Ողջունում եմ Աղասի Մարգարյանի մուտքը կրթահամալիր՝ որպես mskh.am-ի խմբագիր, լավ կրթություն ստացած պատմաբան հասարակագետի, ով զբաղվել-զբաղվում է քաղաքագիտությամբ… Աղասու, նրա ծննդավայր Գուսանագյուղի մասին ես պատմել եմ ու հիմա էլ հիշում եմ սիրով: Լավ է, որ Աղասին սկսում է նաև դասավանդել Ավագ դպրոցում՝ մեկնարկելով «Կրոններ» պայմանական անունով դասընթացով… Մի քանի անգամ փորձել ենք, որ սովորողի ճանաչողության հանրակրթական պլանն ընդգրկի նաև իսլամի, բուդդայականության, հրեականության, կաթոլիկության, բողոքականության անհրաժեշտ իմացումը. բաց, առանց սահմանների ազատ տեղաշարժի, հանդուրժողական կեցության ապահովումը ենթադրում է կարճատև, ժամանակավոր թե որպես մշտական բնակություն այլ երկրներում, այլադավան խմբերի, այլ համայնքների հետ ամենօրյա շփում, համատեղ կյանք… Էլ չեմ ասում՝ աշխարհայացքի ձևավորման մասին՝ ամբողջական ու հավաստի-փաստական հանգամանքների ու գիտելիքների հիման վրա… Թյուր իմանալը վտանգավոր ու տարածված հիվանդություն է հայոց մոտ: Մի այլ հասարակագետ-իրավագետ՝ Վանիկ Գաբրիելյանը, նոր ուսումնական տարում ոչ միայն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ՝ կրթահամալիրի Միջին ու Ավագ դպրոցում, այլև խաղարկային դատարանի դատավորն է… Տիգրան Սարդարյանը՝ ասպիրանտ, մաթեմատիկա է դասավանդում Միջին դպրոցում ու Քոլեջում, մաթեմատիկայի՝ սովորողների ընտրությամբ խումբ ունի… Այս շարքը տպավորիչ է դառնում հեծանվորդ-մարզիչ Վարշամ Դարբինյանով, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանով, զինղեկ-հնգամարտի ղեկավար Խորեն Հազարումյանով, նետաձիգ Գևորգով՝ էլի Հազարումյան… Ու չի կարելի չողջունել երիտասարդ, մասնագիտական լավ կրթություն ստացած, գործող մասնագետ ու ինքն իր կենսագրությունն ստեղծող, մանկավարժությունը կրթահամալիրում իրենց հիմնական աշխատանքը դարձրած տղամարդկանց հավաքանուն… Մնում է… չծխելը… Մնում է… մնացածը, գլխավորը՝ տղամարդու մտքի ուժը, թափը, լայնախոհությունն իրագործվի կրթական նախագծերի, մինչև վերջ հասցված նախաձեռնությունների տեսքով… Բարով եք եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, եղբայրք պատվական:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի այցը կրթահամալիր:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Վրաստանով իմ հետաքրքրվածությունը չի մարում-թուլանում, ուժեղանում է, բայց այս անդրադարձն իմ օրագրում ստացվեց ինքն իրեն… Նույն լրահոսում երեք միջազգային հրապարակում Վրաստանի մասին: Խոսուն է… Հաագայի միջազգային քրեական դատարանը կարող է սկսել 2008-ին Վրաստանում և Հարավային Օսիայի տարածքում տեղի ունեցած զինված հակամարտության քննարկումը: Դատախազը դրա կողմերի գործողություններում հանցագործությունների նշաններ է նկատել, որոնք Հաագայի դատարանի իրավասության տակ են:

Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կրկին կոչ է արել հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի՝ որպես անկախ պետություններ ճանաչումը… «Կարևոր է ամրապնդել Վրաստանի անվտանգությունն ու աջակցել նրա Եվրոատլանտյան ձգտումներին: Վրաստանն ինքնիշխան երկիր է` միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Նա իրավունք ունի որոշել իր ապագան և անվտանգության ապահովման միջոցառումները»,- ասել է Սթոլթենբերգը:

Վրաստանն ու Լեհաստանը գաղտնի տեղեկության փոխանակման համաձայնագիր են ստորագրել…

Լողորդ չորրորդ դասարանցիները՝ ինչպես ձուկը ջրում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Աշնանային արձակուրդի օրերին ազգագրական արշավախմբային ուղևորությունը՝ Շիրակի Գուսանագյուղով, Հոռոմո»ի կամրջով մինչև Արթիկ ու Հառիճ, Մանթաշի ջրամբարով, Ապարանի ճանապարհով Երևան, ինձ շարունակում է հուսադրել… Մի երթուղի էլ Գևորգ Հակոբյանն է առաջարկում, թող հրապարակի էլ, իրականացնի էլ… Ուսումնական ճամփորդությունների հրապարակման ցանկը երեկ սկսեց Դպրոց-պարտեզի ղեկավար Տաթև Բլեյանը. օր չի մնացել. ճամփորդություն-ուղևորությունը, որպես ուսումնական պարապմունքի հեղինակային ձև, մեզանում պատմություն ունի և լավ ավանդույթներ… Ցավոք, նաև ընդհատումներ անհանգստացնող…

Վահրամ Թոքմաջյանի՝ «Գիտակների» խմբի հետ արցախյան մրցանակ-ճամփորդությունից հետաքրքրությամբ կարդացվող հրապարակումը հիշեցրեց, որ մենք քանի՜ տարի ունեցել ենք աշնանային բաց ճամբար-հավաքներ Արցախում՝ Գանձասարում, Վանք գյուղում… Իսկ Վրաստանյան քաղաքական անդրադարձն առաջ բերեց անհանգստություն «Հայ-վրացական կամուրջներ» նախագծի ներկայի համար… Կամուրջների երկկողմանի բանուկ գործածումը թելադրված է դրանց ստեղծման վրա ծախսած միջոցներով… Ափսո՜ս է մեր կատարածը… Հետո նորի՞ց սկսենք…

«Սեբաստացիներ» համերգասրահում Գեղարվեստի կրտսեր դպրոցի սովորողներ Ռոզայի,
Մարիամի և Նարեի դաշնամուրային համերգն էր: Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Երեկ Գեղարվեստի խոհանոցում ես ճաշեցի Արման Գրիգորյանի հետ… Համեղ էր խոհարարական նոր զույգի՝ Հասմիկի ու Գայանեի ստեղծածը: Կարևոր է, որ կրթահամալիրով մեկ ունենանք իսկական ընտանեկան ակումբային խոհանոց-միջավայր, որ զրուցել լինի, խոհեր-ծրագրեր փոխանակել, ինչպես ես ու Արմանը: Ինձ Արմանը կրկին ոգևորեց իր մտածված-ծրագրային ուսումնական նախագծերով, որոնք կունենան առավելագույն աջակցություն. կարևորը, որ արվեստագետ-ուսուցիչը շրջապատված է արվեստով համակված պատանիներով… Գլխավորը Գեղարվեստում Կարինե Մացակյանի ներկայությունն է՝ բազմապատկվող հմայքով. ֆրանսիացիների լուծում-կինը գտնված է… Կարինե Մացակյանի խորհրդավոր ժպիտի ծիրում Կարեն Մկրտչյանն ու Գագիկ Չարչյանն ավարտում էին «Հատակի դաջվածք» նախագիծը՝ շրջապատված մեծ խումբ գործընկեր-սովորողներով… Գեղարվեստի մյուս թևում տղամարդ շինարարների մի խումբ ավարտում էր Գեղարվեստի կրթական փոխանակումների կենտրոնի նորացման աշխատանքները: Մենք տղամարդու խոսք էինք տվել և… Համեցեˊք, գնահատեˊք մեր կատարածը: Մենք քաջ տոհմի զավակներ ենք, չենք փախչում…

Իսկ Դավիթ Բլեյանն իր խոստացած, իր աճեցրած վարդերն է բաժանում մեր Սոնա Փափազանին, իր ընկեր Կարինեին ու մորաքույր Ռուզանին։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Բլեյան
#470

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Լսել լռությունը, տեսնել մթությունը…

Սեբաստացի սովորող աղջիկների-օրիորդների ի՜նչ պայծառ-սքանչացնող փունջ ունենք։ Այսօր էլ, ահա՛, Գոհար Հովհաննիսյան սովորողը… միայն մի խնդրանք-հետևողական առաջարկ. հեղինակային դարձնենք մեր բլոգների ձևավորումները-ֆոտոները… Մայիսյան հավաքի օրերին տարատարիք սովորողների-ուսուցիչների ցուցասրահային թե մեդիա ֆոտոցուցադրությունները հեղինակային

Փոխանցում եմ սիրով

Այս կիրակին միացավ իմ արձակուրդին. չորս օր ես արձակուրդում էի, ինչպես Լիլիթ Բլեյանի երգում՝ «ուրիշ քաղաքում», ոչ կրթահամալիրի Բանգլադեշում: Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին ու «Սեբաստացիներ» երգչախմբին՝ ֆիլմով մեկօրյա թափառումին մասնակից