Իմ շաբաթ օրը սկսում եմ առավոտյան 5-6-ին. հետևողական կարգավորում եմ իմ քունը, սկսում եմ երեք բաժակ սովորական ջրով ու մի բաժակ կիտրոնաջրով։ Մեկ տարվա իմ փորձով կարող եմ հաստատել՝ ջուրը նշանակալիորեն ամրացրել է իմունիտետը, գրագետ խմելու ռեժիմը և ջրի բավարար քանակությունը շոշափելի արդյունք են տվել։ Օրը սկսեք ջրով և mskh.am-ով…
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։
Իսկ այս շաբաթ, շնորհակալ եմ Գևորգ Հակոբյանին մասնագիտական խորհրդատվության համար, մեր պատշգամբից հետևել եմ հեռուստաաշտարակից վերև ու ձախ երևացող մոլորակների փոքր շքերթին։ Մի քանի անգամ դիտեցի. այսօրվա իմ տեսածը վառ Արուսյակ-Վեներան էր և թույլ Մերկուրին (երևի), իսկ ինչպե՞ս տեսնեմ Յուպիտերն ու Մարսը, աստղադիտակո՞վ… Պիտի արագացնել Մայր դպրոցում տանիքի աստղադիտարանի գործարկումը. հիշեցնեմ՝ մոլորակների փոքր շքերթը կարող ենք դիտել այսօր ու վաղը… Կրթահամալիրի աստղագետ-ֆիզիկոսներից ո՞վ նկարեց-մեկնաբանեց այս շքերթը, Հասմիկ Նալբանդյան։
Գիտե՞ք, Երևանի ոսկերչական գործարանն ունի ամենամյա մասնագիտական դասընթացներ։ Անկախ կրթական ցենզից՝ մասնակիցը վեցամսյա դասընթացի համար վճարում է երեք հարյուր հազար դրամ և այդ կարճ ընթացքում հնարավորություն ստանում գործարանում աշխատանքի անցնելու. աշխատանքի ընդունում են միայն իրենց դասընթացով անցածներին…
Բյուրականի աշնանային ուսումնական ճամբարում:
Լուսանկարները՝ Հռիփսիմե Առաքելյանի։
Ի՞նչ կապ ունի այս փաստը մեկ այլ, մեզ տանջող փաստի հետ, որ կրթահամալիրը նորից չունի ոսկերչության վարպետ-ուսուցիչ, և ավագ դպրոցի 11-12-րդ դասարանցիների՝ ոսկերչություն ըտրած խմբի պարապմունքներում նորից առաջացել են դժվարություններ… Մեզ այնքան հույսեր ներշնչած՝ բարձրագույն ինժեներական կրթությամբ ու շուկայում ոսկերչությամբ իրենց տունը պահող երիտասարդ եղբայրները լքեցին մեզ առանց որևէ հիմնավորման… Բարեկարգ արհեստանոց ունենք՝ նոր գործիքներով ապահովված, սովորելու հակված 12 պատանի ունենք, մասնագետ ուսուցիչ չունենք։ Ինչո՞ւ պիտի մասնագետը թողնի շուկան ու գա այսպիսի (ուսուցչական) աշխատավարձով ուսվարպետ աշխատի… Իսկ վատ մասնագետի՝ հաստիք զբաղեցնելս ո՞րն է։ Սա է, որ կոչվում է մասնագիտական ուսուցման ճգնաժամ։ Հայաստանյան շուկայում հայտնի գործատուները կարող են իրենց անհրաժեշտ մասնագետները պատրաստել՝ ազատ ընտրելով կրթական ցենզ ունեցող գործազուրկների մեծ բանակից ու աշխատանք տրամադրել անմիջապես… Իսկ քոլեջ-ուսումնարանները պիտի շարունակեն իրենց կյանքի ժամանակի արժեքը չիմացողների դիպլոմավաճառության գո՞րծը… Ո՞րն է մեր ճանապարհը, Նվարդ Սարգսյան, առանց ճշմարիտ խոսքի հեղափոխիչ (բեկման հոմանիշը չէ՞) չեն լինում… Շարունակ բարեկարգվող քոլեջի՝ վարչական առուծախի բեռ չունեցող, երիտասարդ ղեկավարը պիտի ձևակերպի միակ ընդունելի ճշմարիտ ուղին և հեղափոխիչ քայլերով վերակազմակերպի մասնագիտական ուսուցումը քոլեջում՝ և՛ միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ կրթության հիմքով), և՛ նախնական մասնագիտական կրթական ծրագրերով։ Առանց մասնագետի պատրաստությամբ զբաղվող գործատուների հետ գործընկերության (համատեղ ուսուցման) ես ճանապարհ չեմ տեսնում։ Իսկը ժամանակն է 2016-2017-ի համար։
Չարձագանքել Ջանի Ռոդարիի ծննդյան օրվան՝ ինձ համար երախտագիտություն հայտնելու առիթը բաց թողնել կնշանակի։ Ջանի Ռոդարին հավատում էր ճշմարտության ուժին՝ մեջբերելով իտալական կոմկուսի հիմնադիր Անտոնիո Գրամշիի խոսքերը «Ճշմարիտը հեղափոխիչ է»։ Ռոդարին կարծում էր, որ մարդկության համար ամենավտանգավորները խաբողներն են, սուտասանները, կեղծողները…
Նոր դպրոցի 2-4 տարեկանների խումբ, այլընտրանքային թելանկարչություն:
Լուսանկարները՝ Նելլի Արղությանի
Բարձունք նվաճելու-քայլելու նախընտրելի ձևը մեկուսին է. ուղեկից պետք է, եթե ճանապարհը չգիտես, մոլորյալ լինելը ուժաթափ կանի։ Բայց դժվարությունը հաղթահարելը, բարձանալը լավ է մենակ, երբ դու ինքդ քեզ հետ ես, ու քեզ հետ՝ բոլոր գույները, պատկերները, ձայները, մտքերը. դու քո ազատ ընտրությամբ բերում ես դրանք՝ քեզ ուղեկցելու… Քայլել պարզապես, բարձունք նվաճել, բարձունքից աշխարհին նայել՝ անհրաժեշտ է պարբերաբար. սա մի պնդում է, որ այս անգամ արեցի Ուրծի լեռներում՝ Ուրցաձորի կրթական կենտրոնն օղակող բարձունքից իմ առջև փռված աշխարհը վայելելիս…
Ուրցաձորի երկրորդ հերթափոխը բարձունքներում:
Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի
Սիրով հարգում եմ կրթահամալիրի Ավագ դպրոցի, Միջին (տեխնոլոգիական) դպրոցի, Դպրոց-պարտեզի, Նոր դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի ղեկավարների խնդրանքը, ոչ, առաջարկը՝ հոկտեմբերից 25-ից աշխատանքի հեռավար կազմակերպման անցնելու մասին։ Մարթա Ասատրյանի, Մարգարիտ Սարգսյանի, Տաթև Բլեյանի, Նաիրա Նիկողոսյանի, Արմինե Թոփչյանի աշխատաժամանակի մեջ ներառված է նոր բաղկացուցիչ՝ դպրոցի ղեկավարման հավաստագրի համար պատրաստությունը… Ինչպե՞ս վարվենք, եթե չգնանք հեղափոխիչ լուծման։ Ինքնուսուցման և ինքնուրույնության նոր մակարդակի հաստատումը՝ սովորողի թե ուսուցչի համար, պահանջում է վստահության նոր կարգավիճակ, փոխօգնության նոր գործիքների գործարկում… եթե լուրջ ենք վերաբերվում 2015-2016 ուստարում յուրաքանչյուրիս՝ ինքնարտահայտման խորությամբ և ինքնադրսևորման թափով նոր անհատական, խմբային, սեբաստացիական բարձունքներ նվաճելուն։ Ուրիշ ի՞նչ առարկայական ցուցիչ դուք գիտեք բեկման համար։ Նոր հայացք՝ նոր բարձունքից։
Շաբաթ օրը Ուրծի լեռներում։
Լուսանկարները՝ Մարիետ Սիմոնյանի։
Ֆոտոխմբագիր՝ Անահիտ Գևորգյան
#476