«Դպրություն» 10 ապրիլի 1990թ.

ԱղայանԽրիմյան Հայրիկի և Ղազարոս Աղայանի հոգևոր հարազատությունն ինձ շատ է տեսանելի երևում: Երկուսն էլ՝ պատկառելի ու վեհ, երկուսն էլ՝ իմաստուն ու մաքուր, երկուսն էլ՝ բանաստեղծական, երկուսն էլ, իհարկե, ժողովրդական, որովհետև, ախր, առողջ հողի ծնունդ էին, անդիմադրելի՝ իրենց շրջապատին ու հազվագույտ ցորնահոտությամբ: Մի անսպասելի նմանություն ևս՝ երկուսն էլ ծնվել են նույն օրը՝ ապրիլի 4-ին, 20 տարվա տարբերությամբ: Այս տարի Խրիմյանը դառնում է 170, Աղայանը՝ 150 տարեկան: Երկար ու ճոխ հանդիսություննե՞ր… «Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ հանձին հոբելյարի գալիս է հարգելու, պսակելու ինքն իրեն, իր շնորհքը, իր մտավոր հոգեկան ուժերը, որ ընդունակ լինեին պատկառանք ներշնչելու ոչ միայն ազգի ընդհանրությանը, այլև օտարին». այսքան ճշգրիտ ու ամբողջական Թումանյանն է ընդունակ ասելու՝ « հայոց հայրիկի» ու իր «սերնդի նահապետի» հոգեորդին, նրանցով մշտապես սքանչացողն ու հարստացողը:

Ավա՜ղ, մենք խոսացող ժողովուրդ ենք: Եվ վա՜յ մեզ՝ մեր ունեցած ոսկու իրական գիտակցումը չունենք:

Այստեղ էլ Հայրիկն ու Նահապետը ցավալիորեն նման են, երկուսն էլ մեզ անհրաժեշտ չափերով չներկայացված, մեր կողմից չըմբռնված ու չկարևորված, երկուսն էլ արդեն քանի սերունդ մեզնից գողացված:

Մի մոռացված պատմություն անեմ: Լրանում էր Երևանի 26 կոմիսարների անվան N 10 դպրոցի հիմնադրման 75 տարին: Արխիվային փաստաթղթերը վկայում էին, որ դպրոցը հիմնվել է 1906 թվականին, Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ, Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից: Հայրիկն ինձ ծանոթ էր Հ. Թումանյանի՝ նրան նվիրած մեկ-երկու պատմությունով ու ժողովրդական պատումով: Բարձրագույն համալսարանական կրթությամբ մանկավարժիս սպասվում էր Խրիմյան Հայրիկ Մտածողի, Գրողի, Բարոյախոսի ու Զինվորի ուշացած, բայց անխուսափելի հայտնագործումը: Երկնային պարգև էր, իսկական մանանա՝ Խրիմյան Հայրիկի գրական ժառանգության հետ ծանոթացումը: Նրա երկերի ժողովածուն… գիրք, որը հազվագյուտ խնամքով է արված, իհարկե, սփյուռքում… Հայրիկը իմ կնքահայրը եղավ ու մկրտեց ինձ իր կենսագրությամբ, «Պապն ու թոռնիկով», « Դրախտի ընտանիքով», «Մարգարիտ արքայության երկնից» -ով: Կարդացածի տպավորությունը շատ խորն էր ու ընկալածս այնքան հարկավոր, որ երախտիքիս հայտնելու ձևը գտա` նախաձեռնեցի տոնակատարության ծրագրով դպրոցում Խրիմյան հայրիկին նվիրված թանգարանի բացումը: Սիրով ու շնորհքով չարչարվեցին ինձ հետ իմ գործընկերուհի Գայանե Մկրտչյանն ու սանուհի Ռուզան Հակոբյանը: Թվում էր՝ «Արծիվ Վասպուրականի» թանգարանը ստացվել է: Բայց… 1981 թվականն էր, և այլ էին ժամանակները: Կուսակցության շրջկոմի հրամանով տեղահանվեցին թանգարանի դռները և տեղափոխվեցին անհայտ ուղղությամբ:

Ի՞նչ գիտենք մենք Խրիմյան Հայրիկի մասին, բացի նրա «երկաթե շերեփի» մասին կցկտուր պատմությունից : Գիտեմ՝ ժամանակներն այլ են: Տոնակատարության օրերին ճառեր կասվեն, կգրվեն Խրիմյան Հայրիկի գրականության մանրակրկիտ վերլուծություններ: Իմ սաներին դրանք ոչինչ չեն տա: Այսօր Խրիմյանի կյանքի փաստագրությունն էր պետք, որպես ուղեցույց, որը չկա պատանուն ու երիտասարդին մատչելի ոչ մի գրքում: Այսօր իմ սանին «Պապն ու թոռնիկն» էր պետք՝ որպես անփոխարինելի դասագիրք, որը չկա և հայտնի չէ, թե երբ է լինելու: Այսօր մեզանից յուրաքանչյուրին «դրախտի ընտանիքն» էր պետք՝ որպես հայոց կյանքի եզակի վերլուծություն… Հանցագործություն է քանի՜ սերունդ զրկել Հայրիկի բարոյականությունից: Ահա «առ ընթրցողս» նրա պատգամը. «Հրէամիտ մի լինիր, զայլ ոք պատճառ մի դներ, ոչ ոք զքեզ կը կորուսանէ. կորուստ քո ի քէն է, քո տնէն և քո ընտանիքէն… Ով դուք ընտանիք հայոց, ուղղեցեք ձեր ներկան, որ ապագան ուղիղ լինի. տնտեսեցեք ձեր ներկան, որ ապագային հացը չպակասի: Լույսով հաց գտեք, դաստիարակությամբ բարի ընտանիք կազմեցէք. իսկ իմաստուն տնտեսությամբ հոգացէք միանգամայն ձեր ներկան և ապագան» :

Ինչ օգուտ, թե թվարկումը էլի շարունակեմ: Հայոց Հայրիկի ձայնը իր ժողովրդին հասցնող չկա: Նույնիսկ Մայր Աթոռը չի հոգում այդ:

«Դռները բացեք Աղայանի առաջ» խորագրով 1988 թվականին ես մեծ հոդված եմ տպել: Բողոքում էի, որ կողպված են դպրոցի ու մանկապարտեզի դռները Աղայան-ուսուցչի, Աղայան- մանկագրի ու Աղայան-մտածողի առջև: «Լույս» և «Արևիկ» հրատարակչություններին իմ գործընկերների ու երեխաների անունից խնդրել էի, որ չի կարելի առանց Աղայանի: Այսօր նրա մանկավարժական եզակի հոդվածների հատընտիրը չկա ու չկա , «Արևիկ» այբբենարանն ու «Ուսումն մայրենի լեզվի» չորս գրքերը, որոնք մեծ նշանակություն ունեն դպրոցի համար, չկա՜ն ու չկա՜ն:

Ավա՜ղ, աղայանական տոնակատարությանը որպես ուրախություն չմատուցվեցին երեխաներին «Նվեր մանուկներին» բանաստեղծական ու արձակ ժողովածուները… Նորից սերունդը անհաղորդ է Աղայանին, նրա միտքն ու զգացմունքը չեն հղկվում Աղայան- հանճարով:

Խոսող, վտանգավոր ու վնասակար ձևով շատ խոսող ժողովուրդ ենք, այս օրերին էլ կգրվի ու կճառվի Աղայանի պատմական նշանակության մասին:

Ո´չ: Մի´ ստեք: Իմ բողոքը, իմ ցավը այսօր ապրող ու մեզ այնքան պակասող Աղայանի ու Խրիմյանի մասին է: Երևի երբեք նրանք այդքան կենդանի ու անհրաժեշտ չեն եղել, ինչպես հիմա, երբ փրփուրն ու կեղտը շատ են ու սակայն, մնայուն ոսկին: Ի՞նչ հայոց դպրոց առանց Հայոց Հայրիկի ու Հայոց Մանկավարժի:

Տոնակատարության, հանդեսների ու ճառերի ո´չ սիրտ կա, ոˊչ ուժ, ոˊչ ականջ: Խրիմյանին ու Աղայանին մենք չէ, որ պիտի բարձրացնենք: Ավելի գործարար ու արդյունավոր լինենք: Խրիմյանի ու Աղայանի միջոցով սերունդ բարձրացնենք: Որպես նվեր` սիրով ձեզ եմ ներկայացնում Ղ. Աղայանի «Հողեղեն մանկավարժության» կտորներ ու պատառիկներ Խրիմյան Հայրիկի «Դրախտի ընտանիքից»:

Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ոչինչ ժողովրդին այնպես չի փչացնում, ինչպես ատելության նկատմամբ սովորույթը

11 նոյեմբերի 1999 թ. «Նոր ուղի. նամակներ կալանատնից» ժողովածուից Հայաստանի Երրորդ Հանրապետությունում ժողովրդավարության պայքարի խորհրդանիշ դարձած Էդիկ Եգորյանին ու հայոց ռազմական հաղթանակի, նրա բանակի խորհրդանիշը ընկալվող Վազգեն Սարգսյանին՝ ինձ սիրելի

        Սովորող դպրոց

Հայկական ժամանակ  սեպտեմբեր 6, 2007թ. Եվս մեկ ուսումնական տարի: Ասենք՝ շնորհավոր: Այո, հին-հարազատ, լենինաբար, թվում է՝ մոռացված արդեն՝ սովորել, սովորել, սովորել:  Անընդհատ, ողջ կյանքի ընթացքում սովորելու, իմացածը նորացնելու և նորը ճանաչելու

ՊԱՏԵՐԱԶՄԻ  ՀՐԴԵՀԸ  ՀԱՆԳՑՆՈՒՄ  ԵՔ   ԱՅՆ ԲՈՐԲՈՔԵԼՈ՞Վ

1992թ դեկտեմբերի 11-ին, 12-ին գորիսեցու եւ կապանցու ողբերգությանն ականատես, թվում է` նոր ոչինչ չպիտի ունենայի ասելու… Ավա՜ղ: Հունվարի 2-ից 6-ը ես եղա Հայաստանի Կրասնոսելսկի, Նոյեմբերյանի, Իջեւանի ու Տավուշի շրջաններում, տասնյակ