյան «Սիթիում»… Մուխանում խեցգետնի արտադրությամբ՝ նրա որսով, լողավազաններում նրանց շուրջտարյա պահպանմամբ, արտադրամասերում դրանց մշակմամբ, առաքմամբ զբաղված են շատերը, շատացող շատերը… Սևանի ամենամեծ գործատուն է խեցգետինը հիմա… Եվ ի՜նչ հոյակապ տեսարան՝ հուլիս-օգոստոսին, շաբաթ-կիրակի-արձակուրդի օրերին ազգս խեցգետին է չրթում ու ինչ միս ընկավ ձեռքը՝ շարում-շամփուրում. Սևանի ափն ամենամեծ խորովածանոցն է… տարածաշրջանում…
Երևանի համալսարանում մեզ հետ սովորում էին Աբխազիայի համշենահայերը՝ Աշոտ Զեբելյան, Հարություն Համալյան… ձա՛յն տվեք: Մենք առիթը չէինք կորցնում ընկերներով, հետո ընտանիքներով Սուխումից մինչև Գուդաուտ, ավելի շատ սրանց արանքում՝ Պրիմորսկոյե հայկական գյուղում լինելու… Մեր ընկեր Ռաֆայել Պետրոսյանն անգամ աղջիկ բերեց այս՝ մեզ հարազատ դարձած ու մնացած գյուղից: Ինչքա՜ն ասեք, կարող եմ պատմել: Մի անգամ, ծովից հոգնած-լիացած, որոշեցինք մեկ-երկու օրով այցելել Աբխազիայի լեռնային թագուհուն՝ Ռիցա լիճ: Գնացք, հետո ավտոբուս… վերելք ու, իսկապես, հոյակապ լեռնային լիճ: Պտտվեցինք, զմայլվեցինք… Պարզվեց՝ Ռիցայի ափին որևէ ձևով տեղավորվել-գիշերել չենք կարող՝ արգելավայր է, ու մենք ոտքով արշավեցինք-քայլեցինք դեպի Ռիցայի անտառի թույլատրված բացատը, որտեղ հանդիպեցինք ուսանողների, էլի ուսանողների՝ Մոսկվայի համալսարանից, Խարկովից… Ռիցան խստիվ պաշտպանվում էր, խնամվում:
Սևանում յուրաքանչյուրը ցանկացած վայրում կարող է «դոմիկ» դնել, խորոված անել… Ուրիշ խնդիր է, որ ընդամենը 20-25 տարի առաջ Սևանը մատչելի էր յուրաքանչյուրին, ափերը (հիմա թվում է՝ յուրաքանչյուր թիզը) մասնավորեցված չէին: Այն ժամանակ էլ, հիմա էլ Սևանի ափը մեր այլանդակ-անվերահսկելի կենցաղի վայրն էր, վայրն է. արի, վճարիր, մեքենադ «Փիրուզյա»… «Ջրահարս»… (ի՜նչ անուններ են. մեկը հանգստյան գոտի կոչվածների անունների, հայտարարությունների բառարան կազմի, ա՜յ քեզ ճաշակ) լողափին, ջրի պռնկին կանգնեցրու, դոմիկ-բեսեդկա վերցրու, մուզիկը՝ մաշինի, քոքի ու խորովածը բոլոր ձևերի մեջ ծխեցրու… Այս ո՞նց համատեղելի, ազգային միասնության, համերաշխության այսպիսի երրորդություն կազմեցին հայ մարդու հանգիստը, լեռնային թագուհի, խմելու միակ ավազան Սևանի ափը, ու մուզիկով խորովածը… Մամա ջան. զայրույթն ինձ համակում է, կատաղության հասցնում, ես չեմ ուզում լսել-տեսնել-խոսել…
Մուխանում անցկացրած մեկ գիշեր-երկու օրն այսպիսին էին. բնակվում էինք-տեղավորվել էինք Մուխանի Գալստյան Նվերի՝ որդի Բաբկենի և հայր Բաբկենի, տանը-բոստանում, ոտքով (շատ հարմար, օգտակար-հայրենագիտական-առողջարարական-ճանաչողական է) կամ (հյուրընկալողի պնդմամբ) մեքենայով իջնում էինք լողափ կամ քարափ։ Լողացինք-զմայլվեցինք-խոսեցինք, Դավիթն ու Բաբկենը լավ խաղացին։ Կենցաղը՝ տիկին Ժենյայի անզուգական մածնով, հաճարի փլավով-խորովածով, Նվերենց տանը, նրանց հարմարավետ բոստանում:
Սևանի ափն անհրաժեշտ է մաքրել կենցաղից, մուզիկից-ուտուշխմելուց, կենցաղը տեղափոխել Սևանա լիճն օղակող մայրուղուց այն կողմ՝ Սևանի գյուղերը, դրանց վարչական տարածքները, Սևանի ափամերձ գոտին պիտի դառնա ծխազերծ, բուդկա-բեսեդկազերծ, լողի, մարզանքի, ջրային խաղերի, ընթերցանության, անձայն հանգստի գոտի՝ Սևանի Լճաշենից սկսած, եթե Գավառ-Մարտունու ուղղությամբ եք շարժվում, կղզուց սկսած, Ծովագյուղով, եթե Ճամբարակի ուղղությամբ եք շարժվում: Ես սրանում համոզված եմ: Ահա «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ Համահայկական զարգացման բանկին վայել, ազգը (Հայաստանում, թե նրանից դուրս) համախմբող, հեռանկար ունեցող և այդ հեռանկարով ապրող երկրին արժանի նախագիծ: Թեմա է, ի՜նչ թեմա… Ի՜նչ հավեսով ես այս նախագիծը կղեկավարեի՝ ի՜նչ շնորհքով-սիրով-գիտակցումով…
Գեղարքունիքի մարզի նախկին Գավառի (Քյավառի), Մարտունու, Վարդենիսի շրջանների տարբերությունները այս 20-25 տարում ոչ միայն շրջան-շրջխորհուրդ-շրջկոմների վերացմամբ, հողի-տնտեսության մասնավորեցմամբ չվերացան, այլև յուրովի դրսևորվում են: Նուրբ թեմա է: Ես, գիտեք, ծնվել-մեծացել եմ Երևանում, ավելին՝ ես երևանցի եմ, հայաստանցի, իմ հայրը, մայրը Գավառի գյուղերից են։ Մեր ազգագրական բազմազանությունն ինձ համար փաստ է, ու ես ձգտում եմ ի բարին գործադրել… Հումորը, մարդկային հարազատությունը, մեզանում անհրաժեշտ են, ինչպես երբեք: Իմ հայրական ընտանիքում, իմ մեծ, քյավառցի եղբոր շրջապատում շատ էի լսում՝ Մարտունին Գավառի ու Վարդենիսի արանքում փուշ է… Մյուս եղբայրս՝ Գագիկը, ով երկար տարիներ աշխատում-ղեկավարում էր սոցիալական ծառայություններ, շփվում էր և լավ գիտեր Հայաստանի բոլոր շրջանները՝ իրենց ժողովրդական առանձնահատկություններով, խասյաթով, Մարտունիում բնակվող ժողովրդին բարձր էր դասում… Կան ցուցանիշներ, փաստեր, և դժվար չէ ցույց տալ՝ ով ով է: Իմ նախարար եղած շրջանում ես պարբերաբար հանդիպում էի ուսուցչական լսարանների հետ. մարտունեցիների կարծիքը և´ կողմ, և´ դեմ՝ հարգելի էր, մարդիկ տեղյակ էին նյութին, կարդացել էին իմ ամենավերջին ելույթները: Այդպես էր և Արցախում: Իսկ Գավառում ինձ զարմացնում էր լասարանի անտեղյակությունը, կարևոր չէր իամանալը, իրենք գիտեն (դեմ են, ասել է, էն գլխից)… Սրանք թողնենք ու դառնանք այսօր ակնհայտին… Գավառ ու Մարտունի քաղաքների կյանքը՝ աշխույժը համեմատեք, ինչպես Գավառի իմ սիրելի խնամուհին ձևակերպեց՝ Քյավառ մարդ չի մացե, հմեն գացել են… Համեմատեք իրար հետ Մարտունու ու Գավառի գյուղերը… Գավառի գյուղում հիմքից կտրում են, գերդաստանով-տնով գնում, մարտունեցին խորհրդային շրջանից արտագնա աշխատանքով իր հիմքը թողնում է գյուղում, այդ հիմքը կառուցում… Երբ անցնում ես Սևան-Վարդենիս խճուղով, Մարտունու գյուղերն առանձնանում են իրենց կառուցապատումով… իրենց մշակած տնամերձներով… Ի դեպ, անհրաժեշտ են իրոք գիտական ուսումնասիրություններ. այսօր, դա իր ընթերցողն էլ կունենա, մեկը, օրինակ, ես։ Էլ չեմ ասում դրանց գործադրման հեռանկարները… Խորհրդային շրջանում ադրբեջանցիները Մարտունու որևէ բնակավայրում չէին ապրում, Վարդենիսը կիսով չափ ադրբեջանաբնակ էր, Գավառում էլ, ահա, համատեղ կյանքի արձանագրություններ՝ տեղանուններն են փոխում: Կարևոր ցուցանիշը, իհարկե, ներդրումների ծավալներն են՝ արտագնա աշխատանքով ստեղծված միջոցների աշխարհագրությունը, դրանց հայաստանյան նշանակությունը:
Դժվար է ապրում Մուխանցին. շատ չեն, երևի, տարբերությունները Գավառի մյուս գյուղերից, երեք երեխա մեծացնելու ծախսերը, նրանց ուսումի տալը, այսօրվա հագուստ-կապուստը, ես համոզվեցի, անգամ աշխատանք ունեցող ամուսինների պարագայում, խնդիր է, որ պահանջում է՝ տնօրեն-ուսուցիչ-նախկին ուսուցիչ զբաղվեն գյուղացիական տնտեսությամբ:
Աշխատանք չունեցողը երազում է այս կայուն 100 հազար դրամի մասին, իսկ ունեցողը, ահա, ստիպված է մեկ կյանքի մեջ երկու տարբեր գործունեություն տեղավորել… Սա մեզ ծանոթ մեկ ձեռքով՝ երկու ձմերուկի պատմությոնն է, կամ համազգային համակեցության բանաձև «յոլա»-ն…
Լուսանկարները՝ Նունե Մովսիսյանի։ Ես Նունեի նման եմ զգում Սևանը, բայց Նունեի աչքն ու շնորհքը չունեմ։ Օգտվում եմ։
Վա՜յ, տիար ջան…Պապս կասեր՝ յոթ երկրի մեջ էղանք խափ ու խայտառակ: